HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կարտոֆիլագործ ֆերմերները պետությունից պահանջում են իրենց ընդգրկել սուբսիդավորվող ծրագրերում

Աշնան սկզբին ձեւավորված կարտոֆիլի շուկայական ցածր գները խուճապի են մատնել Շիրակի եւ Լոռու մարզի կարտոֆիլագործ ֆերմերներին: Սեպտեմբերի 7-ին երկու մարզի խոշոր հողագործները հավաքվել էին Շիրակի մարզի Ազատան համայնքում՝ առաջացած խնդիրը քննարկելու եւ լուծման ճանապարհներ գտնելու նպատակով: Լոռեցի ֆերմեր Վռամ Գյուլզադյանի համոզմամբ՝ նման իրավիճակի ստեղծմանը նպաստել է առնվազն երեք գործոն:

«Առաջինը, որ Արարատյան դաշտում ամառը շատ մեղմ էր այս տարի եւ ուշացրած բերքահավաքի պատճառով բերքը չփչացավ, մինչեւ վերջ շուկայում իր ապրանքային տեսքով կար ու վաճառվեց ցածր գներով,-նկատեց լոռեցի ֆերմերը,-երկրորդ, որ Արարատյան դաշտում շատացել է միջահաս կարտոֆիլի ցանքսերի տեսակարար կշիռը: Դա իր բացասական ազդեցությունն ունի հյուսիսում կարտոֆիլագործությամբ զբաղվողներիս վրա: Միջահաս կարտոֆիլն ունի բարձր բերքատվություն, եւ բերքահավաքի ժամկետն է երկար: Երրորդ գործոնը Լարսի փակվելն էր, որի պատճառով երկրից 2000 տոննա կարտոֆիլ չարտահանվեց: Մի 10 օրում էդ խմբաքանակը պիտի դուրս տարվեր, մնաց՝ լցվեց շուկա, գինն իջավ: Մի քիչ էլ «մեղավոր» են Ախուրյանի մեր գործընկերները, որ ռիսկի գնալով՝ գարնանը ժամանակից շուտ ցանեցին կարտոֆիլը, մեզանից էլ մի քիչ շուտ քանդեցին»:

Որպեսզի հաջորդ տարի ֆերմերները չտուժեն, հարկ կլինի կրճատել կարտոֆիլի ցանքատարածությունները գոնե 15 տոկոսով: Նման կարծիք հնչեց ֆերմերների հավաքի ժամանակ: «Մեր շարքերում կան ֆերմերներ, որ անցյալ տարի 40-60 հա-ով կարտոֆիլ էին  մշակում, այսօր արդեն շարքից դուրս են եկել, ու պատճառը  իրացման խնդիրներն են: Մարդիկ վարկ են վերցնում, հող են մշակում, բանկային խնդիրներով հիմնականում տուժում,-հայտարարեց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը,- մենք կախադական գավազան չունենք, որ կարողանանք ինքնարժեքից ցածր գնով ապրանք արտադրենք, վաճառենք ու դեռ հաջորդ տարի էլ ոտքի վրա մնանք: Եթե նման ցածր գները պահպանվեն, դա մեծ հարված է հասցնելու մեր ֆերմերային տնտեսություններին»:

Ձախից աջ՝ Վռամ Գյուլզադյանը, Վ. Իկիլիկյանը

Շիրակցի ֆերմերի փոխանցմամբ՝ իրենք կարտոֆիլն ավանդաբար արտահանում են Վրաստան, սակայն վերջին տարիներին այդ գործընթացն էլ է խոչընդոտվում: Դրան գումարվում է Թուրքիայից էժան, անորակ կարտոֆիլի ներկրումը: «Մեզ պետական աջակցություն է պետք,-նշեց Վարդան Իկիլիկյանը,-ամեն տարի հարց է առաջ քաշվում, թե ինչու հողագործ ֆերմերներին չեն ներգրավում պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերում ու ամեն անգամ արժանանում ենք իշխանական կառույցների անտարբերությանը: Պետությունը պարտավոր է աջակցել, որպեսզի կարողանանք երկրում արտադրված մթերքն իրացնել, այլապես մարդիկ կդադարեն հողերը մշակել»:

Վռամ Գյուլզադյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ արդեն իսկ հաջորդ տարվա համար պլանավորել է 15 տոկոսով պակասեցնել ցանքատարածությունները եւ 17 հա պակաս ցանել: Նրա կարծիքով՝ կլինեն ֆերմերային տնտեսություններ, որ անգամ 50 տոկոսով կկրճատեն կարտոֆիլի ցանքատարածությունները: Սնանկացման սպառնալիքի տակ կհայտնվեն այն հողագործները, որոնք միայն այս գործով են զբաղվում եւ չունեն այլ եկամուտ՝ կարտոֆիլագործությունից զատ:

«Մենք պետք է կառավարությունից պահանջենք, որ միջոցներ գտնի եւ ամռանը վաղահաս կարտոֆիլի արտահանումը խրախուսի՝ սուբսիդիա տալով, «Սպայկային» խնդրելով, չգիտեմ ինչ միջոցներով,բայց մեր երկրից պետք է ամռանը մոտ 3000 տոննա կարտոֆիլ արտահանվի, որ բալանսի գա, որ միջահաս ու ուշահաս կարտոֆիլ արտադրողները փաստի առաջ չկանգնեն,-ներկաներին առաջարկեց Վ. Գյուլզադյանը,-իսկ հիմա ընդամենը մի բան կարող եմ առաջարկել՝ բերեք մի փոքր համբերենք: Հիմի ես վաճառում եմ 85 դրամով, ամենաբարձր գինը հավանաբար իմն է:  Ես հենց փորձում եմ դարձնել 90 դրամ, ինձ ասում են՝ Ախուրյանում 75-80 դրամով կա, Կողեսում էլ կա էդ գնով, մի քիչ կիջնեմ ներքեւ՝ 70-ով էլ կառնեմ: Այսինքն՝ մի քիչ համբերություն ունենանք,չվաճառենք, ինձ թվում է կարող ենք 10-20 դրամով գները բարձրացնել ու գոնե 100 դրամով վաճառել: Հնարավոր է էս գնից էլ դժգոհենք, բայց լաց չենք լինի»:

Ֆերմերները միահամուռ որոշեցին առայժմ բերքը չվաճառել: Հաշվի առնելով շոգերի թուլացումը, ինչպես նաեւ հանգամանքը, որ կարտոֆիլը ծիրանի նման շուտ փչանալու հատկություն չունի, ապա 10-15 օրով վաճառքի դադարեցումն, ըստ իրենց, գուցե որոշակիորեն բարելավի վիճակը: Ներկաները նկատեցին՝ քանի որ կարտոֆիլագործությունը Հայաստանում մոնոպոլիա չէ, ապա այստեղ կարեւորը մի շարք խոշոր ֆերմերների միջեւ ձեռք բերվող պայմանավորվածությանն անշեղորեն հետեւելն է: Այս պարագայում դժվար վերահսկելի են մանր տնտեսությունները:

«Անցած տարի էս շրջանում ես ու լոռեցիները մոնոպոլ վիճակում էինք հայտնվել եւ պիտի խոստովանեմ, որ ինչ-որ տեղ անխիղճ, անամոթ ձեւով օրական գին էի բարձրացնում, թելադրող էի ու բարեհաջող գինը հասցրեցինք մինչեւ 170-180 դրամի: Դրանից օգտվեցին ախուրյանցիները, նաեւ մարտունեցիները, իսկ էս տարի ամեն ինչ խառնվեց իրար,-խոստովանեց Վռամ Գյուլզադյանը,-մենք շատ ենք նման բաներ տեսել, սա առաջին անգամը չի, հուսանք, որ գոնե վերջինը կլինի: Եթե մենք խելքի գանք եւ կարողանանք համագործակցել այնպես, որ փոխադարձ վստահություն լինի, ապա շատ հարցեր կկարողանանք լուծել: Իհարկե, մեր պահանջը կառավարությունից եւս մնում է: Առջեւում ընտրություններ են, եւ մենք կարող ենք այլեւս չաջակցել այս իշխանություններին ու ասենք, որ էլ չենք ընտրելու ձեզ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter