HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թանկարժեք նվերներ` մարզպետներին ու քաղաքապետներին

Հրանտ Գալստյան

«Հետք»-ը անդրադարձել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների, նախարարների ու նրանց տեղակալների, ինչպես նաև այս պաշտոնյաներին փոխկապակցված անձանց ստացած թանկարժեք նվերներին:

Այս անգամ ուսումնասիրել ենք Հայաստանի մարզպետների, ինչպես նաև այն քաղաքապետների հայտարարագրերը, որոնց ղեկավարած համայնքի բնակչության թիվն անցնում է 50 հազարը (Երևան, Գյումրի, Վանաձոր): «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն` մնացած համայնքապետերը չեն ներկայացնում իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Հայաստանի 10 մարզպետներից պաշտոնավարման տարիներին ստացած նվիրատվություն է հայտարարագրել միայն Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Վերջինս մարզպետի պաշտոնը ստանձնել է 2011թ-ին: Մինչ այդ եղել է Ալավերդու քաղաքապետը: Նալբանդյանը իր գույքի և եկամուտների 2011թ-ի տարեկան հայտարարագրում նշել է, որ ստացել է 50 մլն դրամի և 80 հազար դոլարի նվիրատվություն: Հաջորդող տարիներին մարզպետը աշխատավարձից բացի ստացել է եկամուտ նաև փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսների տեսքով, որը տարբեր տարիների կազմել է մինչև 5,5 մլն դրամ:

Մյուս մարզպետները իրենց հայտարարագրերում ստացած նվերների մասին նշումներ չեն արել: Ինչն ամենևին չի նշանակում, որ նրանք նվիրատվություններ չեն ստացել: Իսկ Արարատի մարզպետի դեպքում` նվիրատվություն է ստացել նրան փոխկապակցված անձը: 2014թ-ին 10 մլն դրամ նվեր է ստացել Ռուբիկ Աբրահամյանի 24-ամյա որդին` Էմինը: Այդ տարի նա այլ եկամուտ չի ունեցել, բայց 2015-ին 1,5 մլն դրամ է ստացել ձեռնարկատիրական գործունեությունից: Մարզպետի մյուս որդին՝ 23-ամյա Գոռը, 2014թ-ին նվեր է ստացել 11 հազար ԱՄՆ դոլար, ևս 4 մլն դրամ եկամուտ է ստացել ձեռնարկատիրական գործունեությունից: Հիշեցնենք, որ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետի պաշտոնն ստանձնել է հենց 2014թ-ին:

Թանկարժեք նվերներ են ստացել նաև մարզպետների տեղակալներն ու նրանց փոխկապակցված անձինք: Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այդ պաշտոնին նշանակվելու հաջորդ տարում նվեր է ստացել 9750 եվրո: Իսկ Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը պաշտոնավարման հինգերորդ տարում նվեր է ստացել 11,5 մլն դրամ արժեցող բնակարան:

Նվիրատվություն է ստացել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, ով այդ պաշտոնին է նշանակվել այս տարվա ապրիլի վերջից: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ փոխմարզպետը նշել է, որ հունվարի 1-ից հետո, աշխատանքի վարձատրությունից բացի, ունեցել է նաև եկամուտ նվիրատվության տեսքով՝ 1500 եվրոյի չափով:

Թադևոսյանին փոխկապակցված անձը՝ կինը, դեռևս հայտարարագիր չի ներկայացրել: Լոռու մեկ այլ փոխմարզպետի` Տիգրան Բադոյանի կինը` Գայանե Խաչատրյանը, 2012թ-ի հայտարարագրում նշել է, որ նվեր է ստացել 500 ԱՄՆ դոլար:

Իրենց հարազատների պաշտոնավարման տարիներին թանկարժեք նվերներ են ստացել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրա տեղակալ Դավիթ Օհանյանի հարազատները:

Մարգարյանի կինը` Գոհար Սարգսյանը, 2012թ-ին ստացել 39 մլն դրամ արժողության նվեր` բնամթերքի տեսքով: Էթիկայի հանձնաժողովի հրապարակած հայտարարագրում նշված չէ, թե ինչ նվեր է դա: Նշենք նաև, որ քաղաքապետի կնոջ կարողությունը, չնայած եկամտի բացակայությանը, կազմում է 50 մլն դրամ:

Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի 22-ամյա որդին` Էդմոնդը, 2014թ-ին նվեր է ստացել 9 մլն 500 հազար դրամ: Նույն տարում այդ արժողության Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենա է գնել: Հաջորդ տարում փոխքաղաքապետի տղան ստացել է ևս 9 մլն 605 հազար դրամի նվեր, այս անգամ` բնամթերքով: Էթիկայի հանձնաժողովը չի հստակեցնում, թե ինչ բնամթերք է դա:

50 000-ից ավելի բնակիչ ունեցող քաղաքների` Գյումրիի և Վանաձորի քաղաքապետներն ու նրանց տեղակալները, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձիք նվիրատվություններ չեն հայտարարագրել:

Այլ եկամուտներ

Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնյաները միշտ չէ, որ տարբերակում են իրենց եկամուտները: «Այլ եկամուտներ» անվան տակ նրանք ներկայացնում են այն եկամուտները, որոնք չեն դասակարգվում որպես աշխատանքի վարձատրություն, շահաբաժին, ժառանգություն, նվիրատվություն կամ սահմանված այլ եկամտի տեսակ։ Օրինակ, կառավարության ղեկավարը` Հովիկ Աբրահամյանը 2014թ-ին որպես այլ եկամուտ հայտարագրել է 30 մլն, իսկ նրա կինը` 35 մլն դրամ:

Այլ եկամուտներ են հայտարագրել նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի կինը (25 000 դոլար` 2014թ-ին և 3,7 մլն դրամ` 2015թ-ին), նույն մարզի փոխմարզպետ Աշոտ Վարդանյանը (2,5 մլն դրամ` 2014թ-ին, 3 մլն դրամ` 2015թ-ին), նրա կինը` Հռիփսիմե Վարդանյանը (850 000 դրամ` 2014թ-ին), Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանի ամուսինը` Բաբկեն Արշակյանը (7 մլն 200 հազար դրամ` 2011թ-ից ի վեր):

տեսանյութը` Դավիթ Բանուչյանի


Կարդացեք նաև`

Հայաստանի միլիոնատեր և միլիարդատեր մարզպետները


Մեկնաբանություններ (3)

լուր
հասարակ բանվորը էտ ինչի չի նվիրատվություն ստանում, որ մենակ էտ իշխանության կարկառուն ներկայացուցիչներն են ստանում, դրանք մինչև իրանց պաշտոնին անցնելը հեչ էլի նվիրատվություն են ստացած, թե աթոռ զբաղեցնելով սկսում են նվերների շարանի ստացման պռոցեսը:: ՀՔԾ կա դատախազություն կա ոստիկանություն կա հազար ու մի բան կա կանչեն էտ ոհմակին ու քննննննննննեն, հլա ասեն ինչ էիք ինչ դառաք, այ անգրագետների հավաքածուներ, ժողովրդի աշխատանքնա ոչ թե նվիրատվություն: ժողովուրդը ողորմություն ա տվել դրանց, բայց ցավոք չեն կշտանում երբ ենք տեսնելու որ հատիկ առ հատ բերդի ծակում հայտնվեն էտ կամանդը:
lusik
Պաշտոնյաների նվերների թույլատրելի գումարները սահմանափակված են օրենքով; Այդ գումարը գերազանցելու դեպքում պաշտոնյան պարտավոր է նվիրատվությունը ուղղել բարեգործության: Այս հոդվածը հիմք ընդունելով գլխավոր դատախազը պետք է կիռարի օրենքը այդ պաշտոնյաների նկատմամբ: Մի սարսափելի տվյալ՝ այս ուսումնական տարում միայն 91% դպրոցականների կհաճախեն դպրոց, ըստ երեւույթի շոր, կոշիկ, գրենական պիտույքներ չունենալու պատճառով:
ժողովուրդ
բոլոր շնագայլերին լցնել մի տեղ ու սոված պահել, որ իրար հոշոտեն ու սովից սատկեն: քարուքանդ արեցին էս երկիրը, բոլորը կոռուպցիայի ու կաշառակերության շնորհիվա բոորը ոչ մի նվիրատվություն էլ չեն ստացել, մի հատ թող նշեն էլի թե նվիրողը ովա, որովհետև նման բան չկա ալան թալանի ու ավարի միջոցով են կուտակել, լոռին մանավանդ դարձելա բարդակ, իրա բոլոր կառուցվածքներով հանդերձ: դրա համար էլ նվերներա ստանում այդ ամենի դիմաց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter