Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Չուտվող ճաշ՝ Վարուժան Սուքիասյանի մատուցմամբ



Հայաստանի հավաքականի ամենամոլի երկրպագուներն անգամ երեւի հույս չունեին, որ թիմը դրական արդյունքի կհասնի Դանիայի հետ խաղում, որը կայացավ երեկ (0-1): Նույնիսկ եթե ինչ-որ հույսեր կային, դրանք ամբողջապես մարեցին, երբ հայտնի դարձավ, որ թիմի ավագ ու շարժիչ Հենրիխ Մխիթարյանը չեխերի հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց է թողնելու ընտրանու առաջին հանդիպումը ԱԱ-2018-ի ընտրական փուլում:

2013-ին Հենոն Կոպենհագենում դաշտի տերերի ջախջախման հեղինակներից մեկն էր. 4 անպատասխան գոլերից մեկը նա խփեց, 2014-ին էլ արտագնա խաղում նա բացեց հաշիվը, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվեց, ինչից հետո դանիացիները խփեցին երկրորդ գոլն ու երկար սպասված հաղթանակ տարան սեփական դաշտում, չնայած միեւնույն է՝ 0-4-ի ծանր հիշողությունը դեռ մնում էր: Այս անգամ դանիացիներին «նվեր» մատուցեցին չեխերը: Ընկերական խաղի համար վերջիններիս անընդունելի կոշտության, որոշ դրվագներում էլ ակնհայտ կոպտության մասին գրել ենք նախորդ հոդվածում՝ զարմանք հայտնելով, որ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հետխաղյա ասուլիսում չի քննադատել չեխերի պահվածքը: Նա դա արեց երեկ, բայց բավականին հպանցիկ եւ ոչ շատ կոշտ տոնայնությամբ: «Ես կարծում եմ, որ այն, ինչ արեց Չեխիայի հավաքականի պաշտպանը Մխիթարյանի հետ դրվագում, չի գեղեցկացնում ֆուտբոլը»,- Կոպենհագենում կայացած հետխաղյա ասուլիսում նշել է Սուքիասյանը։ Ախր, պարոն մարզիչ, դա պետք էր ասել Չեխիայում՝ չեխ լրագրողների առաջ, թե չէ ու՞մ է պետք 4 օր հետո բռունցքներ թափ տալը (եթե կարելի է այդպես ասել): Թե՞ պետք էր իմանալ, որ Մխիթարյանը բաց է թողնելու պաշտոնական խաղը, որ նոր մի բան ասվեր չեխերի մասին:

Չեխիայի հետ խաղից հետո մարզչական շտաբն ամրացրել էր պաշտպանությունը՝ այդ օղակում դաշտ դուրս բերելով 5 հոգու՝ Հովհաննիսյան-Անդոնյան-Մկոյան-Հարոյան-Համբարձումյան: Սուքիասյանի մարտավարությունը պարզ էր. ամբողջ թիմով նախ հուսալի պաշտպանվել, իսկ հնարավորության դեպքում նետվել հակագրոհի: Այս տակտիկայի առաջին փուլը ինչ-որ կերպ թիմը կարողանում էր իրագործել: Պաշտպաններին անընդհատ միանում էին կենտրոնական Մալաքյանն ու Եդիգարյանը, սակայն հակագրոհի անցնելն անիրագործելի առաքելություն էր: Կիսապաշտպանության եզրերից գործող Ղադիմյանն ու Արասը ոչ միայն դժվարությամբ էին գնդակ ստանում, այլեւ ստանալու դեպքում առաջ շարժվում: Հարձակման գծում խաղացող Դավիթ Արշակյանի գործողությունների մասին ավելի լավ է լռել:

Նախորդ ընտրական փուլում շվեյցարացի Շալանդը Կոպենհագենում նույնպես 5 պաշտպան էր խաղացրել: Ի տարբերություն չեխերի հետ վերջին խաղի՝ Հրայր Մկոյանը, որն այս անգամ կատարում էր ավագի պարտականությունները, ձախի փոխարեն գործում էր իր հարազատ կենտրոնական պաշտպանի գոտում: Իսկ ձախում Գյումրու «Շիրակի» ավագ Գեւորգ Հովհաննիսյանն էր, ով իր առաջին խաղն անցկացրեց հավաքականում: Դանիացիները խաղում էին այնպես, ինչպես չեխերը՝ շեշտը դնելով ոչ թե ավանդական երկար փոխանցումների ու օդային գրոհների վրա, այլ ավելի մոբիլ գործողությունների. արագ, կարճ ու միջին գետնամերձ փոխանցումներով խաղարկում դաշտի միջին հատվածում, ապա սուր ճեղքումների փորձեր մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում: Հայաստանի դեմ նման խաղը թե դանիացիների, թե չեխերի պարագայում ստացվեց, որովհետեւ մրցակիցն արագությամբ ու ֆունկցիոնալ պատրաստվածությամբ զիջում էր: Մլադա Բոլեսլավում չեխերը նման խաղով 3 գոլ խփեցին կենտրոնից, իսկ երեկ այդպես էլ չկարողացան նույն ծրագիրն իրագործել հյուսիսիռլանդացիների դեմ: Ավելին՝ առաջին կեսում բրիտանացիներն արագության ու ֆիզիկականի հաշվին պարալիզացրել էին չեխերի գրոհների փորձերը, եւ իրենք էին ավելի սուր հակագրոհներ ձեռնարկում, ու չնայած չեխերը երկրորդ կեսում ավելացրին եզրային անցումների թափը, իրենց նպատակին այպես էլ չկարողացան հասնել՝ 0-0: Փոխարենը դանիացիները Հայաստանին կրկին գոլ խփեցին կենտրոնից, երբ 17-րդ րոպեին արագ կոմբինացիայից հետո Ֆիշերն իր վրա հրավիրեց կենտրոնականներ Մկոյանին ու Անդոնյանին, բայց կրնկով հնարամտորեն փոխանցում կատարեց Էրիկսենին, ով առանց բարդության ընթացքից գնդակն ուղղեց մի փոքր ձախ, եւ Բեգլարյանն ի վիճակի չէր փրկել դրությունը:  

Քրիստիան Էրիկսենը՝ գոլից հետո

Առաջին կեսում Օգե Հարեյդեի սաներն օգտագործում էին գրոհի բոլոր ուղղությունները, սակայն եթե մեր պաշտպանության աջում Համբարձումյանն ինչ-որ կերպ կարողանում էր խոչընդոտներ ստեղծել, մի երկու անգամ էլ սահանկումով չեզոքացրեց վտանգը, ձախում ավելի բարդ էր: Երկրորդ կեսում դանիացիները հենց Հովհաննիսյանի ուղղությամբ սկսեցին առաջ ընթանալ: Չնայած ֆիզիկական տվյալներին՝ 33-ամյա Գեւորգը չէր հասցնում ճարպիկ մրցակիցների հետեւից: Երկրորդ կեսում նույնիսկ դրվագ եղավ, երբ ուղղակի չվազեց մինչեւ վերջ՝ հարվածի ճանապարհը փակելու, ինչն արեց Բեգլարյանը: Պաշտպանների ու դարպասապահի գործը բավականին շատ էր: Պաշտոնական վիճակագրությամբ՝ գնդակը 73 տոկոսով վերահսկել են դաշտի տերերը, մերոնք՝ ընդամենը 27: Դանիացիների փոխանցումների 92 տոկոսն է ճշգրիտ եղել, մեր թիմի՝ 67, դանիացիներն ընդհանուր 20 հարված են կատարել, որոնցից մեկը հասել է հաջողության, մերոնք՝ միայն մեկը: Այդ մեկն էլ Արասի թույլ եւ վտանգ չներկայացնող հարվածն էր առաջին կեսում: Դաշտի տերերն իրացրել են 13 անկյունային, մերոնք՝ ոչ մի, դանիացիները դեղին քարտ չեն ստացել, մերոնցից զգուշացվել են Ղազարյանն ու Անդոնյանը: Խայտառակ վիճակագրություն է:

Դանիացիները կարող էին ավելի խոշոր հաշվով հաղթել, սակայն մեծ դեր խաղաց Բեգլարյանը: Երեւում էր, որ խաղից առաջ մարզիչներն ինչ-որ կերպ խթանել էին Արսենին, եւ նա չեխերի հետ խաղից հետո գործում էր ավելի համարձակ՝ ընդառաջ էր դուրս գալիս օդից եկած գնդակներին, հարվածները փակում էր թե ոտքով, թե ձեռքով, կառավարում էր պաշտպանների գործողությունները: Դարպասապահի խաղի բարձրակետը 72-րդ րոպեին էր, երբ հետ մղեց Էրիկսենի 11 մ-ոց հարվածը, ապա շեղեց վրա հասած Պոուլսենի հարվածի ուղղությունը: Իսկ 11 մ-ոց նշանակվեց Համբարձումյանի սխալից հետո, որը, չհասցնելով իր եզրից անցնող մրցակցի հետեւից, թիկունքից տապալեց նրան: Եթե ինչ-որ խոսքեր սթափեցրել ու ոգեւորել են Բեգլարյանին, ապա նրան անընդհատ պետք է այդպես խրախուսել, չնայած 11 մ-ոցից հետո դրվագ եղավ, երբ նա չարդարացված ձեւով լքեց դարպասն ու վազեց մրցակցին ընդառաջ, ինչը կարող էր վատ ավարտ ունենալ:

Բավականին ծանր էր Անդոնյանի աշխատանքը, ով, չունենալով պրակտիկա, այդուհանդերձ, շարունակ պայքարի մեջ էր, եւ խաղավարտին գրեթե ուժասպառ էր: Նույն վիճակում էր նաեւ Հարոյանը: Վերջում դժվար էին տեղաշարժվում հենակետայիններ Մալաքյանն ու Եդիգարյանը: Եթե չեխերի հետ խաղում մեր մեկնարկային կազմում միայն Բեգլարյանն էր Հայաստանի առաջնությունից, ապա Դանիայում նրան միացել էին Հովհաննիսյանն ու Եդիգարյանը: Սակայն ակնհայտ է, որ մեր 6-թիմանոց առաջնությունը մի քանի գլուխ զիջում է դանիականին, իսկ լեգեոներներն էլ խաղում են այնպիսի երկրներում, որոնց ներքին մրցաշարերից շատերը նույնպես հետ են մնում արեւմտաեվրոպական առաջնություններից, որտեղ խաղում են Հարեյդեի սաները: Սրան գումարենք մի քանի առանցքային լեգեոներների պրակտիկայի բացակայությունը, ինչն անմիջապես ազդում է մարզավիճակի վրա: Եթե ֆուտբոլիստը ֆիզիկապես պատրաստ չէ, նա չի կարող միայն նվիրվածությամբ ամբողջովին կատարել մարզչի առաջադրանքը. մնում է, որ բացը լրացնեն թիմակիցները, բայց ի՞նչ անել, երբ նրանք էլ քո վիճակում են: Այսպիսի գլուխկոտրուկի առաջ է մեր հավաքականը, եւ մարզչական շտաբը դժվար թե այն կարողանա լուծել, քանի որ խնդիրն ակումբների մակարդակի, դրանցում ֆուտբոլիստների աճի ու ընդհանրապես՝ լիարժեք խաղալու մասին է: Օրինակ՝ հավաքականի խաղակցվածությունը մի կողմ դնենք եւ համեմատենք միայն առանցքային ֆուտբոլիստների աճը. 2013-ին, երբ մերոնք Կոպենհագենում հաղթեցին 4-0 հաշվով, Մխիթարյանը խաղում էր «Շախտյորում», Ղազարյանը՝ Դոնեցկի «Մետալուրգում», Արասը՝ «Կուբանում», Մարկոսը՝ «Կրասնոդարում», Մովսիսյանը՝ «Սպարտակում»: Հենրիխն իր պրոֆեսիոնալիզմի ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասել է «Մենչեսթեր Յունայթեդ» ու չնայած դեռ մեկնարկային կազմում չի հայտնվում, թվում է, թե դա հեռու չէ: Ղազարյանը դեգերեց Ղազախստանում, Հունաստանում, հիմա էլ՝ Պորտուգալիայում, բայց բավարար խաղաժամանակ չի ստանում, Արասը «Կուբանից» հետո գնաց «Սպարտակ», որտեղ խնդիրներ ունեցավ ու մինչ օրս չի կարողանում ուշքի գալ, թուրքական «Բեշիքթաշում» նրա ապագան աղոտ է, Մարկոսը Ռուսաստանից գնաց Ղազախստան, հետո՝ Սաուդյան Արաբիա, հիմա էլ՝ ԱՄԷ. անկում ըստ առաջնությունների: Մովսիսյանն էլ հարազատ դարձած ԱՄՆ-ում փորձում է վերադառնալ նախկին մակարդակին:

Երեկ այս գրոհային խմբից մեկնարկային կազմում էր միայն Արասը, որը վնասվածք ստացավ, ինչը, թերեւս, նրա մարզավիճակով էր պայմանավորված: 41-րդ րոպեին նրան փոխարինած Ղազարյանը խաղավերջում հազիվ էր տեղաշարժվում, իսկ 20 րոպե խաղաժամանակ ստացած Մարկոսը հարձակվողի՝ իրեն խորթ դիրքում գնդակ չստանալու պատճառով անելիք չուներ: Միայն 78-րդ րոպեին Եդիգարյանի փոխանցումից հետո նա մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, շրջանցեց նրան, սակայն հայտնվեց սուր անկյան տակ՝ դիմային գծի մոտ, որտեղից փոխանցումն էլ չեզոքացվեց պաշտպանների կողմից: Դա էր մեր թիմի միակ իրական ու վտանգավոր պահը:

Հարոյանն՝ ընդդեմ Ֆիշերի

Զարմացնում են Սուքիասյանի փորձարկումները. պաշտոնական կարեւոր խաղում նա ձախ պաշտպանի գոտին վստահեց Գեւորգ Հովհաննիսյանին, ով, մեր համոզմամբ, չարդարացրեց իրեն: Լեւոն Հայրապետյանի բացը չի ստացվում լրացնել: Սուքիասյանը կարող էր այդ դիրքում օգտագործել Եդիգարյանին, բայց ավելի արդյունավետ էր համարել Արտակին խաղացնել կիսապաշտպանությունում, քանի որ Կառլեն Մկրտչյանը հայտավորված չէր: Ինչպես չեխերի հետ խաղում, ոչնչով աչքի չընկավ Գեղամ Ղադիմյանը: Եթե Արասը դեռ փորձում էր ինչ-որ բան հնարել մանեւրելով ու խաբքերով, ապա Ղադիմյանը շատ արագ էր կորցնում գնդակը: Եզրում նրա խաղը ակներեւ չի ստացվում: Պարզ էր, որ առանց Մխիթարյանի շատ դժվար է լինելու: «Եթե հաշվի առնենք այն ֆուտբոլիստներին, որոնք չէին ժամանել հավաքի վնասվածքների պատճառով եւ նրանց, ովքեր վնասվածք ստացան ընթացքում, մեր կազմից 5-6 ֆուտբոլիստ բացակայում էր վնասվածքի պատճառով։ Դանիան շատ լավ հավաքական է, բայց եթե վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները մեր տրամադրության տակ լինեին, հաշիվը կարող էր լրիվ այլ լինել։ Հատկապես զգացվեց մեր ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը»,- խաղից հետո ասել է Սուքիասյանը։

Բայց երեկ ամենաշատը զարմացրեց հարձակվող Դավիթ Արշակյանի ընտրությունը: Այս խաղացողը նախկինում միայն մեկ հանդիպում է անցկացրել երիտասարդականում եւ, չնայած 1,93 մ հասակին, չի տպավորել ու հիմա ազգայինում իր առաջին հանդիպմանը միանգամից մեկնարկային կազմում էր: Գնդակ չստանալով՝ նա բավականաչափ չէր նահանջում՝ պաշտպանվող թիմակիցներին օգնելու եւ դանդաղկոտության պատճառով մրցակցին էլ չէր կարողանում պրեսինգի ենթարկել: Թող կոպիտ չհնչի, բայց 70 րոպե Արշակյանը միայն քանակ էր ապահովում: Ճարպիկ ու արագավազ Սարկիսովը, որ այդպես էլ դաշտ չմտավ, շատ ավելի մեծ տհաճություններ կպատճառեր դանիացիներին. Սուքիասյանը չի մանրամասնել, թե ինչն է նման ընտրության հիմքը, սակայն փաստ է, որ այս փորձարկումն էլ տապալվեց:

Չնայած գլխավոր մարզիչը կապ չունի ֆուտբոլիստների ակումբների հետ, դեռ ամռանը, երբ տրանսֆերային պատուհանը բաց էր, կարող էր առանձնազրույցներում նրանց հորդորել 5-10 րոպե խաղալու ու պահեստայինների նստարան մաշեցնելու փոխարեն տեղափոխվել այնպիսի թիմեր, որտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանային, ինչն էլ իր հերթին կնսպաստեր ոչ միայն սեփական մարզավիճակը գոնե պահելուն (որակներ բարելավելու մասին խոսելը ժամանակավրեպ է), այլեւ նման դժվար իրավիճակներում հավաքականին ինչ-որ կերպ օգտակար լինելուն:

2014-ին, երբ Բեռնար Շալանդի գլխավորությամբ ազգային հավաքականը 3 խաղ էր անցկացրել, որից 1-ում հաղթել էր, 2-ում պարտվել, գրել էինք, որ թիմը նման է կիսաֆաբրիկատի, որի շվեյցարացի խոհարարը բաղադրատոմս է փնտրում: Առժամանակ անց Շալանդը նույնպես ինքն իրեն համեմատեց խոհարարի հետ: Խաղացողների պրակտիկայի, կոլեկտիվի խաղակցվածության ու խաղի որակի բացակայության ֆոնին կարող ենք ասել, որ ներկայում Հայաստանի ազգային ընտրանին ոչ թե կիսաֆաբրիկատ, այլ ընդհանրապես անմշակ հումք է, ու դժվար է ասել, թե դրա հետ ինչ պիտի անի Սուքիասյան-խոհարարը: Խնդիր է ոչ միայն հումքի եւ դրա առանձին բաղադրիչների (խաղացողների) ներկա որակը, այլեւ այն, որ երբ բացակայում է աղը (Մխիթարյանը), Սուքիասյանի պատրաստած ճաշն ուտելու պիտանի չի լինում:

Հ.Գ. ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբում երեկ գրանցվել է առաջին անակնկալը՝ Ղազախստանը սեփական դաշտում 2-2 է խաղացել Լեհաստանի հետ, չնայած առաջին կեսից հետո զիջում էր 0-2 հաշվով: Ռումինիա-Մոնտենեգրո խաղն էլ ավարտվել է 1-1: Փաստորեն, նոմինալ առաջատարներից միայն դանիացիներն են հաղթել ու այժմ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Իսկ Հայաստանը 0 միավորով վերջինն է: Հոկտեմբերի 8-ին կկայանան Հայաստան-Ռումինիա, Մոնտենեգրո-Ղազախստան, Լեհաստան-Դանիա հանդիպումները:             

Լուսանկարները՝ uefa.com-ի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Կարեն 22:22 - 5 սեպտեմբերի, 2016
Լավ վերլուծություն էր: Ոնց կարելի է 33 տարեկան ֆուտբոլիստին առաջին անգամ հրավիրել հավաքական ու ընդգրկել մեկնարկային կազմում: Էն դրվագը, երբ Հովհաննիսյանը չվազեց մինչեւ վերջ, հարվածի ճանապարհը փակելու՝ ուղղակի խայտառակություն էր: Լևոն Հայրապետյանը այսօրվա դրությամբ անփոխարինելի է, բայց եթե նա վնասվածք ունի՝ կարելի է հրավիրել, օրինակ, Գանձասարի ձախ պաշտպան Հայկ Իշխանյանին, որը, նախ, ավելի երիտասարդ է, երկրորդն էլ՝ մենապայքարներում շատ անզիջում, լավ է խաղում նաև երկրորդ հարկում: Իսկ Արշակյանը ուղղակի անիմաստ զբոսնում էր խաղադաշտում: Յուրա Մովսիսյանի վերադարձն անխուսափելի է, եթե իհարկե ցանկանա ու կարողանա կուլ տալ վիրավորանքը...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ