Շաբաթ, 22 սեպտեմբերի

Հայաստանից թռչելու իրավունք ունեն 2-ը, իսկ այստեղ գալու՝ 26-ը (քարտեզ)


Մայիսին գրել էինք, որ հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը էկոնոմիկայի նախարարության կողմից 6 ուղղություններով կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու հավաստագիր է ստացել:

Ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն Գառնիկ Պապիկյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ IATA-ից պետք է կոդ ստանան, առանց որի հնարավոր չէ կանոնավոր փոխադրումներ կատարել: Դրանից հետո պետք է սկսվի տոմսերի վաճառքը: Պապիկյանը առաջին թռիչքի հավանական ժամկետ էր նախանշել սեպտեմբերը: Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի կայքում սեպտեմբերին «Տարոն-Ավիայի» թռիչքներ նախատեսված չեն:

Արդեն հայտնի է «Տարոն-Ավիայի» IATA-ի կոդը՝ H7: Այսինքն՝ թռիչքները համարակալվելու են հենց այս նիշով: Ընկերությունն ունի 3 հատ «Boeing 737-500», որոնցից երկուսը (EK-73775, EK-73772) 2015-ից լիզինգով շահագործում է սուդանական «Badr Airlines»-ը: Սրանք նախկինում «Արմավիայի» օդանավերն էին: Երրորդ ինքնաթիռն էլ (EK-73797) ժամանակին շահագործում էր «Էյր Արմենիան», դրա շուրջ, ընթերցողները կհիշեն, 2015-ի ամռանը վեճ ծագեց, որին ներգրավված էր նաեւ գործարար Ռուբեն Հայրապետյանը: «Էյր Արմենիայից» հետո ինքնաթիռը մի որոշ ժամանակ թռչում էր աֆղանական «Kam Air»-ի անվան տակ, ապա տեղափոխվեց Կոնգո եւ լիզինգով օգտագործվում էր «Canadian Airways Congo»-ի կողմից: Հիմա այն կրկին վարձով է տրվել. այս անգամ՝ սուդանական «Tarco Air»-ին:

Գառնիկ Պապիկյանը «Հետքին» ասել էր, որ նպատակ ունեն 2016-ի վերջին կամ 2017-ի սկզբին «Boeing»-ների ավիապարկը հասցնել 5-ի:   

Հիշեցնենք «Տարոն-Ավիային» տրված ուղղությունները՝ Մոսկվա, Կրասնոդար, Սամարա, Նիժնի Նովգորոդ, Վորոնեժ, Բեյրութ:

Հայկական մյուս ավիափոխադրողը՝ «Ավիակոմպանիա Արմենիան», իր թռիչքները սկսել է հուլիսի 5-ից: Առաջինը եղել է Լառնակայի ոչ կանոնավոր (չարտեր) չվերթը, որին հետագայում ավելացան Տիվատը, Հռոդոսը, Սալոնիկը: Ընդ որում՝ Երեւան-Հռոդոս-Երեւան սեզոնային չվերթներ այլեւս չեն իրականացվում: Հուլիսի 18-ից «Արմենիան» կանոնավոր ձեւով թռչում է Միներալնիե Վոդի, օգոստոսի 1-ից՝ Մոսկվա, իսկ օգոստոսի 31-ից՝ Թեհրան (ԷՆ-ն կանոնավոր թռիչքների հավաստագիրը տալիս է անժամկետ, սակայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կարող է դրա գործողությունը կասեցնել, ապա եւ դադարեցնել): Բացի այս երեքից՝ ընկերությունն իրավունք ունի կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Դոնի Ռոստով, Կրասնոդար, Սամարա, Կիեւ, Պրահա, Ֆրանկֆուրտ, Բրյուսել, Հռոմ, Լոնդոն, Բոլոնիա, Դուբայ եւ Թել Ավիվ: Օրերս հայտնի դարձավ, որ հոկտեմբերից ընկերությունը թռչելու է նաեւ Վորոնեժ:    

«Արմենիան» առայժմ ունի երկու «Boeing» (EK-73736, EK-73786): Վերը նշված բոլոր ուղղությունները սպասարկելու համար, բնականաբար, ավելի շատ օդանավեր ու անձնակազմ է անհրաժեշտ:

Ովքե՞ր են գալիս Հայաստան

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ «Ամառ-2016» աերոնավիգացիոն սեզոնի ընթացքում (մարտ-հոկտեմբեր) դեպի Հայաստան կանոնավոր թռիչքներ կատարելու իրավունք է տրված օտարերկրյա 26 ավիաընկերության:

Ստորեւ նշված են ընկերության անունը, երկիրը եւ այն քաղաքները, որոնք նրանք իրավունք ունեն կապել Երեւանին:

«Air France» (Ֆրանսիա). Փարիզ,
«Austrian Airlines» (Ավստրիա). Վիեննա,
«LOT Polish Airlines» (Լեհաստան). Վարշավա,
«Aegean Airlines» (Հունաստան). Աթենք,
«Ukraine International Airlines» (Ուկրաինա). Կիեւ, Օդեսա,
«Aeroflot» (Ռուսաստան). Մոսկվա,
«Rossiya Airlines» (Ռուսաստան). Սոչի, Սանկտ Պետերբուրգ,
«UTair Aviation» (Ռուսաստան). Մոսկվա, Կրասնոդար, Սոչի,
«Sibir Airlines» (Ռուսաստան). Նովոսիբիրսկ, Մոսկվա,
«Globus Airlines» (Ռուսաստան). Մոսկվա,
«Grozny Avia» (Ռուսաստան). Վորոնեժ,
«Ural Airlines» (Ռուսաստան). Մոսկվա (միակն է, որ թռչում է թե Երեւան, թե Գյումրի), Նիժնի Նովգորոդ, Ս. Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Կրասնոդար, Սամարա, Դոնի Ռոստով, 
«VIM Avia» (Ռուսաստան). Մոսվկա
«Nordwind Airlines» (Ռուսաստան). Մոսկվա,
«SCAT Airlines» (Ղազախսստան). Ակտաու,
«Qatar Airways» (Քաթար). Դոհա,
«FlyDubai» (ԱՄԷ). Դուբայ,
«Air Arabia» (ԱՄԷ). Շարժա,
«Middle East Airlines» (Լիբանան). Բեյրութ
«Mahan Air» (Իրան). Թեհրան, Մաշհադ,
«Iran Aseman Airlines» (Իրան). Թեհրան,
«Iranian Naft Airlines» (Իրան). Սպահան,
«Taban Air» (Իրան). Սպահան, Մաշհադ, Թավրիզ,
«Al-Naser Airlines» (Իրաք). Բաղդադ,
«Georgian Airways» (Վրաստան). Թբիլիսի,
«Vueling Airlines» (Իսպանիա). Բարսելոն:

Ինչպես երեւում է ցուցակից, 26 ընկերություններից 9-ը ռուսական են: Ընդ որում՝ «Rossiya Airlines»-ը «Aeroflot»-ի, իսկ «Globus Airlines»-ը «Sibir Airlines»-ի դուստր ձեռնարկություններն են, այնպես որ նրանց թռիչքները կարող ենք միասին դիտարկել: Ուշադրության առարկա է նաեւ իրանական 4 փոխադրողների ակտիվությունը: Սա պայմանավորված է ամառվա ընթացքում իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքով:

«Զվարթնոցի» չվացուցակի տվյալներով՝ վերը նշված ուղղություններից օգոստոսի ընթացքում չի շահագործվել Նիժնի Նովգորոդ-Երեւանը («Ural Airlines»), ինչպես նաեւ չեչենական «Grozny Avia»-ի Վորոնեժ-Երեւանը: Չեչենները, որոնք այս տարվա ապրիլին հայտարարել էին միջազգային չվերթները դադարեցնելու, ապա վերսկսելու մասին, այդպես էլ Հայաստան չվերադարձան: «Vueling Airlines»-ն էլ օգոստոսի 31-ին իրականացրել է իր վերջին թռիչքը:

Այս քարտեզում ներկայացված են հայկական եւ օտարերկրյա ընկերությունների կողմից այս պահին (սեպտեմբերի 2-ի դրությամբ) իրականացվող կանոնավոր չվերթները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով քարտեզի ձախ վերին անկյունի նշանի վրա:

Էկոնոմիկայի նախարարությունը նաեւ ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային) թռիչքների կարճաժամկետ թույլտվություններ է տվել մի քանի ընկերությունների:

Նույն «Grozny Avia»-ն ամբողջ «Ամառ-2016» աերոնավիգացիոն սեզոնի ընթացքում Կուրսկ-Երեւան-Կուրսկ թռիչքների իրավունք ուներ, սակայն Վորոնեժի նման այս ուղղությունն էլ չի շահագործել: Մինչեւ սեզոնի ավարտը Ստամբուլից Երեւան թռչելու իրավունք ունի թուրքական «AtlasGlobal»-ը (նախկին «Atlasjet»): Հուլիս-օգոստոս ամիսներին Վառնայից ու Բուրգասից Երեւան է եկել «Bulgarian Air Charter»-ը: «Զվարթնոցի» կայքից իմանում ենք, սակայն, որ մինչեւ օգոստոսի վերջը Վառնայից թռիչքներ է կատարել նաեւ Բուլղարիայի ազգային փոխադրող «Bulgaria Air»-ը: Իրանական «Iranian Naft Airlines»-ն Սպահան-Երեւան-Սպահան կանոնավոր թռիչքներից զատ հուլիս-սեպտեմբեր ամիսներին շահագործում է ոչ կանոնավոր Ահվազ-Երեւան-Ահվազ երթուղին: Հորդանանի «Jordan Aviation»-ը հունիս-հուլիսին Բեյրութից Երեւան թռչելու իրավունք էր ստացել, իսկ հունական «Aegean Airlines»-ը, բացի Աթենք-Երեւան-Աթենք կանոնավոր թռիչքներից, հուլիս-օգոստոսին Հայաստանի մայրաքաղաք է թռել նաեւ չարտերային կետերից՝ Հռոդոս, Սալոնիկ, Լառնակա (Կիպրոս): Հույները հունիսին սեզոնային չվերթներ են սկսել նաեւ Կրետե կղզու Հերակլիոն քաղաքից, որոնք կավարտվեն սեպտեմբերի սկզբին: Չարտերային մի շարք թռիչքների իրավունք է ստացել նաեւ «Geogian Airways»-ը: Վերջինս մեկամսյա (միայն օգոստոսին) չարտերային չվերթների միջոցով ամռան վերջում մեծացրել էր Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի օդային հաղորդակցության հաճախականությունը: Բացի դրանից՝ ԷՆ-ն վրացական կողմին թույլատրել էր հուլիս-օգոստոսին Երեւանից թռչել Իտալիա՝ Վենետիկ ու Բոլոնիա, ինչպես նաեւ հունական Հռոդոս կղզի: Սակայն վրացիների փոխարեն Հռոդոս թռել է «Ավիակոմպանիա Արմենիան». հիշեցնենք, որ այս ընկերությունների հիմնադիրները նույն մարդիկ են:          

Առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ այն, որ Երեւանը իտալական, լիբանանյան ու կիպրոսյան քաղաքներին կապում են համապատասխանաբար վրացական, հորդանանյան ու հունական ընկերությունները: Բանն այն է, որ դրանք կանոնավոր թռիչքներ չեն, այլապես դրանց վրա կտարածվեին միջկառավարական համաձայնագրերը, որոնցով կանոնակարգվում է կանոնավոր օդային հաղորդակցությունը: Իսկ Հայաստանը ոչ մի երկրի հետ չի կնքել այնպիսի փաստաթուղթ, որը թույլ կտա տվյալ փոխադրողին առանց իր երկիր թռչելու մեր երկիրը կանոնավոր ձեւով կապել երրորդ պետության հետ: Ավիացիայում նման իրավունքը կոչվում է օդային տարածքի 7-րդ ազատության իրավունք, այնինչ հայտնի է, որ 2013-ին «բաց երկնքի» քաղաքականությունն ընդունելուց հետո Հայաստանը նոր-նոր է սկսել երկնքի ազատականացումը՝ առավելագույնը 5-րդ ազատության իրավունք տալով մի շարք երկրների:  

Գլխավոր լուսանկարում՝ «Զվարթնոց» օդանավակայանը (05.03.2012), լուսանկարիչ՝ Արմեն Գասպարյան (airliners.net)


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Anahit13:22 - 5 սեպտեմբերի, 2016
Շնորհակալություն, շատ օգտակար ինֆորմացիայի համար
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։