HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

100 հեկտար հող, ձիակումբ և խոզաբուծություն. երբ ֆերմեր դառնալը երազանք է

«Նայիր, խոզուկներս են»,- ասում է գերմանական Շվյուլբինգզեն (Schwüblingsen) գյուղի ագարակներից մեկի տիրուհին՝ Կլաուդիա Կյոնիգսմանը (Claudia Königsmann), և հեռախոսի մեջ ցույց է տալիս խոճկորների նկարները: Առանձնակի ոգևորությամբ է պատմում իր խնամքի տակ գտնվող կենդանիների մասին: Ամուսինը ագարակատեր, դոկտոր Հոլգեր Հենիսը (Dr. Holger Hennies), ասում է, որ խոզ պահելը կնոջ հոբբին է:

Կլաուդիան պատմում է, որ ինքն էլ, ամուսինն էլ շատ են աշխատում, և ուրախ են լինում, երբ օրվա ընթացքում կարողանում են տեսնել միմյանց: Նրանց օգնում են նաև ագարակում ապրող 4 աշխատողները, որոնցից երեքը լեհ են, մեկը՝ քուրդ:

Հոլգեր Հենիսը 18 տարի զբաղվում է գյուղատնտեսությամբ: Ագարակատեր դառնալը մանկության երազանք է եղել: Իրեն հաջողակ ֆերմեր չի համարում, ասում է՝ նման ֆերմերը կայունություն պետք է ունենա աշխատանքի մեջ: Բացի դրանից՝ ֆերմերությունը Հենիսների ընտանեկան ավանդույթ է՝ Հոլգերի պապն ու հայրն էլ են ֆերմերներ եղել:

Հենիսները 4 երեխա ունեն, որոնցից միայն մեկն է հետաքրքրվում ագարակով: Դոկտոր Հենիսը հույս ունի, որ գոնե մեկը կշարունակի ընտանեկան գործը:

Ագարակը ժառանգություն է ստացել ծնողներից, ինչի համար ամսական վճարում է նրանց: Ֆերմերների շրջանում չգրված օրենք կա՝ ժառանգություն ստացած ագարակի համար ամսական 4-5 հազար եվրո են վճարում ծնողներին: Դա համարում են փոխհատուցում:

100 հա հող ունեն, հիմնականում կարտոֆիլ ու սոխ են մշակում: Բերքից ստացած եկամտի 5 տոկոսը վճարում են ապահովագրական ընկերությանը. եթե բերքը վնասվում է, ապահովագրական ընկերությունը փոխհատուցում է: Գյուղատնտեսները նաև սուբսիդիաներ են ստանում երկրի դաշնային կառավարությունից ու Եվրամիությունից: Չնայած դրան՝ ասում են, որ հարկերը շատ են:

Հենիսներն ամենամեծ եկամուտը՝ մոտ 65.000 եվրո, ստանում են ձիակումբից: Դրանով կարողանում են հոգալ ագարակի մնացած ծախսերը: Տարեկան 80 նոր ձի է ծնվում ձիակումբում, որտեղ զբաղվում են նաև հիպոթերապիայով:

Ներքին Սաքսոնիայի մայրաքաղաք Հանովերից շուրջ 30 կմ հեռու գտնվող Շվյուլբինգզենում մոտ 600 բնակիչ կա, 10 ագարակ: Տեղի ֆերմերները նաև հանրային շահ երևույթի հետ բախում ունեն: Պետությունը կարող է հանրային շահ ճանաչել նրանց հողակտորը, ինչի համար որևէ բան ձեռնարկել չեն կարող:

Գյուղի ամենամեծ և դեռևս չլուծված խնդիրը հողի տակ գտնվող գազատարն է, ինչից, ֆերմերների ասելով, հողը տուժում է, բերքատվությունն էլ պակասում է: Նաև ջրի աղտոտվածության հարց կա: Դոկտոր Հենիսն ասում է, այդ խնդիրները մշտապես ներկայացրել են տեղի իշխանություններին, խոստումներ են ստանում, բայց գործնականում լուծումներ չկան: Երբ հարցնում եմ, թե այնուամենայնիվ, ինչ առաջնահերթ փոփոխություն կուզեր, ասում է՝ արագ ինտերնետ ունենալը:

Հոլգեր Հենիսը 2 տարի է՝ ղեկավարում է Հանովերի տարածաշրջանի ֆերմերների կազմակերպությունը: Միաժամանակ նա Ներքին Սաքսոնիայի ֆերմերների ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ է. 1500 անդամ ունեցող և 9 շրջանային կազմակերպություն ներառող այս ասոցիացիայի մաս է կազմում Հ. Հենիսի կառույցը: Մեր զրուցակիցը նկատում է, որ Գերմանիայում վերջին տարիներին երիտասարդներն ավելի շատ են հետաքրքրվում գյուղատնտեսական ոլորտով:

Առհասարակ Գերմանիայում ֆերմերները մեծ դեր ունեն տնտեսության զարգացման գործում, տարեկան մոտ 50 միլիարդ եվրոյի եկամուտ են բերում գերմանական տնտեսությանը: Երկրում յուրաքանչյուր 8-ից մեկը զբաղվում է գյուղմթերքի բիզնեսով: Դա է նաև պատճառը, որ կուսակցություններից անկախ ֆերմերների ասոցիացիան ազդեցություն ունի ընտրությունների ժամանակ: Դոկտոր Հենիսը չի ժխտում դա, բայց ավելացնում է, որ իրենց դերը որոշիչ չէ ընտրությունների արդյունքների համար: Ներքին Սաքսոնիայի տեղական ընտրություններին ասոցիացիայից ևս թեկնածու է առաջադրվել, անդամները չեն կարող բացեիբաց սատարել նրան, քանի որ չի թույլատրվում օրենքով, սակայն ամեն դեպքում թեկնածուի լոբբինգով զբաղվում են: Չնայած անկախ կառույց լինելուն, ֆերմերները հատկապես վստահում են պահպանողական կուսակցություններին, մեծամասամբ՝ կանցլեր Անգելա Մերկելի քրիստոնեադեմոկրատներին: Փոխարենը, ինչպես Հ. Հենիսն է ասում, «կանաչներին» այդքան էլ չեն սիրում:  

Հանովեր-Երևան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter