HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պղնձաձուլարանը շարունակում է աղտոտել Ալավերդին

Երեկ՝ օգոստոսի 30-ին, առավոտվանից մինչև ուշ երեկո պղնձաձուլական գործարանի արտանետումների հետևանքով Ալավերդու փողոցներում շնչելը կրկին դարձել էր անհնարին: «Գիշերն  ավելի վատ վիճակ է լինելու, ավելի շատ են գազ  բաց թողնում»,-զգուշացրեց Ալավերդու Սարահարթ թաղամասի հեռուստակայանի հերթապահ աշխատողը, նկատելով, որ հեռուստակայանի մոտից նկարում եմ արտանետումների մեջ թաղված քաղաքը: Երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում քաղաքի Սպանդարյան, Զորավար Անդրանիկի, Կախոյան, Հայպետշին, Ջրավազան, Խուդյակով, Սանահին կայարանային և մյուս թաղամասերն ամբողջությամ թաղված էին ծխի մեջ:

«Այսօր ես շատ վատ եմ զգացել ծծմբային անհիդրիդի ազդեցությունից»,-ասաց Ս./Սարահարթ թաղամասի բնակիչ Նորիկ Գևորգյանը:

«Ամեն օր էլ արտանետումների շատ վատ վիճակ է: Ու՞մ զանգենք: Մթոմ, եթե քաղաքապետարան դիմենք, ով պետք է հաշվի առնի: Մի հոգու ասելով բան չի դուրս գա:  Որդի՞ գնաս գազի համար բողոքես, ու՞մ ասես: Ով պետք է հաշվի առնի: Էս խնդիրը լուծելը մենակ բան չի: Կարող է զավոդի մի երկու աշխատողի ձեռք չտա զավոդի փակելը, բայց  Ալավերդիում սաղին էլ ձեռք է տալիս, որ էս ծուխը չլինի»,-բացատրեց  Ս./ Սարահարթ թաղամասի բնակիչ Յուրա Շահվերդյանը:

«Էսօր երեկոյան 18:00-ից հետո եմ տանից դուրս եկել, զգացի, որ օդը շնչելու համար ծանր է:  Մենք Ս./Սարահարթ թաղամասի 3-րդ զանգվածում ենք ապրում, որը համեմատաբար ավելի վերևում է, բայց այնտեղ էլ էր հասել ծուխը: Ներքևում՝ Պղնձագործների փողոցում, ահավոր է, չգիտենք ոնց անենք: Բայց որ հանկարծ փակվի պղնձաձուլական գործարանը, մի կողմից էլ լավ չի լինի, ահագին մարդ կմնա առանց աշխատանքի»,-ասում է 10-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Շահնազարյանը:

«Էյ-Սի-Փի» ընկերության բնապահպանական վճարներից պետբյուջեից ազդակիր Ալավերդի, Աքորի, Հաղպատ, Հագվի համայնքների բյուջեներին այս տարի բնապահպանական սուբվենցիաներ չեն հատկացվել: Պատասխանելով «Հետքի» հարցին, Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը պարզաբանել է, որ 2016թ.-ին Ալավերդու բնապահպանական սուբվենցիաներ չվճարելու պրոբլեմը կապված է «Էյ-Սի-Փի» ընկերության բնապահպանական վճարների նվազեցման հետ, որը պետք է վերականգնել: Փորձագետ Արամ Գաբրիելյանը 2014թ.-ի մայիսին Ալավերդու Օրհուս կենտրոնում տեղի ունեցած բնապահպանական սուբվենցիաների մասին քննարկմանը, «Վալլեքսի»  ղեկավարների ներկայությամբ «Էյ-Սի-Փի» ընկերության բնապահպանական վճարների նվազեցումը որակել է խարդախության և մանիպուլիացիայի արդյունք. «Գործարանը 100 մետրանոց խողովակից իրականացվող իր հիմնական արտանետումները տեղափոխել  է Կոշաբերդ սարի գագաթ, տեղադրելով այնտեղ 20 մետրանոց նոր արտանետման խողովակ,  համարելով, որ իր խողովակի բարձրությունը 300 մետրից բարձր է: Այդ թիվը նրանք «ստացել են» խողովակի բարձրությանը գումարելով նաև Կոշաբերդ սարի բարձրությունը: Գործող իրավական ակտերով արտանետումների նորմերը մեծապես կախված են արտանետող խողովակի բարձրությունից: Ընդունելով խողովակի 300 մ բարձրությունը՝ ընկերությունը իր  արտանետման նորմը (վերին թույլատրելի սահմանը) ավելացրել է գրեթե 10 անգամ: Բնապահպանական վճարներն էլ կախված են նրանից, թե քանի անգամ են գերազանցում արտանետումները այդ նորմը: Այստեղից էլ գործարանի մուծումների շեշտակի նվազումը, որի պատճառով էլ Ալավերդի համայնքը զրկվել է  բնապահպանական սուբվենցիայից: Ընդունելով պղնձաձուլական գործարանի արտանետումների խողովակի բարձրությունը իրական 20 մետր՝ նշանակում է, որ գործող օրենսդրությամբ «Էյ-Սի-Փի» ընկերությունը պետք է վճարի տարեկան գրեթե 2 միլիարդ դրամ բնապահպանական վճար»,-նկատել  է փորձագետը:

Մեկնաբանություններ (10)

Վարդան
Այ միամիտ ժողովուրդ,էսքան ժամանակ չհասկացաք որ ոչ մեկի չի հետաքրքրում ձեր ճակատագիրը,կարում եք գլուխներդ պահեք,ինչ քաղաքապետ,ինչ զավոդ,թե գիտեք գիշերը չեն քնում ձեր մասին են մտածում:Մենակ ընտրություններին կհիշեն,համբերեք,բան չի մնացել,ձեր ստանալիքը կստանաք:
Ալավերդու բնակիչ
Հարգելի Բանվոր, յուրաքանչյուրդ էլ կարող ուժ եք և պետք է կանգնեք ու չվախենաք աշխատանքից ազատվելուց: Մեկ, երկու մարդու կարող են ազատել աշխատանքից և լռեցնել մնացածներին, իսկ երբ որ 50-100 մարդ միանգամից բողոքի ալիք բարձրացնի, ոչ-ոք դրա դեմ ոչինչ անել չի կարող: Գալու է չէ՞ մի ժամանակ, որ գործարանի ղեկավարությունը հարգի ալավերդցիներիս: Ոչ-ոք չի ուզում, որ փակվի գործարանը, պարզապես թող ճիշտ աշխատեն և չթունավորեն ժողովրդին: Իրենց արած մի քանի ծրագրերով ուզում են փակել մարդկանց աչքերը, բայց ստեղծված այս վիճակը փոխհատուցում չունի: Ի՞նչը կարող է առողջությունից ու մարդկային կյանքերից թանկ լինել: Վերջապես մեր ժողովուրդը սա հասկանալու՞ է, թե՞ ոչ:
Հայաստան
խայտառակ վիճակը էնա, որ էսօր զանգվածաբար անտառհատումների վերջը չկա, իսկ գրված կոմենտներն էլ վախներից չեն գրում, պարզա թե խի չեն գրում, որովհետև այդ ապօրինություններց մասնաբաժին ունեն, և չեն գրում, իսկ մի քանի տարի առաջ անտառտնտեսությունները լարիսայի հիմնական աշխատանքն էր: դե պարզա, որ իրա սիրելի գեղապետը դաբռո չի տալիս որ իրա տղա ոսկերիչի պահով մի բան արձանագրի կամ էլ կրված դատերից մի բան, գրի, էտ մանկապարտեզի թեման, էլ էր իրա սիրելի թեմաներից, իսկ հիմա լռությունա էն էլ քար: դե եկ ու վարդապետ ու մի զայրացի:
Կ.Ա.
մեր ժողովուրդը շատ մեղք ա, բայց հիմի խեխճության ժամանակ չի, որ խեղճացել են: Պետք ա վեր կենեն ու դրանց աչքը մի լավ հանեն: Մթոմ թե էդ քանի մարդ ա զավոդում էսօր աշխատում, որ մի հատ էլ դրել են աշխատատեղ են ասում: Սաղ ալավերդին էդ մի քանի հարյուր մարդը չի: Ամենաքիչը հինգ մոտիկ մարդ ունեմ զավոդում աշխատող, սաղն էլ դժգոհ են դրանց պահվածքից, որովհետև պրեմյաներն են կտրում, էշի պես աշխատացնում ու սնունդի մասին էլ չասեմ, դրանց տված կալբասը որ շանը տաս սկի շունը չի ուտի: Ու էտքանի հետ էլ էս ժողովրդին են ուտում: մի նաչալնիկն էլ քիչ էր երկրորդին դրեցին: Մի հատ էլ իրանց ձեվ են տվել որ քաղաքապետարանի հետ աշխատում են ծրագրեր են անում, իրանց արած ծրագրերը իրանց գլխին կպչի, ոչ մի բան էլ չեն անում, թող թոզ չփչեն մարդկանց աչքերին ու ասեն, որ մի բան են անում, մենակ լավ նկարվում են, էդքան բան:ձեր վերջն էլ ա գալու այ ողորմելիներ, էս ժողովուրդը որ չլի դուք ով եք:
Գագիկ Շոլինյան
Ժամանակին էկոլոգիական տեսակետից աշխարհի ամենաղտոտված առաջին 5 քաղաքներն ԱՄՆ-ում էին։ Պետությունն շրջակայքն աղտոտող ձեռնարկությունների համար ընդունեց այնպիսի օրենք, որով սահմանվում էր տուգանքների այնպիսի չափ, որոնք զգալիորեն գերազանցում էին մաքրման կայանների արժեքին։ Դե գործարարներն էլ արագ կողմնորոշվեցին և մաքրման կայաններ կառուցեցին։ Հիմա մեր առաջ, պատկերավոր ասած, խնդիր է առաջացել․ պետք է նկար կախվի մի սենյակում, որտեղ պատեր չկան․․․․
ape
This year I intended to move to Lori from US. I visited this last spring. The river, starting from Kirovakan down, Alaverdi and the Ayrums are so polluted that can't decide what to do. The price of copper is down to 1/2 to what it was about five years ago.. The mine(s) may be not even profitable.. If the environment is destroyed, that takes care of the future for this area. From outside of Armenia this looks like a cruel suicide. We'll end up with another monument to visit, while Visiting. ba
Արմեն
Պրոբլեմը հենց նրանումա,որ քաղաքի ղեկավարությունը եդքան թափ չունի,որ զավոդից բան պահանջի,հլա դեռ իրանք են խնդրողի դերում,ու են վախտ կարան խոսան երբ մի700-800 աշխատատեխ կարենան բացեն ու նոր ասեն սենց զավոդը մեզ պետք չի,փակեք:Ինչ էլավ ղոստացած կարի ֆաբրիկան 2000 աշխատատեղով,էլի ուրիշ մեծ մեծ խոստումները,այ դրա մասին մտացեք,որ նոր կարենաք էս հարցնել լուծեք:
Բանվոր
Ես զավոդի աշխատող եմ ու հաստատ կասեմ որ ստաբիլ աշխատավրձը միշտ էլ լավ ա, բայց էն որ կոպեկով աշխատում ենք էտ փաստ ա: Իսկ էդ գազի մասով խայտառակ վիճակ ա, մի բանից եմ հանգիստ որ գոնե էրեխեքս ըստեղ չեն ու չեն թունավորվում:բայց սաղ քաղաքը անըծում ա էս գազի համար, մարդ արդեն ամաչում ա որ ըտեղ ա աշխատում:Հարեվաններիս մեջին չգիտեմ գլուխս որդի պահեմ հենց խոսում են ու նենց են մեղադրում մթոմ գազ բաց թողողը ես եմ:որ մի քիչ հնար ըլի ուրիշ գործի կթողամ ու դուս կգամ:իսկ որ էս գրողներն ասում են ժողովուրդը կանգնի, էս անի էն անի սաղ սուտ բան ա, էս հարցով քաղաքապետարանը պետք ա զբաղվի ու կոնկրետ պայմաններ դնի առաջներին, թե չէ էս խեղճ բանվորությունը ինչ անի, ամեքը մի տուն ա պահում, սաղս էլ գիդենք որ կբռնեն ու գործից կհանեն, դե արի էրեխուդ բան ասա թե օդի մաքրության խաթեր խոսացել եմ, գործից հանել են ու էսօր տուն փող չեմ բերելու:ժողովուրդն էլ որ տենա քաղաքի ղեկավարությունը իրա կողքին ա հաստատ ինքն էլ վեր կկենա ու կպայքարի, թե չէ մենակ մեզանով բան դուս չի գա:
Մարինե Անտոնյան
Հանցագործներ: Ալավերդու գործարանի ղեկավարությանը ուրիշ բնորոշում տալ հնարավոր չէ: Դրանք ո՞նց են մարսում էս ժողովրդի թունավորման պայմաններում գոյացող իրենց միլիոնները: Չարագործներ եք բոլորդ, անպատիժ չարագործներ: Բայց ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ անպատիժ: Էսպես երկար շարունակվել չի կարող: Եթե մտածում եք, որ ժողովուրդն անգետ է, ապա չարաչար սխալվում եք: Դուք պետք չեք Ալավերդուն, հեռացեք էս քաղաքից: Դուք էս քաղաքի չարիքն եք, ԱՂԱՆԴ եք, որ մտել եք ժողովրդի մեջ ու չնչին կոպեկների դիմաց համոզում եք, որ եթե դուք չլինեք, ժողովուրդը սովի կմատնվի: Չարաչար սխալվում եք: Դուք որ չլինեք, ժողովուրդը կսկսի մտածել այլ բանով զբաղվելու մասին: Բոլորին համոզել եք, որ կայուն ցածր աշխատավարձն ավելի լավ է, քան սեփական այգին մշակելը, անասուն պահելն ու դրանով գումար աշխատելը: Դե ցույց տվեք ձեր ձեռնարկության մի աշխատողի, որ վարկերի տակ չի ճռռում: Մի օր ստիպված եք լինելու կամ հեռանալու, կամ էս ժողովրդի հետ հաշվի նստելու, վալերի ջանիբեկովիչ:
Ալավերդու բնակիչ
Խայտառակ վիճակ է, աննկարագրելի ու աններելի: Արդեն անցել են բոլոր չափերն ու սահմանները: Նման արհամարհանք ժողովրդի հանդեպ ուղղակի անթույլատրելի է: Հասկացանք, որ գործարանի փակվելով մարդիկ առանց աշխատանքի կմնան, հասկացանք, որ այլ աշխատատեղ չկա, բայց չհասկացանք գործարանի քաղաքականությունը: Էլի աշխատեն, հարստանան, բայց ժողովրդի հիմարի տեղ չդնեն, կատարեն իրենց պարտավորությունները: Դեռ ամիսներ առաջ իմացա, որ խայտառակ գազի օրերին քաղաքի դպրոցներից մեկում 2 երեխայի առողջական վիճակ է կտրուկ վատացել, անգամ նրանց մոտ քթից արյունահոսություն է նկատվել, ուղարկել են տուն: Ո՞վ է իմացել այդ մասին, իհարկե ոչ ոք: Դպրոցում ծածկադմբոց են արել, հարցը փակել գնացել: Բոլորը լուռ են: Լռում է գործարանը, լռում է քաղաքապետարանը, լռում է ժողովուրդը: Բա էլ գործարանն ումի՞ց վախենա, ու՞մ առաջ հաշվետու լինի: Նման լռության պայմաններում մի խումբ համախոհներով ենք որոշել այս հարցով զբաղվել ու հետ չենք կանգնելու: Գնալու ենք մինչև վերջ, մինչև վերին ատյաններ: Փակում են, թող փակեն գործարանը կամ էլ աշխատեն բոլոր նորմերը պահելով: Պատասխան են տալու բոլորը: Ու գործարանի Թեղուտում նստած ղեկավարությունը հաստատ կսթափվի, ստիպված կլինի սթափվի ու հաշիվ տա իրեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter