HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու որոշ գյուղերի դպրոցներում թափուր տեղերը տարիներ շարունակ չեն լրացվում. դիմող չկա

«Դեռ չենք կարողացել փոքրաթիվ աշակերտություն ունեցող դպրոցների համար ճիշտ մոդել ընտրել». ԿԳ նախարար

Լոռու մարզի սահմանամերձ Դաշտադեմ գյուղի միջնակարգ դպրոցը մեկն է նրանցից, որտեղ տարիներ շարունակ մի շարք առարկաների գծով թափուր տեղերը չեն լրացվում: «Միշտ մրցույթ ենք հայտարարում, բայց մասնակցություն չենք ունենում: Վերջին տարիներին միակ մասնակցությունն ունեցել ենք 2014թ.-ին, երբ մաթեմատիկա առարկայի ուսուցիչ ընդունեցինք»,- ուսուցչական կազմի վերջին համալրումն է հիշում Դաշտադեմի դպրոցի տնօրեն Սերջեյ Աղաջանյանը:

Վերջինիս խոսքով ներկայումս դպրոցն ունի հայոց լուզու և հայ գրականություն, շախմատ, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլ առարկաների ուսուցիչների կարիք: Այս դասաժամերը տարիներ շարունակ լրացվում են ոչ մասնագետների կողմից:

Երկհարկանի դպրոցում ներկայումս սովորողների թիվը չի հասնում երկու տասնյակի: Դպրոցում դասապրոցեսը հիմնականում անցկացվում է երկկոմպլեկտ կամ եռակոմպլեկտ տարբերակով: Ուսուցման այս եղանակը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը համարում է ոչ արդյունավետ:

«Մենք դեռևս երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարանների հիմնահարց ունենք, ի վերջո դեռ չենք կարողացել այդ փոքրաթիվ աշակերտություն ունեցող դպրոցների համար ճիշտ մոդել ընտրել: Այդ հարցը դեռ մեր առջև է և ամենադժվար խնդիրներից է»,- օրերս Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում նշեց ԿԳ նախարարը` հավելելով, որ այդպիսի դպրոցները հանրապետությունում քիչ չեն:

Մեր դիտարկմանը, որ միևնույն ուսուցիչը մի քանի առարկա է պարապում, այդ թվում` նաև իր մասնագիտությանը ոչ հարակից առարկաներ, ինչն ուղղակիորեն ազդում է կրթության որակի վրա, Լ. Մկրտչյանը նախ համաձայնվել էր, ապա հավելել.

«Իհարկե, ազդում է որակի վրա, միանշանակ: Եկեք ճիշտ խոստովանենք, ոչ մի երկկոմպլեկտ կամ եռակոմպլեկտ դասարան չի լուծում մեր հիմնախնդիրը: Երբ ասում ենք, որ մենք այդտեղ պրոբլեմ ունենք, դա ի նկատի ունենք: Ոչ մի նշանակություն չունի այդ դպրոցում քանի աշակերտ է սովորում, որովհետև այդ աշակերտներից յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ հավասար պայմաններ մյուսների հետ»:

Լոռիում թափուր աշխատատեղերը չեն լրացվում հատկապես հեռավոր գյուղերում, որտեղ հասնելը և՛ ժամանակատար է, և՛ ծախսատար: Սրան գումարվում է նաև առարկաների փոքր ժամաքանակը, ինչի հետևանքով աշխատանքը հեռավոր գյուղերում դառնում է ոչ գրավիչ ու ոչ շահավետ:

Արդյունքում դպրոցների տնօրենները տարիներ շարունակ թարմացնում են թափուր տեղերի մրցույթների հայտարարությունները` այս կերպ կատարված համարելով օրենքի պահանջը:

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանի խոսքով` մարզի մի շարք գյուղական դպրոցներում տարիներ շարունակ պահանջված են համարվում հատկապես քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, երգ-երաժշտություն, ֆիզկուլտուրա առարկաների մասնագետները:

 Թափուր տեղերը տարիներ շարունակ չլրացվող համայնքների թվում վերջինս մատնանշում է Ջիլիզան, Արմանիսը, Սվերդլովը, Դաշտադեմը…

Մինչ այս ուսումնական տարին վերը նշված համայնքների թվին էր դասվում նաև հայ-վրացական սահմանին կպած Պաղաղբյուրը, որը 2015-2016 ուստարվա երկրորդ կեսից լուծարվեց` դադարեցնելով գործունությունը:

Որպես դպրոցի փակվելու կաևորագույն պատճառ` Գ. Տոնոյանը մատնանշում է աշակերտների փոքր թիվը` սրան զուգահեռ չմոռանալով շեշտել նաև ուսուցիչների պակասի խնդիրը:

«Հիմնական պատճառը աշակերտ չլինելն էր, երկրորդ գլխավոր պատճառը համապատասխան մասնագետներ չունենալն էր: Առարկաները պարապվում էին ոչ մասնագետների կողմից: Այսինքն՝ մենք գերակա խնդիր էինք լուծում երեխաներին դպրոցից չկտրելու նպատակով: Առաջնային էր համարվում, որ գոնե չափորոշիներով սահմանված նվազագույնը տրվեր երեխային: Մենք պետք է երկու վատ երևույթից ընտրեինք առավել նվազը, որ ոչ թե չպարապվի երեխային ընդհանարապես, այլ գոնե թեկուզ ոչ մասնագետը, բայց որոշակի ունակություններ ունենող անձը երեխայի հետ աշխատի»,- նշում է  կրթության բաժնի պետը:

Կրթության ոլորտի գլխավոր պատասխանատուն՝ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը, փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների համար մինչ այժմ կիրառվող ձևաչափն արդարացված չի համարում.

«Այս ձևաչափն  իրեն չի արդարացնում ու ավելի ճիշտ ձևաչափ պետք է գտնել: Մեր հիմնական խնդիրներից մեկն է առաջիկա մեկ տարում կարողանալ հասկանալ՝ ինչպե՞ս անել, որ այս դպրոցներում կարողանանք որակ ապահովել, որովհետև այն ձևը, որ մենք այսօր ունենք, լուծում չի տալիս»,- Լոռիում նշել էր նախարարը` վստահեցնելով, որ ավելի ճիշտ ձևաչափի որոնման ճանապարհին նախարությունում այժմ ուսումնասիրվում է միջազգային փորձը:

առաջին լուսանկարում` Դաշտադեմի դպրոցը

Գայանե Սարգսյան

                                                                             

Մեկնաբանություններ (1)

քաղաքացի
թե չէ որ մնացածներում մասնագետ կա էն կուռը դեսն են անում: շատ դիպլոմավոր անգրագետներ կան որ էսօր խայտառակել են թե դպրոցին թե իրենց: Բացարձակ զրոների մի խումբ , երևի բոլոր դպրոցներում, ովքեր ժամավաճառությամբ են զբաղված, չաշխատեն, բայց իրանց ժամերը ապահովված լինի և շաաաաաաաաաաաաաատ փող ստանան: Նախարարը պետքա այդ տեսակ պառազիտներից ազատվի, որովհետև եթե ուզում է որ իրոք դպրոցը լինի գիտակ, խելեցի , բանիմաց, և պռոֆեսիոնոլ մանկավարժներով լի դպրոց ապա դասալսումները հենց նախարարության կողմից շատ հաճախակիանանա, և կապ չունի թե այդ անգրագետ դիպլոմավորը քանի տարվա ստաժ ունի, , դասալսման նաև համապատասխան հանձնաժողովի առջև գոնե իր առարկաից մեկ- երկու հարց որ տրվի կիմանան, դրա մասին: Ու հենց զրո վիճակ լինելուց հետո ուղարկեն իրենց տուն:Այլ ոչ թե գան բանբասանքներով զբաղվեն, մի բան էլ ժամերի կռիվ տան, սուրճ խմեն , ժամ սպանեն ու գնան: ԱՅդ արդեն դպրոց չի կարելի անվանել, դա պարզապես կկոչվի կաֆե: Նաև դպրոցա եղել , որ դեբիլ դասվարի պատճառով երեխաները չեն հաճախել տվյալ դպրոցը, կամ ուրիշ դպրոց են ուղարկել հեռավորությունը նույնիսկ հաշվի չեն առել, կամ էլ մեկ տարի երեխան ուշ է ավարտել, այդ ապուշ դասվարի պատճառով: Որ նույնիսկ նախարարության տեսչական խումբ է եկել և ասել խայտառակ գնա ձեր տուն, բայց շատ կաշառքներ տալով մնացել է և աշխատել:Իսկ այն փորձառու և գիտակ դասվարը մնացել է ձեռնունայն: Այ էտ տեսակ պառազիտներից ազատվի դպրոցը: Այդ տեսակը անգրագետի և ծիծաղի առարկա է բոլորի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter