HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արցախյան դպրոցի ուսուցչուհին օճառներ է պատրաստում ու հասույթն ուղղում դպրոցում ստեղծագործարան հիմնելուն

26-ամյա Լիլիթ Տոնոյանը Արցախի դաշտերից խոտաբույսեր է հավաքում, բնական օճառներ ու յուղեր պատրաստում, վաճառում, հասույթն էլ ուղղում արցախյան դպրոցներից մեկում ստեղծագործարան հիմնելուն։ Գաղափարի հեղինակը հենց նա է. ամեն ինչ իր պատմությունն ունի։

Ահռելի դրական էներգիայով ու հումորով լեցուն Լիլիթը մասնագիտությամբ բիոֆիզիկ է։ Սովորում է Երևանի պետական համալսարանում, այժմ՝ ասպիրանտուրայում։ Արդեն վեց տարի է՝ աշխատում է Արցախի Քաշաթաղի շրջանի Գողթանիկ համայնքի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցչուհի։ Մասնագիտական հետազոտությունների շրջանակներում ուսումնասիրել է սինթետիկ լվացող նյութերի ազդեցությունը մաշկի վրա ու եկել եզրահանգման, որ դրանք նվազեցնում են կյանքի տևողությունը։

Որպես խնդրի լուծման մեկ տարբերակ առաջարկել է բնական հումքից օճառների պատրաստումը։ Բայց միայն առաջարկելով չի բավարարվել։ Այսօր նա պատրաստում և վաճառում է նման օճառներ ու յուղեր։ Այս գաղափարը ներկայացրել է երկու հարթակներում ու հաջողություններ գրանցել։«Մասնակցեցի «ԷկոԼաբ» կարողությունների զարգացման ծրագրին։ Մտածեցի, որ կարող եմ օճառներ պատրաստել, դրանք վաճառել և համայնքի զարգացման ծրագիր կազմակերպել։ Միանգամից մտածեցի այն դպրոցի մասին, որտեղ աշխատում եմ։ Գողթանիկում չկան արվեստի ու ստեղծագորածական կենտրոններ, միայն դպրոցն է։ Ծրագիրս հավանության արժանացավ։ Ու  «ԷկոԼաբ»-ից ստացած որոշակի ֆինասավորմամբ և  օճառների վաճառքից ստացվող գումարով այժմ այդ դպրոցում ստեղծագործարան հիմնելու առաջին քայլերն ենք անում։ Դպրոցի տնօրինությունը առանձին սենյակ է տրամադրել դրա համար»,- ոգևորված պատմում է Լիլիթը։

Ստեղծագործարանը

Նա իր ծրագիրը անվանել է «Soap for Hope» (Օճառ՝ հույսի համար)։ Նույն թեմայով կոնֆերանսի է մասնակցել Խորվաթիայում, որի շրջանակներում գիտական հոդվածների գիրք է տպագրվել։ Այնտեղ տեղ է գտել նաև Լիլիթի հոդվածը։ Ի դեպ, նա սովորել է այն դպրոցում, որտեղ հիմա աշխատում է։ Ծնունդով Արմավիրի մարզից է։

 Ծնողները Արմավիրից Քաշաթաղ են տեղափոխվել 19 տարի առաջ և ուսուցիչ աշխատել դպրոցում։ Այժմ ևս ապրում ու աշխատում են այնտեղ։ «Բակալավրից հետո վերադարձա նույն դպրոցը, որտեղ սովորել եմ։ Ու որոշեցի պարզապես ուսուցիչ չլինել, այլ՝ տալ երեխաներին մի բան, ինչը ես չեմ ունեցել դպրոցական տարիներին՝ ապրելով հետպատերազմական շրջանում։ Իմ ստեղծագործարանի ծրագրով ես փորձում եմ նոր շունչ հաղորդել համայնքին, օժանդակել երեխաների ստեղծագործ մտքի զարգացմանը, խրախուսել կրեատիվ մտքերն ու հասարակական աշխատանքը»,- ասում է Լիլիթը։

Ապագա ստեղծագործարանում  ծրագրել է ստեղծագործական կարողությունների զարգացման միջոցառումներ  կազմակերպել՝ աշխատանքների ցուցահանդես, ուսուցողական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություն և այլն։ Լիլիթը հետաքրքիր գաղափար ունի՝ ցանկանում է այսպես կոչված «հետպատերազմական աղբից» նոր ու օրիգինալ իրեր պատրաստել։

Ուզում է, որ երեխաներն իրենք դա իրենց իսկ գաղափարներով ու ձեռքերով անեն։ «Միտքը՝ պատերազմից մնացած աղբը վերածել կրեատիվ իրերի։ Դա մեր ստեղծագորածարանը յուրահատուկ է դարձնելու»,- ասում է նա։

Թեև Լիլիթը իր հիմնական աշխատանքը համարում է ուսուցչությունը, սակայն կարևորում է նաև իր նոր բիզնեսը՝ օճառների պատրաստումը։ Այո, բիզնեսը։ Չնայած այժմ եղած փոքր ծավալների, նա մտադիր է հետագայում մեծացնել օճառների արտադրությունը, տեսականին ու արտադրամաս հիմնել։

Այժմ նա օճառները պատրաստում է և սեփական բաղադրատոմսերով, և նոր մոտեցում ցուցաբերում արդեն իսկ եղածներին։ Օգտագործում է բացառապես բնական հումք՝ առանց գունային, հոտային ու քիմիական հավելումների։ Հումք, որն օգտագործվում է նաև սննդի մեջ։ Ասում է՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում դեղաբույսերին, որոնք շարքում են  երիցուկը, խնկածաղիկը, ուրցը և այլն։ Դրանց մեծ մասը հավաքում է հենց Արցախի դաշտերից։ Մտադիր է օճառների տեսականին ներկայացնել Արցախում ամեն տարվա հոկտեմբերին տեղի ունեցող բերքի տոնին։

«Օճառները հիմա միայն գովազդում եմ սոցիալական ցանցում։ «Ֆեյսբուք»-ում բացել եմ «Soap for Hope» անվամբ էջը։ Դեռ կարճ ժամանակ է, ինչ տեսականին ներկայացրել եմ, բայց արդեն իսկ բավականին արձագանքներ կան։ Հետագայում ուզում եմ ծավալները մեծացնել։ Նաև նոր շամպուններ պատրաստել՝ նորից էկոլոգիապես մաքուր հումքից, նույնիսկ՝ փաթեթավորումը։ Ներկայում հասույթն ուղղում եմ ստեղծագործարանին։ Հուսով եմ՝ հետագայում դա կդառնա իմ բիզնեսը։ Օճառների պատրասատումն ինձ համար ստեղծագործություն է։ Այդ ժամանակ մոռանում եմ ամեն ինչ»,- ասում է Լիլիթը։

Մեկնաբանություններ (3)

Աննա
Շատ գովելի է, որ ունենք նման կրեատիվ մտքերով, ազնիվ գաղափարներով երիտասարդներ: Վստահ եմ` հենց նրանք ապագայի մեր շիվերը: Բրավո: Միայն կարդալով չբավարարվենք, այլեւ` խուսափելով քիմիական վտանգավոր հավելումներով օճառներից` գործնականում նախապատվությունը տանք 100 % բնական արտադրանքին:Նպաստենք ազնիվ բիզնեսի զարգացմանը:
Բնատուր
Ողջունում եմ, պատրաստ եմ օգնել, ինչով կարող եմ: Սիրով` Բնատուր
Darknes
Ողջունում եմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter