HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք դեռ պատանի ենք». Նարեկացի արվեստի միությունը 12 տարեկան է

12-րդ սեպտեմբերի 5-ը Նարեկացի արվեստի միությունում նշվեց որպես մշակութային օջախի ծննդյան տոն: 12 տարի այստեղ երեխաներ են կրթվում, սովորում կավագործություն, լուսանկարչություն, երգ, պար, նվագարաններ, նկարչություն և այլ արվեստներ:

Միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը  ներկայացրեց կենտրոնի նորացված կայքը: Տարբեր տարիների լուսանկարների միջոցով պատմեց կենտրոնի 12-ամյա գործունեության մասին:Ամեն տարի միությունը ստեղծագործական տարին նվիրում է հայազգի մշակութային մեծանուն գործչի: 2016-ը «Նարեկացիում» Սայաթ-Նովայի տարին է: Դեռ հուլիսին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի էր ունեցել «Ամէն սազի մէջըն գոված…» խորագիրը կրող համերգային երեկոն, որը նվիրված էր Սայաթ-Նովայի հոբելյանին:

Երեկ էլ երեկոն սայաթնովայական էր: Ներկայացված էին նկարիչ Հրաչյա Ռուխկյանի տարբեր Սայաթ-Նովաները` նաև աշուղի այն դիմանկարը, որով Սայաթ-Նովային ճանաչում են բոլոր դպրոցականները: Այն մեզ հայտնի է հայ գրականության դպրոցական դասագրքերից:Հրաչյա Ռուխկյանի  դուստրն ու որդին հոր արխիվից էին տրամադրել ցուցահանդեսի նկարները: «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը նրանց նվիրեց մշակութայի օջախի խորհրդանշական խաչ-լոգոն` քանդակված վարդագույն տուֆի վրա:

Իսկ մյուս սենյակում միության նկարչական խմբակի փոքրիկների ձեռքերով ստեղծված Սայաթ-Նովաներն էին:

Նարեկացի արվեստի միության աջակցությամբ է տպագրվել գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանի «Սայաթ-Նովայի բանաստեղծական ժառանգությունը» աշխատությունը: Այն Հենրիկ Բախչինյանի երկար տարիների աշխատանքն է, որն ինքը հեղինակը համարեց իր 40-ամյա սայաթնովագիտական աշխատանքների պսակը: Գրքում ամփոփված են Սայաթ-Նովայի խաղերը հայերեն, թուրքերեն և վրացերեն, կան մեկնություններն ու ծանոթագրությունները:

«Առանց կուրծք ծեծելու, առանց ինքնագովասանքների կենտրոնը շարունակում է կատարել մեծ աշխատանք մեր հետադիմող մշակութային կյանքում: Այս միությանը մաղթում եմ երկար-երկար կենսագործունեություն»,-ասաց Հենրիկ Բախչինյանը:

Ծննդյան երեկոյին ելույթ ունեցան «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Նարեկացի» նվագախումբը, նաև նորաստեղծ «Նժդեհ» պարի խումբը` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter