HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Թանգարանները կորցնում են այցելուներին

Մշակույթի նախարարության հրապարակած հաշվետվություններից մեկի համաձայն՝ վերջին տարիներին Հայաստանի որոշ թանգարաններում այցելությունների թվի կտրուկ նվազում է արձանագրվել:

Սերգեյ Փարաջանովի եւ Հովհաննես Թումանյանի թանգարաններն այդ ցանկում են: Եթե 2013 թվականին Թումանյանի թանգարանն ունեցել է 44 հազար 377 այցելու, իսկ 2014 թվականին՝ 42 հազար 146, ապա 2015 թվականին այցելուների թիվը նվազել է մինչեւ 37 հազար 131-ի:

Փարաջանովի թանգարան 2014 թվականին այցելել է 17 հազար 56 մարդ, իսկ 2015-ին՝ ընդամենը 15 հազար 956:

Երբ միասնական ծրագիր չկա

Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը նշում է մի քանի հանգամանքներ, որոնք կարող էին ազդել այցելուների թվի վրա: Դրանցից ամենակարեւորը, նրա խոսքով, տուրօպերատորների մոտեցումն է թանգարաններին: Տուրիստական ընկերությունները զբոսաշրջիկներին հնարավորինս էժան եւ ֆինանսապես գրավիչ փաթեթ ներկայացնելու նպատակով փոքր թանգարանները հանել են զբոսաշրջային երթուղուց: Բացառություն են Մատենադարանն ու Հայաստանի պատմության թանգարանը:

«Փոքր թանգարաններ մարդիկ այցելում են սեփական նախաձեռնությամբ, կամ եթե զբոսավարները սիրում են տվյալ թանգարանը, նրանք են զբոսաշրջիկներ բերում»,-ասում է Զավեն Սարգսյանը: Նա արձանագրել է, որ եթե նախկինում զբոսաշրջիկները կարող էին գիրք կամ հուշանվեր գնել թանգարանից, վերջին շրջանում դա չեն անում: Եվ խոսքը ոչ թե հայաստանցի զբոսաշրջիկների մասին է, այլ՝ օտարերկրյա: «Մարդիկ աղքատացել են: Եվ ես կարծում եմ, որ այդ ֆոնին Երեւանը օտարերկրացիների համար ընդհանրապես գրավիչ չէ: Ուր մնաց՝ թանգարանները սպասելիքներ ունենան: Համեմատած եվրոպական գների հետ, Երեւանի հյուրանոցները աննորմալ թանկ են, եւ զբոսաշրջիկները գերադասում են հյուրատներում ապրել, քիչ ծախսել: Մենք Ֆլորենցիայում երեք հոգով գիշերեցինք քաղաքի կենտրոնական հյուրանոցներից մեկում, սենյակի արժեքը 70 եվրո էր: Էդ ո՞նց է պատահում, որ Երեւանում 100 եվրո է»,-ասում է Փարաջանովի թանգարանի տնօրենը:

 

Որպես թանգարանների նկատմամբ ուշադրության եւ այցելությունների նվազման պատճառ Զավեն Սարգսյանը նշում է նաեւ այլ խնդիր՝ պետական քաղաքականության բացակայությունը: «Մենք բուկլետներ ենք տպում, տանում հյուրանոցներ, իրենք չեն ուզում վերցնել, կամ ասում են՝ մեզ փող տվեք, որ սա դնենք: Մենք ասում ենք՝ խանութ չենք կամ ռեստորան, որ շահ ունենանք, մենք թանգարան ենք, ամբողջ աշխարհում ընդունված է, որ էդ բուկլետները դրված են հյուրանոցներում: Պիտի խնդրենք, կամ ծանոթ միջնորդի դիմեմք, որպեսզի կարողանանք բուկլետ դնել հյուրանոցներում»,-ասում է Սարգսյանը:

Նա մի քանի անգամ դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ առաջարկելով քաղաքում դեպի թանգարաններ ուղղորդող նույնանման ցուցանակներ տեղադրել: Ըստ Զավեն Սարգսյանի՝ ոչ միայն այս առաջարկն է անտեսվել, այլ փորձ է արվել գումար գանձել Պարոնյան փողոցում փակցված, թանգարանի մասին ցուցանակի համար. «Մենք մեր ուժերով մի հատ փոքր ցուցանակ փակցրեցինք՝ Պարոնյան փողոցից դեպի թանգարան թեքվելու ճանապարհին, քաղաքապետարանի ինչ-որ ներկայացուցիչներ եկան, թե՝ պիտի վճարեք, սա գովազդ է եւ այլն: Էս պայմաններում, իհարկե, թանգարանները խնդրի առաջ են կանգնում»:

Փարաջանովի արվեստը գնահատողների թիվն է, որ չի պակասել: Մեծ թիվ են կազմում ռուսախոս ժողովուրդների ներկայացուցիչները, բայց շատ են իրանցի այցելուները, որովհետեւ, ըստ Զավեն Սարգսյանի, Իրանում Փարաջանովի արվեստը շատ են հարգում: «Չեմ կարող ասել, որ բոլոր այցելուներն են հասկանում, թե ուր են եկել: Սա ինտելեկտուալ մարդկանց թանգարան է»,-ասում է թանգարանի տնօրենը: Վերջին ամիսներին թանգարանում հյուրընկալվել են դերասան Ջորջ Քլունին, պարուսույց Բորիս Էյֆմանը, ռեժիսոր Աբաս Քիարոստամին եւ այլք:

«Էս պայմաններում ամեն ինչ ավելի վատ է լինելու» 

«Ո՞նց կարող է թանգարանների վիճակը լավ լինել, եթե երկրում էս խայտառակ վիճակն է ընդհանրապես: Երբ նախկին վարչապետը կանաչ լույս վառեց «Համերկրացիներ» ծրագրի առաջ, որի արդյունքում մի շարք մարզեր դատարկվեցին, եւ որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց այս հայրենադավ ծրագրի համար… Ես կարծում եմ՝ կգա ժամանակը, որ այս ծրագիրը ներմուծած բոլոր պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն: Կազմակերպվեց, փաստորեն, կամավոր աքսոր դեպի Սիբիր: Սա ես այլ կերպ, քան պետական դավաճանություն, չեմ կարող ընկալել: Իսկ որպեսզի թատրոնների, համերգասրահների վիճակը լավանա, այս վիճակը պիտի փոխվի»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Թանգարանի աշխատակիցները մոնիտորինգի արդյունքում պարզել են, որ հանրապետության դպրոցներում դասարանները բավականին փոքրաթիվ են դարձել: Արտագաղթն իր գործն արել է՝ աշակերտների թիվը տարեցտարի նվազում է:

«Գուցե Երեւանում դա այնքան էլ նկատելի չէ, բայց մարզերից եկած դասարաններում շատ ուժեղ նկատելի են արտագաղթի ողբերգական հետեւանքները: Ուրիշ պատճառ չկա»,-ասում է Նարինե Թուխիկյանը:

 Թումանյանի թանգարանը այցելություների նվազումից ֆինանսապես չի տուժել, քանի որ թանգարանը վերջին շրջանում մեծ թվով նոր գրքեր է հրատարակել, մեծ բանաստեղծի հեղինակած հանելուկների ու մանկական խաղերի տեսականի, որոնց վաճառքից եկամուտ է գոյանում: Սակայն, Նարինե Թուխիկյանն ասում է, որ մի օր դրա վերջն էլ կգա, մարդիկ ուղղակի վճարել ի վիճակի չեն լինի, եթե երկրում փոփոխություններ տեղի չունենան:

Թումանյանի թանգարանի տնօրենը կարծում է, որ մյուս թանգարաններն էլ այցելությունների խնդիր ունեն, սակայն թաքցնում են դա եւ նախընտրում են թվեր նկարել: «Հաշվետվություն ներկայացնելիս դու ազատ ես նկարչությամբ զբաղվել, եթե ցանկանաս: Մենք գիտենք, որ Հայաստանում նկարչությամբ զբաղվելը շատ պոպուլյար է: Թանգարաններում նույնպես կարող են դա անել: Հարցն այն է՝ դու ուզո՞ւմ ես ինքնախաբեությամբ զբաղվել, թե՞ ոչ: Նախ՝ ես ինքս ուզում եմ հասկանալ իմ աշխատանքի արդյունավետոթյունը: Եթե ես նկարչությամբ զբաղվեմ, ուրեմն չեմ կարող առաջ տանել թանգարանի գործը: Այցելությունների իրական դինամիկան պարզելու համար պետք է ուսումնասիրել, թե քանի տոմս է վաճառվել: Մնացածը հնարավոր է նկարչությամբ շտկել»,-ասում է Նարինե Թուխիկյանը: 

Արժե տեսնել 

Անկախ այցելությունների դինամիկայից, Թումանյանի թանգարանը շարունակում է աշխատանքն ու նորամուծությունների կիրառումը: Վերականգնվել է բանաստեղծի սադաֆե վեց աթոռներից չորսը: Խոսքը բացառիկ ցուցանմուշների մասին է: Դրանք ձմռանը կհանվեն ցուցադրության:

Հրատարակվել է Հայկական հարցի վերաբերյալ Հովհաննես Թումանյանի բոլոր գործերն ամփոփող ժողովածու: Շուտով այցելուներին կներկայացվի «Անբան Հուռին» եռաչափ մուլտֆիլմը: «Ձախորդ Փանոսը» եռաչափ տարբերակով վաղուց է ներկայացվում թանգարանում:

Վերջերս նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հետաքրքիր հավելված է մշակվել: Անդրոիդ համակարգով Toumanian Museum AR/VR հավելվածը ներբեռնելու արդյունքում օգտատերերը մի շարք հետաքրքիր հնարավորություններ կստանան:

 Փարաջանովի թանգարանն իր հերթին նոր ցուցանմուշներով է հարստացել: Վերջերս Մոսկվայի «Գոգոլ-ցենտր» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը թանգարանին է նվիրել Փարաջանովի ձեռագործ աշխատանքներից մի գլխարկ, որը տասնամյակներ առաջ հայ կինոռեժիսորը նվիրել էր ռուս դերասանուհի Ալլա Դեմիդովային: Դերասանուհին Փարաջանովի նվիրած երկու գլխարկներից մեկն աճուրդի էր հանել «Գոգոլ-ցենտր» թատրոնին աջակցելու նպատակով: Թանգարանի բարեկամներից Գոռ Նահապետյանը գլխարկը աճուրդում գնել է, եւ այն այժմ ցուցադրվում է:

 

Օրիգինալ ցուցանմուշներից են նաեւ անվանի մոդելավորող Անտոնիո Մարրեսի աշխատանքները՝ Սայաթ Նովայի թեմաներով: Մարրեսը Փարաջանովի արվեստի երկրպագուներից է: Նա ընտանիքի հետ թանգարան այցելելով՝ թանգարանին է նվիրել հայ կինոռեժիսորի հիշատակին արված երեք աշխատանք:

Այս տարի Եվրոպական կինոակադեմիան Փարաջանովի թանգարանը ներառել է եվրոպական կինոարվեստի գանձերի ցանկում: Այդ ցուցակում ընդամենը վեց անուն կա, որից միայն մեկն է թանգարան: Ցանկում են, օրինակ, Լյումիեր եղբայրների տունը, Պոտյոմկին զրահանավի աստիճանները, որտեղ Սերգեյ Էյզենշտեյնը նկարել է ֆիլմը: Փարաջանովի թանգարանի մուտքի մոտ կտեսնեք համապատասխան ցուցանակ՝ տրված եվրոպական կինոակադեմիայի կողմից:

 Ոչ միայն թանգարան 

Թումանյանի թանգարանը իր արտաբյուջետային հասույթի մի մասը փոխանցում է «Նվիրիր կյանք» հիմնադրամին, ինչպես նաեւ որեւէ վիրավոր զինվորի բուժման ծախսերին: Թե որ զինվորն ունի նման օգնության կարիք՝ խորհրդակցում են զինվորական հոսպիտալի ղեկավարության հետ: Բացի այդ, թանգարանի ճեմասրահում արկղ է ամրացված, որը հանգանակությունների համար է:

Մի ամբողջ տարի հանգանակություն կազմակերպելով՝ թանգարանը հավաքված գումարին ավելացնելով նաեւ սեփական միջոցներից՝ տարեվերջին հանձնում է մարտական պայմաններում վիրավորում ստացած որեւէ զինվորի կամ նրա ընտանիքին: Նման ճանապարհով թանգարանն արդեն երեք զինվորի աջակցել է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter