HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բնությունը սխալ չէ, մենք ենք սխալ»,- ասում է Ոսկեհատում այգի հիմնած իրանահայը

Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գտնվող իրանահայ Վանիկ Քեշիշյանի այգին զերծ է բոլոր տեսակի թունաքիմիկատներից և աճում է միայն օրգանական միրգ-բանջարեղեն: Երեք տարի առաջ, երբ Վանիկը ձեռք բերեց այգին և սկսեց մշակել այն, նպատակն էր շրջապատին ցույց տալ, որ առանց սրսկումների և թունաքիմիկատների հնարավոր է լավ բերք ստանալ:

Վանիկը սերմերի մի մեծ շտեմարան ունի, որտեղ նույնիսկ 30 տարվա սերմեր է պահում՝ վերցված Իրանում ունեցած իր մաքուր հողամասի տեսակներից: Ոսկեհատի իր 9000 քառակուսի հողակտորը  նույնպես վերածել է օազիսի՝ իր մաքրությամբ առանձնացնելով այլ հողամասերից:

«Նպատակն այն է, որ ցույց տանք, որ բնությունը սխալ չէ, մենք ենք սխալ: Թե բուսական, թե մարդկային հիվանդությունները ստեղծել ենք մենք ինքներս՝ մեր սխալ ապրելակերպով, սխալ վարվելաձևով»,- ասում է Վանիկ Քեշիշյանը:

Նա կարծում է, որ կարճ ժամանակով բարձր արդյունք ստանալու ձգտումն է, որ մարդկանց գայթակղում է՝ հավելումներ, թույներ ու թունաքիմիկատներ օգտագործե;, ինչը նման է մարզիկների դոպինգներին:

Վանիկի այգում 10 տեսակից ավելի լոլիկ կա՝ սկսած դեղինից, վերջացրած տձև, բայց համեղ նոր տեսակներից: Դրանց տեսակները Վանիկի ամառանոցում չորացվում են ձմեռվա պաշարի համար: Ձմեռը չրերը «հետ է բերում», սուպեր, օշարակներ պատրաստում: Եվ այդ ամենը՝ թե հողամասը մշակելը, թե չորացնելն ու պահեստավորելը և դրանցով ուտելիքներ պատրաստելը, Վանիկն ինքն է անում: 

«Կայծակնային արագությամբ շարժվող, էներգիայի կծիկ: Այնքան էներգիա ունի, որ իմ ու Դավթի նման 12 տղա իր չափ գործ անել չենք կարողանա»,- ասում է Վանիկի ընկերը՝ Արմեն Սարգսյանը:

Վանիկի այգում արևածաղիկների առատությունը նույնպես ինքնանպատակ չէ: Այս տարի Վանիկը արևածաղկի յուղ է քամելու:

Հողամասում երկու տեսակի աղբատեղի կա՝ մեկը, որ նույն հողամասից է և նորից վերադառնալու է հողի մեջ, մյուսը՝ որ մուտք է գործել դրսից և նորից դուրս է գնալու: Ծխախոտի մնացորդները չի թույլատրվում «շաղ տալ» այդ հողի մեջ: Ծխողները հողամասից դուրս են հրավիրվում: 

«Ամենը հող է, արև է, ջուր է, հողի հյութ է, և այդ ամենը այս աղբի մեջ է ու էլի հետ է գնալու հողին: Սա բնությունն է, ուրիշ ոչինչ»,- բացատրում է Վանիկի մյուս ընկերը՝ Հայրիկ Աբրամը:

Վանիկը նույն ապրելակերպով առանձնացել է նաև Իրանում: Այնտեղ էլ 5  հա հողամաս ունի, որը նույնպես զերծ է անառողջ նյութերից և տալիս է միայն առողջ բերք: Այդ բերք ու բարիքը Վանիկը չի վաճառում, ինքն ու իր ընտանիքն են վայելում, բաժանում է հարազատ-բարեկամներին, հարևաններին և այլ ցանկացողների: 

«Վանիկի համար սա բիզնես չէ, այս ամենը ծառայում է իր գաղափարին: Վանիկն այս մթերքները չի վաճառել նույնիսկ այն ժամանակ, երբ սուղ պայմաններում էր և բանկերից գումար էր ուզում ստանալ իր բիզնեսի համար»,- շարունակում է Հայրիկ Աբրամը:

Իսկ Վանիկը եկամուտ է ստանում Իրանում քաղցրավենիքի և տուփերի արտադրությունից:  

«Հետքի» ընկթերցողները Վանիկին ծանոթ են դեռևս ապրիլյան պատերազմի օրերին, երբ վերջինիս Մեղրիի մաքսատան աշխատակիցները խոչընդոտներ էին առաջացրել Իրանից իր անձնական մեքենան Հայաստան անցկացնելու և Արցախ որոշակի օգնություն տեղափոխելու ժամանակ: Հրապարակումից հետո հարցը լուծվել էր, և պարզվել էր, որ նրան խոչընդոտելը օրինական չի եղել: Դրանից հետո Վանիկն իր մեքենայով հատուկ սարքեր է բերել Ոսկեհատ, որպեսզի մանրացնի աղբի մեծ կտորները՝ կլինի դա ծառի ճյուղ, փոքր կոճղ կամ այլ բուսական ծագման առարկա, որպեսզի դրանք նորից վերադարձնի հողին: Անձրևի ու ձյան տակ այդ նյութերը քայքայվում ու փտում են՝ սնուցելով հողը:  «Մենք չենք թողնում ոչ մի բան դուրս գա հողից և նորից ամենը տալիս ենք հողին»,-շարունակում է Հայրիկ Աբրամը:

«Այստեղ սովորել են վառելը, ինչը շատ վատ է: Բայց անտառի նման պետք է լինի, ինքն իրեն վերականգնվի: Սովորական տերևը մենք ինչու պիտի տանենք դուրս, կրակ տանք: Եթե կան հիվանդություններ, պետք է տեսնենք ինչու է առաջացել, և դրանց դեմ պայքարելը միայն քիմիական ճանապարհով չէ: Տարբեր մեխանիզմներ կան պայքարի, որ կարողանանք հավասարակշռությունը պահպանենք, և այդ հավասարակշությունը հավասար է մեր առողջությանը,- ասում է Վանիկը և շարունակում,- էս ծառը նայեք, լվիճ բռնած ծառ էր, եթե ես բերեի սրսկեի, այդպես փոքր կմնար: Չսրկսեցի ու թողեցի, որ բնությունն ինքը մաքրի. զատիկներ են, միջատներ են, արդեն իրենք մաքրեցին: Ծառը հիմա թունավոր չէ, 300% աճել է: Նույն ծառը, որը հարևանը սրսկել է, այդպես էլ փոքր մնացել է»: 

 Իր ապրելակերպով Վանիկը փորձում է խրախուսել մաքուր սնունդ աճեցնելն ու առողջ մթերքով սնվելը: 

«Հիվանդությունը երկու պատճառով է առաջանում՝ մեր օրգանիզմը թունավորվում է սխալ սննդից: Երկրորդ պատճառն էլ այն է, որ իսկական, բնական սննդից սոված է մնում օրգանիզմը: Այսինքն՝ մեր ստամոքսը լիքն է, բայց մեր բջիջները՝ սոված են»,- ասում է Վանիկը:

Նրա նպատակներում նաև հումակերների ճաշարան-առողջարան բացելն է, որը կծառայի առողջ ապրելակերպին: 

Վանիկը թոհուբոհի մեջ է: Հյուրերի է սպասում: Դեռ տոլման լցոնված չէ: Իսկ նրա տոլման ուրիշ բաղադրատոմս ունի. իր ցանած ցորենը ծլեցրել, մանրացրել, համեմել է կանաչի-համեմունքներով ու ընկույզով, ձիթայուղով շաղախված միջուկ «տեղավորել» է հում պոմիդորների, բիբարների և կաղամբի թերթերի մեջ: Առանց եփելու՝ այն քիչ հետո մատուցվում է հյուրերին:

Արևային էներգիայից էլեկտրականություն, ջեռուցում ապահովող և ջրատաքացուցիչ սարքերը «զարդարում են» Վանիկի ամառանոցի տանիքը: Բացում է ծորակը, տաք ջուր է հոսում: Շինությունը նոր է վերանորոգել, բայց դեռ այնքան ծրագրեր ունի Վանիկը Ոսկեհատի այդ մի կտոր հողի վրա:

Մեկնաբանություններ (2)

Ռուբեն
Շնորհակալություն հոդվածի հեղինակներին` Վանիկի նման բարձրամակարդակ մարդու գործունեությունը, նրա ապրելակերպը և օրինակելի մոտեցումները ընթերցողին հասցնելու համար: Այսօրվա գորշ իրականության մեջ այսպիսի հետաքրքիր և սկզբունքային մարդիկ ավելի մեծ օգուտ կարող են տալ հայ գյուղացուն (օրինակ ծառայելով) քան դատարկ գործերով զբաղվող գյուղնախարարը:
Офелия
Очень интересная тема,экологическо-чистые продукты выращивать теперешнее время очень важно,об этом пишет даже Ванга,не следует засорять землю ядохимикатами,так как в долнейшем дети от этого будут рождаться без пальцев рук или ног,будет хорошо,если люди научатся от Ваника выращивать экологически чистые продукты.Благодарит Ваника за такую предпринимательность,и успех большой в своём деле.Больших успехов Тебе уважаемый Ваник.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter