«Հետք»-ը անդրադարձել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների, նախարարների ու նրանց տեղակալների, ինչպես նաև այս պաշտոնյաներին փոխկապակցված անձանց ստացած թանկարժեք նվերներին:
Այս անգամ ուսումնասիրել ենք Հայաստանի մարզպետների, ինչպես նաև այն քաղաքապետների հայտարարագրերը, որոնց ղեկավարած համայնքի բնակչության թիվն անցնում է 50 հազարը (Երևան, Գյումրի, Վանաձոր): «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն` մնացած համայնքապետերը չեն ներկայացնում իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Հայաստանի 10 մարզպետներից պաշտոնավարման տարիներին ստացած նվիրատվություն է հայտարարագրել միայն Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Վերջինս մարզպետի պաշտոնը ստանձնել է 2011թ-ին: Մինչ այդ եղել է Ալավերդու քաղաքապետը: Նալբանդյանը իր գույքի և եկամուտների 2011թ-ի տարեկան հայտարարագրում նշել է, որ ստացել է 50 մլն դրամի և 80 հազար դոլարի նվիրատվություն: Հաջորդող տարիներին մարզպետը աշխատավարձից բացի ստացել է եկամուտ նաև փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսների տեսքով, որը տարբեր տարիների կազմել է մինչև 5,5 մլն դրամ:
Մյուս մարզպետները իրենց հայտարարագրերում ստացած նվերների մասին նշումներ չեն արել: Ինչն ամենևին չի նշանակում, որ նրանք նվիրատվություններ չեն ստացել: Իսկ Արարատի մարզպետի դեպքում` նվիրատվություն է ստացել նրան փոխկապակցված անձը: 2014թ-ին 10 մլն դրամ նվեր է ստացել Ռուբիկ Աբրահամյանի 24-ամյա որդին` Էմինը: Այդ տարի նա այլ եկամուտ չի ունեցել, բայց 2015-ին 1,5 մլն դրամ է ստացել ձեռնարկատիրական գործունեությունից: Մարզպետի մյուս որդին՝ 23-ամյա Գոռը, 2014թ-ին նվեր է ստացել 11 հազար ԱՄՆ դոլար, ևս 4 մլն դրամ եկամուտ է ստացել ձեռնարկատիրական գործունեությունից: Հիշեցնենք, որ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետի պաշտոնն ստանձնել է հենց 2014թ-ին:
Թանկարժեք նվերներ են ստացել նաև մարզպետների տեղակալներն ու նրանց փոխկապակցված անձինք: Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այդ պաշտոնին նշանակվելու հաջորդ տարում նվեր է ստացել 9750 եվրո: Իսկ Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը պաշտոնավարման հինգերորդ տարում նվեր է ստացել 11,5 մլն դրամ արժեցող բնակարան:
Նվիրատվություն է ստացել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, ով այդ պաշտոնին է նշանակվել այս տարվա ապրիլի վերջից: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ փոխմարզպետը նշել է, որ հունվարի 1-ից հետո, աշխատանքի վարձատրությունից բացի, ունեցել է նաև եկամուտ նվիրատվության տեսքով՝ 1500 եվրոյի չափով:
Թադևոսյանին փոխկապակցված անձը՝ կինը, դեռևս հայտարարագիր չի ներկայացրել: Լոռու մեկ այլ փոխմարզպետի` Տիգրան Բադոյանի կինը` Գայանե Խաչատրյանը, 2012թ-ի հայտարարագրում նշել է, որ նվեր է ստացել 500 ԱՄՆ դոլար:
Իրենց հարազատների պաշտոնավարման տարիներին թանկարժեք նվերներ են ստացել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրա տեղակալ Դավիթ Օհանյանի հարազատները:
Մարգարյանի կինը` Գոհար Սարգսյանը, 2012թ-ին ստացել 39 մլն դրամ արժողության նվեր` բնամթերքի տեսքով: Էթիկայի հանձնաժողովի հրապարակած հայտարարագրում նշված չէ, թե ինչ նվեր է դա: Նշենք նաև, որ քաղաքապետի կնոջ կարողությունը, չնայած եկամտի բացակայությանը, կազմում է 50 մլն դրամ:
Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի 22-ամյա որդին` Էդմոնդը, 2014թ-ին նվեր է ստացել 9 մլն 500 հազար դրամ: Նույն տարում այդ արժողության Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենա է գնել: Հաջորդ տարում փոխքաղաքապետի տղան ստացել է ևս 9 մլն 605 հազար դրամի նվեր, այս անգամ` բնամթերքով: Էթիկայի հանձնաժողովը չի հստակեցնում, թե ինչ բնամթերք է դա:
50 000-ից ավելի բնակիչ ունեցող քաղաքների` Գյումրիի և Վանաձորի քաղաքապետներն ու նրանց տեղակալները, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձիք նվիրատվություններ չեն հայտարարագրել:
Այլ եկամուտներ
Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնյաները միշտ չէ, որ տարբերակում են իրենց եկամուտները: «Այլ եկամուտներ» անվան տակ նրանք ներկայացնում են այն եկամուտները, որոնք չեն դասակարգվում որպես աշխատանքի վարձատրություն, շահաբաժին, ժառանգություն, նվիրատվություն կամ սահմանված այլ եկամտի տեսակ։ Օրինակ, կառավարության ղեկավարը` Հովիկ Աբրահամյանը 2014թ-ին որպես այլ եկամուտ հայտարագրել է 30 մլն, իսկ նրա կինը` 35 մլն դրամ:
Այլ եկամուտներ են հայտարագրել նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի կինը (25 000 դոլար` 2014թ-ին և 3,7 մլն դրամ` 2015թ-ին), նույն մարզի փոխմարզպետ Աշոտ Վարդանյանը (2,5 մլն դրամ` 2014թ-ին, 3 մլն դրամ` 2015թ-ին), նրա կինը` Հռիփսիմե Վարդանյանը (850 000 դրամ` 2014թ-ին), Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանի ամուսինը` Բաբկեն Արշակյանը (7 մլն 200 հազար դրամ` 2011թ-ից ի վեր):
տեսանյութը` Դավիթ Բանուչյանի
Կարդացեք նաև` |
|||
Հայաստանի միլիոնատեր և միլիարդատեր մարզպետները |
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել