HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Մեր ժամանակների «հերոսը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականին՝ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Վարչապետի ելույթից ես հասկացա, որ հրաժարականը պետության համար անհրաժեշտություն է, եւ ինքը, որպես պետական գործիչ, գնաց այդ քայլին։ Մենք ողջունում ենք իր պետականամետ դիրքորոշումը, որով նա օրինակ ծառայեց ապագա եւ ներկա մի շարք պաշտոնյաների համար, որ եթե կա պետական շահ, չպետք է վերմակը գցես միայն քո վրա»:

Շարմազանովը, սակայն չի պարզաբանել երկու բան: Նախ՝ ի՞նչ է նշանակում «պետության համար անհրաժեշտություն»: Ո՞վ է որոշում՝ որ արարքն է պետության համար անհրաժեշտ, որը՝ ոչ, ո՞րն է անհրաժեշտի ու վնասակարի սահմանագծման չափորոշիչը: Նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ Հովիկ Աբրահամյանի կամ Սերժ Սարգսյանի անդադար պաշտոնավարումը ևս պետական անհրաժեշտություն է: Օրինակ սեպտեմբերի 8-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո, որի ընթացքում, հիշեցնենք, նախագահը հայտարարում էր, որ նոր վարչապետն ազատ է լինելու բոլոր, այդ թվում նաև կադրային հարցերում, Սյունիքի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ամենայն համոզվածությամբ հայտարարեց, թե ինքը մնալու նույն պաշտոնին: Նա խորապես համոզված է, որ իր մնալը պետական անհրաժեշտություն է: Կարո՞ղ է արդյոք Շարմազանովը հակառակը համոզել: Որևէ կասկած չկա, որ եթե Սուրիկ Խաչատրյանը իսկապես շարունակի մնալ Սյունիքի մարզպետ նաև նոր վարչապետի օրոք, Շարմազանովը նույն ջրերմեռանդությամբ լուռ կամ բացահայտ համարելու է, որ դա իսկապես պետական անհրաժեշտություն է: Եվ միակ չափորոշիչը, որով առաջնորդվելով նա Սուրիկ Խաչատրյանի «շարունակմանը» հավանություն կտա, կլինի այն գիտացումը, որ եթե այդպես է որոշվել «վերևում», որեմն դա իսկապես պետական անհրաժեշտություն է:

Երկրորդը, որը Շարմազանովը չի պարզաբանել, այն է, թե հատկապես ինչի՞ց է հասկացել, որ Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականը «պետության համար անհրաժեշտությամբ» է պայմանավորել: Հայաստանի կառավարման համակարգում հաստատված «բարի ավանդույթի» համաձայն, պաշտոնապես որևէ մեկը հարկ չհամարեց հասարակությանը բացատրելու, թե ո՞ր մեղքի համար է Հովիկ Աբրահամյանը հրաժարական տալիս: Վարչապետի և կառավարության հրաժարականն ընդունելիս նախագահը շնորհակալություն հայտնեց նրան պաշտոնավարման տարիներին արձանագրած հաջողությունների համար: Ինքը Հովիկ Աբրահամյանն, իր հրաժարական բացատրեց նրանով, որ հեռանում է, քանի որ ուզում է հնարավորություն տալ նախագահին ձևավորելու նոր կառավարություն, որը նոր մոտեցումներով կհամախմբի հասարակությանը: Ասել է թե՝ հեռանում է, որովհետև չի կարողացել համախմբել հասարակությանը:  

ՀՀ սահմանադրությամբ կառավարությունը հասարակությանը համախմբելու ուղղակի գործառույթ չունի: Եվ նրա բացատրությունից ստացվում է, որ հրաժարական է տվել մի բանի համար, որը բացարձակապես իր գործը չէր: Դա ներկայացնել որպես պետության համար ինքնազոհողություն, անհեթեթ է: Ավելին. իրականում հասարակության համախմբումը, որն այլ բան չէ, քան իշխանության հանդեպ բավարար, տանելի վստահության ձևավորում, որպես քաղաքական-բարոյական կատեգորիա, ոչ թե առանձին վերցրած կառավարության, այլ ընդհանուր քաղաքական իշխանության և վերջինիս անունից առանքային որոշումները կայացնելու «մենաշնորհն» ունեցող երկրի ղեկավարի խնդիրն է: Մանավանդ որ սահմանադրությամբ հենց նախագահի վրա է դրված իշխանության թևերի բնականոն գործունեության ապահովումն ու երաշխավորումը: Եթե հասարակական համախմբման կամ վստահության ձևավորման խնդիրը համարվում է տապալված, ապա դրա առաջնային պատասխանատուն հաստատապես վարչապետը և կառավարությունը չեն, այլ նրանց, ովքեր նրան պաշտպանել են այդ պաշտոնում և նշանակել և ովքեր ամեն տարի ԱԺ-ում հավանություն են տվել կառավարության նախորդ տարվա կատարողականին և կիսել այդ ձախողումների համար քաղաքական պատասխանատվությունը: Եվ կամա թե ակամա ստացվում է, որ վարչապետն ու նրա կառավարությունը, որպես քավության նոխազ, զոհաբերվել են ընդհանուր առմամբ քաղաքական իշխանության ձախողումը «ջրելու» նպատակին:

Բայց եթե անգամ ընդունենք, թե հասարակությանը համախմբել չկարողանալը բացառապես վարչապետի անմիջական գործառույթն է, ապա ստացվում է, որ Շարմազանովը հերոսացնում, իդեալականացնում է Հովիկ Աբրահամյանի ձախողումը, ավելի ճիշտ՝ ձախողման համար տրվող հրաժարականը:

Առհասարակ թե նրա վերոնշյալ մեկնաբանության մեջ և թե նախագահի կողմից վարչապետի հրաժարականն ընդունելու և նոր վարչապետի թեկնածությունն առաջադրելու ժամանակ ունեցած ելույթում  կարմիր թելի նման անցնում էր այն գաղափարը, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տալով ցուցաբերել է պետական գործչին, հայրենասերին և իր երկրի անձնազոհ զավակին հատուկ քաջություն: Պաթոսն այնքան տպավորիչ էր, որ մի փոքր անհամեստություն անելու դեպքում կարելի էր Հովիկ Աբրահամյանին առաջադրել ազգային հերոսի կոչման:

Դա արվեց երկու հիմնական նպատակով: Առաջին՝ շահել Աբրահամյանի ինքնասիրությունը, որպեսզի տեղի ունեցածից նա իրեն մարդկայնորեն վիրավորված և դավաճանված չզգա: Ի վերջո Աբրահամյանը դեռ պետք է առաջիկա ընտրություններում իշխանության հաղթանակն ապահովելու օպերացիան հերթական անգամ կազմակերպելու համար:

Երկրորդ, որ թերևս, շատ ավելի էական է՝ իշխանությունը չի կարող իրեն թույլ տալ հանդես գալ ձախողվածի կարգավիճակում: Սա իշխանության համակարգային ձևախեղված մտածողության արգասիք է: Հովիկ Աբրահամյանն ընկալվում էր ոչ այնքան որպես առանձին իշխանության թևի ղեկավար, այլ՝ քաղաքական իշխանության կամ իշխանական իսթեբլիշմենթի առանցքային պտուտակներից մեկը: Խոստովանել, որ այդ պտուտակը փչացել է, նշանակում է՝ խոստովանել, որ փչացել է ողջ համակարգն ընդհանրապես՝ վերևից ներքև: Իշխանությունն այսպիսով խոստովանում է, որ ինքը առանձին վերցրած Հովիկ Աբրահամյանի և այդ բուրգի ցանկացած «աղյուսի», ցանկացած «պտուտակի» համար պատասխանատու է նույնքան, որքան վերջիններս՝ ողջ մեքենայի անխափան շահագործման համար: Համակարգը չի կարող լինել առանձին հովիկաբրահամյանների, ինչպես որ վերջիններս չեն կարող լինել առանց համակարգի: Սա նույնիսկ ոչ թե թիմային ամբողջականության, այլ համաձուլվածքի աստիճանի սերտաճած իշխանական կոնյուկտուրայի դրսևորում է, որը մերժում է այնպիսի «թեթևսոլիկ» ու անլուրջ սկզբունք, ինչպիսին իշխանության թևերի հակակշռումն է, իշխանության առանձին թևերի պատասխանատվությունը:

Այս նեղ, դեգրադացված մտածողությունը հասարակությանը կանգնեցրել է  այնպիսի տրագիկոմեդիկ իրականության առջև, երբ անգամ հրաժարական տալու համար վարչապետին կարելի է հերոսացնել: Նման տրամաբանությամբ առաջնորդվողներն անգամ չեն փորձում նկատել, թե հերոսացման այս մառազմատիկ էյֆորիան ինչպիսի անհեթեթ վիճակի մեջ է դնում հենց իրեն՝ իշխանությանը: Ստացվում է, որ իշխանությունը ցանկացած գնով պահելը, աթոռից ամեն գնով կառչած մնալը նորմալ երևույթ է, և որ հենց այդ արժեհամակարգով է ապրում իշխանության՝ Հովիկ Աբրահամյանի քաջությունը, ինքնազոհողության գնալու հզոր կամային ուժը չունեցող մեծամասնությունը:  Ի՞նչ է ուզում սրանով ասել քաղաքական մեծամասնությունը. որ չունի՞ աթոռներից կառչածներից և աթոռապաշտներից ազատվելու կարողություն:  Թե՞ Էդուարդ Շարմազանովն իսկապես կարծում է, որ հասարկությունը հավատում է, որ եթե Հովիկ Աբրահամյանը չունենար հրաժարական տալու և նախագահին նոր կառավարություն կազմելու հնարավորություն ընձեռելու քաջություն՝ նախագահը չէր համարձակվելու նրան դիպչել:

Հասարկությանը, փաստորեն ասվում է, որ իշխանության վերնախավում ոչ սխալվողներ կան և ոչ էլ, բնականաբար, պատժվողներ: Կարելի է առանց իրավական, քաղաքական պատասխանատվության մասին մտածելու, հանգիստ ստանձնել առանցքային պաշտոններ և տարիներով ձախողել. միևնույնն է՝ հաջողես թե տապալվես, քեզ հրաժեշտ են տալու շնորհակալություններով, կրծքիդ դափնեպսակ դնելով և ուսերին նստեցրած: Ըստ այս տրամաբանության, Կարեն Կարապետյանը ևս, փաստորեն, գալիս է նույն համոզվածությամբ ու հանգստությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter