HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերահսկող հանձնաժողովը չնկատելու է տվել ավագանու արտոնությունների քվեարկությունները

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ծննդավայր Այգեշատ գյուղում շարունակվում է մարզում արդեն սովորական դարձած արտոնությունների շքերթը: Օգոստոսի 10-ին ավագանին որոշում է կայացրել գույքահարկի գծով արտոնություն տալ համայնքի բնակիչներին: Ինչպես պարզվում է` արտոնություն ստացած բնակիչների զգալի մասը ավագանու անդամներն են կամ նրանց հետ փոխկապակցված անձինք: Չնչին բացառություններով նույնը վերաբերում է նաև սոցիալական օգնություններին:

Գրիգոր Համբարձումյանը Opel Vectra 1.8 մակնիշի ավտոմեքենայի համար ստացել է մոտ 38 հազար դրամի, իսկ Ford մակնիշի ավտոմեքենայի համար 3800 դրամի գույքահարկի արտոնություն: Դարձյալ 3800 դրամի արտոնություն ստացել է 2015թ.՝ կրկին Ford մակնիշի ավտոմեքենայի, իսկ 20 հազար դրամից ավելին՝ Opel Vectra 1.8 ավտոմեքենայի համար: Նա ավագանու անդամ Հայկ Համբարձումյանի որդին է: Ի դեպ, Հայկ Համբարձումյանը նույնպես արտոնյալների ցանկում է: Համայնքի ավագանին որոշել է գործընկերոջ Ford Transit 2.2TD մակնիշի ավտոմեքենայի գույքահարկի 9318 դրամի չափով արտոնություն տալ:

Վաչագան Հունանյանը ևս ավագանու անդամ է: Նա նիստի ժամանակ «կողմ» է քվեարկել, որ ավագանին իր Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայի գույքահարկի գծով տրամադրի արտոնություն՝ 8000 դրամի չափով: Նույն չափով արտոնություն տրամադրվել է նաև 2015 և 2014 թվականներին: Այդ տարիներին Հունանյանը ևս «կողմ» է քվեարկել:

Իր երկու ավտոմեքենաների համար գույքահարկի արտոնություն ստացել է նաև ավագանու անդամ Ռուստամ Հասոյանը, ով ևս «կողմ» է քվեարկել: Նրա Գազ 24-17 մակնիշի ավտոմեքենայի գույքահարկը կազմել է մոտ 23 հազար դրամ, իսկ Ford Transit 2.5TD ավտոմեքենայինը՝ 5000 դրամ: Ford ավտոմեքենայի համար 12 հազար դրամի արտոնություն էլ Հասոյանը ստացել է անցյալ տարի:

Նշենք, որ Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանու անդամը պարտավոր է «չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին»:

Նշենք, որ այս տարվա ապրիլի 26-ին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի N63 որոշմամբ վարչական հսկողություն է իրականացվել Այգեշատ գյուղում: 5 հոգանոց հանձնաժողովը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ «պտիչկա» է դրել այն սյունակի դիմաց, որը վերաբերում է վերը նշված օրենքով նախատեսված ավագանու անդամի, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների շահերին առնչվող որոշումների քվեարկությանը մասնակցության բացառմանը: Որևէ նշում չկա այն մասին, որ ավագանու անդամները մասնակցել են իրենց և մերձավորների օգտին որոշումների կայացման քվեարկություններին:

Փաստորեն ստուգողներն այդպես էլ չեն «նկատել», որ ավագանու անդամները տարիներ շարունակ իրենց իսկ քվեարկությամբ որոշումներ են կայացրել իրենց և մերձավորների օգտին: Դրանով ևս մեկ անգամ փաստվում է, որ մարզպետարանի կողմից համայնքներում իրականացվող վարչական ստուգումները կրում են ձևական բնույթ և հանձնաժողովի անդամները ինչ-ինչ շահերով պայմանավորված «չտեսնելու» են տալիս ակնհայտ խախտումները:

Եթե օգոստոսի 10-ի արտոնությունների վերաբերյալ քվեարկության դեպքերը հնարավոր չէր հայտնաբերել, քանի որ վարչական հսկողությունն իրականացվել է դրանից առաջ, ապա անհասկանալի է, թե ինչու չեն հայտնաբերվել նախորդ արտոնությունների օգտին ավագանու անդամների քվեարկության դեպքերը, որն առնչվել է նրանց և մերձավորների շահերին: Կասկածից վեր է, որ եթե վարչական ստուգումն իրականացվեր օգոստոսի 10-ից հետո նույն հանձնաժողովը դարձյալ չէր նկատելու:

Գլխավոր լուսանկարում՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter