HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժողովրդական վարպետն իր գործերը նվիրում է «Սասնա Ծռերին» ու նրանց հաց հասցրած Արթուր Սարգսյանին

Փայտարվեստի ժողովրդական վարպետ Արամ Վիրաբյանը որոշել է իր քանդակների վաճառքից ստացած հասույթը տրամադրել «Սասնա Ծռեր» խմբի անդամներին ու նրանց հաց հասցրած Արթուր Սարգսյանին: «Մենակ 10 տակոսը վաճառողին թող մնա, մնացածը իրենց եմ նվիրում»,- այսօր Վերնիսաժում «Հետքին» փոխանցեց Արամ Վիրաբյանը:

Վարպետը լավ է ճանաչում Արթուր Սարգսյանին, համարում է, որ Արթուրն այս տարվա հուլիսի 26-ին մարդասիրական քայլ է կատարել: Իրավապահներին կոչ է անում՝ ազատել ընկերոջը. «Ուզում են էդ հզոր տղուն խեղճացնեն, բայց չի ստացվի»: Փայտարվեստի ժողովրդական վարպետն ասում է՝ պատրաստ է գործերը Ալեք Ենիգոմշյանին փոխանցել, միգուցե նվիրատվություն ձևակերպել: Վարպետը ներկայացնում է խորաքանդակները՝ ծաղկաման, մրգի վազ, խաչեր, խաչքարեր, կոմպոզիցիաներ, արձանիկներ, պատմում դրանց ստեղծման մասին:    

Արամ Վիրաբյանի աշխատանքները դրված են Վերնիսաժի փայտագործների շարքում Արթուր Սարգսյանի սեղանից մոտ 20 մետր առաջ՝ դեպի Հանրապետության հրապարակ: Խորաքանդակների գները տարբեր են՝ 250-ից մինչև 3500 ԱՄՆ դոլար:

Վերնիսաժում առաջիկա շաբաթ ու կիրակի՝ սեպտեմբերի 10-11-ին, կշարունակվի Արթուր Սարգսյանի ձեռքի աշխատանքների վաճառքը՝ արևի տեսքով ժամացույցներ, զարդատուփեր, կոլլաժներ: «Կիսաֆաբրիկատները ավարտին ենք հասցնում, բերում Վերնիսաժ»,- ասում է Արթուրի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը: Իսկ մինչ օրս, ինչպես Արթուրի ընկերներն ու եղբայրը վստահեցրին, վաճառվել է 60-70 աշխատանք: Ի սկզբանե ընկերները, նախաձեռնելով Արթուրի գործերի վաճառքը, նպատակ են դրել օգնել վճարելու գրավի համար նախատեսված գումարը: Սակայն դատարանը մերժել է կալանքը փոխարինել գրավով:

Ուստի, նրա գործերի վաճառքից գոյացած գումարը փոխանցվում է Արթուր Սարգսյանին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին, որը կարող է Արթուրը տնօրինել՝ ազատություն վերադառնալով: Ապակե արկղը նույնպես ընկերներն այնպես են պատրաստել, որ չբացվի. «Արթուրը թող գա, կոտրի-հանի գումարները»:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե Արթուր Սարգսյանին տուն են նվիրել, ապա եղբայրն ու ընկերները կտրականապես հերքեցին՝ «նման բան չկա, եթե լիներ, մենք առաջինը կիմանայինք»,-ասացին նրանք:

Արթուր Սարգսյանը հուլիսի 31-ից գտնվում է անազատության մեջ: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է: Արթուր Սարգսյանը մեղադրվում է պատանդներ պահելու և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Սակայն ի սկզբանե նրան կալանավորելու հիմք էր հանդիսացել նախնական մեղադրանքը, որով նրան վերագրվում էին այն արարքները, ինչ «Սասնա ծռերի» անդամներին: Արթուր Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք չի տվել, գտնվում է առողջական վատ վիճակում: Նրա փաստաբաններից Դավիթ Գյուրջյանը նշել էր՝ Արթուր Սարգսյանի արարքում, որն է՝ հաց հասցնելը, չի կարող լինել օժանդակության էլեմետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter