Կիրակի, 23 սեպտեմբերի

Երբ վերաքննիչ դատարանը զբաղվում է «Copy Paste»-ով



ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը՝ Գալուստ Ղարիբյան, Քրիստինե Մկոյան և Արթուր Առաքելյան դատավորների կազմով, մերժել է Ծաղկաձոր քաղաքի բնակիչ Գնել Հայապետյանի բողոքը՝ վարչական դատարանի վճռի դեմ, և նա այս անգամ փորձում է արդարությունը վերականգնել Վճռաբեկ դատարանում: Նա օգոստոսի 9-ին ներկայացրել է Վճռաբեկ վողոք, և այս ատյանի որոշումից հետո պարզ կդառնա՝ վեճը մնում է Հայաստանում, թե դուրս է գալու երկրի սահմաններից դուրս և քննության առարկա է դառնալու Եվրոպական դատարանում:

Հիշեցնենք, որ Ծաղկաձոր համայնքի ավագանին 09.09.11թ. որոշել է քաղաքային սեփականություն համարվող մի քանի հողակտորներ աճուրդային կարգով օտարել: Հողամասերից մեկը աճուրդ-վաճառքով գնել է Գնել Հայրապետյանը: Քաղաքապետի որոշմամբ՝ 0,27 հա հասարակական կառուցապատման համար օգտագործվող հողամասը 12,825,540 դրամով օտարվել է Գնել Հայրապետյանին: Կնքվել է առուվաճառքի պայմանագիր, կատարվել է գույքի սեփականության իրավունքի պետական գրանցում: Հողամասը գնելուց հետո այնտեղ կառուցել է հանրային սննդի օբյեկտ, որը շահագործել է մինչև 2013թ.: Այնուհետև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի տնօրեն Օնիկ Բաղդասարյանի հետ և այն 2 տարի ժամկետով շահագործման է հանձել վերջինիս:

Գնել Հայրապետյանի ասելով՝ տեսնելով, որ Օնիկ Բաղդասարյանը խախտում է պայմանավորվածությունը և իրեն չի փոխանցում շահագործումից ստացված հասույթը, տեղեկացրել է նրան, որ պայմանավորվածության ժամկետը լրացել է և պետք է ազատի տարածքը: Օնիկ Բաղդասարյանը հրաժարվել է կատարել Գնել Հայրապետյանի պահանջը: Օնիկ Բաղդասարյանը 2015թ. ապրիլին, ընդդեմ Ծաղկաձորի քաղաքապետարանի և կադաստրի պետական կոմիտեի, դիմել է վարչական դատարան՝  2700քմ (0.27հա) մակերեսով հողամասի նկատմամբ 2009թ. սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Որպես հետևանք՝ Օ. Բաղդասարյանը պահանջել է նույն հողամասի նկատմամբ  հետագայում ընդունված բոլոր վարչական ակտերը և Ծաղկաձորի քաղաքապետի որոշումը՝ Գնել Հայրապետյանին հողամասը վաճառելու մասին, դրա հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ևս անվավեր ճանաչել:

Վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը, Գնել Հայրապետյանի փաստարկները թերի քննելուց հետո, ինչպես նաև կողմի կարծիքով՝ ինքնակամ դուրս գալով հայցի հիմքի ու առարկայի շրջանակից, դեռ մի բան էլ առանց փորձագետի եզրակացության, որոշել էր, որ կառուցված շինությունը, հողին ամրացված հիմնական շինություն է, քանի որ բետոնով ամրացված է հողին: Գնել Հայրապետյանն ասում է, որ  դրանք ժամանակավոր փայտե տաղավարներ են, դրված են բետոնե հիմքի վրա, սակայն չեն կարող համարվել հիմնական շինություն և հանգիստ կարելի է դրանք տեղափոխել: Իսկ տաղավարները շահագործվել են իր կողմից և 2008 թ.-ից ամռան ամիսներին  բացօթյա  առևտրի թույլտվություն է ունեցել: «Հաշվի առնելով այն փաստը, որ ք.Ծաղկաձոր, Մ.Մկրտչյան փողոց, թիվ 39 հասցեի շինությունները կառուցվել են բետոնե հիմքերի վրա և ամրացված են հողին` դատարանը փաստում է, որ երրորդ անձի ներկայացուցչի փաստարկը` նշված շինությունները ոչ հիմնական շինություն հանդիսանալու վերաբերյալ, անհիմն է»,-եզրակացրել է դատավոր Դարբինյանը, ով նույնիսկ չի տեսել նշված շինությունը։

Արդյունքում Օնիկ Բաղդասարյանի հայցը բավարարվել է մասնակի: Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի քաղաքապետի՝ վիճելի հողատարածքը Գնել Հայրապետյանին վաճառելու մասին որոշումը: Անվավեր են ճանաչվել նաև առուվաճառքի պայմանագիրը, Գնել Հայրապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Իսկ Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան 39 հասցեում գտնվող 2700քմ (0.27հա) մակերեսով հողամասի նկատմամբ 2009թ. համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջը մերժվել է:

Վերաքննիչ դատարանը զբաղվել է «Copy Paste»-ով

Վերաքննիչ վարչական դատարանը, ով օրենքի պահանջով պետք է իր որոշման մեջ պատճառաբանի իր եզրակացությունը և հղում կատարի նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին, ընդամենը «Copy Paste» է արել վարչական դատարանի վճռից: Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ կարմիր գծով տանում է «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանն իրավացիորեն արձանագրել է» նախադասությունը՝ առանց հստակ պատճառաբանության, թե ինչու է այդպես կարծում, ինչու է առաջին ատյանի դատարանը ճիշտ: Վերաքննիչ դատարանի որոշումից տպավորություն է ստեղծվում, որ նա ընդհանրապես չի անդրադարձել Գնել Հայրապետյանի բողոքին, այնտեղ բարձրացված հարցերին, պարզապես մեջբերումներով՝ առանց պատճառաբանական եզրահանգումների, փորձել է ապացուցել, որ ստորադաս դատարանը ճիշտ է վարվել:

Գնել Հայրապետյանի փաստաբան Վարդան Առաքելյանը նշում է, որ Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Մինչդեռ վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն ստորադաս դատարանի կայացրած ակտից մեջբերումներ անելով և դրա իրավացիությունը նշելով:

Դատարանը չի փաստել, որ ՀՀ վարչական դատարանը դուրս է եկել Հայցվորի կողմից բերված իրավական հիմքի և առարկայի շրջանակներից: Այն դեպքում, երբ ըստ՝ Վ. Առաքելյանի, ոչ միայն հայցվորի փոխարեն մեջբերել և կիրառել է իրավական նորմեր, որոնք Հայցվորի կողմից չեն վկայակոչվել, այլև` պահանջը չի ձևակերպել այնպես, ինչպես ձևակերպել է հայցվորը: Այսինքն, քանի որ Օնիկ Բաղդասարյանի հիմնական պահանջը դատարանի կողմից  մերժվել է, բնականաբար, չէր կարող բավարարվել նաև որպես հետևանք ներկայացված պահանջը` Գնել Հայրապետյանի անվամբ տեղ գտած սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Փաստաբանի խոսքերով՝ վերաքննիչ դատարանը չի փաստել, որ ՀՀ վարչական դատարանը միայն վկաների հակասական ցուցմունքների հիման վրա հանգել է այն համոզման, որ վիճարկվող անշարժ գույքի տարածքում առկա շինությունը կառուցվել է Օնիկ Բաղդասարյանի կողմից` ուշադրություն չդարձնելով այդ ցուցմունքների հակասականությանը:

«Վկաները բոլորն անխտիր աշխատանք կատարելու պահին հանդիսացել են Օնիկ Բաղդասարյանի աշխատակիցները, իսկ մի մասը ներկայումս էլ շարունակում է աշխատել այնտեղ, հետևաբար մեր իրականության մեջ բացառվում Է, որ օբյեկտիվ տեղեկություններ հայտնեին Դատարանին: Բայց երբեմն իրենց ոգևորված ցուցմունքներից ի հայտ էին գալիս ցայտուն հակասություններ, ինչպիսի պայմաններում դատարանը պետք է կազմակերպեր վկաների միաժամանակյա հարցաքննություն, որպեսզի կարողանար գալ ճիշտ ներքին համոզման»,-ասում է Վարդան Առաքելյանը:

Փաստաբանի խոսքերով՝ դատարանն ոչ միայն չի ձեռնարկել իրենից կախված բոլոր հիմնական միջոցները, որպեսզի պարզի՝ Օնիկ Բաղդասարյանը որպես հետևանք վիճարկվող սեփականության իրավունքի պետական գրանցման մասին իմացել է հենց այն պահին, որ ինքն է նշում, թե այլ ժամանակ: Արդյոք բաց չի թողել նման պահանջով հայցադիմում ներկայացնելու ժամկետը: Բացի այդ, վարչական դատարանը խոչընդոտել է Գնել Հայրապետյանին՝ իր միջոցով ձեռք բերելու նման ապացույցները:

«Եթե Դատարանը բավարարեր մեր միջնորդությունը ապացույց պահանջելու մասին և ֆինանսների նախարարությունից պահանջեր Մհեր Հարությունյան ԱՁ կողմից ՊԵԿ ներկայացված ելակետային տվյալները, ապա հստակ կպարզեր, որ Օնիկ Բաղդասարյանը սեփականության իրավունքի պետական գրանցման մասին իմացել է առնվազն 2013թ.-ից, ինչն էլ գործի վարույթը կարճելու հիմք է»,-կարծում է փաստաբան Առաքելյանը:

Նշենք, որ վարչական դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել գործով պատասխանող Ծաղկաձորի քաղաքապետարանը, սակայն վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացրել:

«Ծաղկաձորի քաղաքապետարանը շարունակել և շարունակում է տարօրինակ վարքագիծը՝ բերում է ձևական վերաքննիչ բողոք, որն օգնելու փոխարեն վնասում է գործին: Մասնավորապես՝ ցույց է տալիս, որ վարչական դատարանն իբր թե այնքան հիմնավոր դատական ակտ է կայացրել, որ բողոքի հիմքեր չկան, դրա համար էլ ձևական, թույլ բողոք են ներկայացրել, փորձելով թաքցնել իրենց ակնհայտ կողմնակալությունը։ Ավելին, տեսնելով վարչական վերաքննիչ դատարանի ակնհայտ անհիմն, առանց որևէ պատճառաբանության կայացված դատական ակտը չի բողոքարկում այն վճռաբեկության կարգով՝ ի ցույց դնելով իր իրական խաղը՝ ոչ թե իր, այլ հայցվորի օգտին: Ծաղկաձորի քաղաքապետարանին չի մտահոգում նույնիսկ աճուրդի գումարի վերադարձնել-չվերադարձնելը, քանի որ չի մտածում, որ հետ է վերադարձնելու ոչ միայն աճուրդի գումարն այլև ավելի քան հինգ տարի ապօրինի պահման արդյունքում առաջացած տոկոսները»,-ասում է Գնել Հայրապետյանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ