Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Կբացատրե՞ք, թե ինչ է ընտրակաշառքը». զուգահեռ իրականություն



Ընտրակաշա՞ռք: Ընտրակեղծի՞ք: Ընտրախախտո՞ւմ: «Scorpions»-ի հայրենի քաղաքի՝ գերմանական Հանովերի քաղաքային պառլամենտի ընտրություններին առաջադրված թեկնածուն զարմանում է նման բառերով սկսվող հարցից, մի քանի վայրկյան լռությունից հետո հարցնում է, թե ինչ է ընտրակաշառքը: Պատասխանը լսելուց հետո ասում է՝ իսկապե՞ս:

Քրիստինե Ռանկե-Հեքը (Christine Ranke-Heck) 56 տարեկան է: Նա Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից է (SPD): Երկրորդ անգամ է մասնակցում քաղաքային պառլամենտի ընտրություններին: 2001-ից մինչ անցյալ տարի տեղական, 2009-ից նաև քաղաքային պառլամենտի անդամ է: Տեղական պառլամենտը կարող ենք նմանեցնել Երեւանի նախկին համայնքների ավագանուն, իսկ քաղաքային պառլամենտը համապատասխանում է Երեւանի ավագանուն: Ընտրությունները Ներքին Սաքսոնիայում տեղի են ունենալու սեպտեմբերի 11-ին:

Ք. Ռանկե-Հեքը

Հանովերը Ներքին Սաքսոնիա երկրամասի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքն է: Բնակչությունը 580.000 է: Ընտրական իրավունք ունեցողների միայն 50 տոկոսն է մասնակցում ընտրություններին: Ընտրության կարող են գնալ 16 տարեկանից սկսած, ինչպես մեզ մոտ, իսկ տեղական պառլամենտի համար կարող է առաջադրվել նաև 18 տարին լրացած անձը:

Հանովերի քաղաքային պառլամենտն ունի 65 անդամ, որից 25-ն այսօր սոցիալ-դեմոկրատներ են (նրանցից 13-ը կին են): Տիկին Ռանկե-Հեքն ասում է, որ իրենք մեծամասնություն են քաղաքային պառլամենտում, հետևաբար, ավելի շատ գործ կարող են անել Հանովերի համար:

Սոցիալ-դեմոկրատներին հանդիպեցինք նախընտրական քարոզարշավի ժամանակ: Անձրևանոցի տակ կլոր սեղանին դրված էին կուսակցության թեկնածուների մասին գրքույկներ, գրիչներ, նույնիսկ թել-ասեղով փոքրիկ տուփեր, կախազարդեր... Բոլորի վրա կուսակցության անունն է: Ամեն ինչ պատրաստվում է կուսակցականների անձնական միջոցներով: Քարոզարշավ իրականացնելու համար էլ գումար չեն ստանում, կամավորներ են: Ասում են՝ քաղաքի համար ենք անում:

Ի տարբերություն Երեւանի ավագանու՝ Հանովերի քաղաքային պառլամենտի անդամները ստանում են մոտ 450 եվրո, որի 30 տոկոսը վճարում են կուսակցությանը: Մնացածը նրանց աշխատավարձն է: Բացի դրանից, քաղաքային իշխանությունը վճարում է նաև գրասենյակային ծախսերը: Սակայն պառլամենտականները հիմնական այլ աշխատանք ունեն:

Քրիստինե Ռանկե-Հեքը նշում է, որ իր կուսակցությունը սոցիալական հատուկ ծրագրեր ունի քաղաքի համար: Ներքին Սաքսոնիայի կառավարությունից գումար են ստանում, որպեսզի կարողանան ինտեգրել Հանովեր ներգաղթած փախստականներին: Վերջին երկու տարիներին այստեղ են եկել բազմաթիվ փախստականներ, և, ըստ մեր զրուցակցի, շատ կուսակցություններ չեն սիրում նրանց: Ռանկե-Հեքն ասում է, որ ներգաղթյալներին պաշտպանելու պատճառով իրենք չգիտեն, թե հանովերցիներն ինչպես կքվեարկեն կուսակցության օգտին:

«Մենք աճող քաղաք ենք, վերջին 10 տարում 30.000-ով ավելացավ քաղաքի բնակչությունը. փախստականները չեն, այլ երեխաների բում եղավ: Մարդիկ սիրում են ապրել քաղաքում, և մենք ստիպված ենք նոր տներ կառուցել նրանց համար: Ունենք նման մեծ ծրագիր, բայց մեր քաղաքում բավական տեղ չկա, և պետք է դրա համար ճանապարհներ գտնենք»,- Հանովերի ամենամեծ խնդիրն է առանձնացնում 56-ամյա թեկնածուն: Ռանկե-Հեքը վստահ չէ, որ այս անգամ կընտրվի, բայց ասում է, որ ձայներ կհավաքի կուսակցության օգտին: Նա այժմ ասիստենտ է աշխատում բժշկական քոլեջում. «Ես կանգնած եմ այստեղ, որպեսզի խոսեմ իմ քաղաքացիների հետ, հասկանամ նրանց խնդիրները»:

Տեղական պառլամենտի անդամների աշխատանքն ամբողջությամբ հասարակական հիմունքներով է: Նրանք հիմնական աշխատանք ունեն, իսկ աշխատավարձի մեկ տոկոսը մուծվում է որպես կուսակցական անդամավճար:

Տ. Բունդուլսը՝ աջից

46-ամյա Տանյա Բունդուլսը (Tanja Bunduls) նույնպես սոցիալ-դեմոկրատ է, թեկնածություն է առաջադրել տեղական պառլամենտի ընտրություններում: Հարցնում եմ՝ ինչպե՞ս եք մարդկանց համոզում կամ վստահություն ներշնչում՝ կուսակցության օգտին քվեարկելու համար: Ասում է՝ սոցիալ-դեմոկրատներն աշխատավորների կողքին են, նրանց իրավունքներն են պաշտպանում: Տանյան ժառանգական կուսակցական է. նրա ծնողները, պապերը, պապերի ծնողները ևս սոցիալ-դեմոկրատներ են եղել:  

Նա երկրորդ անգամ է մասնակցում ընտրություններին: 6 տարի եղել է տեղական պառլամենտի անդամ:

Հանովերում թեկնածուները փողոցներն ասֆալտապատելու, լուսավորելու մասին խոստումներ չեն տալիս, փոխարենը շրջում են թաղամասերում, թակում դռներն ու ասում. «Բարև, գիտեք, ես այսինչ կուսակցությունն եմ ներկայացնում և ունեմ հետևյալ ծրագիրը»:

«Եթե ուզում ես փոխել ինչ-որ բան, պետք է անես ինչ-որ բան»,- ասում է Տանյա Բունդուլսը: 

Հանովեր-Երևան


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ