Պղնձաձուլարանը շարունակում է աղտոտել Ալավերդին
Երեկ՝ օգոստոսի 30-ին, առավոտվանից մինչև ուշ երեկո պղնձաձուլական գործարանի արտանետումների հետևանքով Ալավերդու փողոցներում շնչելը կրկին դարձել էր անհնարին: «Գիշերն ավելի վատ վիճակ է լինելու, ավելի շատ են գազ բաց թողնում»,-զգուշացրեց Ալավերդու Սարահարթ թաղամասի հեռուստակայանի հերթապահ աշխատողը, նկատելով, որ հեռուստակայանի մոտից նկարում եմ արտանետումների մեջ թաղված քաղաքը: Երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում քաղաքի Սպանդարյան, Զորավար Անդրանիկի, Կախոյան, Հայպետշին, Ջրավազան, Խուդյակով, Սանահին կայարանային և մյուս թաղամասերն ամբողջությամ թաղված էին ծխի մեջ:
«Այսօր ես շատ վատ եմ զգացել ծծմբային անհիդրիդի ազդեցությունից»,-ասաց Ս./Սարահարթ թաղամասի բնակիչ Նորիկ Գևորգյանը:
«Ամեն օր էլ արտանետումների շատ վատ վիճակ է: Ու՞մ զանգենք: Մթոմ, եթե քաղաքապետարան դիմենք, ով պետք է հաշվի առնի: Մի հոգու ասելով բան չի դուրս գա: Որդի՞ գնաս գազի համար բողոքես, ու՞մ ասես: Ով պետք է հաշվի առնի: Էս խնդիրը լուծելը մենակ բան չի: Կարող է զավոդի մի երկու աշխատողի ձեռք չտա զավոդի փակելը, բայց Ալավերդիում սաղին էլ ձեռք է տալիս, որ էս ծուխը չլինի»,-բացատրեց Ս./ Սարահարթ թաղամասի բնակիչ Յուրա Շահվերդյանը:
«Էսօր երեկոյան 18:00-ից հետո եմ տանից դուրս եկել, զգացի, որ օդը շնչելու համար ծանր է: Մենք Ս./Սարահարթ թաղամասի 3-րդ զանգվածում ենք ապրում, որը համեմատաբար ավելի վերևում է, բայց այնտեղ էլ էր հասել ծուխը: Ներքևում՝ Պղնձագործների փողոցում, ահավոր է, չգիտենք ոնց անենք: Բայց որ հանկարծ փակվի պղնձաձուլական գործարանը, մի կողմից էլ լավ չի լինի, ահագին մարդ կմնա առանց աշխատանքի»,-ասում է 10-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Շահնազարյանը:
«Էյ-Սի-Փի» ընկերության բնապահպանական վճարներից պետբյուջեից ազդակիր Ալավերդի, Աքորի, Հաղպատ, Հագվի համայնքների բյուջեներին այս տարի բնապահպանական սուբվենցիաներ չեն հատկացվել: Պատասխանելով «Հետքի» հարցին, Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը պարզաբանել է, որ 2016թ.-ին Ալավերդու բնապահպանական սուբվենցիաներ չվճարելու պրոբլեմը կապված է «Էյ-Սի-Փի» ընկերության բնապահպանական վճարների նվազեցման հետ, որը պետք է վերականգնել: Փորձագետ Արամ Գաբրիելյանը 2014թ.-ի մայիսին Ալավերդու Օրհուս կենտրոնում տեղի ունեցած բնապահպանական սուբվենցիաների մասին քննարկմանը, «Վալլեքսի» ղեկավարների ներկայությամբ «Էյ-Սի-Փի» ընկերության բնապահպանական վճարների նվազեցումը որակել է խարդախության և մանիպուլիացիայի արդյունք. «Գործարանը 100 մետրանոց խողովակից իրականացվող իր հիմնական արտանետումները տեղափոխել է Կոշաբերդ սարի գագաթ, տեղադրելով այնտեղ 20 մետրանոց նոր արտանետման խողովակ, համարելով, որ իր խողովակի բարձրությունը 300 մետրից բարձր է: Այդ թիվը նրանք «ստացել են» խողովակի բարձրությանը գումարելով նաև Կոշաբերդ սարի բարձրությունը: Գործող իրավական ակտերով արտանետումների նորմերը մեծապես կախված են արտանետող խողովակի բարձրությունից: Ընդունելով խողովակի 300 մ բարձրությունը՝ ընկերությունը իր արտանետման նորմը (վերին թույլատրելի սահմանը) ավելացրել է գրեթե 10 անգամ: Բնապահպանական վճարներն էլ կախված են նրանից, թե քանի անգամ են գերազանցում արտանետումները այդ նորմը: Այստեղից էլ գործարանի մուծումների շեշտակի նվազումը, որի պատճառով էլ Ալավերդի համայնքը զրկվել է բնապահպանական սուբվենցիայից: Ընդունելով պղնձաձուլական գործարանի արտանետումների խողովակի բարձրությունը իրական 20 մետր՝ նշանակում է, որ գործող օրենսդրությամբ «Էյ-Սի-Փի» ընկերությունը պետք է վճարի տարեկան գրեթե 2 միլիարդ դրամ բնապահպանական վճար»,-նկատել է փորձագետը:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել