HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երջանկությունն՝ անապահովության պատերից ներս. Ենոքյանների երիտասարդ ընտանիքը

Անդրանիկ Ենոքյանը 25 տարեկան է: Խոտ բարձած տրակտորին նստած՝ մոտենում է տանը: 2-ամյա Էլենը վազում է դեպի ցանկապատը՝ ծռմռված, առանց դուռ, տեղ-տեղ ջարդված: Ցանկապատի մոտ կորամեջք արևածաղիկներն են, Հռիփսիմեն նկատում է հայացքս, ասում է՝ ինքն է աճեցնում:

Էլենը մեկ գրիչս է վերցնում, մեկ թուղթ է խնդրում ու սկսում լուրջ դեմքով գծեր քաշել թղթին: Անդրանիկը ծխախոտն է հանում տուփից: Բակում նստել ենք: Հռփսիմեի խոսքի ու շարժուձևի մեջ լարվածություն կա: Առաջին անգամ են հանրայացնում իրենց խնդիրները: Դրա համար նաև քաջություն է պետք:

Անդրանիկի ձեռքերին եմ նայում՝ կոշտուկներով պատված, դեղնած: Ավելի ուշ ծխախոտը դնում է բերանին ու ձեռքերը պարզում, թե «նայեք, 25 տարեկանի ձեռքե՞ր են»: Չեմ պատասխանում: «Ճիշտ է, շատ դժվարություններ ունենք, բայց ուրախ ընտանիք ենք, շուտով երկրորդն էլ կունենանք»,- ասում է ընտանիքի հայրը:

Անդրանիկն ու կինը՝ 20-ամյա Հռիփսիմե Փոփեյանը, բնակվում են Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի ծայրամասում՝ միհարկանի խոնավ, անձրևներից կաթկթացող տանիքով տանը: Այն ծանոթներից մեկինն է, ժամանակավոր են բնակվում, վարձ չեն տալիս: Ասում են, որ եթե տանտերերը որոշեն վերադառնալ, չգիտեն, թե որտեղ պետք է մնան:

Անդրանիկը նույն մարզի Կապուտան գյուղից է: Երկու եղբայր, մի քույր են ընտանիքում: Մայրը 16 տարի առաջ է մահացել, հայրը Կապուտանում է ապրում: Եղբայրը, ըստ Անդրանիկի, հոգեկան խնդիրներ ուներ, հոգեբուժարան են տարել, քույրն ամուսնացել է, առանձին է ապրում: Ընտանեկան խնդիրների պատճառով առանձնացել են:

Հռիփսիմեն Գառնիից է, երեք քույր ու մի եղբայր ունի: Մայրը խնամում է հաշմանդամ քրոջը, եղբայրն ու քույրն ամուսնացել են և առանձին են ապրում:

Ամուսիններն ասում են՝ այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ոչ մեկից նեղանալ չի կարելի՝ մարդիկ հազիվ իրենց տունն են պահում: Իրենք ծանոթացել են Անդրանիկի հոր միջոցով, ով Գառնիում շինարարությունում աշխատելիս տեսել էր Հռիփսիմեին, հավանել: «3 օր ընկերություն արեցինք ու ամուսնացանք: Հա, երևի, սեր առաջին հայացքից էր»,- երկուսով ժպտում են:

Տանը գազ ու ջուր չունեն: Ջուրը բերում են հարևանի բակից: Ձմռանը աթար են վառում, բայց տան ճեղքերն այնքան շատ են, որ չի տաքանում: Ցրտի պատճառով էլ Էլենը թոքաբորբով էր հիվանդացել, ապա՝ աղիքային ինֆեկցիայով (Հռիփսիմեն ասում է՝ աղքիային ինֆեկցիան կովի կաթից էր առաջացել, երեխայի օրգազնիմը չէր ընդունել այն):

Տան միակ աչքի ընկնող գույքը հին հեռուստացույցն է, որը նվիրել է Հռիփսիմեի մայրը: Մնացած գույքը կամ մաշված է, կամ տեղ-տեղ սևացած: «Եթե Անդոն հիմնական գործ ունենա, ամեն ինչ էլ կհասցնենք»,- սա ասելուց հետո Հռիփսիմեն աչքերը կախում է, ձայնը խզվում է, ապա ձեռքով արագ մաքրում է խոնավացած կոպերը:

Տան աշխատողը Անդրանիկն է: Սոցիալական նպաստ չեն ստանում, քանի որ, ըստ կնոջ, բնակության գրանցման վայր չունեն, բացի դրանից, սոցիալական ծառայությունից ասել են, որ «բալերը չեն հերիքում, երբ երկրորդ երեխան ծնվի, գուցե հնարավոր լինի լուծել նպաստի հարցը»:

Անդրանիկի գործն էլ սեզոնային է: Հարևանների խոտն է հնձում, մեկ գլուխ անասունը ամսական 500 դրամով կթում, հատը 20 դրամով «տուկ» բարձում մեքենային: Նախքան հղիությունը նրան օգնում էր Հռիփսիմեն, իսկ հիմա դժվար է, թեև երբեմն վերջինս էլ է կով կթում: Ձմռանը Անդրանիկն աշխատում է հարևանի անասնագոմում՝ մաքրում է այն, անասուններին է խոտ տալիս: Աշխատանքի դիմաց ամսական հազիվ 20.000 դրամ է ստանում: «Ձմեռները պատահում է սոված ենք մնում»,- Հռիփսիմեի աչքերը դարձյալ ջրակալում են: Բոլորս լռում ենք, Էլենը խաղալիքներով սև տոպրակն է քարշ տալով բերում բակ: Նայում է մերթ մորը, մերթ հորը, հետո թողնում տոպրակն ու կանգնում նրանց մեջտեղում: Ժպտում է: Ծնողները միանգամից պայծառանում են: Ասում են՝ Էլենն իրենց միակ ուրախությունն է: Ուզում են, որ կրթություն ստանա, մասնագիտություն ունենա: Գյուղում մանկապարտեզ չկա, բայց ցանկանում են, որ Էլենը մանկապարտեզ գնա:

Զրույցի ճնշող թեմաները ցրելու համար հարցնում եմ, թե ինչ մասնագիտություն կուզեին, որ Էլենն ընտրեր: Անդրանիկը ժպտում է, թե կարևորն իր սրտով լինի, բայց մի քանի տարի հետո պարի կուղարկեն, աղջիկը պարել շատ է սիրում:

Ամուսիններն ասում են, որ Զովաշենում իրենց լավ են ճանաչում, ում էլ մոտենանք-հարցնենք իրենց մասին, վատ բան չեն ասի: «Աշխատասեր ու մաքրասեր ենք, ուղղակի կողքից որ մեկն օգներ, ոտի ելնեինք…»,- նկատում է Հռիփսիմեն: Դժվարությունների մասին խոսելիս նա անընդհատ հուզվում է: Ամուսինը շարունակում է միտքը. «Շատ ուրախ ենք, շատ սերով ենք, ուղղակի դրությունը լավ չէ, աշխատանքի միջոց գտնելն է դժվար»: Կինը համաձայնում է, ասում է. «Ուրախ ենք այնքանով, որ սերով ենք ապրում: Ամուսնուս թիկունք եմ լինում, էնքանով ենք սերով, որ մի կտոր հաց ենք ուտում, մի տեղ ենք ուտում»: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter