Շաբաթ, 22 սեպտեմբերի

ՀԲՃ-ն Ամուլսարի հանքի շահագործումը կանխելու գործողությունների պլան է մշակում



«Համահայկական բնապահպանական ճակատը» մտադիր է Սեւանա լիճը, Ջերմուկ առողջարանային քաղաքն ու Վայոց Ձորի էկոհամակարգը Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր աղտոտումից փրկելու նպատակով ձեռնարկել գործողությունների մեծ շարք:

ՀԲՃ գրասենյակում երեկ մի քանի ժամ տեւողությամբ քննարկում տեղի ունեցավ, որի ընթացքում մշակվեցին կոնկրետ քայլեր: Չնայած Ջերմուկում զբոսաշրջությունը զարգացնելու ծրագրի առկայությանը (2008թ.), կառավարությունը նույն տարածաշրջանում հիմա էլ կարեւորում է հանքարդյունաբերության զարգացումը՝ որպես աշխատատեղեր ստեղծելու միջոց: Ջերմուկի զարգացման ծրագրով նախատեսված է լրացուցիչ ստեղծել 4000 աշխատատեղ, իսկ Ամուլսարի ծրագրով՝ 1300, այն էլ՝ միայն հանքի շինարարության փուլում:

ՀԲՃ համակարգող խմբի անդամ Լեւոն Գալստյանի խոսքով՝ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունն անհամատեղելի են, Ամուլսարում ոսկու արդյունահանումը կործանարար է լինելու շրջակա միջավայրի համար, եւ դա պետք է կանխել: Ամուլսարում, հիշեցնենք, ոսկու արդյունահանման իրավունք է ստացել օֆշորային գոտում՝ Մեծ Բրիտանիայի Ջերսի կղզում գրանցված, կանադա-ամերիկյան ֆինանսավորում ունեցող «Lydian International» ընկերությունը:

Երեկվա հանդիպման արդյունքում որոշվեցին գործողությունների հիմնական ուղղություններ, որոնք կիրականացվեն ստեղծված աշխատանքային խմբի միջոցով։ Առաջին հերթին բնապահպանները կարեւորում են տեղացիների՝ գնդեվազցիների եւ ջերմուկցիների հետ ակտիվ աշխատանքները: Աշխատանքային խումբը կուսումնասիրի Հայաստանի եւ այլ երկրների հանքարդյունաբերության վատ ու վնասաբեր օրինակները բնակչությանը տեղեկացնելու համար, թե ինչի կարող է բերել Ամուլսարում ոսկու արդյունահանումը:

Ներկայումս ՀԲՃ թիմը նաեւ հաշվարկ է կատարում, թե հանքի արդյունահանումից պետբյուջե եւ բնակիչների կողմից ստացվելիք չոր դրամական օգուտի կամ եկամտի դիմաց, կշեռքի նժարին ինչ վնասներ ու ռիսկեր են դրված:

Ճակատը նախատեսում է նաեւ տեղեկատվական լայնածավալ ակցիաներ իրականացնել մայրաքաղաք Երեւանում: Կտպագրվեն պաստառներ ու բուկլետներ, կօգտագործվի սթրիթ-արտի հնարավորությունը: Չեն բացառվում նաեւ այդ հարցով քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցությունները:

Քննարկման մասնակիցները որպես խնդրի բարձրաձայնման լուրջ խոչընդոտ նշեցին հեռուստատեսությունների կողմից եթերաժամ չտրամադրելը: Խոսքն ավելի շատ ուղիղ եթերի մասին է: Առաջիկայում Հանրային հեռուստաընկերության առաջ հստակ պահանջ կդրվի եթեր տրամադրել Ամուլսարի խնդրի քննարկմանը: ՀԲՃ համակարգող խումբը մտադիր է աշխատանք տանել նաեւ միջազգային այնպիսի լրատվամիջոցների հետ, ինչպիսին Al Jazeera-ն է:

Հիշեցնենք, որ ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկը տրվել է օգոստոսի 19-ին: Հայաստանի գրեթե բոլոր անկախ մասնագետներն ու փորձագետները դեմ են արտահայտվել հանքավայրի շահագործմանը։ Նրանց պնդմամբ՝ հանքավայրի շահագործման արդյունքում կառաջանան թթվային ջրեր, որոնք Որոտան-Արփա-Սևան թունելով կլցվեն Սևանա լիճ՝ վտանգելով քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարը։ Կկորցնենք Ջերմուկը որպես առողջարանային քաղաք, իսկ Որոտան և Արփա գետերը՝ Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների հետ միասին, կաղտոտվեն ծանր ու վտանգավոր մետաղներով։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. Ստեփան11:32 - 2 սեպտեմբերի, 2016
Չենք ունենա նաև հանքային ջուր " Ջերմուկ": Ի՞նչ են մտածում Ջերմուկգրուպի տետերը...
2. Լևոն09:58 - 3 սեպտեմբերի, 2016
Միացեք Սևանա լիճը, Ջերմուկ առողջարանային քաղաքն ու Վայոց Ձորի էկոհամակարգը Ամուլսարի ոսկու հանքի վտանգներից փրկելու նպատակով ձեռնարկվող գործողություններին: Միանալու համար գրեք armecofront@gmail.com էլ․ փոստին։ #NoMiningInAmulsar
3. Ռուզան19:05 - 3 սեպտեմբերի, 2016
Ինչով կարող ենք մենք օգնել, որ կանխվի? Կարծում եմ, արդեն նրանք ամեն ինչ հոգացել են, որ հանքը բացվի: Եվ հետո, ինչու միայն Ամուլսարը? Հանքերը հերթով պիտի փակվեն!
4. Գայանե11:18 - 5 սեպտեմբերի, 2016
Վրջնականապես են գժվե՞լ... Եթե այո', նմանների տեղը հոգեբուժարանն է. թող գնան ու այնտեղ ինչքան ուզում են հանքեր քանդեն, դղյակներ կառուցեն, Կեսար ու Նապոլեոն խաղան... Ի՞նչ են ուզում մեր դրախտային երկրից և ԵՐԿԻՐ սիրող ժողովորդից... Ինչ որ պետք է` կանենք...
5. Լևոն23:13 - 5 սեպտեմբերի, 2016
Միանալու հասմար գրեք մեր էջին կամ էլ․ փոստին https://www.facebook.com/armecofront/ armecofront@gmail.com
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ