HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արտակ Լուլուկյանն ահազանգում է՝ կերի թունավորումից իր 36 խոզերը սատկել են

Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ Արտակ Լուլուկյանն ահազանգում է, որ օգոստոս 11-28-ը իր ունեցած 36 խոզերը սատկել են թունավոր կերի պատճառով։

Լուլուկյանը հուլիսի 15-ին վրացական մակնշմամբ 15 պարկ կեր է գնել։ Ասում է՝ ճերմակ և լավ տեսք ունեին։ Այնուհետ, առաջին խոզը սատկելուց հետո, պարզել է, որ խոզերն այդ կերի թունավորումից են սատկել, իսկ նման թույները միանգամից չեն ազդում. դրա ներգործությանն անհրաժեշտ է 10-15 օր, որից հետո արդեն անասունին հնարավոր չէ փրկել։

«Առաջին խոզս սատկեց կերը ուտելուց 25 օր հետո։ Որ սատկեց, 40 տարվա անասնաբույժիս  կանչեցի, եկավ, նայեց, ասեց՝ սա հաստատ կերի թունավորում է, բայց  թույնի բաղադրությունը չգիտեմ, որ օգնեմ։ Ու մինչև օգոստոսի 28-ը հերթով սատկեցին։ Անասունի քթից, բերանից, ականջների ծայրերից արյուն էր գալիս։ Ոտքերի մազանոթներներն էին տրաքում»,-պատմում է Լուլուկյանը։

Խոզի սատկելուց հետո անասնապահը դիմում է կերը գնած վաճառողին, ով պարզաբանում է, որ ինքը մեղք չունեմ, կերը գնել է. «Հո՜, ես չեմ թույնել»,- ասել է վաճառողը։

Ելք չգտնելով՝ Լուլուկյանը մի խոզը մորթում և տանում է Բերդ քաղաքի լաբորատորիա, որտեղ ևս հավաստում են, որ կերը թունավորված է եղել: Սակայն այնտեղ ևս չեն կարողացել ցուցումներ տալ, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են անհրաժեշտ։

Այնուհետ, Լուլուկյանը խոզերին տված կերը տանում է ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ, նմուշներ հանձնում։ Մեկ շաբաթ անց զանգահարում է լաբորատորիա, աշխատակցին հարցնում՝ կարող է տեղեկանալ կերի փորձաքննության արդյունքներից, որին ի պատասխան աշխատակիցը հայտնում է. «Ինչ կեր, էնտեղ միայն թույն էր, ուրիշ ոչինչ չկար»։

Բերդից ժամանում է Երևան, վերցնում լաբորտորիայի փորձաքննության արդյունքները և դիմում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝բողոք ներկայացնելով։ Սակայն, ինչպես նա է ասում, մինչ օրս այդ երկու գերատեսչություններից իրեն որևէ մեկը չի այցելել, չի ուսումնասիրել տեղի ունեցածը։ Արտակի խոսքով՝ անգամ գյուղատնտեսության նախարարությունից նրան հորդորել են, որ լրագրողների մոտ աղմուկ չբարձրացնի։

Հուլիսի 31-ին Լուլուկյանը գյուղացիներից մեկի հետ դիմել է տեղի ոստիկանություն՝ բողոք ներկայացնելով, որ տեղի է ունեցել թունավորում և ցանկանում է հայտնաբերել՝ ով է այդ կերը ներմուծել Հայաստան և ինչու է այն վաճառվում միայն Տավուշի մարզում։

«Ես մեկ ամիս է՝ չեմ քնում։ Լարված և նյարդային վիճակում եմ։  36 խոզ ունեի, հիմա մեկ հատ չի մնացել։ Ունեցածս 10 հազ. դոլարի խոզերը «գցել են ջուրը»։  Էդ խոզերի պատճառով ես վարկերի տակ եմ, հիմա չեմ կարողանում փակել, քանի որ հույսս էդ խոզերն էին։ Էդ խոզերը իմ հինգ տարիների աշխատանքն են։ Հինգ տարի է՝ Երևանից գնացել եմ սարեր, որ ապրուստի միջոց ունենամ»,-նշում է նա։

Ասում է՝ համագյուղացիների, ովքեր նույն կերն են տվել իրեն անասուններին, խոզերը ևս նույն ախտանիշներով սատկել են։ Այլ համայնքներից հետաքրքրվել է, որ այդ համայնքներում նման կերը չի վաճառվել։ Համոզված է՝ թունավորումը միտումնավոր է եղել, պատճառը մրցակցությունն է, քանի որ Տավուշի մարզում յուրաքանչյուր մարդ կարող է 100-ավոր խոզեր պահել, իսկ մնացած մարզերում նման հնարավորություն չկա։

Հիշեցնենք, որ օգոսոտսի 29-ին Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի ղեկավար Սամվել Անանյանը «Հետքի» հետ զրույցում հայտնել էր, որ Մարգահովիտ համայնքում վերջին օրերին դաբաղի զանգվածային դեպքեր են գրանցվում, որի հետևանքով մեծ քանակով անասուններ են սատկել։

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter