HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Արաբական ընկերությունը` անցակետերի ռենտգենյան սարքավորումների խոշորագույն սպասարկող

Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Արեմպա ինթերնեյշնլ» ՍՊԸ ՖԶԵ(«Arempa International» LTD FZE) ընկերությունը Հայաստանի տարբեր պետական կառույցների հետ 2015թ. շուրջ 935 միլիոն 800 հազար դրամ ընդհանուր արժողությամբ պայմանգրեր է կնքել: Նման ուսումնասիրության է կատարել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը` նշելով, որ ընկերությունը Հայաստանում ավտոմեքենաների, ինքնաթիռների և ռենտգեն սարքավորումների սպասարկման ոլորտում կնքված մեկ անձից գնումներում խոշորագույնն է:

Կառավարության պաշտոնական աղբյուրներից տեղեկանում ենք, որ ֆինանսների նախարարությունը 2015թ. շուրջ 350 միլիոն դրամի պայմանգիր է կնքել «Արեմպա ինթերնեյշնլ» ընկերության հետ և պարտավորվել կատարել Մեղրու և Բագրատաշենի մաքսային կետերում տեղադրված «Rapiscan Eagle Gantry» ռենտգենյան զննող սարքավորումների տեխնիկական սպասարկումը:

Ծառայության ընդհանուր գինը հաշվարկվել է 832 650 ԱՄՆ դոլար, որից 138 775 ԱՄՆ դոլարն ավելացված արժեքի հարկն է, և նույնքան`138 775 ԱՄՆ դոլարը` ոչ ռեզիդենտի շահութահարկը: Այսինքն` կատարողին ծառայության դիմաց վճարվելիք զուտ գումարը կազմել է 555 100 ԱՄՆ դոլար: Մեղրու անցակետում ռենտգենյան սարքավորումների տեխնիկական սպասարկման մեկ ամսվա ծառայության գումարը 2015թ. կազմել է շուրջ 25 հազար, իսկ Բագրատաշենինը` շուրջ 17 հազար դոլար: 

Որպես մեկ անձից գնման իրավական հիմք նշվել է այն հանգամանքը, որ նշված ռենտգենյան սարքավորուների սպասարկումն ընկերության հատուկ կամ բացառիկ իրավունքն է: Մինչդեռ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը իր կատարած ուսումնասիրության մեջ այս ընկերությունը ներառել է Այլընտրանքի առկայության պարագայում  20 մլն դրամի սահմանաչափը գերազանցող ոչ մրցակցային ձեռքբերումների շարքում:

Ֆինանսների նախարարությունն այս տարի ևս Մեղրու մաքսային անցակետի ռենտգեն սարքավորումների սպասարկման համար «Արեմպա ինթերնեյշնլ»-ի հետ կնքել է 234 միլիոն դրամի պայմանագիր: «Արեմպա Ինթերնեյշնլ» ՍՊԸ ՖԶԵ-ն, ըստ կնքված պայմանագրերի, գործում է Արաբական Միացյալ Էմիրությունների «Շարժա Աերոպորտ» միջազգային ազատ տնտեսական գոտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter