HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

ՀՀ-Արցախ ճանապարհին, անկախությանը սպասելիս

Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում երկու նոր խանութ է կառուցվում, իսկ գործող խանութներից մեկի սեփականատերը տարածքը մեծացնում է:

Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու հիմնանորոգումը Արցախի հյուսիսային հատվածի գյուղերում աշխուժություն է առաջացրել: Մայրուղու ընդամենը մի քանի կիլոմետրն է, որ ասֆալտապատված չէ՝ տասը կիլոմետրից էլ պակաս:

Երեւանից Ստեփանակերտ տանող ճանապարհը Վարդենիս-Մարտակերտով՝ ուղիղ 6 կիլոմետրով կարճ է, քան Վայոց Ձորի եւ Սյունիքի ճանապարհներով: Վարդենիս-Մարտակերտը, սակայն, մեկ առավելություն ունի. ավելի հարմարավետ է, ոլորաններն ավելի քիչ են: Եվ պատահական չէ, որ Գուգլի քարտեզը նշված հինգ կիլոմետրի տարբերությունից բացի, նշում է նաեւ կես ժամվա տարբերություն:   

 «Դա բոլորիս քրտունքն ա»

Դեռ մայրուղու հիմնանորոգումն ամբողջությամբ ավարտված չէ, սակայն երթեւեկությունը համեմատաբար ծանրաբեռնված է: Հատկապես Հայաստանի հյուսիսային մարզերի բնակիչները Ստեփանակերտ հասնելու համար ստիպված չեն կտրել-անցնել երկրի կենտրոնական եւ հարավային շրջանները:

Գետավանցիները «Հետքի» հետ զրույցում ասում են, որ ասես հայտնվել են մոլորակի կենտրոնում: Արեւիկ Դանիելյանն ավելի քան 20 տարի գործող խանութի տարածքը մեծացնում է՝ հաշվի առնելով ճանապարհի վերանորոգումն ու բնակչության հնարավոր տեղաշարժը Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհով:  «Մինչեւ ճանապարհի վերանորոգումը, էս կողմով շարժը մեծ չէր: Հիմա դեռ ճանապարհի շինարարությունը չի ավարտվել, բայց տարբերությունը զգում ենք: Էս ճանապարհով մեկուկես ժամում մտնում են Հայաստան: Մենակ թե խաղաղություն լինի, մեր ժողովուրդը դուրս չգա, ջահելությունը մնա Ղարաբաղում… Որ խաղաղություն լինի, ամեն ինչ լավ կլինի»,-ասում է գետավանցի ձեռներեցը:

Արեւիկ Դանիելյանի խանութը

Գետավանցի Վահրամ Սարգսյանը ընկերոջ համար նոր խանութ է կառուցում: «Շարժը շատացել է: Էն ժամանակ, որ ճանապարհները բարեկարգ չէին, զինվորների ծնողները իրենց երեխաներին տեսակցության էին գալիս Բերձորով: Մեր գյուղով արդեն Հայաստանից շատ են գնում-գալիս: Դա հերիք ա, որ գյուղում ամեն մի մարդ իր ապրանքը ծախի, ապրի: Մեկը պոպոք ա ծախում, մեկը հոն ա ծախում: Էս ժամերին, տեսեք, գյուղամիջում շատ մարդ չեք տեսնի: Օրվա առաջին կեսին բոլորը գնում են անտառից միրգ ու բանջար հավաքելու, երեկոյան էս ճանապարհի վրա ծախում: Եթե առաջ էս ճանապարհով անցնում էր 10 ավտո, հիմա անցնում ա 60-ը: Եթե նախկինում խանութներում առեւտրի 60 տոկոսը նիսյա էր, հիմա 70 տոկոսը փողով ա՝ շնորհիվ անցորդների: Ժողովուրդը տեսնում է, որ կառավարությունը մեր հոգսը քաշում ա, մենք էլ պետությանը նվիրված հա՛մ աշխատում ենք, հա՛մ ծառայում ենք»,-ասում է Վահրամը:

Վահրամ Սրագսյանը

Նրա համար նույնպես ամենակարեւորը խաղաղության ու հրադադարի պահպանումն է:  «Մենք փախնելու տեղ չունենք, մենք գնալու տեղ չունենք: Մեր գյուղն էստեղ ա, մենք ծնվել ենք էստեղ, մեր երեխան ծնվել ա էստեղ: Ամեն մեկն իր գործը գտնում, ապրում ա, ուղղակի մնում ա, որ պետության ուշադրությունը շարունակվի: Հիմա որ նստում ենք մեր մեքենայի ղեկին ու գնում ենք էս ճանապարհով, հարյուր անգամ օրհնում ենք կառավարությանն էլ, ֆինանսավորողին էլ: Իմ երեխաս էլ ա ֆինանսավորում: Մարաթոնի ժամանակ երեխայիս գումար եմ տալիս, որ նվիրաբերի: Դա սաղիս քրտունքն ա, սաղիս չարչարանքն ու ներդրումն ա: Ուղղակի մեր սփյուռքահայերը ավելի մեծ ներդրում ունեն»,-ասում է: 

«Էնպիսի հարված տալ, որ չոքեչոք խնդրեն…»

«Խաղաղություն» եւ «պատերազմ» բառերը Արցախում ընկալվում են որպես հոմանիշներ: Այստեղ հաճախ են քննարկում, թե հաջորդ հնարավոր լայնածավալ գործողությունների դեպքում ինչպես է պետք պատժել հակառակորդին, որպեսզի նա ֆիզիկապես չկարողանա անգամ գրադ կայաններով հարվածել հայկական որեւէ բնակավայրի:

Շուշիի կենտրոնական Ղազանչեցոց փողոցում գտնվող պուրակը հաճախ նման քննարկումների վայր է դառնում: Երեք շուշեցի ակտիվորեն քննարկում են ներքին քաղաքական հարցեր, արտաքին քաղաքական իրադարձություններ:

Պուտինը… Սերժը… դաշնակները… երկիրը… Սասնա ծռերը… Ոչ շատ հեռու կանգնած՝ լսում եմ տղամարդկանց խոսակցությունը: Հարցնում եմ ղարաբաղյան կոնֆլիկտի՝ իրենց համար ընդունելի տարբերակը:

«Կոնֆլիկտին մենակ մի լուծում կա. ղարաբաղյան ոչ մի թիզ հող դրանց ձեռքը չպիտի մնա՝ առաջինը: Երկրորդը. Ադրբեջանը կրկին որ սկսեց, դրանց էնպիսի օրն ա հարկավոր քցել, որ ինքը չոքեչոք գա, խնդրի՝ ես ձեր անկախությունը ճանաչում եմ, մենակ թե դադարեցրեք: Եթե սկսեցին, էնպիսի հարված պետք ա տալ, ինչպես 94 թվին Ալիեւը չոքեչոք խնդրել ա Ելցինին, որ՝ շատ եմ խնդրում, հայերին կանգնեցրու... Դրանք ասում են՝ հողերս հետ տվեք, 15 տարի հետո Ղարաբաղի կարգավիճակը կորոշենք: Թուրքը 94 թվի պայմանագիրը խախտել ա, դրանց ոչ մի անգամ վստահել պետք չի»,-«Հետքի» հետ զրույցում ասում է Բաքվի ջարդերի ժամանակ Հայաստան տեղափոխված, այժմ շուշիաբնակ Վլադիմիր Ամիրջանյանը:

Աջից առաջինը Վլադիմիր Ամիրջանյանն է

Նա գտնում է, որ Ադրբեջանի միլիարդների դեմ պայքարել կարողանալու համար պետք է Հայաստանի եւ ԼՂ հանրապետություններում խիստ պայքար լինի կոռուպցիայի դեմ, ժողովրդի մոտ մեծ վստահություն ձեւավորվի իշխանությունների նկատմամբ, եւ ամենակարեւորը՝ «մինչեւ վերջին կոպեկները ծախսել սպառազինության վրա»: 

Գլխավոր լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (2)

Հեղինակ
Հարգելի Գեղամ, ձեր նշած հարցը իսկապես խնդիր է եւ անցանկալի բան՝ հենց լրագրողներիս համար; Գիտեք, որ Արցախի կարգավիճակով պայմանավորված, Գուգլը շարունակում է Արցախի պատմական բնակավայրերը ներկայացնել ադրբեջանական անուններով: Ինտերակտիվ քարտեզի դեպքում սա խնդիր է, մեզ համար անցանկալի:
Գեղամ
Լավ է, որ լատինատառ հայերենով մեկնաբանությամբ մեկնաբանությունները չեք հրատարակում։ Միայն թե տեղադրված քարտեզի վրա Ստեփանակերտի փոխարեն Xankandi ապուշությունն էր պետք փոխել։ Հոդվածը տեսքից գցում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter