HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Արցախում վերաբնակված վաղաշենցին հպարտանում է իր 13 զավակներով. «Ինը զինվորը քիչ չէ»

Արմանը, Արմինեն, Լյուդվիգը, Արեգը, Նարեկն ու Մարգարիտը ծնվել էին, երբ վաղաշենցի Շահեն Մարգարյանի ընտանիքը բնակության նպատակով տեղափոխվեց Քարվաճառի Նոր Վերինշեն գյուղ:

Շահեն Մարգարյանը 1998 թվականին նախապես եկել ու ծանոթացել է տարածքին, սիրահարվել բնությանն ու ընտանիքը Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից տեղափոխել Արցախ: Արդեն Նոր Վերինշենում են ծնվել Փառանձեմը, Նորայրը, Վահեն, Վահանը, Վարդանը, Հերմինեն ու Դավիթը:

Շահեն եւ Գայանե Մարգարյանները իննը որդի ունեն եւ չորս դուստր: Ավագը 24 տարեկան է, ամենակրտսերը՝ հինգ: Տասներեք զավակներից ութն անչափահաս են:

«Նոր ամուսնացած ժամանակ որ երեխայի ձայն էի լսում, ջղայնանում էի: Մայրս ասում էր՝ այ տղա ջան, նման բան մի արա, վաղը մյուս օրը գլխիդ ա գալու, էնքան էրեխեք կունենաս: Ասում էի՝ ինչ ես ասում, այ մամ: Հիմա դժգոհ չեմ, փառք Աստծո»,-ծիծաղում է Շահենը:

Նոր Շահումյանի շրջանում բոլորն են ճանաչում Նոր Վերինշենի դպրոցի տնօրեն Շահեն Մարգարյանին, գիտեն նրա բազմանդամ ընտանիքի մասին: Քարվաճառի խաչմերուկում, Նոր Վերինշեն բարձրանալու ճանապարհին ծանոթանում եմ Նոր Բրաջուրի նախկին գյուղապետ Մեխակ Գեւորգյանի հետ, ով իմանալով գյուղ այցելելու նպատակս՝ Մարգարյանների պատմությունը գրառել, հիացմունքով ասում է. «Շահենի տանը 13 էրեխա կա, բայց մի հատ բարձր ձեն չես լսի: Բոլորը խելոք էրեխեք են: Որ մեկն էլ դպրոցն ավարտում ա, ընդունվում ա բարձրագույն»:

Մարգարյաններին հյուր գնալիս կարող ես կանգնել ձորակի պռնկին ու ձեն տալ, կանչդ այն կողմում շատ լավ կլսվի: Մոտենալը ռիսկային է, քանի որ նրանց գամփռ շները անկոչ հյուրեր չեն սիրում: Մեզ դիմավորեց Նորայրը:

Նոր Վերինշեն այցելելու օրը Շահենի զույգ որդիների՝ Արեգի եւ Նարեկի երդման արարողությունն էր Ասկերանում: «Ես արցախյան ազատամարտին չեմ մասնակցել եւ այդ օրերին ինձ մեղավոր էի զգում: Ես էլ որոշեցի պարտքս հայրենիքին էս ձեւով տամ: Ինը զինվորը քիչ չէ»,-ասում է Շահեն Մարգարյանը:

Նա Նոր Վերինշենի դպրոցի տնօրենն է, կինը՝ գրադարանավարը, դուստրը՝ անգլերենի ուսուցչուհին, հարսը՝ մաթեմատիկայի ուսուցչուհին, որդին էլ Նոր Բրաջուր գյուղի դպրոցի զինղեկն է: Նրա յոթ զավակները դպրոցական են: «Տանն էլ եմ ինձ զգում ինչպես դպրոցում»,-ասում է ծիծաղելով:

Պատմությունը, որի արդյունքում նա հասել է Քարվաճառի լեռնային գյուղ, շատ սովորական է: Պարզապես երեք եղբայրներից ամենաավագը՝ այն ժամանակ արդեն վեց երեխաների հայր Շահենը, չունենալով տուն կառուցելու հնարավորություն, հայրական տնից տեղափոխվել է Նոր Վերինշեն, երբ լսել է վերաբնակեցման ծրագրի մասին: 

Հիմա Նոր Վերինշենում Շահենի ընտանիքն արդեն երկու տուն ունի: Երկրորդը Արցախի կառավարության կողմից նվեր է՝ արված յոթերորդ զավակի ծնվելու առիթով: Շահենը կեսկատակ ասում է, որ ճիշտ կլինի Արցախի կառավարությունը տուն նվիրի ամեն վեցերորդ զավակի համար:   

Հարցին՝ ձեր սերը Վաղաշե՞նն է, թե Նոր Վերինշենը, Շահենը պատասխանում է. «Ոնց որ սերս կիսված լինի, բայց մի փոքր դեպի էս կողմն է: Ես սիրահարվել եմ Քարվաճառին: Որ Մարտունի եմ գնում, մեկ օրից ավել չեմ կարողանում մնալ: Նախ բնությունը ինձ գերեց, հետո էլ, ի տարբերություն Մարտունու, էստեղ հեշտ է ապրելը: Էստեղ ձմեռը շատ կարճ է, եւ կարիք էլ չի լինում անասնակեր կուտակել: Ու ընդհանրապես Քարվաճառի բնությունը մի մեծ շտեմարան է»:

Շահենի կինը՝ Գայանեն, պատմում է, որ Քարվաճառի բնությունը նման է իր ծննդավայր Խանլարի բնությանը, ու դա իրեն Արցախում է պահում: «Մենք Խանլարից դուրս ենք եկել 1989 թվականին, փախուստի ժամանակ: Ես հիմա ասես իմ ծննդավայրում լինեմ: Ամեն մի քար, թուփ հիշեցնում է ծննդավայրս: Ճիշտ է, ապրելը հեշտ չի, բայց փառք Աստծու, էրեխեքն արդեն մեծացել են, աշխատում են, սովորում են: Ամեն ինչ ավելի հեշտ է դարձել»:

Գյուղական պայմանները չեն խանգարում կյանքից մեծ սպասելիքներ ունենալ: Բազմազավակ ծնողների երազանքն է, որ զավակները ուսում ստանան՝ անկախ բնակության տեղից: «Ես միշտ երեխաներիս ասել եմ՝ տեսեք, ձեր հայրը եթե կրթություն չստանար, ձեզ չէր կարողանա պահել»,-ասում է Գայանեն:

Չնայած Նոր Վերինշենը մայրաքաղաքից հեռու է, առանձնապես եռուզեռ չկա, Շահենի երեխաները գյուղից տեղափոխվել չեն ցանկանում: Լյուդվիգը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսանող է եւ հույս ունի, որ ավարտելուց հետո Քարվաճառում աշխատանք կգտնի, մասնավորապես՝ կադաստրում: «Առայժմ ես մտադրված չեմ գյուղից կամ մեր շրջանից դուրս ապրել: Հնարավոր չի, որ էստեղ մի աշխատանք չգտնվի»,-ասում է Լյուդվիգը:

Փառանձեմն ու Մարգարիտը ցանկանում են մեծ քաղաքում կրթություն ստանալ ու էլի վերադառնալ գյուղ: Հերմինեն ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի սանիկն է: Հայրը պատմում է, թե դա ինչպես է եղել: «Երբ յոթերորդ երեխաս պիտի ծնվեր, վարչապետը մեր շրջան էր եկել եւ այդ մասին իմանալով, ասաց՝ ինձ տեղյակ կպահեք: Մինչեւ երեխայի ծնվելը մեկ անգամ էլ եկավ Քարվաճառ, էլի պատվիրեց իրեն լուր տալ: Երբ աղջիկս ծնվեց, շրջանի ղեկավարին խնդրեցի վարչապետին այդ մասին հայտնել: Եվ վարչապետը ցանկություն հայտնեց լինել աղջկաս կնքահայրը»:

Նորվերինշենցիներն ասում են, որ գյուղի այն թաղամասը, որտեղ ապրում է բազմանդամ ընտանիքը, միգուցե ապագայում կլցվի նոր տներով ու կկոչվի Մարգարյանների ձոր: Ինքը Շահեն Մարգարյանը այլ ձեւակերպում է մտածել՝ «Մարգարյանների փակուղի»: «Եթե բոլոր զավակներս էստեղ տուն կառուցեն, ես ինձ շատ երջանիկ կզգամ: Բայց իրենց ցանկությունն է՝ ով որտեղ կուզի: Բոլորն էլ մի բան հաստատ են որոշել՝ շարունակել ապրել Արցախում: Ավագ որդիս Ստեփանակերտ է ուզում տեղափոխվել: Զույգերից մեկը սիրահարվել է Շուշի քաղաքին»:

Եթե որեւէ ընտանիք Նոր Վերինշենից տեղափոխվում է քաղաք կամ այլ բնակավայր, Շահենի որդիները խոսակցություն են բացում հեռացած ընտանիքի տունը գնելու մասին: Նրանց երազանքն է, որ Նոր Վերինշենը դառնա Մարգարյանների գյուղ:

Լյուդվիգն ասում է. «Չեմ կարող բացատրել, թե ինչ սեր ա, բայց երազում եմ, որ մի քանի տարի անց մենք ախպերներով էս թաղամասում մեր տներն ունենանք, եւ բոլորն ասեն՝ Մարգարյանների գյուղը»:

Մեկնաբանություններ (2)

Геворгян Рузанна
Шаен Маргарян - мой дядя. Я горжусь своим дядей и его семьей
հյուր
Լավն էր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter