HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ.«Ընտրական մեխանիզմների չկիրառման ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա»

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ քաղաքական ուժերի միջեւ կնքված համաձայնագրի չկատարման եւ ընտրական օրենսգրքով սահմանված ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների չկիրառման ողջ պատասխանատվությունն ընկնում է  Հայաստանի իշխանությունների վրա:

Ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իշխանությունների միջև 2016թ.-ի մարտ-հունիս ժամանակահատվածում ծավալված 4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում, 2016թ.-ի հունիսի 16-ին Ազգային ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունները և իշխանության ներկայացուցիչները կայացրել էին քաղաքական համաձայնություն՝ նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման վերաբերյալ:

Կնքված համաձայնագրով մասնավորապես նախատեսվում էր 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրություններում ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, ձևավորել ընտրողների կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոց և քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարել տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով,  ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացը տեսանկարահանել ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և իրականացնել հատուկ ստեղծված կայքերի միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը և այլն:

Կնքված Համաձայնագիրը հավանություն էր ստացել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից և բարձր գնահատականի արժանացել միջազգային հանրության՝ մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության, Եվրամիության, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Ճապոնիայի դեսպանների կողմից:

Կարճ ժամանակ անց Համաձայնագրի հիման վրա կատարվեցին անհրաժեշտ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, իսկ այն կյանքի կոչելու նպատակով միջազգային հանրության ձեռնարկած քայլերը հնարավոր դարձրեցին սահմանված ժամկետում ֆինանսական միջոցների հայթայթման խնդրի ամբողջությամբ լուծումը:

Սակայն օգոստոսի 29-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության ներկայացրած հիմնավորումները, հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ Համաձայնագրով սահմանված նոր ընտրական մեխանիզմները կիրառելու համար առաջացել են անհաղթահարելի տեխնիկական խոչընդոտներ:

Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

«Քաղաքական ուժերի միջև կնքված Համաձայնագրի չկատարման և Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների չկիրառման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա:

Կոնգրեսը նոր Համաձայնագրի ստորագրումը հնարավոր է համարում միայն այն դեպքում, եթե համաձայնության առարկա դառնա ընդդիմության և քաղաքացիական հասարակության վերջին տասներեք տարիների գլխավոր պահանջի անվերապահ կատարումը, այն է՝ ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումը: Ընդ որում, պետք է վերականգնվի ընտրացուցակներում ընտրողների ստորագրության պահանջը, ընտրացուցակները պետք է սքանավորվեն և ներբեռնման հնարավորությամբ պաշտոնապես հրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքէջում:

Ընտրողների կողմից ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումից բացի, պետք է նաև սահմանվեն ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետների երկարաձգում, բողոքարկման նոր մեխանիզմների կիրառում և ընտրակեղծարարության համար պատասխանատվության խստացում այնպես, ինչպես ընդունելի կլինի 4+4+4 ձևաչափի մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

Բացի այդ, առաջին Համաձայնագրում նախատեսված կարգով պետք է նախատեսվի ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակում: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50մ շառավղով:  

Նույնպես առաջին   համաձայնագրում   նախատեսված   կարգով   դոնոր կազմակերպությունների   փորձագետների   միջոցով   պետք է աուդիտի   ենթարկվի   ընտրությանը   մասնակցելու   իրավունք   տվող   ID-ների   եւ անձնագրերի ամբողջ շտեմարանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter