HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետևեք ձեր անձնական զգացողությանը»,- լրագրողներին ասում է գերմանացի հետաքննող Օլաֆ Յանը

Օլաֆ Յանը (Olaf Jahn) գերմանացի հետաքննող լրագրող է: Նա շատ ուշադիր է լսում զրուցակցին: Նրա հետաքննությունների թիրախը հիմնականում կոռուպցիան ու տնտեսական հանցագործություններն են: Մի քանի մրցանակներ է ստացել:

Մրցանակների ու կատարած աշխատանքի մասին համացանցից էի իմացել: Երբ նրան ասացի այդ մասին, ժպտաց: Մենք այլևս չանդրադարձանք ոչ մրցանակներին և ոչ էլ սկանդալային հետաքննական նյութերին: Մեր զրույցներից մեկի ժամանակ նշեց, որ չիներեն է սովորել և երկար տարիներ աշխատել է Թայվանում որպես թղթակից:

Գերմանիայում հետաքննող լրագրողները քիչ են: Օ. Յանի հաշվարկով՝ մոտ 40-ը: Նախկինում նրանք ավելի շատ էին: Նվազման պատճառն այն է, որ գերմանական մեդիան քիչ գումար է ծախսում հետաքննությունների համար: Հետաքննող լրագրողը կարող է ամիսներով ուսումնասիրել, հետաքննել թեման և, բնականաբար, չի կարող սևեռվել այլ թեմաների վրա: Ու ամեն խմբագրություն չէ, որ պատարստ է վճարել այդ ամիսների «լռակյաց» աշխատանքի համար: Զրուցակցիս կարծիքով՝ հետաքննությունների համար լավ է, երբ թիմերով են աշխատում: Օլաֆ Յանը իր հայրենի քաղաքում՝ Համբուգում է սկսել հետաքննական աշխատանքը:

Հետաքրքրասեր, ճկուն ու հանդուրժող: Ըստ գերմանացի հետաքննողի՝ այս հատկություններով պետք է օժտված լինի լրագրողը: Առանձնացնում է ևս երկու հատկանիշ՝ տրամաբանորեն մտածելն ու մարդկանց հետ շփվելու հմտությունը: Օրինակ է բերում, որ երբ կարևոր տեղեկատվություն ես ուզում ստանալ մի ընկերությունից, վերջինիս ներկայացուցիչները կարող են ենթադրել, որ, այսպես ասած, դատելու ես իրենց գործունեությունը, ու զգուշություն են ցուցաբերում: Ըստ Յանի՝ նրբությունը հենց այս կետում է. պետք է լինել այնքան հետաքրքիր, որ աշխատակիցը խոսի քեզ հետ:

Լրագրողը շատ բան կարող է փոխել: Զրուցակիցս համոզված է սրանում: Ասում է՝ լրագրողների հրապարակումներով հասարակական կարծիք է ձևավորվում, որը փոխում է հանրության տրամադրությունը: Դա իր ազդեցությունն է ունենում քաղաքական որոշումների վրա, քանի որ քաղաքական գործիչները շատ զգայուն են այդ տրամադրության նկատմամբ: Եթե լրագրողն ապացույցներ ունի, որ տվյալ գործիչը օրենքից դուրս բիզնեսով կամ կոռուպցիայով է զբաղվում, հավանական է, որ, այդ մասին գրելով, կարող ես փոխել հասարակական տրամադրվածությունը գործչի հանդեպ: Այսինքն՝ լրագրողները կյանքը դարձնում են թափանցիկ: Իսկ թափանցիկության պայմաններում բարձրանում է մարդկանց իրազեկվածության մակարդակն, ու քաղաքացիները կոմպետենտ կարող են քվեարկել:

Գերմանիայում հետաքննող լրագրողի աշխատանքը վտանգված չէ: Նույնը, ըստ Օլաֆ Յանի, չենք կարող ասել Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Իտալիայի մասին: Նշում է, որ եթե, օրինակ, Վատիկանի սև բիզնեսի մասին հետաքննություն անես, վտանգավոր կլինի: Գերմանիայում լրագրողը պաշտպանված է օրենքով:

Յանի փոխանցմամբ՝ իր երկրում խնդիր կարող է ծագել նախքան նյութի հրապարակումը: Երբ ընկերությունը կամ պաշտոնյան հասկանում է, որ իր մասին հոդված է պատրաստվում, գուցե փորձի խոչընդոտել, բայց հրապարակելուց հետո նման քայլի չի գնա:

Օլաֆ Յանի առաջարկն է լրագրողներին՝ փնտրել սեփական պատմություններ և երբեք չսպասել, թե շրջապատի մարդիկ ինչ են ասելու. «Հետևեք ձեր անձնական զգացողությանը, մի լսեք կողքի մարդկանց, ովքեր կասեն, թե շատ դժվար է գրել այդ մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter