HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Բանակցություններ, որոնք կկանխորոշեն խորհրդարանական ընտրությունների ելքը

«4+4+4» ձևաչափով քննարկված և իշխանություն-ընդդիմություն համաձայնությամբ Ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները չեղյալ հայտարարվելուց հետո իշխանությունը պատրաստակամություն հայտնեց ընդունել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակելու պահանջը: Մինչ այդ, հիշեցնենք, այս մասով իշխանության առավելագույն զիջումն այն էր, որ համաձայնել էր ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին այդ ցուցակներից սահմանափակ քաղվածներ կատարելու իրավունք վերապահելուն: Ցուցակների հրապարակման պահանջը մերժելիս հղում էր կատարվում «Վենետիկի հանձնաժողովի» այն դիտարկմանը, թե դա հակասում է մարդու՝ քվեարկության գաղտնիության իրավունքին:

Իշխանության հիմնական բանակցող՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, փորձելով բացատրել, թե ինչու իրենք համաձայնեցին ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը, ասել էր, թե ընտրությունների նկատմամբ վստահությունը պահաջում է գին վճարել, և այդ գինը ցուցակների հրապարակումն էր: Արդեն մեկ շաբաթ է՝ իշխանությունն ու ընդդիմությունը փակ գաղտնի ռեժիմով բանակցում են այդ «գնի» շուրջ: Թեեւ բանակցությունների մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն կողմերից որեւէ մեկը չի հերքել այդ մասին լուրերը: Թե ինչ դուրս կգա դրանից, դժվար է ասել: Սակայն թե՛ ցուցակների հրապարակման հարցում իշխանության դիրքորոշման փոփոխությունը, թե՛ առավելևս Հարությունյանի բերած հիմնավորումը թույլ են տալիս մի քանի եզրակացություն կատարել:

Առաջին՝ նրանք եւս մեկ անգամ խոստովանում են, որ ինչպես նախորդ համապետական ընտրությունները, այնպես էլ 2015թ. իրականացված սահմանադրական հանրաքվեն լեգիտիմ չեն եղել: Լեգիտիմության առանցքային բաղադրիչը անհրաժեշտ հանրային վստահությունն է: Եթե նման հայտարարություն արվեր որևէ ժողովրդավարական երկրի պատասխանատու իշխանության ներկայացուցչի կողմից, կամ վերջինս անմիջապես պաշտոնանկ կարվեր՝ պետությունն ու իշխանությանը վարկաբեկելու համար, կամ, եթե իշխանությունը համաձայն է նման դիտարկման հետ, անմիջապես արտահերթ համապետական ընտրություններ կնշանակվեին: Հարությունյանն ապացուցում է, որ Հայաստանն ապրում է բոլորովին այլ սկզբունքներով ու ավանդույթներով:

Երկրորդ՝ իշխանությունը եւս մեկ անգամ հաստատում է, որ գործում է «իմ դեմ խաղ չկա» և «իմ սկզբունքայնությունն անսկզբունքայնության մեջ է» տրամաբանությամբ: Եթե ընտրություններին մասնակցածների ցուցակների հրապարակումն ի սկզբանե հակասում էր քվեարկության գաղտնիության ապահովման միջազգային իրավունքի սկզբունքներին, ինչպես նախկինում փորձում էին համոզել ՀՀԿ-ական մեծամանսությունն ու Վենետիկի հանձնաժողովը, բայց իշխանությունը, այնուամենայնիվ, գնում է այդ քայլին, ապա հաստատում է, որ առաջնորդվում է ոչ թե այդ իրավունքներով ու սկզբունքներով, այլ բացառապես իր հարափոփոխ ցանկություններով: Իսկ եթե, այնուամենայնիվ, ցուցակների հրապարակումն իրավունքի տեսակյունից խնդրահարույց չէր, ինչո՞ւ էր մինչև հիմա համառորեն հրաժարվում այն ընդունել: Մինչև հիմա օգտագործելով Վենետիկի հանձնաժողովին՝ հասարակությանն ու իր հետ բանակցող քաղաքական ուժերին իշխանությունը պահում էր մոլորության մե՞ջ:

Երրորդ՝ իշխանությունը հստակ ցուցադրում է ցանկացած գնով ընդդիմության, հնարավորության դեպքում նաև քաղաքացիական հասարակության հետ Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի շուրջ որևէ համաձայնության, արդյունքի հասնելու պատրանք ստեղծելու իր տրամադրվածությունը: Իր կողմից նախկինում մերժվող պահանջի կատարմանը համաձայնելը և դրա պայմանների շուրջ ընդդիմությանն ու ՀԿ-ներին բանակցությունների մեջ ներքաշելը հետապնդում է հիմնականում «4+4+4» ձևաչափով նախկին համաձայնությունների զրոյացման քաղաքական հետևանքները չեզոքացնելու նպատակ: Այն ուղղված է ոչ թե ներքին, այլ բացառապես արտաքին լսարանին: Ներքին լսարանի կարծիքը վաղուց որևէ նշանակություն չունի իշխանության համար, ինչի հերթական վկայությունը ցուցակների հրապարակման առումով դրսևորած հակասական վարքագիծն է: Պարզապես խնդիր է դրված վտանգի տակ չդնել 2017թ. խորհրդարանական ընտրությունների արտաքին լեգիտիմությունը: Իսկ այդ խնդիրը կառաջանա, եթե «4+4»-ի համաձայնությունների չեղարկումից հետո ընտրությունների վերաբերյալ եզրակացություն տվող կառույցները՝ ԵԽԽՎ-ն և հատկապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, չարձանագրեն ընտրությունների նկատմամբ վստահության վերականգնման իրենց պահանջի կատարման ուղղությամբ գործնական քայլեր՝ անկախ նրանից՝ որքանով են այդ քայլերն իրական կամ ձևական:

Այս իմաստով իշխանությունը պարզապես շահագործում է ընդդիմության և հասարակության՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման պահանջը և ընդդիմությանը ներքաշելով իր սցենարով զարգացվող և բացառապես իր համար ցանկալի արդյունքներ ենթադրող բանակցությունների մեջ՝ ապահովում է այդ արտաքին լեգիտիմության առաջնային էֆեկտը: Ընդդիմությունը, կամա թե ակամա, ստանձնել է ոչ միայն «նորացված» ընտրական համակարգի, այլև գալիք ընտրություններում ՀՀԿ-ի կանխորոշվող հաղթանակը լեգիտիմացնողի անշնորհակալ գործն ու պատասխանատվությունը: Դրա համար գործող քաղաքական մեծամասնությունն ունի չորս հիմնական հաղթաթուղթ:

Առաջինը որոշումների վրա ազդելու՝ բանակցող կողմերի հնարավորությունների անհավասարությունն է: Անգամ մեծագույն ցանկության դեպքում ընդդիմությունը չունի ոչ մի էական լծակ՝ իշխանությանը այս կամ այն մեխանիզմի կիրառումը, որոշումը, զիջումը պարտադրելու համար: Ամեն ինչ, ըստ էության, բացառապես իշխանության կամքի, ցանկության տիրույթում է:

Երկրորդ՝ հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու, որոնց վրա չեն անդրադառնա ընտրություններն ավելի վերահսկելի դարձնելուն ուղղված Ընտրական օրենսգրքի դրույթները, առավելևս, երբ դրանց ուղղված օրենսդրական վերջին փոփոխությունները ոչ պատահականորեն չեղյալ հայտարարվեցին հենց ՏԻՄ ընտրությունների մեկնարկից առաջ: Եթե անգամ իշխանություններն ու խորհրդարանական ընդդիմություն կոչվածը ցուցակների հրապարակման իդեալական պայմանների շուրջ գան համաձայնության, ապա հնարավոր չի լինի մինչև ՏԻՄ ընտրությունները դրանք ամրագրել Ընտրական օրենսգրքում և կիրառության մեջ դնել: Եվ ավանդական հայկական «ընտրական» սխեմաներով իշխանությանը կհաջողվի հանրապետության բնակավայրերի գերակշռող մեծամասնությունում, ի դեմս ՏԻՄ մարմինների, ստեղծել խորհրդարանական ընտրություններին իր հաղթանակն ապահովող «բանակի» առաջին «լեգեոնը»:

Երրորդ գործոնն այն է, որ եթե անգամ հաջողվի հասնել օրենսգրքում ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակման հիմնադրույթի ամրագրմանը, գործնականում գրեթե հնարավոր չի լինի ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կտա քվեարկությունից հետո արագորեն ստուգել քվեարկությանը մասնակցության կասկածելի դեպքերը: Դա անելու համար շահագրգիռ կողմը ստիպված է լինելու իսկական օպերատիվ-հետախուզական աշխատանքներ ծավալել յուրաքանչյուր կասկածելի դեպքի վերաբերյալ անհրաժեշտ ապացույցներ գտնելու համար: Պատկերացնել միայն կարելի է, թե որքան ժամանակ կպահանջի այս գործընթացը: Բացի դրանից, եթե նույնիսկ ընտրության մասնակից քաղաքական ուժերին հաջողվի ինչ-որ հրաշքով կայծակնային արագությամբ լուծել մասնակցության ստուգման խնդիրը, դեռ հարկ է լինելու ապացուցել, որ բացակաների, ուրիշների փոխարեն ապացուցված քվեարկությունների քանակն այնպիսին է, որ կարող է ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա: Սա այն կռվանն է, որից կառչելու հնարավորություն իշխանությունը միշտ ունենալու է:

Եվ, վերջապես, չորրորդ գործոնը տարածքային ցուցակներով ընտրությունների ներքո փաստացի թաքնված կերպով մեծամասնական ընտրակարգի պահպանումն է, որը միշտ մեկնարկային առավելություն է տալու իշխանություն ունեցող քաղաքական ուժին: Նոր Ընտրական օրենսգրքով բոլոր օլիգարխները, հեղինակությունները, կիսաքրեականները ԱԺ մտնելու իրենց ցանկությունը կարող են իրացնել միայն կուսակցությունների տարածքային ցուցակներում ընդգրկվելով: Եթե նախկինում նրանք ազատ էին և կարող էին հոգ տանել միայն իրենց ընտրության մասին, ապա հիմա արդեն նրանց բերած յուրաքանչյուր քվե աշխատելու է նաև իրենց ներկայացրած կուսակցության օգտին: Ակնհայտ է, որ այս շրջանակը, ունենալով իշխող կուսակցությունից ավելի մեծ կախվածություն և աշխատելով նրա օգտին, հանդիսանալու է հաղթանակն ապահովող «բանակի» երկրորդ էշելոնի լեգեոնը:

Հետևաբար, ցուցակների հրապարակման շուրջ ընթացող բանակցությունները ծառայում են բացառապես ներքին երկխոսության և կոմպրոմիսի արտաքին ֆոն ապահովելուն: Իշխանությունը դրանով արդեն իսկ աշխատում է ընտրություններում հաղթելու համար և դրանում նրան օգնում է խորհրդարանական ընդդիմությունը:

Լուսանկարը՝ «Հայկական ժամանակի»

Մեկնաբանություններ (1)

Արամ
Հաշվի առնեյով երկար տարիներ մեր բնակչության մեջ արմատավորած անտարբերությունը, հարմարվողականությունն ու նյութապաշտությունը , դժվար չէ եզրակացնել, որ ցուցակների հրապարակումը ոչինչ չի տա ընտրոկողծիքները բացահայտելու գործին ։ Ցանկացած բացակա խոպանջիկի հարազատ կեղծ վկայություն կտա այն մասին,որ իր հարազատը ընտրությունների օրը այստեղ էր և մեկնել է ընտրություններից հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter