HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգևորականը ապացույցների փաթեթ է ներկայացրել Մայր Աթոռ. նժարին երկու եկեղեցականի ճակատագիր է

Քահանան «Հետքի» միջոցով դիմում է Մայր Աթոռին

Տեր Արմեն քահանա Մելքոնյանը ապացույցներ է ներկայացրել Մայր Աթոռ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի` Մայր Աթոռի գահակալի հասցեին արած արտահայտությունների  վերաբերյալ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Տեր Արմենը՝ նշելով, որ այդ քայլին է դիմել այն ժամանակ, երբ Սրբազանը չի արձագանքել քահանայի՝ իրենից հրապարակային ներողություն խնդրելու կոչին: 

Հիշեցնենք, որ Տեր Արմեն քահանա Մելքոնյանն այն հոգևորականն է, որը պաշտոնազուրկ էր արվել Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» խմբի կազմակերպված ակցիայի ժամանակ հնչեցրած բացման ու փակման խոսքից հետո: Հենց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն է ատենապետին նամակ ուղարկել, որում ասված է՝ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը Հոլանդիայի հայոց հոգևոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում որևէ հովվական պարտականություն չունի, այլ կմնա որպես ազատ հոգևորական: Այսուհետ Մաաստրիխտի բոլոր եկեղեցական ծխակատարությունների ժամանակ ատենապետը պարտավոր է նախապես դիմել եպիսկոպոսին: Բացի այդ, «Ասպարեզ» թերթին տված իր հարցազրույցում Սրբազանը կասկածի տակ էր դրել Տեր Արմենի քահանայությունը:

«Եվ ասել էի, որ եթե Սրբազանն էդ քրիստոնեական նվազագույն խոնարհությունը չունի իր սխալը սրբագրելու և հրապարակավ ներողություն խնդրելու, ես այնպիսի ապացույցներ կարող եմ ներկայացնել, որոնք կարող են շատ փակագծեր բանալ և իր պաշտոնը վնասել: Սակայն, այդ շաբաթը անցավ, ոչ մի արձագանք չեկավ, մի օր էլ ավել տվեցի, արձագանք չստացա, այնպես որ, ես ստիպված եղա էդ ապացույցները կամ դրանց մի մասը տրամադրել Մայր Աթոռին: Ըստ իմ տեղեկությունների` ապացույցները հասել են Ամենայն հայոց Կաթողիկոսի ձեռքը»,-ընդգծեց քահանան՝ չմանրամասնելով ապացույցների բովանդակությունը: Հարցին, թե ինչի վերաբերյալ են դրանք, նա նշեց միայն, որ չի ցանկանում «խծբծանքի ենթարկել» եկեղեցին՝ դրանց մասին բարձրաձայնելով: 

Քահանան «Հետքի» միջոցով դիմում է Մայր Աթոռին. «Նկատի ունենալով բարձրաստիճան հոգևորականի կեցվածքը` հանդեպ Մայր Աթոռին և տեսնելով մի հոգևորականի, որ դեսպանատան առջև իր ժողովրդի կողքին է կանգնել, սպասում եմ արդարադատություն: Սպասում եմ, որ մեր եկեղեցին պիտի արդարությամբ դատի»:

Ինչ վերաբերում է պատարագելուն կամ ծեսեր անելուն, ապա Տեր Արմենը պատասխանեց, որ որոշումը տակավին նույնն է. «Ինձ արգելված է խորհուրդ, ծես  կատարել Արևմտյան Եվրոպայի հայկական եկեղեցիներում, սակայն մեր համայնքի հետ խորհրդակցելով` մենք գտանք, որ դա անարդար որոշում է: Եթե մի եպիսկոպոս հրաման է տալիս, դա պիտի պատճառաբանված լինի, պետք է հիմք ունի: Նվազագույնը պիտի հաշվի առնեն, որ եկեղեցին պաշտոնական ծուխ ունի, ստիպված են հայտնել, թե ինչն է պատճառը»:

Ինչպես և հայտարարվել էր վաղօրոք, սեպտեմբերի 4-ին և 11-ին Տեր Արմեն քահանա Մելքոնյանը՝ մի քանի շաբաթվա ընդմիջումից հետո ծես է անցկացրել՝ պատարագել է: Ավելին՝ սեպտեմբերի 4-ին Հոլանդիայի Մաաստրիխտ քաղաքի սբ. Կարապետ եկեղեցում անցկացվել է բողոքի ակցիա:

Տեր Արմենն ասաց, որ զանգեր են եղել, ոչ թե որպես սպառնալիք, այլ խնդրանքներ, «որ պատարագը տեղ չգտնի, բայց մենք որոշեցինք պատարագը անել: Մինչև որ իրենք հիմնավորեն, թե ինչի չի կարելի պատարագել... որպէս այս ազգի զաւակ ու հոգևորական, իրավունք ունիմ մտահոգվել և զբաղվելու իմ ազգային ու եկեղեցական խնդիրներով»:

Նշենք, որ այս ամիս լրացել է Տեր Արմենի քահանայական ձեռնադրության 26 տարին: «Այսօր ավելի ևս վճռակամութեամբ կը խոստանամ շարունակել իմ առաքելությունս իմ ժողովուրդիս ու Առաքելահիմն իմ Հայ եկեղեցույս ի սփյուռս աշխարհի: Սատարեք ինձ ձեր աղոթքներով»:

Մեկնաբանություններ (1)

Վիրապ Տերտերյան
Այո իսկական հոգեւոր քահանաներ հիմա շատ քիչ կան,հիմա էլ ուզում լավերից մեկին հանեն...չի ստացվի ,որովհետեւ վերեւն Աստված կա։Մենք ձեզ հետ ենք սիրելի Տեր Հայր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter