ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ոսկեգույն հասկեր. անմնացորդ սիրո խոստովանության վկաները



Դուք երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես են արևի ոսկեգույն շողերի ներքո մեղմ ծփում, ալիքվում ցորենի կամ գարու ոսկեհատիկ հասկերը: Եթե այո, ապա, զմայլված այդ մաքուր խաղով, գուցե նաև նստել եք մի քանի րոպե՝ վայելելու այն նաև երկինքն ու գետինը միացնող հորիզոնի ֆոնին: Ոսկեգույն արտն արևի լուսարձակ շողերի հետ կամ պար է բռնում, կամ քամու ուսին նստած ալիքվում փախչող կոհակների նման: Նրանք երեքն էլ խաղում են, իսկ դու, հետևելով այդ չարաճճի խաղին, մտածում ես՝ չկա աշխարհի վրա ավելի գեղեցիկ բան, քան արևի լույսով ծփացող այս ոսկե ծովակը:

Ցորյանի ծովեր… այս պատկերի չքնաղ արտացոլումն է Դանիել Վարուժանի անփոխարինելի տողերում: Խաղաղություն շնչող, աշխարհի գեղեցկությունն ու կյանքի իմաստը ամբարող այդ պատկերում ոսկեգույնի մեջ, հովի հետ թռչող շատ երաժշտություն էլ կա: Կյանքի, մարդու, բնության խորհրդի հետ հաշտ ապրելու ցանկություն ու նրա նվիրած երջանիկ ակնթարթը գնահատելու գիտակցում:

1984թ. Սթինգը պաշտոնապես ամուսանալուծվեց Ֆրենսիս Թոմելթիից: Երգչի և դերասանուհու համատեղ կյանքն այնքան էլ երկար պատմություն չուներ, սակայն բովանդակալից էր՝ լի սիրով ու ստեղծագործական բուռն ընթացքով՝ ալբոմներ, մեծագույն հիթեր, երկու երեխա: Այս բաժանումը սկզբում որքան էլ ծանր էր հատկապես Սթինգի համար, նույնքան էլ «հաջողված» դարձավ երկրպագուների սպասումներում, քանի որ այն ծնունդ տվեց Սթինգի լավագույն երգերից մեկին: Խոսքը հանրահայտ «Every Breath You Take»  երգի մասին է, որին «Ռետրո Ակումբն» արդեն անդրադարձել է: Նրանց բաժանումից հետո ամեն մեկը գնաց իր ճանապարհով:

Սթինգի համար սկզբում առանց Ֆրենսիսի անասելի դժվար էր, սակայն շուտով նրա կյանքում հայտնվեց մեկը, ով անփոխարինելի դեր պիտի ունենար այս արտիստի կյանքում: Դերասանուհի և կինոպրոդյուսեր Թրուդի Սթայլերը մինչ օրս հայտնի է որպես լեգենդար այս արտիստի ամենաուժեղ ու վստահելի ընկերը: Թրուդին նրա թև ու թիկունքն է և՛ կյանքում, և՛ ստեղծագործական դժվարությունների մեջ: Նրանք միասին են արդեն 34 տարի, ունեն 4 երեխա: Սակայն մեր այս պատմության նպատակը ամենևին էլ աշխարհի մեծագույն ու ինքնատիպ երաժիշտներից մեկի անձնական կյանքը ներկայացնելը չէ:

Բանն այն է, որ Սթինգի լավագույն գործերի շարքում է գտնվում այն մեկը, որին այսօր անդրադառնալու ենք. դա միաժամանակ Թրուդի Սթայլերի ամենասիրելին է, քանի որ…

Սթինգն ու Թրուդին ամուսնացան 1992թ.: Պսակադրության արարողությունը կայացավ Անգլիայի հարավում գտնվող կոմսություններից մեկում՝ 11-րդ դարի ուիլթշիրյան մի եկեղեցում: Ավանդական ծեսից անմիջապես հետո զույգը մեկնեց ամառանոց, որը քաղաքից դուրս գտնվող, բնության գրկում ապաստանած մի հրաշալի տուն էր՝ 16-րդ դարի շունչը դեռևս իր մեջ պահած: Իսկ առջևում լայնարձակ ձգվում էր գարու ծփացող արտերի ոսկեգույն տեսարանը: Հենց այս պատկերին ականատես լինելով և այդ տեսարանից ներշնչված է Սթինգը գրել «Fields of Gold» երգը: Նրա մեղեդու սահքը հենց այդ հանդարտ ալեկոծումն է լսելի դարձնում, իսկ բնության ոսկեհատիկ գեղեցկության խաղը սիրո ու երջանկության ջերմ զգացումի մասին է խոսում:

Անմնացորդ սիրո, երջանկության ու հավերժական խաղաղության գեղեցկություն էր հորդում այս ամենից: Սթինգը հոգեպես լցվել էր այս զգացումներով՝ այնքան բնական, այնքան սպասված, որ չցանկացավ ոչ մի ակնթարթ բաց թողնել դրանցից: Նա նստեց բակում ու անմիջապես ձեռքը մեկնեց կիթառին… ու հնչյունները մեկ առ մեկ սահեցին լարերի միջով:

Հետո սպիտակ թղթի վրա մատիտի անորոշ գծերի տակից կենդանություն առան բառերը, որոնցից ասես նույն ոսկեգույնն էր ճառագում:

«Fields of Gold»-ն ինչ-որ առումով նաև խոստում է՝ ունեցածի հանդեպ մեծ սիրո և այդ ամենը պահպանելու վստահությամբ: Նա հարաբերությունների արժևորման, դրա հիման վրա կառուցվող ընտանիքի, այն շրջապատող համերաշխության և անխուսափելի ավարտի մասին է: Սակայն այս ռոմանտիկ պատմության մեջ, ուր նույնիսկ արդեն վազվզում են ապագա երեխաները, ավարտն էլ պետք է գեղեցիկ լիներ… կանցնեն տարիներ, արևածագին անպայման կփոխարինի մայրամուտը, սակայն ոսկեգույն կյանքի փայլը կմնա մարող գույների հիշողությունում:

… Many years have passed since those summer days

Among the fields of barley

See the children run as the sun goes down

Among the fields of gold

You՚ll remember me when the west wind moves

Upon the fields of barley

You can tell the sun in his jealous sky

When we walked in fields of gold …»

«Անգլիայում մեր տունը շրջապատված է գարու արտերով և ամռանը չափազանց հետաքրքիր է հետևել, թե ինչպես է քամին խաղում նրանց շողացող մակերեսով,- ասում է երաժիշտը,- ասես օվկիանոսում ծփացող ոսկե ալիքներ լինեն… մի տեսակ սիրախաղի է նման այս պատկերը, սիրախաղ գարու ոսկեգույն արտի և քամու միջև: Ես վստահ եմ, որ սիրահարներն այնտեղ խոստումներ են տվել միմյանց»:  

Սթինգը հաճախ է ասում, որ իր կարծիքով իր լավագույն երգերը ամենապարզ երգերն են եղել, իսկ որպես ապացույց՝ նա նշում է «Fields of Gold»-ը: Երգը թողարկվեց 1993թ.՝ «Ten Summoner's Tales» ստուդիական 4-րդ ալբոմի կազմում: Այն հանդիսանում է նաև այս ալբոմի 2-րդ և շատ հաջողակ սինգլը («If I Ever Lose My Faith in You» երգից հետո.), որը բրիտանական և ամերիկյան հեղինակավոր չարթերում զբաղեցրեց առաջատար հորիզոնականներ և անմիջապես հիթային դարձավ եվրոպական մի շարք երկրներում: «Fields of Gold»-ը, իր համընդհանուր սիրո և հաջողության շնորհիվ, տարբեր տարիներին ընդգրկվել է Սթինգի հետագա հավաքածուներում՝ լավագույն երգերի շարքում:

Թեկուզև պարզ, ինչպես երաժիշտն է բնութագրում, բայց շատ գեղեցիկ ու խորհրդանշական. Սթինգն այս երգում մի կարևոր ու անձնական խոստովանություն է անում, որից հետո էլ երդվում-խոստանում է շատ արժեքավոր մի բան՝

« I never made promises lightly

And there have been some that I՚ve broken

But I swear in the days still left

We՚ll walk in fields of gold

We՚ll walk in fields of gold» …

Նա պատասխանատու է, դա վաղուց արդեն բոլորը գիտեն, չի սիրում հենց այնպես խոստումներ, դրժել է երբեմն, բայց անկեղծ է դրանց հանդեպ ու կարևորը՝ հավատարիմ է ինքն իրեն ու իր երգ-խոստումներին:

Վկա էին ոսկեգույն ծփանքով հասկերը, շողացող արևն ու նրանց խաղին թևատարած սպասող կապտագույն հորիզոնը: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ