
Կարմիր գրքում գրանցված գորշ արջի քոթոթը՝ Երևանի Գոգոլի փողոցում
Քանաքեռ-Զեյթուն համայնքի Գոգոլի 107 հասցեի դիմաց՝ ճաղերով առանձնացված «բեսետկայում» մի քանի օր է՝ արջի քոթոթ են պահում:
Շաբաթ օրը՝ մեր այցելության պահին նրա վանդակ էին մտնում թաղի երեխաները, անկաշկանդ շփվում հետը: Իսկ քոթոթի բերանից փրփուր էր հոսում:
Փոքրիկները, որոնք խաղում էին նրա հետ, պատմեցին, որ արջի ատամները հանել են, որպեսզի վնաս չտա: Դրա համար էլ բերանի խոռոչը «վիրավոր» է:
Տանտիրուհի Գայանեն պատմեց, որ արջը իրենցը չէ: Ամուսնու ընկերն է խնդրել մի քանի օրով պահել, մինչև վանդակը պատրաստեն, որպեսզի նրան տեղափոխեն:
Քիչ անց Գայանեի ամուսնու հետ եկավ նաև արջի տերը ներկայացող Շանթ Բագրատյանը: Վերջինս, պարզեցինք, որ Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ ական Սերգեյ Բագրատյանի որդին է:
Երիտասարդը հավաստեց, որ բոլոր համապատասխան փաստաթղթերն ունեն, արջի գործն էլ ոստիկանությունում է, որովհետև Պարոնյան փողոցում նրան հեռուստատեսության աշխատողները նկատել և նկարահանել էին: Այս անգամ, սակայն, արջը ապաստանել է Գոգոլի 107 հասցեի դիմացը, որպեսզի բժիշկը նրա ատամով զբաղվի: Իսկ արջի ժանիքը, ըստ Շանթ Բագրատյանի, կոտրվել է պատահաբար:
Քոթոթը 7 ամսական է: Թե ինչու են հիվանդ քոթոթին հանրային տարածք տեղափոխել, տերը բացատրեց ժամանակավոր լինելու և բուժվելու հանգամանքով:
«Կենդանին հիվանդ կենդանի է, բուժում ենք, մեր կենդանին է: Չպահեն՞ք: Ատամը ջարդվել է, մտել է լնդի մեջ, հիմա էլ սրսկում են, անտիբիոտիկներ են տալիս»,- ասաց Շանթ Բագրատյանը:
Հարցնում եմ՝ գիտի, որ Կարմիր գրքում է գրանցված քոթոթը, երիտասարդը պատասխանում է. «Կարա լինի: Մենք հոմ վատ բան չենք անում: Որ կարմիր գրքում է, ավելի լավ, մի հատ օրինակ մենք ենք պահում,- հպարտանում է նա: -Էս երկրում էնքան նկարելու բան կա, նկարեք, որ մարդկանց չեն թողնում աշխատեն, մարդիկ սոված վիճակում են և մահանում են սովից»,- խորհուրդ տվեց Շանթ Բագրատյանը:
Իսկ արջին պահելը, ըստ նրա, շատ էժան է նստում, օրը 500 դրամ, մարդկանց սննդի ավելցուկներով են նրան պահում: «Որը որ թթվում է, ինքը ուտում է»,- ասում է 107 տան սեփականատերը և խորհուրդ տալիս մեզ ջնջել նկարահանումները: -Քուրս, չես կարա նենց անես, որ լավ ձևով ճանապարհենք Ձեզ»:
«Լավ ձևը», ասում եմ, արջի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր ցույց տալն է: Շանթ Բագրատյանը խոստանում է զանգահարել և արջի փաստաթղթերը (որոնք, նրա ասելով, գտնվում են Տավուշի մարզում) մեզ ցույց տալ մինչ այսօր ժամը 14:00-ը: Սակայն առայժմ նա ոչինչ չի ներկայացրել:
Իսկ 107 հասցեի սեփականատերը խոստացավ բժշկի սրսկումից հետո արջին տեղափոխել իր նախկին տարածք՝ Սևանի փողոց:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել