HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու իրականում հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին հրաժարական տվեց՝ այդ պաշտոնում ընդամենը երկուսուկես տարի մնալուց հետո: Նրա հեռացումը, սակայն, որևէ կոնկրետ, հասկանալի բացատրության չարժանացավ: Աբրահամյանի հրաժեշտի ելույթից տպավորություն էր, որ նա հեռանում է նախագահից և ՀՀԿ-ից խռոված, արդարանալու, իր ուսերից կառավարության ձախողումների պատասխանատվությունը գցելու ակնհայտ ցանկությամբ: Սակայն ոչ նրա և ոչ էլ նախագահի կողմից այդպես էլ որևէ բացատրություն չտրվեց, թե ինչո՞ւ է վարչապետի փոփոխությունը տեղի ունենում խորհրդարանական վճռորոշ ընտրություններից ընդամենը 6-7 ամիս առաջ, ո՞րն է նման շտապողականության օբյեկտիվ անհրաժեշտությունը և ի՞նչ խնդիր է լուծելու Կարեն Կարապետյանի նոր կառավարությունը: Իրականում այն, ինչ տեղի է ունենում ներկայոմս, շատ ավելի խոշոր կուլիսային գործընթացի կամ օպերացիայի արարներից է: Իսկ Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ունի ոչ թե մեկ, այլ մի քանի խորքային պատճառ:

Ներիշխանական այլընտրանքի չեզոքացումը    

Հովիկ Աբրահամյանը, իբրև վարչապետ, իր պաշտոնավարման ընթացքում երբեք չի ունեցել գործողությունների և ազատության առանձնապես մեծ դիապազոն: Նա առավելապես քաղաքական քան տեխնոկրատ ֆիգուր էր, ով ինքն իրեն մատուցում էր որպես Սերժ Սարգսյանի հիմնական փոխարինող, գործող իշխանության ղեկավարի հիմնական ժառանգորդ: Դրանով Աբրահամյանը պոտենցիալ վտանգ էր Սերժ Սարգսյանի համար, ով սիրում է միշտ, անգամ իր թիմի հետ հարաբերություններում, խաղալ փակ խաղաքարտերով և մարտավարական բարդ կոմբինացիաներով: Չնայած Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ նախագահը հայտարարել էր, թե նրան տալիս է կադրային հարցերում որոշումներ կայացնելու լայն ազատություն, սակայն  դրան զուգահեռ ամեն ինչ արեց՝ իշխանավարման երկու հիմնական լծակներ ենթադրող ոլորտները՝ ֆինանսական և ուժային համակարգերը, նրա ազդեցությունից հնարավորինս հանելու համար: Ուժայինների դեպքում ամեն ինչ պարզ էր ի սկզբանե: Պետեկամուտների համակարգը Ֆինանսների նախարարության ենթակայության տակ դնելով և այն վերապահելով մեկ այլ խոշորագույն օլիգարխի՝ Գագիկ Խաչատրյանին, ով իրեն հաշվետու էր համարում բացառապես նախագահին, Սերժ Սարգսյանը փաստացի կապեց վարչապետի ձեռքերը և, ի դեմս Խաչատրյանի՝ նրա վրա վերակացու կարգեց: Ավելի ուշ՝ այդ կապանքները նախագահը փոխարինեց քաղաքական կաշկանդումներով: Նախ՝ շարքից հանեց ԲՀԿ-ն և Հովիկ Աբրահամյանի պոտենցիալ այլընտրանքային հենարան հանդիսացող «Գագիկ Ծառուկյան» քաղաքական գործոնը, ապա, նախաձեռնելով ՀՀԿ-ՀՅԴ փաստացի կոալիցիաի ձևավորումը, ստիպեց Աբրահամյանին համակերպվել գործադիրում այդ քաղաքական փոխհամաձայնություններից էական կախվածության մեջ մնալու փաստի հետ:  

Այս միջոցառումներն արվեցին՝ Աբրահամյանին զրկելու համար ապագա իշխանության վերաձևման սերժսարգսյանական պլանները խոչընդոտելու և գործընթացը սեփական սցենարով առաջ մղելու հնարավորությունից՝ ի սկզբանե կասկածներ հարուցելով, որ նախագահը կարծես թե բացարձակապես Հովիկ Աբրահամյանին իշխանությունը ժառանգելու մտադրություն չունի:

Ինքնին 2014թ. Աբրահամյանին նման սահմանափակումներով վարչապետ նշանակելով՝ կարծես թե խնդիր էր դրվել «փչացնել» և ասպարեզից հեռացնել նրան, քանի որ ի սկզբանե ակնհայտ էր, որ Հովիկ Աբրահամյանը երկիրը բարեփոխումների, տնտեսական ծանր վիճակից հանելու ներուժ,  կարողություն չունի: Մի կողմից աննորմալ և անհեթեթ է օլիգարխիայի կարկառուն ներկայացուցչին և շահերի պաշտպանին հանձնել գործադիր իշխանությունն իր ողջ ռեսուրսներով ու լծակներով հանդերձ և նրանից տնտեսավարման ազատականացմանն ուղղված փոփոխություններ ակնկալել: Մյուս կողմից Հովիկ Աբրահամյանը, ունենալով հանդերձ վարչարարական ահռելի փորձառություն, ներքաղաքական ինտրիգներում կողմնորոշվելու և մանևրելու՝ միայն իրեն հատուկ հոտառություն ու ճարպկություն, իրականում նորարական, ճկուն միտք չուներ: Նա չէր տիրապետում կառավարման ժամանակակից մեթոդաբանությանը, իրեն ստեղծած ու հասունացրած ճահճային համակարգի հավատարիմ «զավակն» էր և, բնականաբար, առկա «քառակուսիներից» դուրս այլ բան չէր պատկերացնում և չէր կարող անել:

Քավության նոխազի զոհաբերումը  

Ահա թե ինչու Աբրահամյանը հրաշալի կատարեց ինքն իրեն տապալելու, իր քաղաքական վերընթաց կարիերայի վերջը դնելու գործը՝ ստեղծելով իր ահա այսքան անփառունակ հեռացման բոլոր նախադրյալները: Նրա պաշտոնավարման օրոք գործազրկությունն էականորեն խորացավ, տնտեսական աճը գրեթե կանգ առավ, միջին և մանր ձեռնարկատիրության շնչահեղձումը խորացավ, Արցախում կարճատև, սակայն հսկայական մարդկային ու նյութական ռեսուրսներ խլած պատերազմ տեղի ունեցավ, իսկ պաշտոնավարման բոլոր տարիներին ներքին հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցան պերմանենտ խոշոր ցնցումներ. սկզբում կուտակային կեսաթոշակային համակարգի դեմ շարժման իներցիան, ապա՝ «Էլեկտրի Երևանի» և վերջում՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը: Այս ամենի հետևանքով Հայաստանում սկսվեց իսկական վստահության ճգնաժամ, իշխանության նկատմամբ հասարակության տոտալ ատելության և օտարման մթնոլորտը հասավ անասելի մակարդակի: Եվ չնայած Հովիկ Աբրահամյան անձի դերն այս ամենում առաջնայինը չէր, դրանց  ազդեցությամբ նրա հրաժարականը թե հասարակությունը և թե արտաքին աշխարհն ընկալեցին որպես վաղուց հասունացած և անխուսափելի քայլ: Սա այն դեպքում, երբ իրականում, ըստ էության, դրա համար փաստացի չկար քաղաքական  որևէ լուրջ դրդապատճառ: Եթե առաջնորդվենք այն մոտեցմամբ, որ կար հեռացման պահանջ, ապա դա վերաբերում էր ոչ թե առանձին վերցրած Հովիկ Աբրահամյանին, այլ իշխանական ու առհասարակ քաղաքական իսթեբլիշմենթին ընդհանրապես: Այս տեսակետից Աբրահամյանը պարզապես դարձավ քավության նոխազ իշխանության համընդհանուր ձախողումների հարցն ինչ-որ կերպ լղոզելու, հասարակության ներսում կուտակված «գոլորշին բաց թողնելու» համար և զոհաբերվեց՝ իշխանության «ռեստարտ»-ի սերժսարգսյանական նախագիծն իրագործելու ճանապարհին:

«Գենսեկի» պլանը՝ գործողության մե՞ջ

Պատահական չէր նաև հրաժարականի հարցը լուծելու համար ընտրված պահը: Խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը 6-7 ամիս և այդ ընթացում Հովիկ Աբրահամյանը, անգամ մեծագույն ցանկության դեպքում չի կարող ռեաբիլիտացվել սերժսարգսյանական իշխանության ֆորմատներից դուրս: Նա ուղղակի ստիպված է լինելու համակերպվել այն համեստ դերակատարության հետ, որը նրա համար նախատեսել է գործող նախագահը: Այս իմաստով՝ Հովիկ Աբրահամյանն այլևս որևէ վտանգ Սերժ Սարգսյանի համար չի ներկայացնում: Ընդհակառակը. նա հիմա խնդիր ունի վերջնականապես քաղաքական թոշակառուի կարգավիճակում չհայտնվելու, իր կուտակած ահռելի կարողությունն ու կապիտալը նոր վերաբաշխումների ու հոշոտման թիրախ չդարձնելու համար հնարավորինս ավելի մեծ ջանք գործադրել նախագահին իր հավատարմությունն ապացուցելու գործում: Եվ դրա համար ավելի լավ շանս, քան, ՀՀԿ նախընտրական շտաբի պետի կարգավիճակով ՀՀԿ-ի վերարտադրության գործընթացը հնարավորինս անցնցում ապահովելն է, չունի: Բացի դրանից վարչապետի հրաժարականը տեղի ունեցավ  խորքային փոփոխությունների և որ շատ ավելի էական է՝ հենց կառավարության փոփոխության հանրային-«սասնածռերական» պահանջի ֆոնին: Դրանով նախագահը արտաքուստ ցույց տվեց, որ ընդառաջում է այդ պահանջին: Եվ եթե իրականությանը համապատասխանում են նաև կառավարությունից Գագիկ Բեգլարյանի, Գագիկ Խաչատրյանի, Հովհաննես Հովսեփյանի հեռացման մասին լուրերը, ապա այս հրաժարականը մատուցվելու է շատ ավելի լայն՝ իբրև օլիգարխիային պետական կառավարման համակարգից հեռացնելու, համակարգն առողջացնելու և ավելի տեխնոկրատական, պրոֆեսիոնալ դարձնելու լույսի ներքո:

Կարեն Կարապետյանն, իհարկե, ևս լուրջ կարողություններ ունի: Սակայն նա չի ասոցացվում հայաստանյան կիսաքրեական կամ քրեական օլիգարխիայի հետ, իսկ Երևանի քաղաքապետի պաշտոնից 2011թ. հրաժարվելու և Հայաստանից հեռանալու նրա  անակնկալ քայլը ժամանակին ընկալվեց որպես հայաստանյան հոռի բարքերին և կառավարման մշակույթին չհամակերպվելու, դրանց դեմարշ հայտարարելու ակտ: Բացի դրանից, ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի՝ Կարապետյանը քաղաքական դեմք չէ և քաղաքական մեծ հավակնություններ չունի: Լինելով տիպիկ կառավարիչ, նա շատ ավելի նախընտրելի և անվտանգ է գործող նախագահի համար: Այս որակների, բավարար ինտելեկտի և կառավարչական ուրույն ձեռագիր ունենալու պատճառով, ի դեպ, Կարապետյանն ինչ-որ տեղ նման է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում Սերժ Սարգսյանը 2014թ., չցանկանալով, ստիպված եղավ «զոհաբերել» թափ վերցնող ընդդիմադիր «քառյակի» պահանջներին:

Ինչևէ, Կարեն Կարապետյանի ընտրությունը Սերժ Սարսգսյանին թույլ է տալու, առանց թիկունքից հարված ստանալու վախի, ձեռնամուխ լինել հաջորդ խորհրդարանում իշխանական և ընդդիմադիր ուժերի միջև մոտավորապես այսօրվա հարաբերակցության ձևավորման գործին, ինչի հնարավորությունը ընտրական նոր օրենսգիրքը տալիս է:  Իսկ դրանից հետո, եթե որևէ լուրջ խնդիր չառաջանա, կարենկարապետյանական կառավարության «ապահով բարձին» նստած նա կարող է հանգիստ սպառել նախագահի լիզորությունների ժամկետը: Ընտրություններից հետո այդ վստահությունը չափազանց կարևոր է նախագահի համար, քանի որ ուժի մեջ են մտնելու 2015թ. հանրաքվեով փոփոխված Սահմանադրության՝ վարչապետի լիազորություններն էականորեն ավելացնող դրույթները: Սերժ Սարգսյանը վստահ չէր կարող լինել, որ եթե այդ ընթացքում երկրի վարչապետը լիներ Հովիկ Աբրահամյանը, նա չէր օգտվելու սահմանադրական այդ լծակներից և, աստիճանաբար վերցնելով իշխանությունը, իրեն չէր դարձնելու «անգլիական թագուհի», ապա նաև՝ առհասարակ հեռացներ իշխանությունից: Մինչդեռ Կարեն Կարապետյանից նման վտանգ չի սպառնում: Նրա պարագայում Սերժ Սարգսյանը կարող է ըստ իր հայեցողության գնալ ցանկացած կոնֆիգուրացիայի. կամ իշխանությունը ղեկավարել Մելիք Ադամյան փողոցից՝ լինելով բացառապես ՀՀԿ նախագահը, կամ 2018թ. ապրիլին ԱԺ-ի կողմից նոր նախագահ ընտրվելուց հետո ստանձնել իրական իշխանության լծակներ տվող վարչապետի պաշտոնը: Ճիշտ է՝ այս դեպքում նա պետք է բացատրի, թե ինչու չի կատարում իր լիազորությունների ավարտից հետո թե ՀՀ նախագահի և թե վարչապետի պաշտոնը չզբաղեցնելու իր տված խոստումը:

Ռուսաստանի գործոնը

Ամեն դեպքում պետք է նկատել, որ ՀՀ վարչապետի պաշտոնում է նշանակվում մարդ, ով երկար տարիներ ղեկավարել է ռուսական «Գազպրոմ»-ին հանձնված «Հայռուսգազարդ» ընկերությունը, իսկ Հայաստանից հեռանալուց հետո հանդիսանում էր «Գազպրոմ»-ի առաջին փոխնախագահը: Նրա տրիումֆալ վերադարձն այս իմաստով ոչ մի դեպքում պատահական լինել չի կարող: Կարեն Կարապետյանը եթե նույնիսկ ուղղակիորեն Կրեմլի կողմից չի «գործողվում» Հայաստան, ապա աներկբա հանդիսանում է պրոռուսասկան օրիենտացիայի կրողը, Հայաստանում ռուսական շահերի ուղղակի թե անուղղակի ներկայացուցիչը: Եվ նա փոխարինում է մի անձնավորության, որի նշանակումը Հայաստանի վարչապետի պաշտոնում երբեք Մոսկվայում լուրջ չեն համարել: Իր բոլոր թերություններով հանդերձ՝ Հովիկ Աբրահամյանը հայաստանյան իշխանական վերնախավից միակն էր, որ երբեմն-երբեմն լեզվի ծայրով կարողանում էր կսմթել Ռուսաստանին: Կարելի է հիշել ռուսական գազի դիմաց ոչ թե դոլարով, այլ ռուբլով վճարելու նրա առաջարկը, ԵԱՏՄ վարչապետերի հավաքն այս տարվա ապրիլին Երևանի փոխարեն Մոսկվայում անցկացնելու որոշմանը նրա սուր և կոշտ արձագանքը: Չի կարելի մոռանալ շատ ավելի կարևոր երկու հանգամանք: Նախ՝ նրա պաշտոնավարման օրոք և, պետք է ենթադրել՝ հենց նրա ակտիվ դերակատարմամբ, տեղի ունեցավ «Որոտան» կասկադի վաճառքը ամերիկյան ընկերությանը: Երկրորդ՝ լուրջ գործընթաց սկսվեց Իրանից ստացվող գազի ծավալներն ավելացնելու և Հայաստանով դեպի Վրաստան գազ արտահանելու ուղղությամբ: Օրերս հայտնի դարձավ, որ վերջինս արդեն գործողության մեջ է։ Չի կարելի չնկատել, որ դրանք Հայաստանի էներգետիկ դաշտում ռուսական գերազդեցությունը չափավորելու, այս դաշտում Հայաստանի սուվերենությունը բարձրացնելու տարրեր էին պարունակում, որոնք չէին կարող չնկատվել Մոսկվայում:

Հիմա կարծես թե շրջադարձ է կատարվում ի շրջանս յուր. Հայաստանում ձևավորվում է կատարելապես պրոռուսական կառավարություն, Հայաստանի էներգետիկ համակարգում «Գազպրոմի» գերիշխող դիրքերի համար Մոսկվայում այլևս կարող են չանհանգստանալ: Պետք է ենթադրել որ Հայաստանի գործադիրն իշխանությունն «ստանալու» դիմաց Ռուսաստանն ինչ-որ կերպ կամ ինչ-որ բանով պետք է փոխհատուցեր տեղի իշխանությանը: Եվ այստեղ հնարավոր չէ հաշվի չառնել, որ առաջիկա ընտրությունները, Հայաստանի իշխանությունների համար խոստանում են իսկապես դաժան լինել՝ սրված ղարաբաղյան հարցի, որոշակիորեն մերկացված պարտվողական մոտեցումների, երկրում առկա ճգնաժամային բարոյահոգեբանական իրավիճակի պատճառով: Դրանք դրդում են հաղթանակի երաշխավորման համար հենման կետեր փնտրել դրսում և առաջին հերթին հենց մոսկվաներում:               

Մեկնաբանություններ (4)

lusik
Կապրենք՝ կտեսնենք: Իսկ, գուցե, Կարապետյանը գործուղվել է Հայաստան Ս.Սարգսյանին անարյուն տապալելու համար:
հայկ
Բացառված չէ, որ հարմար պահին, Հովիկ Աբրահամյանը կարող էր քցել թե Սերժ Սարգսյանին և թե Պուտինին, քանի֊որ նա լինելլով քրեա֊օլիգարխիկ համակարգի էական դերակատարներից մեկը, այնուամենայնիվ չի հանդիսանում Ղարաբաղա֊ Ադրբեջանական կլանի ներկայացուցիչ։ Իսկ ներկա «բախտորոշ» ժամանակներում նման շռայլություն թույլ տալը պարզապես վտանգավոր է։ Բացի դրանից Հովիկ աբրահամյանը ի սկզբանե չէր բավարարում Մոսկվայի պահաննջները շատ հարցերում։ Կարեն Կարապետյանի նշանակումով առերևույթ լուծվում են մի շարք խնդիրներ՝ նա Ղարաբաղցի է, բացահայտ ռուսամետ է, հայաստանում որևե քաղաքական հենարան չունի և ցանկացած պահի նրան կարելի է հեռացնել ասպարեզից և այլն։ Սակայն ոչ ոք չի կարող կանխագուշակել կրեմլի ծրագրերը Կարեն Կարապետյանի և Հայաստանյան իրավիճակի վերաբերյալ մեկ֊երկու տարի հետո։ Ուստի հայ ժողովուրդը պետք է զբաղվի իր արմատական, կենսական խնդիրների լուծումով՝ ավելրդ ժամանակ և էներգիա չվատնելով «մկների ժողովի» արդյունքների քննարկմանը։
Артак
Овик Абраамян всегда был и есть кадр Саркисяна, В переди выборы парламента.Он всегда был начальником штаба. пример министр не может одновременно быть и начальником штаба. С этим и связано его отставка.
Վարդանուշ
Լատինատառ հայերէնով կարելի չէ, իսկ ռուսերէնով կարելի՞ է... Հետաքրքրական է գիտնալ արտայայտման քաղաքականութեան սկզբունքները, թէեւ կը կարծեմ, որ սովետի արժանի ժառանգորդներէն էք, գրաքննողներու ժառանգներ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter