HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հումորի, դաջվածքների ու բանտային առաջին պաղպաղակի մասին

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Հին կալանավորների ձեռքերին, մանավանդ Ռուսաստանի սիբիրների գաղութներով անցած, տեսել եմ այս դաջվածքը. “Кто не терял свободу, тот не ценит её”.

Ես անձամբ չեմ ընդունում նմանատիպ ամփոփիչ եզրակացություններ, բայց ասվածի մեջ ճշմարտության հատիկ կա:

Օրեր առաջ խցի դռան վրայի «վոլչոկ» կոչված անցքը բացվեց և մի տոպրակ պաղպաղակ տվեցին ինձ`բանտի խանութի աշխատակցուհին թղթի վրա իմ անունն էր գրել: Զարմացա`ո՞վ է փոխանցել:

-Երկու երիտասարդ տղաներ են եղել, փողը տվել են, ասել, որ քո բարեկամներն են,-այսպիսի պատասխան լսեցի: 

Անակնկալը հյուրասիրելով բախտակիցներիս`ինքս էլ, երևակայելով՝ իբր պուրակում եմ ման գալիս ու պաղպաղակ ուտում`մտածում էի՝ տեսնես ովքե՞ր են իմ նոր ու անծանոթ բարեկամները: Միգուցե նրանք կարդո՞ւմ են հոդվածներս: Որոշեցի այստեղ նրանց ասել`շնորհակալություն հաճելի անակնկալի համար, իմ անծանոթ բարեկամներ: 

Սողոմոնին հիշեցի, միշտ ասում էր, որ բանտում չի հագենում, երբեք հաճույքով հաց չէր ուտում, իսկ ազատության մեջ անցկացրած առաջին օրվա նրա հաց ուտելը չեմ մոռանա: Նոյեմբերի վերջն էր, բայց կանաչ խոտեր դեռ կային: Ցամաք հացը տեսնեիք ոնց էր անուշ անում խոտի մեջ նստած:

Մեկ էլ Սողոմոնի հանդարտությունն եմ հիշում: Տոն օրերի մոտ անընդհատ ասում էի՝ Սողոմո՛ն, հերի՛ք գիրք կարդաս, նստենք փախուստի համար մասնակի ներման խնդրագիր գրենք նախագահին: Չէր ուզում, անիմաստ էր համարում: Երբեք չէր խառնվում իրար, անգամ, երբ երկրորդ փախուստը պիտի անեինք, դուրս գալուց 30 րոպե առաջ հանգիստ նստած գիրք էր կարդում:

1996թ. նոյեմբերի 29-ի մահապատժի դատավճռից հետո երկար տարիներ պաղպաղակի մասին միայն երազել կարելի էր: Եթե հիշողությունս չի դավաճանում, երկարատև դադարից հետո` 2001թվականի ամռանը հնարավոր դարձավ պաղպաղակ համտեսել:

Հիմք ընդունելով սիբիրյան կալանավորների խորիմաստ դաջվածքները` կարող եմ վստահ ասել`պաղպաղակի իրական համը կարող է հասկանալ միայն նա, ով տարիներ շարունակ միայն երազել է պաղպաղակի մասին: Պատկերացնու՞մ եք` նման մի հոլովակ պատրաստեն:

Գիտե՞ք`բանտային դաժան կյանքը շատերից գողանում է նաև հումորի զգացումը, ինչը շա՜տ կարևոր է այստեղ գոյատևելու համար: Շարունակելով դաջվածքի թեման`կասեմ, որ հումորի իրական արժեքը բանտում ես սկսում հասկանալ: Կարծում եմ, միտքս կհաստատեր նաև մեծագույն երգիծաբան Լեռ Կամսարը: Նա չնայած իր դաժան ճակատագրին, պահպանեց հոգու կենսախնդությունը նաև հումորի շնորհիվ:

Սիրելի Վանուհի, Դուք եք «մեղավոր», որ այսքան երկար թարգմանեցի, հիմա էլ խմբագրում եմ «Բանտիս օրագիրը»: Հիշո՞ւմ եք՝ ամենասկզբում, երբ նոր էի սկսել թարգմանությունը, գրեցիք`մինչև ավարտես`քո ազատությունն էլ կգա: Ա՛յ, հենց այդ պատճառով էլ, ասես, վախենում եմ խմբագրման վերջակետը դնել, ասես, միտումնավոր երկարաձգում եմ՝ վախենալով, թե գործը կավարտեմ, իսկ ազատությունը էլի չի գա: Բայց շուտով…

Վերադառնալով դաջվածքի «պարունակությանը»՝ մի բան էլ հաստատ կարող եմ ասել` մաքուր օդի գինը միայն նա գիտի, ով գոնե մի հինգ րոպե շնչել է «Նուբարաշեն» կլոր բանտի զարհուրելի օդը: Ֆո՛ւ… Որոշ դատավորների կարելի է այնտեղ պահել` դատավճիռներ կարդալուց առաջ…

Շատ եմ խնդրում`հանկարծ չորոշեք բանտ գալ, որ նոր սկսեք զգալ պաղպաղակի ու հումորի իսկական համը, մաքուր օդի համն ու հոտը: Հենց դրա համար էլ կիսվում եմ զգացողություններով ու բանտային «ազատության» բազմադարյան իմ փորձով, որ վայելեք ազատությունը ազատության մեջ...

Մեկնաբանություններ (3)

Գևորգ
Չգիտեմ հիմա Մհերը կարդում է թե ոչ, բայց կցանկանայի, ոչ նա իմանար, որ կան մարդիկ ովքեր անհամբերությամբ սպասում են նրա նոր գործերին, իսկ եղած գործերն էլ բառ առ բառ կարդում են, փորձելով հասկանալ ամեն նրբերանգ։
Վանուհի
Մհեր ջան, ինձ թվում է, պետք է արագացնես խմբագրումը։ Բան չմնաց՝ հեսա-հեսա։ Ներզգայարանս ինձ ասում է՝ գալիս է Անկախության և Ազատության օրը։ Ա՛յ, կտեսնես․․․
Գագիկ
Մհեր ջան ել մի սկսի, շուշուտ թարգմանի պրծի ախպեր ջան թե չէ էստեղ պաղպաղակները սկսումեն հալել։ Ինչ վերաբերվումա ազատության գնին, պաղպաղակի համուհոտի գնահատմանը, մաքուր օդին և այլն մենակ մի բան կուզենաի ավելացնել չգիտեմ կհամաձայնվես հետս թե չէ բայց ասեմ մի նախադասությամբ։ Մարդը ամեն ինչն ել սկսումա իսկականից գնահատել երբ նա կորցնումա կամել իրանից խլում են։ Սա իմ կարծիքով վերաբերվումա ամեն ամեն ինչին։ Ես կարծում եի դուք երկուսով եք խցում իսկ էսօր արդեն կարդում եմ գրել ես բանտակիցներիս։ Պատկերացնում ես Մհեր մի քանի տարի հետո որ սովետաշենի բերդին մի քիչ ավելի մարդկային պայմաններով բերդ փոխարինի ու կլորակ գերեզմանը վերածվի տեսարժան մի վայրի ու տուրիստներ սկսեն գալ ետեղի պաղպաղակը ի՜նչ համով կլինի իրանց համար, ո՜նց կգնահատեն համուհոտը, ոնց կկարոտեն թարմ օդն ու արևի շողերը ու ամենակարևորը, ազատությունը քանի որ դա են տեղնա որ մարդ հերիքա ոտք դնի արդեն իսկ հասկանումա թե ինչ մի դժողքումա հայտնվել։ Եթե մի հատ ել կերածխմած վիզը հաստ կլյուչնիկի արձան ել դրվի հենց մուտքի մոտ մտնողը սրտապատառ կլինի ու հաստատ կասի «այ սենց եք անումելի որ ոչ մեկ չի ուզում գա ձեզ մոտ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter