«ՊԵԿ-ը աշխատանքի չի վերականգնել Գագիկ Խաչատրյանի ազգակցի հետ լավ հարաբերություններ ունեցողներին»
Ֆինանսների նախարարության ներքին անվտանգության վարչության շնաբուծական բաժնի մաքսային տեսուչ Լուսինե Հայրապետյանը ապրիլի 1-ից մնացել է առանց աշխատանքի: Ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ի առանձնանալուց հետո նոր ղեկավարությունը նրան անմիջապես ազատել է զբաղեցրած պաշտոնից՝ նույնիսկ չտեսնելով նրա դեմքը:
Լուսինեն «Հետքի» հետ զրույցում ասաց, որ 5 տարի աշխատել է շնաբուծական բաժնում (եղել է կինոլոգ): Նրա ասելով՝ ունեցել է իր անհատական շունը, որը մասնագիտացած է եղել թմրանյութերի հայտնաբերման ուղղությամբ և տարիների ընթացքում լուրջ արդյունքներ է գրանցել, սակայն նոր ղեկավարությունը ոչինչ հաշվի չի առել և առանց իր հետ խոսելու ազատել են աշխատանքից:
Լուսինեն նշում է, որ խնամքին ունի մանկահասակ երեխա և իր ապրուստի միակ միջոցը 200,000 դրամ աշխատավարձն էր: Այժմ նա գործազուրկ է և որևէ տեղ չի կարողանում աշխատանք գտնել:
«Ինձ զանգել է քարտուղարուհին, ասել է, որ աշխատողների ցուցակը ներկայացրել է ղեկավարությանը, որի մեջ եղել է նաև իմ անունը, սակայն ներկայիս բաժնի պետը ասել է, որ ինձ տեղյակ պահեն, որ այլևս չեմ աշխատում: Իմ երեսը նույնիսկ չեն տեսել, թե ով եմ, ինչ եմ աշխատում, ոնց եմ աշխատում: Երեխայի հետ կապված խնդիրներ կար, 10 օր բուլետենի մեջ եմ եղել, այդ փոփոխությունը եղել է, ու դեռ 10 օրվա ժամկետը չլրացած ինձ ասել են, որ ես չեմ աշխատում», - ասում է Լուսինե Հայրապետյանը:
Տիկնոջ ասելով՝ որ քանի որ ՊԵԿ-ն առանձնացել է ֆինանսների նախարարութունից, կարգի համաձայն դիմում են ներկայացրել աշխատանքից ազատվելու համար, որ նորից վերանշանակվեն, սակայն չեն վերականգնվել այն մարդիկ, ովքեր իրենց պետք չեն և ավելի շատ մոտ են եղել ներքին անվտանգության այն ժամանակվա վարչության պետ Կարեն Խաչատրյանի հետ: Նրանք աշխատել են հենց այդ ստորաբաժանման ենթակայության ներքո:
Լուսինեն ասում է, որ ինքը աշխատանքից ազատելու դիմում ներկայացրել է վերանշանակման պայմանով, քանի որ այլ տարբերակ պարզապես չի ունեցել:
«Շնագիտական բաժինը ստեղծվել է հենց Կարեն Խաչատրյանի օրոք, զրոյից ոտքի ենք կանգնացրել: Մրցումներին ենք մասնակցել, Հայաստանի անունը բարձր ենք պահել, ունենք մրցանակներ, բայց աշխատանքից ազատել են նաև այն մարդկանց, ովքեր սովորել են Լեհաստանում և մրցանակներ են բերել: Կարեն Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի ազգականն է, այդ մասին ես իմացել եմ վերջերս: Չգիտեմ` անձնական հարցեր են լուծել թե ինչ, բայց աշխատանքից ազատվել են նրանք, ովքեր մոտ են եղել Կարենի հետ: Երեխայի հետ տանը նստած էի, ինձ զանգել ասել են, որ այլևս չես աշխատում: Կոպիտ հաշվարկնեորով ներքին անվտանգության բաժնից մոտ 80 հոգու ազատել են աշխատանքից, այդ թվում Կարեն Խաչատրյանին»,- ասում է Լուսինե Հայրապետյանը:
Լուսինեն ասում է, որ ղեկավարության փոփոխությունից հետո շենքի ներսում ավտոմատներով «ձյաձյաներ» են եղել կանգնած, ներս մտնել հնարավոր չէր, ուստի պարզաբանումներ չի ստացել, թե ինչու է աշխատանքից ազատվել:
«Նույնիսկ աշխատանքային գրքույկս ինձ տվել են առաջին հարկում, իջեցրել են, վերցրել եմ ու գնացել տուն: Ես արդեն քանի ամիս է, անգործ եմ: Հանրապետությունում գործ գտնելը հեշտ չէ, իմ երեխուն ո՞վ պետք է պահի: Երկու բարձրագույն կրթություն ունեմ, 40 տարեկանում ուր գնամ ասեմ` ինձ գործի վերցրեք, չեն վերցնում»,- նշում է Լուսինե Հայրապետյանը:
ՀՀ նախագահի 2016թ. մարտի 1-ի ՆՀ-213–Ն հրամանագրով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վերակազմակերպվել է` դրանից առանձնացնելով կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ նախագահ է նշանակվել Հովհաննես Հովսեփյանը:
ՊԵԿ կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատվել է ՀՀ կառավարության 2016թ-ի մարտի 10-ի՝ N 224 –Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2016թ-ի մարտի 16-ին:
Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից, վերակազմակերպման արդյունքում 2016թ.-ի մարտի 17-ից մինչ օգոստոսի 26-ը ներառյալ ՊԵԿ համակարգում վերանշանակվել է 3155 աշխատակից, որոնցից օգոստոսի 26-ի դրությամբ, իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է 146-ը: Նշված ժամանակահատվածում ՊԵԿ համակարգից որևէ աշխատակից չի հեռացվել և չի կրճատվել:
«ՊԵԿ համակարգում վերակազմակերպման արդյունքում շնագիտական կենտրոնում, որը ներառված է ներքին անվտանգության վարչության կազմում, աշխատակիցների կրճատում կամ հեռացում տեղի չի ունեցել: Շնագիտական կենտրոն աշխատանքի է ընդունվել 19 մարդ, որից մեկն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն»,- նշված է ՊԵԿ-ի պարզաբանման մեջ: Մինչդեռ Լուսինե Հայրապետյանը պնդում է, որ աշխատանքից ազատվածների թիվը մեծ է: Ըստ նրա` չեն խնայվել նույնիսկ փորձառու աշխատողները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել