Կիրակի, 23 սեպտեմբերի

Գերմանական մեդիայի կանոնները ընտրություններ լուսաբանելիս և առօրյայում



Գերմանիայի Օսնաբրյուկ քաղաքի «Neue Osnabrücker Zeitung» օրաթերթի տպագիր տարբերակի ղեկավար Մարկուս Թակենբերգն (Marcus Tackenberg) ասում է, որ խմբագրությունում որոշել են առավելագույնը 17 տողով անդրադառնալ սեպտեմբերի 11-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Պատճառը թեկնածուների միանման ասելիքն է: Խմբագրի խոսքով՝ բոլոր ընտրություններին թեկնածուները խոստումներ են տալիս և տեղից տեղ են գնում նույն ասելիքով: ՏԻՄ ընտրությունների լուսաբանումն «Neue Osnabrücker Zeitung»-ն սկսում է քվեարկության օրվանից 4 շաբաթ առաջ:

Եթե ԶԼՄ-ն հանրային չէ, ապա ազատ է ընտրությունները լուսաբանել-չլուսաբանելու հարցում: Մասնավորները օրենքով նաև պարտավորված չեն հավասարաչափ լուսաբանել թեկնածուներին: Օրինակ՝ «Deutsche Presse-Agentur»-ը՝ երկրի խոշորագույն լրատվական գործակալությունը, որն անկախ է քաղաքական ուժերից, մեծ կուսակցություններին ավելի շատ է լուսաբանում, քան փոքրերին:

Իսկ հավասարաչափ լուսաբանումն արդեն բարոյական պարտավորության պես է, ինչին հետևում են որոշ թերթեր: Յուրաքնաչյուր լրատվամիջոց ինքն է որոշում՝ քանի շաբաթ առաջ, քանի տող կամ րոպե է տրամադրելու նախընտրական քարոզարշավի լուսաբանմանը:

«Neue Osnabrücker Zeitung»-ի տեղական թեմաների խմբագիր Սանդրա Դորնը (Sandra Dorn) նշում է, որ թեկնածուների ներկայացման ձևաչափ ունեն, որտեղ նշում են թեկնածուի հասակը, նախասիրությունները, վերջում էլ նրա ստորագրությունն է (տես նկարում): Սրանք ամփոփ տվյալներ են, որոնք հետաքրքրությամբ են կարդացվում:

Նույն թերթի լրատվական բաժնի ղեկավար Միքայել Կլասեն (Michael Clasen) ասում է, որ թեև իրենցը տեղական թերթ է, ամեն ինչ անում են, որ Օսնաբրյուկի բնակիչն ամբողջ տեղեկատվությունը՝ ներառյալ միջազգային լուրերը, ստանա թերթի միջոցով: Թերթն անկախ է. ֆինասնավորման աղբյուրը բաժանորդագրությունն ու գովազդն են:

Միանգամայն այլ պատկեր է Հանովերի «NDR» հանրային հեռուստատեսությունում: Դաշնային քաղաքական լուրերի խմբագիր Դիրկ Բանսեն (Dirk Banse) և հեռուստատեսային ու առցանց բաժնի խմբագիր Շտեֆեն Գուրը (Steffen Gurr) նշում են, որ երկրի Սահմանադրությամբ պարտավոր են լուսաբանել ընտրական գործընթացը: Լուսաբանումն սկսում են քվեարկության օրվանից 6 շաբաթ առաջ:

Ըստ Բանսեի՝ Հանովերում մարդիկ այդքան էլ հետաքրքրված չեն ընտրություններով, ներկայում քվեարկության գնացողների թիվը նվազել է: Պատճառը կենսամակարդակի աճն է: Նույն կարծիքին է Օսնաբրյուկի թերթի խմբագիր Մարկուս Թակենբերգը: Հարցին, թե որն է մարդկանց առաջնահերթ խնդիրը, նա ասում է. «Խնդիրն այն է, որ մենք խնդիր չունենք»:

Գերմանիայում ընտրելու իրավունք ունեն 16 տարին լրացած քաղաքացիները, ինչպես նաև երկրում 3 ամիս բնակություն հաստատած ԵՄ քաղաքացիները:

Գերմանական լրատվամիջոցներում մեծ ուշադրություն են դարձնում լրագրողական էթիկայի կանոններին: Միքայել Կլասեն, օրինակ, ասում է, որ «Neue Osnabrücker Zeitung»-ն ազատ է, գրում է ամեն ինչի մասին, բայց կանոններ կան, որոնց հետևում են: Չեն լուսաբանում ինքնասպանության դեպքերը, չեն հրապարակում ավտովթարներից արյունոտ կադրեր: Այս թվարկմանն ավելանում է գերմանական մեդիայում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը՝ փախստականների հարցը: Կլասեի խոսքով՝ թերթը խուսափում է օգտագործել «փախստական» բառը: Օրինակ, Մարոկկոյից Գերմանիայում բնակություն հաստատած փախստականի մասին գրում են, ասենք, 54-ամյա տղամարդը Մարոկկոյից: Մ. Կլասեի խոսքով՝այդպես ձգտում են չվիրավորել մարդու արժանապատվությունը:

Գովազդով և քաղաքական խորհրդատվությամբ զբաղվող «365 Sherpas» ընկերության գործադիր տնօրեն Կլաուս Հարբերսն (Klaus Harbers) ասում է, որ ուրիշներին վնասող որևէ բան երբեք չեն հրապարակում, նաև չեն համագործակցում զենք արտադրող ընկերությունների հետ:

Կլաուս Հարբերսը՝ ձախից

Նշում է, որ դետալները մեծ դեր ունեն պաստառներ և հոլովակներ պատրաստելիս: Օրինակ, Բեռլինի քաղաքապետի թեկնածություն առաջադրած Ռենատե Կյունաստի (Renate Künast) նախընտրական քարոզարշավի պաստառներում ընդգծված են ձեռքերը՝ ափերը բաց:

«DPA» գործակալությունում արդեն 9 տարի նորություններ են պատրաստում երեխաների համար: Լսարանը 6-12 տարեկաններն են: Կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Քրիս Մելցերն (Chris Melzer) ասում է՝ երեխաներին պետք է բացատրել աշխարհը, և ասել, որ աշխարհում նաև բռնություններ են կատարվում: Այս թեմայի շուրջ գործակալությունում քննարկումներ են եղել: Տեսակետ է հնչել, որ երեխաներին պետք է զերծ պահել նման նորություններից: Սակայն Մելցերը նշում է, որ իրենց ուսումնասիրություններով՝ երեխան որքան շատ բան է իմանում բռնությունների մասին, հետագայում դրանցից ավելի քիչ է վախենում: Քրիս Մելցերը հավելում է, որ իրենց անկախ լինելու բանալին բանժետերերն են, որոնք 83-ն են, սակայն ոչ մեկ 5 տոկոսից ավելի բաժնեմաս չունի:

Հ.Գ. Հայաստանից 10 լրագրողները Գերմանիա էին այցելել «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» մեկշաբաթյա նախագծի շրջանակներում: Նախագիծը Գերմանիայի ԱԳՆ-ի աջակցությամբ իրականացրել են Բեռլինի լրագրության դպրոցն ու «Լրագրողներ հանուն ապագայի» հայաստանյան ՀԿ-ն:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ