HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել է ևս մեկ բժշկական կենտրոն

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել է ևս մեկ բժշկական կենտրոն: Վիճակագրական տվյալներով, ինչպես տեղեկացնում է նախարարությունը, մեր երկրում մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպք պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով։
«Այս առումով 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որը բխում է Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից, առողջապահության համակարգի կարևորագույն ձեռքբերումներից է։ Ծրագրի շնորհիվ` արդեն շուրջ 2500 կյանք է փրկվել, բազմաթիվ մարդիկ խուսափել են հաշմանդամությունից։ Կյանք փրկող «Stent for life»  ծրագիրը լայն արձագանք է ստացել բնակչության շրջանում:  Սրտային վիրաբուժության զարգացումը, հատկապես մարզերում, գերակա ուղղություն է: Ավելի քան քսան տարի Հայաստանը տարածաշրջանում առաջատար է եղել ինվազիվ սրտային վիրաբուժության ոլորտում, և դրսից են եկել մեր երկրում բուժվելու։ Մենք հիմա էլ ապահովված ենք լավ մասնագետներով, անհրաժեշտ տեխնոլոգիաներով ու հարթակներով, իսկ որ ամենակարևորն է` միջազգային չափորոշիչներին համապատասխանող որակյալ ծառայությունով։ Սակայն խնդիր ունենք մատչելիության ապահովման: Խնդիրն օրակարգային է, քանի որ ինվազիվ սրտաբանական ծառայություններ ստանալու նպատակով այլ երկրներ մեկնելու միտում է նկատվում»,- հայտնում է նախարարությունը։ 
Երևանում և մարզերում սրտի վիրահատությունների գները մատչելի դարձնելու նպատակով առողջապահության նախարարությունը դեռևս հուլիսին բուժօգնություն իրականացնող կազմակերպություններին և մատակարարներին կոչ է արել ուսումնասիրել և վերանայել սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը: Առողջապահության նախարարի հուլիսին մարզային այցի ժամանակ Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությանը հանձնարարվել է հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել գների վերանայման վերլուծություն:

Արդեն օգոստոսի սկզբին Գյումրու բժշկական կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ մտադիր են սրտի ստենտավորման համար հիվանդի կողմից վճարվող գումարի չափը նվազեցնել' մոտավորապես 300 հազար դրամի չափով: Առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ նախարար Արմեն Մուրադյանը հայտնել է, որ սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միանում է նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնը:

«Սրտային վիրաբուժության մատչելիության ապահովման խնդիրը ստանում է այն լուծումը, որին գնում էինք վերջին մեկ տարվա ընթացքում», - ընդգծել է նախարարը: Նա նշել է, որ որակական ցուցանիշներով սրտային վիրաբուժությունը և մասնավորապես` ինվազիվ վիրաբուժությունը զարգացած է մեր երկրում: Վիրաբուժական այս ծառայությունը Հայաստանում մատուցվում է
11 բժշկական կենտրոնում, որից երկուսը` Շիրակի և Սյունիքի մարզերում:

Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել նաև նման ծառայություն իրականացնող ևս երկու կազմակերպության ղեկավարների հետ, և քննարկվել է նաև այնտեղ սրտի ստենտավորման գների իջեցման հարցը: Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը և «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը նշել են, որ կառավարման կատարելագործման, նախապատրաստական աշխատանքների և բանակցությունների արդյունքում են կարողացել իջեցնել սրտի ստենտավորման գները: Տնօրենների խոսքով' կատարված գնային փոփոխությունները կնպաստեն հիվանդների թվի աճին, միաժամանակ պահպանելով ծառայության բարձր որակը: Ընդհանուր առմամբ' սրտի ստենտի գները երկու բժշկական հաստատությունում էլ զգալի նվազել են: Բժշկական հաստատությունների ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին, ներկայացրել այլ մանրամասներ:

Առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է վերանայել սրտի ինվազիվ վիրահատությունների փոխհատուցման չափը։ Նշվել է, որ ակնկալվում է, որ թե՛ բժշկական կազմակերպությունները, թե՛ ներմուծողները ևս ճիշտ կգնահատեն իրավիճակը և կհետևեն արդեն իսկ մատչելիության ապահովման քաղաքականություն իրականացնող իրենց գործընկերների օրինակին:
լուսանկարը` «Աստղիկ» բժշկական կենտրոնի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter