HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Խանումյան. «Որոշեցի այսօրվա իմ սեպտեմբերի մեկը թղթին հանձնել. միգուցե կլինեն անհատներ ու կազմակերպություններ, որոնց իմ բարձրացրած հարցերը կհուզեն»

Երբ Ազգային ժողովի աշխատակազմից զանգահարեցին և հետաքրքվեցին թե՞ այս սեպտեմբերի մեկին ո՞ր դպրոցն եմ գնալու, առանց տատանվելու պատասխանեցի` Նոր Սեյսուլանի: Ընկերս օրեր առաջ էր ընդունվել դպրոցում աշխատանքի և նրա ներկայացրած վիճակագրությունը ուղղակի տակնուվրա արեց ինձ: Վերջին 12 տարում երեք դպրոցահասակ երեխա էր ինքնասպան եղել: Սեպտեմբերի մեկին ես ուղևորվեցի Նոր Սեյսուլան` մասնակցելու արիության և անկախության դասին:

Խաչենի բարեբեր հովտում են տեղավորված Նոր Սեյսուլան և Հովտաշեն գյուղերը, որոնց սահամանգծին էլ, Նոր Սեյսուլան համայնքի տարածքում տեղավորված է 1998թ. կառուցված դպրոցի փոքրիկ, ոչ տիպային շենքը: Ընդհանուր 460 բնակչություն ունեցող համայնքերում 87 աշակերտ կա և թիվը գնալով աճում է: Դժբախտաբար մեծ թիվ են կազմում արատներով ծնված երեխաները, ներառական կրթություն են ստանում 87 աշակերտից 15-ը: Այս ցուցանիշով Նոր Սեյսուլանի դպրոցը երևի գերազանցում է ցանկացած հայկական դպրոցի: Սա նույնպես մի ծանր նորություն էր, որ խիստ անհանգստացրեց ինձ:

Խաչենի այս հովիտը կարևոր տնտեսական, ռազմական և ռազմավարական նշանակություն ունի ամբողջ Արցախի համար: Երևի հենց այս նպատակով է, որ ժամանակին բավականին հայտնի ու ուժեղ հայկական գյուղերը վերացել էին և փոխարենը սկսել էին աճել ադրբեջանական բնակավայրեր: Այս տարածքների ազատագրումից հետո կրկին ծնվեցին հայկական գյուղեր, որոնք բնակեցվեցին երկրաշարժի գոտուց եկած սոցիալապես անապահով ընտանիքներով: Նրանց միացան նաև մասնագետներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի տարբեր բնակավայրերից: Բնակիչներն ասում են, որ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը 1999թ. գյուղ իր այցելության ժամանակ ասել է, որ առաջիկա տարիներին Խաչենի հովտում 30 հազար բնակիչ է ապրելու: Այդ ժամանակներից անցել է գրեթե երկու տասնամյակ և նշված թիվը երազանք է ոչ միայն Խաչենի հովտի, այլև Մարտակերտի շրջանի համար ընդհանրապես:

Նոր Սեյսուլանի դպրոցը չի բավարարում եղած պահանջները: Առնվազն 4 նոր դասասենյակի կարիք կա, դրանց բացակայության պայմաններում որոշ դասարաններ միասին են դաս անում: Շենքն արդեն բավականին հնացել է և նույնիսկ նորոգման ենթակա չէ: Բարեգործական միջոցների հաշվին Արցախում վերջին տարիներին բավականին ճոխ դպրոցներ են կառուցվել, դրանց մեջ աչքի են ընկնում ստեփանակերտյան դպրոցները: Արցախի ստեփանակերտիզացիան ոչ միայն տնտեսական, հասարակական իրողություն է, այլև անդառնալիորեն նստած է որոշում ընդունողների ուղեղներում: Կատաղությամբ եմ հիշում, թե ինչպես 2015թ. նոյեմբերին Բյուջե-2016թ.-ի շրջանակներում ներկայացրած ամեն տարի մեկ գյուղական ուղղություն ասֆալտապատելու իմ առաջարկը որակվեց որպես պոպուլիզմ: Առաջարկել էի սկսել Թալիշ-Մատաղիս-Մարտակերտ ճանապարհից: Ապրիլյան դաժան օրերից հետո Չարենցավանում հանդիպելով թալիշցիների հետ` Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները խոստանում էին, որ նրանք ավելի լավ պայմաններում են ապրելու: Շրջաններին բավարար ուշադրության պակասի զոհ է գնացել նաև Նոր Սեյսուլանի դպրոցը: Արդարության համար պետք է նշել, որ մի քանի անգամ շրջանային վարչակազմի կողմից առաջարկվել է կոսմետիկ նորոգում, սակայն դա կլիներ միջոցների անտեղի ծախսում: Շենքի պայմանները նաև նման նորոգման հնարավորություն չեն տալիս: Հակառակ սրան` Հովտաշենում ճոխ հանդիսությունների տուն է կառուցվել (տարին 2-3 անգամ հարսանիք կամ սգո արարողություն է լինում), իսկ Նոր Սեյսուլանում` համայնքային կենտրոն` դահլիճով (տարին մեկ անգամ համայնքապետի հաշվետվություն է լինում և եթե ընտրական տարի է, նաև նախընտրական հանդիպումներ): Փաստորեն, ոչ միայն շրջաններին ուշադրություն դարձնելու խնդիր ունենք, այլև արդյունավետության, միջոցների ճիշտ ծախսման:

Սեպտեմբերի 1-ի միջոցառման ժամանակ երկու դպրոցական ուշագնաց եղան: Ասացին, որ թերսնումից է և նման բան հաճախակի է պատահում: Շատ կան բազմազավակ ընտանիքներ, որոնք միշտ չէ, որ հասցնում են տարրական հարցեր լուծել:

Ու չնայած սոցիալական վատ վիճակին, անբավարար պայմաններին` դպրոցը լավ արդյունքներ է ցույց տալիս: Այս տարիներին միայն համահայաստանյան օլիմպիադաների 5 հաղթող են ունեցել, վերջինն այս տարի Սարգսյան Լուսինեն է, ով պատմություն առարկայից առաջին տեղն է զբաղեցրել Արցախում և 2-րդ տեղը` համահայաստանյան օլիմպիադայում: Շրջանում առաջինն են միասնական քննության արդյունքներով: Իսկ օլիմպիադայի արդյունքներով շրջանում երկար տարիներ լավագույն քառյակի մեջ են Մարտակերտի (բնակչության թվով մեծ է 10 անգամ), Հաթերքի (4 անգամ) և Թալիշի դպրոցների հետ միասին:

Դպրոցի տնօրենը` հայերենի մասնագետ Արթուր Մինասյանը,  1995թ.-ին է Ստեփանակերտից տեղափոխվել է այստեղ, նրա չորս երեխաները նույնպես այս դպրոցով են անցել: Թե' Մինասյանը, թե' մյուս ընտանիքներն անցկացրել են ծանր ժամանակներ` առանց լույսի, առանց տարրական պայմանների: Հիմա այդ խնդիրները հաղթահարված են, սակայն ինչքա~ն նոր խնդիրներ կան:

Արցախի տարբեր վայրերից Նոր Սեյսուլանի դպրոց դասավանդելու են գալիս 7 երիտասարդ ուսուցիչ: Տղաների մեծ մասը նախընտրում են մնալ գյուղում, իսկ աղջիկներն ամեն օր գնում-գալիս են` մեքենայի վարձակալության վրա ծախսելով իրենց եկամուտի մի մասը:

Նոր Սեյսուլանից Ստեփանակերտ վերադառնալիս ես որոշեցի, որ առաջիկայում կդիմեմ մի շարք կազմակերպությունների` փոքրիկ խնդիրներ լուծելու համար: Ասենք, դպրոցի տարրական դասարանների 32 աշակերտներին օրական մեկ բաժակ կակաո և մեկ կտոր թխվածք տալը կարժենա ամսական առավելագույնը 100 հազար դրամ: 4 դասասենյակից բաղկացած կցակառույցը ևս հնարավոր է կառուցել տարբեր նվիրատվությունների ներգրավման շնորհիվ: 300 տեղանոց տիպային դպրոցի շենքի կառուցումը մեծ ծախսերի խնդիր է, արժե լոբբինգ անել և մտցնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա ծրագրերի մեջ: Վատ չէր լինի նաև ուսուցիչների համար նորմալ պայմաններով սենյակների կառուցում, դրանք կարելի է նաև վարձով տալ, հետևաբար կարիք կա ոչ այնքան բարեգործական միջոցների, որքան երկարատև ներդրման: Եվ ամենակարևորը, այստեղ հսկայական դաշտ կա աշխատելու հոգեբանների և բժիշկների համար: Պարզելու, թե ինչու՞ կան այսքան արատներ ունեցող երեխաներ, ինչպես նաև ինչու՞ այս փոքրիկ համայնքում կա հակվածություն դեպի ինքնասպանությունը:

 Սրանից զատ, ես որոշեցի այսօրվա իմ սեպտեմբերի մեկը թղթին հանձնել. մի՞գուցե կլինեն անհատներ ու կազմակերպություններ, որոնց իմ բարձրացրած հարցերը կհուզեն:

Հայկ Խանումյան

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ 

Մեկնաբանություններ (1)

Թամար Հայրապետյան
2011-2012թթ.դաշտային բանահյուսական նյութեր եմ հավաքել Խաչենի ներքնահովտում: Ինձ նույնպես զարմացրել և անասելի ցավ է պատճառել դեռահասների ինքնասպանության փաստը` վերոնշյալ գյուղերում:Նոր Սեյսուլանում բանասացներից ստացած տեղեկությունների համաձայն` պատճառը եհովականության մեջ է: Միգուցե կա՞ն այլ բացատրություններ: Ասեմ նաև, որ երիտասարդության առօրյան շատ միապաղաղ էր: Ւնտերնետից օգտվելու համար ստիպված էին Ստեփանակերտ հասնել: Աշխարհից կտրված, համարյա բոլոր ընտանիքներում կորստյան ցավ, պատերազմի ճնշող հուշեր: Չգիտեմ, այնտեղ իսկապես լուրջ բացթողումներ կան, ինչպես և մեր ամբողջ երկրում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter