ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ի՞նչ է փոխվել Վանքում՝ Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունից հետո


Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչների համար դժբախտություն կա. պատերազմը եւ վանքեցի գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը:

«Հայրապետյանի ձերբակալությունից հետո գյուղում մարդկանց նախկին հոսքն ու աշխուժությունը չկա: Մի տեսակ տխուր է»,-ասում է վանքեցի երիտասարդներից մեկը: «Իրա գյուղ այցելելը որ չկա, մենք կոտորված ենք: Լեւոն Գուրգենիչի ներկայությունը մեզ համար ամեն ինչ էր»,-ասում է մեկ ուրիշը:

Լեւոն Հայրապետյանի բացակայությամբ ո՛չ լեռներում հարսանիքներ են կազմակերպվում, ո՛չ ո՛չ ավանակների մրցույթներ, ո՛չ էլ խոշոր այլ միջոցառումներ: 

2014 թվականի հուլիսից այս կողմ, Հայրապետյանի ձերբակալությունից հետո, Վանքում գործող նրա ընկերություններում որոշ աշխատանքներ դադարեցվել էին, սակայն ավելի ուշ գործարարը բանտից հանձնարել է իրավիճակին հակառակ՝ գործունեությունը բերել բնականոն հունի:

Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունից հետո նրա ընկերություններում կրճատումներ էին իրականացվել: Այդ ժամանակ դրանք ղեկավարում էր գործարարի եղբորորդին՝ Գուրգեն Հայրապետյանը: Իմանալով այդ մասին, Լեւոն Հայրապետյանը նոր տնօրեն է նշանակել՝ իր փեսա Սերգեյ Դարբինյանին, որը վերականգնել է բոլոր հաստիքները:

«ԱՏԱ Վանք լես» եւ «Վան գրուպ» ընկերությունների փոխտնօրեն Նորիկ Ավանեսյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ չնայած հիմա մեծ աշխատուժի պահանջարկ չունեն, սակայն Լեւոն Հայրապետյանի ցանկությամբ պահում են մոտ 200 աշխատատեղ, որպեսզի վանքեցիներն առանց աշխատանքի չմնան: «Հիմա երկու ընկերությունները իրականում կարիք ունեն ընդամենը 80 աշխատողի: Մնացածը ուղղակի վանքեցիներ են, որոնց սոցիալական վիճակի նկատմամբ Լեւոն Գուրգենիչն անտարբեր չէ: Եթե երկու հավաքարարի կարիք կա, ապա գրանցված են վեցը: Հայրապետյանը հաստիքները պահում է, որպեսզի վանքեցիները գյուղը չլքեն: Մենք էստեղից՝ ազատությունից, ծախսերի նախահաշիվն ուղարկում ենք, Լեւոն Հայրապետյանը բանտից մեզ գումար է ուղարկում»,-ասում է Նորիկ Ավանեսյանը:

Ինչպես հայտնի է, Հայրապետյանը նախաձեռնել էր Վանք գյուղի հարեւանությամբ կառուցել Սուվորովի եւ Մադաթովի անվան զինվորական ուսումնարան, եւ 2012 թվականին շինարարությունը մեկնարկել էր ու դադարեցվել Հայրապետյանի հետ տեղի ունեցած իրադարձություններից հետո: Վանքում կարծում են, որ Հայրապետյանի ձերբակալությունը կապ ունի ուսումնարանի հիմնադրման աշխատանքների հետ, եւ որ այդ ամենում մասնակից են ադրբեջանական գործարար շրջանակները: Ուսումնարանի կառուցման համար քար ապահովելում նպատակով, մեկ տարի առաջ Հայրապետյանի ընկերություններից մեկը Արցախում սկսել էր քարի հանք շահագործել: 

Չնայած շենքի կառուցումն այս պահին դադարեցված է, Հայրապետյանը բանտից հրահանգել է անպայման շարունակել հանքաքարի մշակումը, լավատեսությամբ, որ ուսումնարանի շինարարությունը շուտով կվերսկսվի:

Նույն լավատեսությամբ Լեւոն Հայրապետյանը հրահանգել է անտառից փայտ տեղափոխել չորանոցներ եւ շարունակել «ԱՏԱ Վանք լես»-ի կողմից փայտի վերամշակումը: Երկարատեւ ընդմիջումից հետո ընկերությունը վերսկել է մանրահատակի արտադրությունը: Ինչպես Նորիկ Ավանեսյանը հայտնեց, ընկերությունը դեռ պատվերներ չունի: «ԱՏԱ Վանք լես»-ի  փոխտնօրենը հույս ունի, որ գոնե Արցախի կառավարությունից պատվերներ կունենան:

Ապրիլյան ռազմական գործողությունների օրերին Լեւոն Հայրապետյանի ընկերությունների ողջ տեխնիկան եղել է դիրքերում, զինված ուժերի տրամադրության տակ:

Չնայած ապրիլյան ռազմական գործողությունների եւ դրան հաջորդած օրերին ողջ հայությունը սոցիալական ցանցերում քարոզում էին անպայման ամառային արձակուրդներն անցկացնել Արցախում, իրականում հակառակն է տեղի ունեցել: «Գանձասար Տուր» ընկերության գլխավոր մենեջեր Զառա Բաղդասարյանն ասում է, որ այս տարի զբոսաշրջիկների թիվը զգալիորեն՝ մոտ 70 տոկոսով նվազել են:

«Էկլեկտիկա» եւ «Ծավին քար» հյուրանոցները ամառային եւ աշնանային տուրիստական շրջանում առանձնապես ծանրաբեռնված չեն եղել: Հակառակ զբոսաշրջային բիզնեսի տրամաբանության, տուրիստական շրջանում «Գանձասար տուր»-ը ստիպված է եղել հյուրանոցային ծառայությունների գները 30 տոկոսով նվազեցնել:

Նշենք, որ «Էկլեկտիկա» եւ «Ծավին քար» հյուրանոցները նույնպես պատկանում են Լեւոն Հայրապետյանին: Զառա Բաղդասարյանը պատմեց, թե ապրիլյան օրերին ինչպես էին հյուրանոցներում տեղավորում Թալիշի եւ Մարտակերտի այլ գյուղերի բնակիչներին: «Լեւոն Հայրապետյանը բանտի զանգել էր, անձամբ ինձ հետ խոսեց ու կարգադրեց. ամեն ինչ արեք էդ մարդկանց համար: Բոլոր հնարավոր տարածքները դարձրել ենք ննջարան»,-ասում է «Գանձասար տուր»-ի գլխավոր մենեջերը:

Զառան պատմում է, որ Լեւոն Հայրապետյանը պահանջել է փախստականներից համար բացված սեղանները նկարել ու վայբերով ուղարկել իրեն, որպեսզի վստահ լինի, որ նրանց համար արվում է ամեն հնարավոր բան:


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (2)
1. qam00:50 - 15 սեպտեմբերի, 2016
Զարմաված եմ արցախահայության պասիվության վրա Հայրապետյանի հարցում, չտեսանք 2 ուսանող կամ 2 ամուսնացած զույգ որ միանան ու մի հոդված, մի միտինգանման բան անեն ի պաշտպանություն իրենց քավորի կամ մեկենասի' լինի Արցախում, Երևանում, Մոսկվայում թե Փարիզում: Հասկացանք երևանյան իրադարձությունները հեռու են, նախկին ազատամարտիկների ծեծը Արցախ մտնելիս չի հետաքրքրում, Սասնա Ծռերի ազդեցությունը անհասանելի է...բայց սա հո արդեն "իրենց" հարցն է...տպավորություն է թե ինչ որ էրֆորիայի մեջ են կամ մի բան գիտեն որ մենք չգիտենք, կամ էլ նմանվում է երախտամոռության ու անհեռատեսության: Երբեմն տպավորություն է որ Արցախո ոչ թե լեռներ է այլ գտնվում է փոսի, ես կասեի անդունդի մեջ: Ներող թող լինեն նրանք ովքեր մի բան ձեռնարկել են բայց ես տեղյակ չեմ:
2. Հրաչյա17:23 - 15 սեպտեմբերի, 2016
Լիովին համաձայն եմ qam-ի հետ: Լ.Հայրապետյանի առնչությամբ արցախցիների լռությունը առնվազն տարօրինակ է: Կարծում եմ, որ Հայաստանում և Արցախում նման անտարբերության դրսևորումը հավաստում է խորը հոգեբանական ճգնաժամի մասին: Նույնը վերաբերում է Երևանում տեղի ունեցած իրադարձություններին…
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։