HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոնոմ եւ բիզնես կարգի տոմսեր. ի՞նչ են նախընտրում պաշտոնյաները-2

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

սկիզբը

5000-6000 դոլարանոց գործուղումներ

2014 թվականին Բնապահպանության նախարարության աշխատակիցների գործուղումների վրա պետբյուջեից ծախսել է 7 միլիոն 568 հազար 618 դրամ, որի մեծ մասը՝ 4 միլիոն 707 հազար 558 դրամը, ավիատոմսերի համար: 2015թ-ին մի փոքր ավելին է հատկացվել գործուղումներին՝ 9 միլիոն 850 հազար 304 դրամ, որից 5 միլիոն 598 հազար 560 դրամը՝ ավիատոմսեր գնելու նպատակով:

Նախարարությունից «Հետք»-ին ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ 2014թ-ին արտասահման գործուղղվել 9 աշխատակից, 2015-ին՝ 13: Նախարար Արամայիս Գրիգորյանը երկու տարվա ընթացքում վեց արտասահմանյան գործուղում է ունեցել: 2014թ. ամենաթանկ գործուղումներից մեկը նախարարի՝ հունիսին Ժնեւ, «Էսպո» կոնվենցիային մասնակցելու նպատակով կատարած այցն է: Այս գործուղումը պետբյուջեի վրա արժեցել է 1 միլիոն 215 հազար 522 դրամ, որից 744 հազար 480 դրամը զուտ ավիատոմսի արժեքն է:

Կրկնակի թանկ է արժեցել Արամայիս Գրիգորյանի նյույորքյան գործուղումը: Գործուղման համար ծախսվել է 2 միլիոն 674 հազար 229 դրամ, իսկ ավիատոմսն արժեցել է մոտ 2 միլիոն դրամ: Ստույգ՝ 1 միլիոն 849 հազար 750 դրամ: Նախարարը սեպտեմբերին Նյու-Յորք էր մեկնել «Կլիմայական շաբաթ» գագաթնաժողովին մասնակցելու համար:

Գրիգորյանի մեկ այլ՝ դեպի Մինսկ կատարած գործուղումն էլ պետբյուջեի համար 845 հազար 723 դրամ է արժեցել, որից 640 հազար դրամը ավիատոմսի գումարն է: Արամայիս Գրիգորյանը Մինսկ էր մեկնել միջպետական բնապահպանական նիստին մասնակցելու համար:

Սրանք, ըստ էության, բիզնես կարգի ավիատոմսերի վրա արված ծախսեր են:

Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի` Բրյուսել կատարած այցը պետբյուջեի վրա արժեցել է 759 հազար 928 դրամ, որից 395 հազար 17 դրամն ուղղվել է ավիատոմս գնելուն: Հակոբյանը Բրյուսել էր ուղեւորվել բնապահպանական հարցերով նիստին մասնակցելու նպատակով:

2015թ. գործուղումների ցուցակում առանձնանում են նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանի, ՇՄՊՔ վարչության պետ Գագիկ Մանուչարյանի եւ նախարարի խորհրդական Աշոտ Հովհաննիսյանի գործուղումները:

Խաչատրյանի մոսկովյան մեկ գործուղման համար նախատեսված գումարը կազմել է 2 միլիոն 223 հազար 150 դրամ, որից միայն 409 հազար 560 դրամն է կազմել ավիատոմսի գումարը: Խաչատրյանը Մոսկվայում մասնակցել է եվրասիական երկրների փորձագետների հանդիպմանը, եւ փաստորեն ավելի քան 1,8 միլիոն դրամ գումարը ծախսվել է կեցության եւ այլ նպատակներով: Մոսկվայում:

Գագիկ Մանուչարյանը սեպտեմբերին 2015թ. այցելել է Բեռլին՝ Հայաստանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով, եւ  գործուղման համար տրամադրված 2 միլիոն 983 հազար 988 դրամից 2 միլիոն 321 հազար դրամը ծախսվել է միայն ավիատոմսի համար:

Իսկ Աշոտ Հովհաննիսյանին դեկտեմբերին Փարիզ գործուղելու համար պետբյուջեից տրամադրվել է 1 միլիոն 979 հազար 300 դրամ, որից 1 միլիոն 313 հազար դրամը ավիատոմսի արժեքն է: Վերջինս մասնակցել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների նստաշրջանին:

Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը մեկ տարվա ընթացքում 70 հազար ԱՄՆ դոլար է ծախսել գործուղումների վրա

Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունն իր գործունեությունը սկսել է ծավալել 2015թ. մարտի 6-ից եւ այդ տարվա 10 ամիսներին իրականացրած 23 արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար պետբյուջեից ծախսել է 34 միլիոն 309 հազար 160 դրամ, որի գրեթե կեսը՝ 15 միլիոն 114 հազար 440 դրամը, ուղղվել է ավիատոմսերի ձեռքբերմանը:

Նախարարության մի շարք աշխատակիցների դեպի ոչ հեռավոր Մոսկվա կամ Սանկտ-Պետերբուրգ կատարված գործուղումները բավական թանկ են արժեցել: Այսպես, 2015թ. հունիսին Սանկտ-Պետերբուրգ գործուղղված Վաչե Գաբրիելյանի եւ նրա խորհրդական Ռաֆայել Ավետիսյանի գործուղումն արժեցել է 3 միլիոն 579 հազար 170 դրամ, որից միայն 2 միլիոն 29 հազար 430 դրամը ավիատոմսի արժեքն է կազմել:

Ռաֆայել Ավետսիյանի, Վաչե Գաբրիելյանի եւ Սուրեն Կարայանի համատեղ իրականացրած մեկ այլ գործուղում՝ այս անգամ դեպի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, ավելի թանկ է արժեցել պետբյուջեի վրա: 4 միլիոն 528 հազար 830 դրամ, որից ավիատոմսի համար վճարվել է 2 միլիոն 384 հազար 560 դրամ:

Համեմատության համար նշենք, որ Վաչե Գաբրիելյանի եւ Սուրեն Կարայանի՝ Ղազախստանի հարեւան Տաջիկստան կատարած գործուղումն էլ արժեցել է նախորդից 34 անգամ ավելի էժան՝ ընդամենը 132 հազար 580 դրամ: Այս դեպքում իհարկե ավիատոմսի համար գումար չի ծախսվել, սակայն, ամեն դեպքում, գործուղման ծախսերն էլ աստղաբաշխական չեն եղել:

Վաչե Գաբրիելյանի եւ նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանի գործուղումը Մոսկվա նույնպես փոքր թիվ չի կազմել՝ 1 միլիոն 910 հազար 80 դրամ, որից 1 միլիոն 75 հազար 90-ը ավիատոմսի արժեքն է:

Նախարարությունից ամենից շատ արտասահմանյան գործուղման են մեկնել Վաչե Գաբրելյանը, Սուրեն Կարայանը եւ Ռաֆայել Ավետիսյանը: Գաբրիելյանը 14 անգամ, Կարայանը՝ 16, իսկ Ավետիսյանը՝ 9 անգամ:

2 տարում` ընդամենը 6 գործուղում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 2014- 2015թթ-ին ընդամենը 6 արտասահմանյան գործուղում է ունեցել: Ի պատասխան «Հետք»-ի հարցման, այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

2014թ-ին նախարարությունից 2 անգամ արտասահմանյան գործուղման է ուղարկվել նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը: Առաջին գործուղումը դեպի Ժնեւ տեւել է մայիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածում: Նախարարի տեղակալը ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական 52-րդ նստաշրջանին ՀՀ 2-րդ եւ 3-րդ պարբերական զեկույցների պաշտպանությանն է մասնակցել: Գործուղման ավիատոմսն արժեցել է 198 հազար 600 դրամ:

Բաղդասարյանի հաջորդ գործուղումը նոյեմբերին է տեղի ունեցել. նախարարի տեղակալը ուղեւորվել է Աստանա` ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի եւ սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 27-րդ նիստին մասնակցելու նպատակով: Դեպի Աստանա գործուղման ճանապարհածախսն արժեցել է 411 հազար 500 դրամ:  

Ջեմմա Բաղդասարյանը եւս մեկ անգամ Ժնեւ է գործուղղվել 2015թ-ի սկզբին՝ հունվարին, կրկին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 21-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ 2-րդ ազգային զեկույցը ներկայացնելու նպատակով: Այս անգամ ավիատոմսն արժեցել է մի փոքր ավելի՝ 241 հազար 100 դրամ: Նույն տարվա ընթացքում երկու գործուղում է ունեցել նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովման վարչության պետ Անահիտ Գալստյանը:

Եթե Ջեմմա Բաղդասարյանը Երեւան-Աստանա-Երեւան ավիատոմսի համար վճարել է 400 հազար դրամից ավելի, ապա Անահիտ Գալստյանին եւ նախարարության աշխատակիցներ Սմբատ Սաիյանին ու Ագնեսա Աղաբաբյանին փետրվարին Մոսկվա գործուղելու ճանապարհածախսը կազմել է ընդամենը 126 հազար 700 դրամ: Նրանք մասնակցել են կենսաթոշակային ապահովության բնագավառում ԵՏՄ անդամ պետությունների միջեւ համագործակցությանն ուղղված խորհրդակցությանը: Անահիտ Գալստյանը արտասահմանյան գործուղման է մեկնել նաեւ դեկտեմբերին: Վերջինս Բելգիա էր գործուղղվել շարժունակության շուրջ գործընկերության բարձրաստիճան հանդիպմանը մասնակցելու նպատակով: Ճանապարհածախսն արժեցել է 410 հազար դրամ:

Նախարարությունից եւս մեկ գործուղում էլ սեպտեմբերին է տեղի ունեցել. Ռուսաստան է գործուղղվել նախարարության աշախատակազմի աշխատանքի եւ զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի գլխավոր մասնագետ Ն. Բուբուշյանը: Նրա ավիատոմսն արժեցել է 193 հազար 700 դրամ:

լուսանկարում (ձախից)` Արամայիս Գրիգորյանը (աղբյուրը` mnp.am) և Վաչե Գաբիելյանը(աղբյուրը` armlur.am) 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter