Շաբաթ, 22 սեպտեմբերի

Նորանշանակ վարչապետի հետ առնչություն ունեցող բիզնեսները և օֆշորային ընկերությունները



Արդեն հայտնի է, որ Հայաստանի վարչապետ է դառնալու Կարեն Կարապետյանը։

Մասնագիտությամբ տնտեսագետ Կարեն Կարապետյանը քաղաքական դաշտում առաջին անգամ հայտնվեց Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ 2010-2011թթ.: Մինչ այդ, ըստ նրա կենսագրությանը, Կարեն Կարապետյանը եղել է՝ 1996-1998 թթ. «Հայէներգո» ՊՁ գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001թթ.՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն, 2001-2010թթ.` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ Քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն էր, 2013 թվականից էլ՝ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» խորհրդի անդամ:

Հայաստանում Կարեն Կարապետյանն իր անվամբ գրանցված բիզնես, կարծես թե, չունի: Հովիկ Աբրահամյանի նման նա էլ է իր հարազատների անուններով ձևակերպել իր բիզնեսները: Կարապետյանի ընտանեկան բիզնեսի «պաշտոնական ներկայացուցիչը» նրա ավագ որդին է՝ Տիգրան Կարապետյանը:

Տիգրան Կարապետյանը 50% բաժնեմաս ունի կանանց ներքնազգեստի Women’ secret խանութ-սրահի սեփականատեր «Էդ ընդ Թի Փարթներս» ՍՊԸ-ում: Բաժնետոմսերի մնացած կեսը Էդգար Խաչատրյանին է պատկանում, ով հանրահայտ «Դալմա Գարդեն Մոլի» տնօրենն է: Էդգար Խաչատրյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Կոմերցիայի և արտաքին կապերի գծով գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Տիգրան Խաչատրյանի որդին է: 

Կարապետյանները բիզնես գործընկեր են ռուսաստանցի գործարար, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:

«Դալմա ինվեստ» ՍՊԸ-ում Տիգրան Կարապետյանը 1% բաժնեմաս ունի, իսկ 99% բաժնետոմսերը Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված օֆշորային «Հոլթ Հոլդինգ ընդ. ֆայնենս» ընկերությանն է:

Լայնածավալ ներդրումային ծրագրեր իրականացնելու համաձայնագիրը «Տաշիր» գրուպ ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի հետ կնքվել է 2011թ. մարտի 1-ին: Մասնավորապես, դրա շրջանակներում ենթադրվում էր Դալմայի այգիների տարածքում ավարտին հասցնել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի ու ժամանցային համալիրի շինարարությունը: Համաձայնագիրը ստորագրել է անձամբ ինքը՝ քաղաքապետ Կարեն Կարապետյանը: 

Կարեն Կարապետյանի որդու անունը երևում է նաև «Էրեբունի պլազա» ՍՊԸ-ում: Այնտեղ, ճիշտ է, չնչին բաժնեմաս ունի, բայց բացառված չէ, որ օֆշորային խոշոր բաժնետեր ընկերությունը՝ ԲՎԿ-ում գրանցված «Քլիֆֆ Թրեյդ էնդ ինվ. Ինկ»-ը ևս Կարապետյանների ընտանիքինն է: Դա պարզել մեզ դեռևս չհաջողվեց:

Կարեն Կարապետյանի անվան հետ մշտապես կապվող, Հրազդանի կիրճում գործող «Ֆլորենս» ռեստորանը նույնպես որդու անվամբ է: «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ում, որն աշխատեցնում է ռեստորանը, Տիգրան Կարապետյանը 65% բաժնեմաս ունի: 35%-ի բաժնետերն էլ 26-ամյա Լիլիթ Նիկոլայի Գաբրիելյանն է:

Կարապետյանների «Ֆլորենս» ռեստորանն իր «քույրն» ունի նաև Արցախում: Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում գործում է ևս մեկ «Ֆլորենս» ռեստորան:

Գովազդային գործակալություն «Բի Բի մեդիա»-ի հետևում ևս Կարեն Կարապետյանի որդին է: «Կատանա» ՍՊԸ-ն, որտեղ վերջինս 50 տոկոս բաժնեմաս ունի, այդ գործակալության հիմնադիրն է՝ «Բագ ընդ Բադ» ՍՊԸ-ի միջոցով: Այս ընկերությանը «Հետքն» արդեն մեկ դրվագով անդրադարձել է: Տիգրան Կարապետյանի գործընկերն այստեղ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր, ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանն է: Այժմ Հայկ Հարությունյանը էներգետիկայի նախարարի տեղակալ է: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի դուստրն ամուսնացել է Հայկ Հարությունյանի հետ:  

Գազի սպասարկում իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն ևս կապում են Կարեն Կարապետյանի անվան հետ, որովհետև ընկերության հիմնադիր և բաժնետեր եղել է Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը: Սակայն 2009-ին Վլադիմիր Կարապետյանը դուրս է եկել ընկերությունից: Այժմ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում բաժնեմաս ունեն Արթուր և Լուսինե Սուրենյանները՝ 16 և 14 տոկոս բաժնեմասերով: Վերջիններս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իրացման գծով նախկին փոխտնօրեն Ռուբեն Սուրենյանի զավակներն են: Այս ընկերության ամենամեծ բաժնետերը (42%) Արսեն Հարությունյանն է: Նա նույն, ինչպես նաև Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանը կառավարող ընկերության՝ «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է:

26% բաժնեմաս ունի նաև քաղաքացի Արթուր Գելեզարովը, ևս 2%՝ Սոնա Պիծակյանը: Վերջինս, ըստ ամենայնի, Արսեն Հարությունյանի կինն է, քանի որ գրանցված են նույն հասցեում:

«Սփար բերիի» ՍՊԸ-ն ամբողջությամբ Կարապետյան կրտսերի տիրապետության տակ է:  Ընկերությունը վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ է մատուցում:

Կարապետյանների տան հասցեում է գրանցված «Կրբեդանց» ՓԲԸ, որը ժամացույցների և ոսկերչական արտադրատեսակների մանրածախ առեւտրi մասնագիտացված խանութ է: Այն մասն է Շվեյցարիայում գրանցված և տարբեր երկրներում ներկայացուցչություններ ունեցող Kerbedanz բրենդի, որը զբաղվում է նաև ժամացույցների արտադրությամբ: Տիգրան Կարապետյանն այստեղ նաև տնօրեն է:  Ընկերության անվանումը վերցված է Կարապետյանների ազգանվան՝ ղարաբաղյան արտասանության տարբերակից (Կարապետանց, այսինքն՝ Կարապետի ժառանգները): «Կրբեդանց» ՓԲԸ-ն հայտնվել է ՊԵԿ-ի պարտադիր աուդիտ չանցած խոշոր ընկերությունների ցանկում:

«Արտսոլեի» ՍՊԸ-ում Տիգրան Կարապետյանը հավասարապես կիսում է բաժնեմասը Արմեն Մկրտչյանի հետ: Ընկերությունը գազալցման կայաններում ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտրով է զբաղվում:  

Եվս երեք ընկերություն էլ Տիգրան Կարապետյանը գրանցել է վերջին տարիներին՝ «Ադջառա 1», «Ադջառա 2» և «Ադջառա 3» ՍՊԸ անուններով: ՊԵԿ-ից տեղեկանում ենք, որ «Ադջառա 1»-ը զբաղվում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների և ծրագրային ապահովման մեծածախ առևտրով:

Սակայն ՊԵԿ-ը մյուս երկուսի գործունեությունը չի դասակարգել՝ ներառելով «այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներում» կատեգորիայում: Տեղեկություններ այդ ընկերությունների մասին համացանցում ևս չկան:

Կարեն Կարապետյանը մեծաքանակ բիզնես ծրագրեր ունի նաեւ Ռուսաստանում: Մոսկվայում նա գազալցակայանների ցանց է կառուցում: Համատեղ բիզնես ծրագրեր է իրականացնում նաեւ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի հետ։ Կարեն Կարապետյանի ռուսաստանյան բիզնեսին կանդրադառնանք առաջիկայում։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (33)
1. Lilit14:45 - 9 սեպտեմբերի, 2016
Հարգելի լրագրող շատ լավ է, որ շատ հարուստ ու տեսած մարդ է պատրաստվում Վարչապետ դառնալ, դեռ չնշանակված արդեն սկսել եք, ի դեպ ժողովուրդը մեծ հույսեր է կապում այս մարդու հետ, նա կայացած է և ունի իր հայացքներն ու տեսակետը: Թողեք այդ մարդը աշխատի:
2. Արամայիս15:24 - 9 սեպտեմբերի, 2016
Հարգելի Լիլիթ, երկրի գործադիր մարմնի ղեկավար աշխատելու համար "տեսած" և "հարուստ" որակները շատ քիչ են։ Մեծ հույսեր կապելու հետ կապված Ձեր փոխարեն ես ժողովրդի անունից չէի խոսի։ Ինչ վերաբերվում է "թողեք թող այդ մարդը աշխատի"-ին, կարծեմ լրագրողը ոչ մի վիրավորական կամ անպարկեշտ արտահայտություն թույլ չի տվել Կարապետյանի հասցեին, այլ սոսկ չոր փաստեր է արձանագրել։ Ընդ որում՝ հաճախ հղում անելով պետական մարմիններից ստացված պաշտոնական տվյալներին։ Եթե նշված փաստերի հետ կապված այլ տվյալներ ունեք, խնդրեմ, նշեք Ձեր ունեցած տեղեկատվությունը, ցանկալի է՝ հղում անելով աղբյուրին։
3. Loris15:25 - 9 սեպտեմբերի, 2016
Lilit չեմ կարծում, որ լրագրողը իր այս հոդվածով մարդուն բռնել ա չի թողնում աշխատի: Ժողովրդի անունից էլ մի պնդեք թե հույսեր են կապում էտ տեսած մարդու հետ,, նույն տրամաբանությամբ էլ ես կարող եմ պնդել, որ ժողովուրդը արդեն վաղուց սերժի ու իր նշանակած վարչապետերի հետ ոչմի հույս չի կապում:
4. Վահե15:32 - 9 սեպտեմբերի, 2016
Երբեք լրագրողները չեն խանգարում որևէ պաշտոնիայի ազատ աշխատել,լրագրողները միայն վատ աշխատելուն են խանգարում․․․
5. ԱՐՄԵՆ16:00 - 9 սեպտեմբերի, 2016
Շատ ուրախ եմ, որ նա սերտ կապեր ունի գրուպի հետ, նրանք ունեն ԻՐԱԿԱՆ - ՌԵԱԼ պոտենցիալ, որով կարող են լուրջ թափ հաղորդել մեր երկրի լճացած տնտեսությանը, սա ամենալավ լուծումն էր, որ այս պահին կարող էր անել երկրի Նախագահը:
6. Harutyun16:11 - 9 սեպտեմբերի, 2016
Apres Lilit
7. հայ16:11 - 9 սեպտեմբերի, 2016
Լիլիթ. Դուք հանրության անունից մի խոսեք։ Հանրությունը վերին աստճանի զզված է և ատում է այս քրեաօլիգարխիկ համակարգը, իսկ կարապետյանը եկել է այս համակարգին ծառայելու։ Վերջիվերջո սեռժի դրածոն է։ Կարապետյանը այս համակարգի մաս կազմելուց է իր միլլիոնները կուտակել։ Աշխարհի ամենաախքատ պետություններից մեկում չնչին աշխատավարձով դարձել միլլիոնատեր։
8. Арутюнян Арутюн18:10 - 9 սեպտեմբերի, 2016
Ցանկալի է, որ նա ելույթ ունենա իր ծրագրերով, առօրյա և հեռանկարային պլաններով: Մի բան հաստատ է, որ միայն մոնոպոկ առևտրով(չարչիությամբ), գործող բանկային սիստեմով երկիրը զարգացնել հնարավոր չէ:
9. Վարազ Սյունի (Ամստերդամ)18:18 - 9 սեպտեմբերի, 2016
Սովետից մնացած Սերժիկը ի՛ր համար «խաբսեր» է տալիս՝ մինչև 2017 թ. խորհրդարանական ընտրություններ իշխանության մնալու համար: Մի ռուսավասալ վարչապետի մյուսով փոխելով երկրում ոչ մի էակա՛ն բան չի փոխվելու:Մի հուսահատվեք. (թունավոր) ծառը կացնի մե՛կ հարվածով չի ընկնում: ....................Հայաստանը դու՛րս պիտի գա ԵՏՄ ու ՀԱՊԿ կոչված հիմարություններից. սա է հայի՛ շահը: Հայաստանը պիտի՛ սանձի Գազպրոմի գազային տեռորը Հայաստանում ու առնվազն 500 մլն դոլար տարեկան վարձ պահանջի Հայաստանում ռուսական բազաների համար: Ռուսաստանի ՁՐԻ ՕՐԵՐԸ Հայաստանում պիտի վերջանա՛ն:
10. bakour18:28 - 9 սեպտեմբերի, 2016
Հետաքննող լրագրողը միակն է, որ հանրությանը տեղեկացնում է մանրամասներ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ մասին: Հանրությունը պետք է ճանաչի նրան, քանի որ նա ոչ թե ՀՀ նախագահի, այլ պետության, այսինքն` ժողովրդի վարչապետն է...
11. Ալլա19:33 - 9 սեպտեմբերի, 2016
Չէ, ես , իհարկե, հասկանում եմ, որ տուն եք պահում, քոմմենթ եք գրում, ամիսը ձեր բաժին 50 հազարն եք ստանում, բայց ինչ կլինի նենց գրեք նորմալ մարդիկ չկարդան էլի։ Նյարդային համակարգս խախտվում ա ուղակի։ Էդ այսինքն բիզնեսներ ունենալը, օֆշորներում նկատված լինելը դրական գործոններ ե՞ն վարչապետ լինելու համար։ Հո դուք հիվանդ չե՞ք։ Այցելեք բժշկի խնդրում եմ։ Սրա մասին միակ բանը, որ պետք է իմանալ․ առաջդրվել է հանրապետականի կողմից, աշխատելու է Հանրապետականի համար և վերջ։ Հա մեկ էլ կարելի ա ավելացնել, որ քաղաքապետ եղած ժամանակ աշխատողներին պարտադրում էր ռուսերեն խոսել։ Մի խոսքով միջին ստատիստիկական ռուսական ծագումով մեծահարուստ ստրուկ ա։ Էսքանը։
12. Լևոն Մկրտչյան20:38 - 9 սեպտեմբերի, 2016
Ես միամիտ չեմ և հավատում եմ, որ Կարեն Կարապետյանը գալիս է ոչ թե թալանելու, այլ թալանը՝ կասեցնելու, որ գոնե կարողանանք 200 միլիոնի պարտքով զենքը ի վերջո Ռուսաստանից բերենք Հայաստան։ Եղածը եղել է և գոնե ես փորձում եմ չը կռռալ։ Կարեն ջան Աստված առաջ, եղիր վարչապետերից Առաջինը և մեր հուսախաբված և հոգսերից բզկտված ժողովրդին՝ հուսահատ ՉԱՆԵՍ։
13. Արմեն22:39 - 9 սեպտեմբերի, 2016
Հարգելի Լևոն զարմանալի լավատես, իրոք հավատում եք սրանցից մի լավ բան? 200 միլյոն դոլար ցանկացած առաջին էշալոնում գտնվող իշխանիկի կամ ուղակի ալիգարխիկի գրպանում կա ու դա թալանված է մեր ազգիզ, մեր ազգի անվտանգությանը ուղղվելիք դրամապանակից: Այս ստահակներից ոչ ոք չպետքա մարսի: Այս կատեգորիան` այսինքն մեր ազգի դավաճանները պետքա է սատկեն իրենց վիժվածքներով հանդերձ և գողունը վերադարձնեն իրական տիրոջը: Այդ թալանված փողերով, ստեղծարար, մտավոր և ինովացիոն պոտենցիալով հանդերձ Մեր Երկիրը երեք տարում աշխարհի ամենազարգացած ու ամենահարուստ երկրներից կդառնա:
14. Աղավնի23:59 - 9 սեպտեմբերի, 2016
Հայ ժողովրդին միշտ կործանել է իր միամտությունը;
15. Սիմոն Տէտէեան14:49 - 10 սեպտեմբերի, 2016
Սարդոստայնի թնճուկային պատմութիւն... Տեսնենք ապագան ուր պիտի տանի մեզ... Նման է ըսել՝ «Ինչ էի, Ինչ եղայ եւ Ինչ պիտի ըլլամ»...
16. Mayis16:13 - 10 սեպտեմբերի, 2016
Ես շատ եմ ցավում հայերիս տարրական բաները չհասկանալու վրա։ Մեզ բոլորովին չի հետաքրքրում գաղափարը՝ այլ միայն ,,ստամոքսը,,։ Հարգելիներս միթե այնքան կուրացել եք որ չեք տեսնում որ սա Մոսկվայի (այսինքն ի միջի այլոց օտար պետության) դրածո է։ Այս հանգամանքը թողած սկսել եք անգրագետ հայտարարություն անել թե ինչ մարդ ա նոր վարչապետը, ինչ սիրուն երես ունի, ինչ լավ ա խոսում (ի դեպ ոչ հայերեն․․․ նա հայերեն չի կարողանում խոսել)։ Ես կասեմ պաճառը թե ինչու եք ըտենց մտածում․․․․ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՐՊԵՍ ԱԶԳ ՄԵՆՔ ուղղակի ԱՐՄՅԱՇԿԱ ենք
17. Նաիրա18:06 - 10 սեպտեմբերի, 2016
Թողեք մարդը հանգիստ աշխատի… Դեռ պաշտոնապես չի նշանակվել, ծրագիրը չի ներկայացվել, իսկ դուք արդեն սկսել եք քարկոծել: ՀՀԿն է ներկայացրել, որովհետև խորհրդարանում մեծամասնությունն իրենք են, նախագահն էլ պիտի առաջադրեր թեկնածությունը ՕՐԵՆՔԻ տառին համապատասխան: Եթե ձեզնից մեկին առաջարկեին էլի նույնն էիք ասելու: Բան եք ուզում փոխել գնացեք ընտրությունների ԱՌԱՆՑ 5000 դրամ վերցնելու…
18. Խաչատուր01:27 - 11 սեպտեմբերի, 2016
Եթե կարծում եք, թե երբևէ որևէ տեղ ինչ որ մեկը ուրիշների շահերից դրդված չի, որ գալիս է իշխանության, կատարյալ միամիտ եք։ Արվեստը հենց դա է, որ կեղտաջրի մեջ հնարավորություն ստեղծեք մարդկանծ կյանքը բարելավելու... Փաստ-- կրթված է, Փաստ-Միջազգային խոշոր բիսնեսի փորձ ունի, փաստ-- անգրագետ հերոս չի ձևացել երբեք. Լավ, եթե սրան էլ պախարակենք, ձեզ թվումա ո՞վ պիտի կառավարության կամ ղեկավարության գլուխ կանգնի-- Ուրուգվայի պրեսիդենտ Խոսե Մուհիկա՞ն, որ անբասիր կենսագրություն ու ոչինչ չունենալով հանդերձ, դարձյալ քարկոխման է ենթարկվում ոմանց կողմից։ Թե՞ թուր ու թվանքը վերցնենք ու ... մինչև ու՞ր. մարդը չեկած արդեն ասում եք՝ գող ու սրիկա, Ռուսաստանի դրածո, էս ու էն... Հիմա ինքն ա վարչապետը, կկարոլանա՞ օրինակ հանդիսանալ, որ անգրագետ զոռբաներին մաքրեն խորհրդարանից... կտեսնենք.
19. Քամ02:34 - 11 սեպտեմբերի, 2016
Ռուսերեն սովորեք, ազգանուն փոխեք ``միամիտներ`` և ``լավատեսներ``, միչև 2017 ի ընտրությունները ՌԴ ``ռուլիտ``
20. Արմեն16:34 - 11 սեպտեմբերի, 2016
հարգելիներ....վարչապետն իմ կարծիքով չպիտի ներկայացնի որևե խմբի շահեր...մտահոգիչ է...հուսադրոխ են հայեցի աչքերը ինչը չկա այսօրվա էլիտայում...տխուր է; որ հույսներս ինչի վրա ենք դրել...առաջ Աստված..
21. Angela20:16 - 11 սեպտեմբերի, 2016
Միշտ զարմանում եմ, թե այդքան փող ոնց են աշխաում ու ոնց են վայելում, երբ շուրջը այդքան սոված մարդ կա: Իզուր ձեզ հույսեր մի տվեք, կուշտը սովածին մանր է բրթում:
22. Հայեցի11:32 - 12 սեպտեմբերի, 2016
Ռուսամետ, ռուսալիզ ու, հետևաբար, հակահայ՝ մնացածը հետևանքներ են
23. Gayane Asilbekyan18:17 - 12 սեպտեմբերի, 2016
Հայաստանը այքան տարի թալանելուց,վաճառելուց և «հարուստ» ու «տեսած» ժօղովրդի կողմից չընտրված ղեկավարների աթոռատեր դարձնելուց հետո ինձ զարմացնում է, թե ինչպե՞ս կարող է հայը դեռ գրել ,որ ժողովուրդը հույսեր է կապում «հարուստ» ու «տեսած» մի նոր թալանչիի հետ: Ամենաողբերգականն այն է որ Լիլիթին և իր տեսակներին չի հուզում այս բորենիների ժողովրդի երակներից ծծած արյան հաշվին դիզած սրանց և իրենց ժառագորդների այս միլիոնների կուտակման աղբյուրը՝ որը միակն է. Հայաստանի կործանումը:Ժողովուրդը դա մենք ենք,ով ոչ մի հույս չի կապում նման սրիկաների հետ ու չհամարձակվե՛ք խոսել ժողովրդի անունից:
24. Նարինե Վարդանյան22:09 - 12 սեպտեմբերի, 2016
Ով էլ լինի հհկ ից բոլորն էլ ավազակներ են էդ ովա հալալ քրտինքով էդքան հարստություն դիզում դրանք ժողովրդից թալանած փողերն են որ իրանց թոռով ծոռով ուկոռով ապահովել են բիզնեսներն էլ հարազատների անունովա իրանց չի էլ հուզում որ ժողեվուրդը ծայր աստիճան չքավորության մեջա ապրում քանի անգամ եմ ականատես եղել թե ոնց են չքավոր մարդիկ քանդում աղբամանի աղբը բա էտ տականքները խիղճ աստված ունեն հազիվ ժուռնալիստներին ահաբեկեն ծեծեն խանգարեն որ աշխատեն էդ հըլը հարցա ով ումա խանգարում խուժան ավազակ վայրագ մարդասպաններ են դրանք իրանց հոգին ռուսին ծախած վասալներ ճղճիմ ոչնչություններ ժողովուրդը դրանց հետ ոչ մի հույս էլ չի կապում այլ ճամպրուկներնա կապում դրանք թուրքից վերան են օյին են դնում էս խեղճ ժողովրդի գլխին եւ դեռ համարձակվում են դրանց մանկլավիկները ժողովրդի անունից խոսամ եւ քննադատեն ժուռնալիստներին սապոնը ցած դրեք ամոթա կարողա երկնքից եք իջել....
25. Աշոտ Մարկոսյան15:51 - 13 սեպտեմբերի, 2016
Ինչ եք նվնվում, կապիտալիզմա կան հարուստներ ու կան աղքատներ։ Ձեր երազների դեմոկրտական երկրներում ոնցա կարողա սաղ հավասար են, Ռոկֆելլերները ու Նյու-Յորքում ամեն մետրի վրա նստած բոմժերը։ Ժողովրդի հասկացող մասը իրա հետա հույս կապում, ոչ թե ինչ որ վարչապետի կամ "բարի ցարի"։ Գիտի որ աշխատես կապրես, որ աշխատելու փոխարեն ամբողջ օրը ֆեյզուկներում լացուկոծ անես լավ չես ապրի։
26. Աշոտ Պողոսյան16:26 - 13 սեպտեմբերի, 2016
Նարինե Վարդանյան Էս ինչ պոպուլիստական ճառեր ես արտասանում։ Նյու-Յորքումել աշխարհի ամենահարուստ քաղաքում լիքը բոմժեր կան։ Կարողա էտ աղբաման քչփորողը թամբալի մեկնա, դպրոցում լավ չի սովորե, ոչ մի արհեստի չի տիրապետում ու ընդանրապես չի ուզում աշխատի դրա համարել աղբաման քչփորում։
27. Vazgen14:20 - 14 սեպտեմբերի, 2016
Ցավոք այսքան մեկնաբանությունների մեջ միայնի Mayis անունով մի օգտատեր ներկայացրեց ճշմարտությունը: Իմ եզրակացությունը հիմնված բոլորիս հայտնի փաստերի վրա Այս մարդը նշանակվել է պուտինի կողմից, որպես այժմյան արդեն մազից կախված իշխանության փոխնակ, ապահովելու համար ռուսաստանի, արդեն երկար տարիների, Հայաստանի նկատմամբ ունեցած հավակնությունները վրջապես իրացնելու համար: Մի խոսքով, ռուսաստանը այլևս չի վստահում հայաստանի ներկա՝ ուժասպառ, իշխանությանը (չնայած նրան, որ այն դեռ հավատարիմ է իր տիրոջը ծեր շան նման)և հետևաբար այստեղ գործուղղեց իր ամենաարդյունավետ գործակալին, մի մարդու, որի շնորհիվ գործնականորեն սեփականաշնորհվեց հայաստանի ողջ ունեցվածքը ռուսաստանին: Սկզբում գազպրոմի միջոցով ձևավորում է ինչոր անհասկանալի պարտք (իհարկե ոչ առանց Հայաստնաի բարոյազուրկ կառավարության օգնության: Այնուհետև կնքվում է գոյացած պարտքի դիմաց գույք՝ հանցավոր համաձայնությունը և աստիճանաբար յուրացվում Հայաստանի ռազմավարական տնտեսական միավորները: Աստիճանաբար զարգացնելով հաջողությունը՝ ներգրավում են այդ պարտքի դիմաց Հայաստանից թալանված տարբեր գործուն միջոցները՝ ՀԷՑը, Նաիրիտը և այլն, մեզ վերջնականապես զրկելով ռուսաստանի էկսպանսիայի նկատմամբ որևե դիմադրողականությունից... Ահա մեր նորաթուխ վարչապետը: Լրագրողներին: Կարևոր չէ ինչ ունի պաշտոնյան, կարևոր է ինչպես է այդ ունեցվածքը գոյացել:
28. Հրաչյա17:16 - 14 սեպտեմբերի, 2016
Ալլա` պահպանեք նյարդային համակարգը: Ուղակի ռուսները փայլուն խաղացին: Ավելացնեմ, որ ամենահեռատեսը հայաստանյան բժիշկներն էին, որոնք անկախությանը լուրջ չնդունեցին և շարունակեցին իրար դիմել ռուսական ձևով` հայրանուններով:
29. Հրաչյա18:08 - 14 սեպտեմբերի, 2016
Իսկ եթե լուրջ: “թողեք աշխատի…” – է թողած ա: Գազի և էլեկտրաէներգիայի ներկա գներով ԵՏՄ շուկայում ոչ մի մրցունակ ապրանք չենք կարող ներկայացնել: Ռուսները դա հաշվել են: Իսկ ինչ ենք անում մենք: Մենք խնդրում ռուսներին, որ Գազպրոմը նվազեցնի Հայաստանի համար գազի գինը և բարի ռուսները բնականաբար համաձայնվում են` այսուհետ գազը կտան ոչ թե 270$ այլ 210$-ով, հետո նորից ենք խնդրում` ռազմավարական և այլ պիտակներով եղբայրների համար նորից հարց չկա` կրկին համաձայնվում են` 185$, հետո` 155$: Սակայն այդ մասին բոլոր պաշտոնական հաղորդագրությունները ավարտվում են նույն տեղեկատվությամբ, որ ռուսաստանյան Գազպրոմին 100 տոկոսավ պատկանող ‘Հայռուսգազարդ” դուստր ձեռնարկությանը ստանալով էժանացված գազը Հայաստանի սպառողների շարունակելու է մատակարարել նույն 320$-ով: Հարց, ով գիտի ինչու ենք մենք խնդրում որ ռուսը ռուսին էժան տա, սա ինչ լախատրոն ա: Եթե այդպես է, առաջարկում եմ գնանք խնդրենք մեքսիկացիներին, որ ԱՄՆ-ին գազը էջան տան, մեկ է մեր համար այդ դեպքում նույնպես գազի գինը չի փոխվի: Ավարտեմ, հավատում եմ, որ մեր նոր վարչապետը այս պատմությունը իմանալով բարկացավ, Գազպրոմից գրքույկը դրեց Մյուլլեռի /թե Միլլեռ?/ սեղանին ու եկավ Հայաստան, որ այստեղից այդ Գազպրոմին կարգի բերի: Հա, ես հավատում եմ, իսկ դուք…
30. Armen Zakaryan 18:32 - 30 սեպտեմբերի, 2016
Հարգելի ընկերներ իմ կարծիքով եթե կան փոփոխություններ ինչ որ չափով լավ է,հարցը կոնկրետ Կարեն Կարապետյանը չի, կարող էր նաեւ ուրիշ մարդ լիներ այդ պաշտոնին. Ինչ մնում ա հարուստ լինելուն. Իմ կարծիքով արդյունավետ աշխատելու համար հարուստ լինելը չի խանգարի: Եկեք հարցին ուրիշ տեսանկյունից նայենք' այս փոփոխություններից գործող ԼԿՏԻ իշխամության անդամների կապը միմիանց հետ թուլանում ա , ու նախկին քավոր սանիկ հարաբերությունը փոխվոմ ա,այստեղ մի քիչ ժողովուրդի վիճակը կփոխվի դեպի լավը:
31. Ani15:04 - 4 հոկտեմբերի, 2016
Վերջապես Դեմիրճյանից հետո Հայաստանն ունի մեկ արժանի ղեկավար, մարդ ով կկարողանա մաքրել կուտակված ... բացասականը ու ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանը, Աստված առաջ, բարի երթ...
32. Անդրանիկ20:40 - 19 դեկտեմբերի, 2017
Գող շները չեն կշտանում` անցել են պետության թալանքին
33. Арутюн Антонян11:25 - 10 հունվարի, 2018
Этот человек очень крупно подвёл армян и Армению все прибрал к своим рукам. Ведёт очень очень плохую кадровую. Политику и очень что много можно описать. Чем быстрее покинет пост тем будет лучше для страны и для него а то весь народ проклинает этого шоумена
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ