Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Շնողում նախընտրական տրամադրություն է՝ համայնքի ղեկավարի 5 թեկնածու է առաջադրվել



Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին գրանցել է հոկտեմբերի 2-ին Շնողի համայնքապետի ընտրություններում առաջադրված բոլոր 5 թեկնածուներին: Գրանցվածներից 3-ը՝ Հովիկ Սահակյանը, Արմեն Առաքելյանը և Հայկազ Քոչինյանը, անկուսակցական են: Դավիթ Ղումաշյանը և Անդրանիկ Մելիքսեթյանը Հանրապետական կուսակցության անդամ են, սակայն համայնքապետի թեկնածուներ են գրանցվել ինքնաառաջադրմամբ:

Գյուղամիջում նստած շնողցիներից ֆերմեր Վոլոդյա Եսայանը մեզ հետ զրույցում դժգոհեց,  որ  Շնողում մարդիկ հողից ու անասունից երես են թեքել: «Գյուղի գերեզմանատնից էն կողմ ընկած հողերի խոտը հասունացել է՝ չեն հավաքում, որովհետև ժողովուրդի մի մասը լոդրացել է «էս երկիրը դրան է բերել: Կաթը ջրի գին է դարձել, դրա համար մարդիկ անասունից էլ են երես թեքում»,-բացատրեց Վոլոդյան:

Վոլոդյան 200 կով եւ 100 մոզի ունի: Դրանց միսը հասցնում է 300-350 կգ-ի ու հանձնում Երևանի սուպերմարկետներին: «Իմ հանձնածը բիո միս է»,- իր ապրանքը գովեց Վոլոդյան: Ֆերմերը թերահավատ է Շնողի համայնքապետարանի բյուջեի հնարավորությունների առնչությամբ. «Գյուղացիների կեսից ավելին հարկ չի մուծում, էդ բյուջեն որտեղի՞ց պետք է առաջանա: Ես ազնվորեն ասեմ՝ իմ մեջ  մտածել եմ՝ մեր գեղից ո՞վ կլինի գյուղապետ, որ գեղը լավ ապրի: Ես էտենց մարդ չգտա»,- ասաց Վոլոդյան:

Բնակիչ Խաչիկ Դավթյանի ասելով՝ Շնողի պես լավ գյուղ չկա. «Ով կընտրվի գյուղապետ, թող ավելի լավ աշխատի: Ամեն գյուղում էլ թերություն կա: Ահագին բան էլ մեզանից է կախված»,- ասաց Խաչիկը: Լևոն Ալիխանյանի խոսքով՝ հարևան Արճիս գյուղը ամեն տեսակի տեխնիկա ունի, հող մշակող շնողցիներն արճիսցիներից են տեխնիկա վերցնում: «Տեխնիկան ինչքան գնում, զարգանում է, ով հասնում է էսօրվա տեխնիկային, ցանկացած բնագավառում իր գործը հաջող է գնում»,- ասաց Լևոնը:

«Թեկնածուներից մեկն իմ ախպոր թոռն ա, ջահել մարդա, Ղումաշյան Դավիթ է ազգանունը: Դեռ Շնողում չի, էսօր ա, հեգուց ա՝ Ռուսաստանից կգա: Հա, դե նա ուժեղ տղա ա: Ռուսաստանում շինարարության վրա է: Ա, Վալոդ, Դավոն ի՞նչ կրթություն ունի»,- հարցրեց Մարտուն Ղումաշյանը: «Ինստիտուտ ավարտա, բայց ո՞ր ինստիտուտն է ավարտել, չգիտեմ»,- պատասխանեց Վալոդը:

Մեկ այլ բնակչի՝ Մարտուն Մարգարյանի ասելով՝ ՏԻՄ ընտրությունները Շնողում ոչինչ չեն փոխի: Ոնց կա, էնենց էլ կլինի: Մարտունը նշեց, որ գործող գյուղապետ Հովիկ Սահակյանի պաշտոնավարման 4 տարիներին Շնողի համար մեծ հիմնախնդիր դարձած խմելու ջրի հարցն է լուծվել՝ գյուղի միջով անցնող Ագարակի ջրագծից ջուր է բերվել գյուղ: «Ծրագիր էր՝ քաշեց»,-նրան ընդհատեց Մարտուն Ղումաշյանը: «Այգիներ է գցել «Դուզ» հանդամասում»,-հավելեց Մարտուն Մարգարյանը: «Գցել էլ է,  բրախել էլ են»,- կրկին ընդհատեց Մարտուն Ղումաշյանը: «Դե էդ ենք ասում, մասնավորի մի մասը բրախել է, բայց գյուղապետն ըտի մեղք չունի»,- հակառակվեց Մարտուն Մարգարյանը:

Համայնքապետի թեկնածու, գործող գյուղապետ Հովիկ Սահակյանը սպասվող ՏԻՄ ընտրություններն անկանխատեսելի է համարում. «Դա ոնց որ  էլ ընտրություն չի լինի արդեն: Էն թեկնածուի բարեկամական կապերը որ շատ են,  ընտրության ժամանակ անտեսվելու է գյուղի շահը»,-բացատրեց Հ. Սահակյանը:

1990-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին շնողցիներն իրենց այգիները կտրել, հացահատիկային կուլտուրաներ են մշակել, 469 հա այգիներից 60 հա այգի է մնացել: Հ. Սահակյանի նախաձեռնությամբ՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի ներդրումների հաշվին, զանգվածաբար հատված անտառային ծառատեսակների փոխարեն գյուղացիների հողերի վրա մոտ 20 հա պտղատու այգի է հիմնվել: «Իրենց հողատարածքի վրա ձրի, առանց մեկ լումա ծախսելու այգի ենք գցել, ասել ենք՝ դե գնա խնամի: Որոշ այգետերեր ամիսներով չեն գնում տեսնեն՝ իրենց ծառերը չորացե՞լ են, թե՞ կպել են»,- դժգոհեց  Հ. Սահակյանը: Շնողի գյուղտեխնիկայի մասին Հ. Սահակյանն ասաց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ից վարձակալությամբ DT տրակտոր են վերցրել. «Ում տվեցինք՝ չկարողացան վարել: Մի հատ էլ գյուղապետարանը նորմալ տրակտոր ունի, մի քանի մասեր են պակաս, բայց տրակտորիստ չունենք: Մասնավորը գյուղտեխնիկայի վրա էնպիսի բարձր գներ է դնում, որ գյուղացիները նախընտրում են տեխնիկան ավելի մատչելի գնով ձեռք բերել արճիսցիներից»,- ասաց Հ. Սահակյանը:

Շնողում գյուղացիների մեծ մասը երես է թեքել գյուղատնտեսությունից: Կառավարությունը 2014թ. գյուղացիների պահանջով աշնանացան ցորենի 1-ին վերարտադրության սերմացու է տվել շնողցիներին, բայց մինչ 2015թ. բերքահավաքը գյուղի արտերը կարկտահարվել են: Սերմացուի գումարը կառավարությունը չի զիջել, շնողցիներն էլ սերմացուի գումարը չեն տալիս: «Փոխանակ դուք մեզ օգնեք, եկել եք կարկտահարված ցորենի սերմացուի գինը ուզում եք»,- ասում են հողատերերը:

«Գյուղացիները ճիշտ են»,-համաձայնում   է Հ. Սահակյանը: Մարզպետարանը, սակայն, սերմացուի չվճարված փողի համար դատի է տվել գյուղապետ Հովիկ Սահակյանին: Դատարանն էլ կալանք է դրել գյուղապետի աշխատավարձի և գույքի վրա: «Ես արտ չունեմ, անգամ 1 կգ սերմացու չեմ վերցրել»,-բացատրում է գյուղապետը: Մարզպետն էլ գյուղապետին է բացատրել, թե մեկ է՝ սերմացուի պայմանագիրը դու ես կնքել:  Իր նախընտրական ծրագրերի մասին Հովիկ Սահակյանն ասաց, որ ընտրվելուց հետո գյուղում 4 հակակարկտային կայան է տեղադրելու. «Այդ խնդիրն արդեն լուծված է»: Գյուղի մշակույթի պալատում անց է կացնելու կոյուղագիծ և խմելու ջրի ջրագծեր: Առաջանահերթ վերանորոգելու է Շնողի հրապարակից Թեղուտ գնացող 750մ երկարությամբ ճանապարհը: «Ծրագրերը շատ են, այդ  մասին ընտրողներին կտեղեկացնեմ քարոզչության օրերին»,- ասաց Հ. Սահակյանը:

Համայնքապետի  թեկնածու, Հանրապետական կուսակցության անդամ Անդրանիկ Մելիքսեթյանը մասնագիտությամբ անասնաբույծ է: Ներկայումս աշխատում է Թումանյանի սոցիալական ծառայության պետ:

«Չեմ ուզում գյուղի վիճակին վատ գնահատական տալ, որովհետև որքան էլ գյուղի տնտեսությունը լավը լինի, համենայն դեպս, գյուղապետի համար շատ անելիքներ կան: Թեկնածուի ասելով՝ Շնողի սանիտարական, բնապահպանական բնագավառում,  ճանապարհների, խմելու և ոռոգման ջրերի  մատակարարման գործում լուրջ  անելիք կա: Իր ասելով՝ ընտրվելուց հետո Ա. Մելիքսեթյանը գյուղապետի իր աշխատանքը սկսելու է գյուղի բնապահպանական  վիճակը կարգավորելուց: «Իմ համագյուղացիներն աշխատելով հանքարդյունաբերությունում՝մի տեսակ իրենց սեփական տնտեսություններն աչքաթող են արել:  Ես կօգտագործեմ իմ բոլոր հնարավորությունները, որ Շնողում գյուղատնտեսությունը զարգանա»,- հավելեց նա:

Վերջինս Շնողի գյուղապետի նախորդ ընտրությանը եղել է թեկնածու Հայկազ Քոչինյանի թիմում: «Թիմ ասածը մի քիչ պայմանական է, դե մարդը իր ձայնը պետք է տա մեկին, էն ժամանակ ես չեմ թաքցրել, որ ես ընտրելու եմ Հայկազ Քոչինյանին»,- մեկնաբանեց Ա. Մելիքսեթյանը: Շնողի արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Խառատյանը Ա. Մելիքսեթյանի կինն է: Վերջինս գյուղապետի թեկնածու, նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի հետ  աշխատելու տարիներին արվեստի դպրոցում բյուջեի ապօրինի ծախսեր է կատարել: «Որ արվեստի դպրոցում կար խախտում,  էդ խախտումը կար: Խախտողին էլ օրինապահ մարմինները հայտնաբերել և հարցաքննել են: Գյուղապետ ընտրվելու դեպքում, իհարկե, կնոջս հետ կաշխատեմ օրինականության սահմաններում»,- վստահեցրեց Ա. Մելիքսեթյանը:

Համայնքապետի թեկնածու, Հանրապետական կուսակցության անդամ 40-ամյա Դավիթ Ղումաշյանը 1997-1999թթ. բանակում ծառայելուց հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Իր խոսքով՝ ՌԴ-ում ապրելիս չի մոռացել հայրենի գյուղը: Ներկայում տներ, պահեստներ և շինարարական բիզնես ունի Ռուսաստանում: «Շինարարական բիզնեսի հիմնադիրը ես եմ եղել, բայց ամեն ինչ հիմա իր հունով գնում է, ուստի թողել, եկել եմ գյուղ»,- պատմեց նա: Դավիթն իրեն մեծահարուստ չհամարեց, թեև կարծում է, որ հենց ունևոր մարդը պետք է աշխատի գյուղապետ, որ աջ ու ձախ չնայի: «Ես Շնողի մասին միայն այն կասեմ, որ ահագին գործեր կան, որ պետք է արվեն: Իմ անձնական հնարավորություններն այնքան են, որ եթե պետության կողմից դա չարվի, ես պատրաստ եմ իմ անձնականն էլ ներդնեմ»,- ասաց նա:

Դավիթը, իր ասելով, վերջին երկու տարիներին գյուղի անապահով 15 ընտանիքների օգնել է 40 հազարական դրամով: Ռուսաստանաբնակ իր ընկերների հետ լուծել է նաև  շնողցի 22-ամյա Գրիգոր Մարգարյանի սրտի վիրահատության 2 մլն դրամից ավելի ֆինանսավորման խնդիրը: Թեկնածուն գյուղի անգործության մատնված ֆուտբոլի դաշտն օգտագործելու համար գնդակներ է գնել երեխաների համար: «Երեկոյան ժամը 5-6-ը արդեն մի 20-25 երեխա ֆուտբոլի դաշտում խաղում են»,- հայտնեց նա:  Իր նախընտրական ծրագրով Դավիթը խոստանում է Շնողում զարգացնել սպորտը: Մեզ հետ զրույցում նա կարևորեց Շնողի ոռոգման ջրի խնդիրը: «Այս խնդիրը երևի մի 80 տոկոսով լուծված չի: Ես դա  համարում եմ առաջնահերթ խնդիր, որը պետք է լուծեմ: Ես պատրաստ եմ նաև այս գործում իմ անձնական ներդրումներն անել»,-ասաց նա: Դավիթը կարևորեց նաև գյուղի սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելը:

 Համայնքապետի թեկնածու Արմեն Առաքելյանի հետ չհաջողվեց հանդիպել Շնողում, քանի որ նա աշխատանքի էր: Արմենը հողային ինժեներ է «Թեղուտ» ՓԲԸ-ում:  Թեկնածուն հեռախոսով մեզ հայտնեց, որ նախընտրական քարոզաշավի ընթացքում արձակուրդում է լինելու, այդ ժամանակ էլ մեզ կպատմի իր նախընտրական ծրագրերի մասին:

Նախընտրական քարոզչության օրերին կներկայացնենք նաև համայնքապետի թեկնածու, Շնողի նախկին համայնքապետ Հայկազ Քոչինյանի նախընտրական ծրագրերը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (6)
1. Y-Y09:16 - 13 սեպտեմբերի, 2016
սահակյան հովիկ ծրագրերտ շատ են, զանգվածաբար ապօրինի հատումների առաջը չես առնում, որովհետև դու ինքտ մասնակից էս, քո թույտվությամբ է նաև տեղի ունենում, իսկ հիմա ընդհանրապես հետքը լռել է այդ սարսափելի իրավիճակի մասին, միայն գրում է վալլեքսի և ալավերդու գործարանների մասին: Զանգվածաբար ապօրինությունները քո ամենաչսիրած գործն են եղել , իսկ հիմա ընդհանրապես չես խոսում, այդ աղետի մասին: քո տղա ոսկերիչը ինչա անելու, բա իրա կրիշին այսինքն մկանը ուղարկեցին , բա ովա դրա հարցերը լուծելու, հայանտառի մարտունը: դատական համակարգում քո պարտված դատերի մասին իչի չխոսացիր, որ ապօրինի կերպով մարդիկ էս ազատում ու ընդունում, զիբիլի մասին ինչի չես մտածում, խոլեռայի ու տիֆի և հազար ու մի հիվանդությունների պատճառա, ջրագիծը հայաստանով մեկ ծրագիր էր, որ ուզեիր թե չուզեիր պետք է քաշվեր, բայց ամբողջ գյուղը չունի խմելու ջուր, մի հատվածն ունի միմիայն, ոռոգման ջրի մասին էլ խոսք չկա, մարդիկ ոչ թե լոդրացել են , այլ ջուր չկա պարոն վալոդ, ջուր որ լինի ով չի մշակի? ձրի մանկախպարտեզը վճարով սարքեցիր, չես կարողանում գազի ու մնացած ծախսերը հոգաս, մեկ կա մեկ չկա: քեզուգլուխ վարիչ էս անհիմն հանում , ուրիշին տեղավորում , որ նա պարտված դատերիտ ծախսերը մուծի, էն էլ քեզ հետ ըտենց պայման չունեին, երաժշտականի մասով էլ գլուխներս տարաք, մարդիկ իրանց արածի համար պատասխան են տվել, դու ոսկերիչի ապօրինություններից գրի ու խոսա, ոչ թե տաս անգամ մի բանը շեշտի, որ ինչ? դուրսա գալիս գործից, զարմանալիա որ էտքան խայտառակ վիճակներից հետո դա նորից չկշտացավ գյուղապետի պաշտոնից և շատ հեշտ ու հանգիս դեռ անելիքներ ունի.
2. Գյուղացի21:02 - 13 սեպտեմբերի, 2016
ինչին չկշտացավ ?կողքն էիր չկշտանալուց? Հանցագործության մասին հայտարարություն ոստիկանությունում են տալիս, խնդրեմ ձեռտ ովա բռնել փաստեր ունես ,,խայտառակ վիճակի մասին,, դիմիր համապատասխան մարմիններ....հիմա էտ սաղ դու անելու ես, բա ուր էիր? չկայիր?
3. Y-Y in22:36 - 13 սեպտեմբերի, 2016
Կարողա դու սուրբ Գաբրիելն ես: Քո նման ,,սրբերն,, են ես երկրում դատերը շահում ու ,,մուկինել,, մուկ ասում միայն նրա հանելուց հետո:
4. anahit23:49 - 13 սեպտեմբերի, 2016
գյուղի խնդիրները թվարկելու համար հատուկ խելք պետք չի,սեփական փողերով գյուղը վերականգնել խոստացողը մեղմ ասած ազնիվ մարդ չի, բարեգործությունն էլ անշահախնդիր մղում ա,քողարկված ընտրակաշառքի մի վերածեք,իսկ էն շնողնեցին, որ կընտրի՝վախկոտ ստրուկ ա,որի գլխին միայն գավազան ա արժանի;
5. Y_Y09:36 - 22 սեպտեմբերի, 2016
ինչի բա դու ինչացու էս, թե էտ լոլոներից լավ օգտվում էս, ինչա եղել քու տվյալներին, ներկայացրու է դե, թե մեղքում բաթմիշ էս ըլնում, կողքինը դու էս դու լավ կիմանաս, ստուգումների մասով էլ անհոg մնա, դրա ժամն էլ կգա դու մտածի , բայց որ կշտացած ըլներ չի երազի կրկնակի անգամ: մուկը միշտ էլ մուկա եղել, անցյալում, ներկայում և ապագայում, նենց որ դրա վերաբերյալ էլ խա խայտառակ գրառումներ, որ տառ իմանաս կրկին վեր կհիշես: հետո էլ Գաբրիելը հրեշտակապետ էր էտ էլ իմացի ու թարմացրու ուղեղիկտ
6. շնողնեցի23:46 - 29 սեպտեմբերի, 2016
Մեր սիրելի գործող գյուղափետ դու ահավոր հոգնած ես գնա հանգստացի ելի 4 տարում ինչ արիր որ հմի ինչ անես հազիվ մի կերպ մի lexus առար գնա քո համար դինջացի բոբիկվել ես մեդան նգել որ ինչ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ