HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիան համայնքի ավագանին բոյկոտել է ավագանու հերթական նիստը

Սեպտեմբերի 13-ին հրավիրված Սիսիանի ավագանու նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր համայնքի սեփականություն համարվող Սիսական 41 հասցեում գտնվող շենքի երեք հարկերից ընդհանուր ծավալով 573,2 քմ տարածքը միջինը 58,5 հազար դրամ մեկնարկային գնով բաց դասական աճուրդով օտարմանը: Ավագանու նիստը, սակայն, չկայացավ քվորում չլինելու պատճառով:

Ավագանու 12 անդամից նիստին ներկայացել էին երկուսը, hիմնական պատճառը, ըստ ավագանու անդամ Արման Գրիգորյանի, վերոնշյալ հարցն էր. «Ես ևս դեմ էի քվեարկելու այդ որոշմանը, բայց կարծում էի, որ նիստը կկայանար, կքննարկեինք, կառաջարկեի հարցը հանել օրակարգից»: Նրա մեկնաբանությամբ այդ հասցեում գտնվող շենքի շուտափույթ օտարումը հիմնավորված չէ,  և չկա տեղեկություն այն մասին, որ օտարումից ստացված հասույթն ուղղվելու է համայնքի զարգացմանը, հանրային կարևորություն ունեցող որևէ խնդրի լուծմանը:

Սիսական 41-ի տարածքը

Ավագանու մեկ այլ անդամի`  Համլետ Բաբայանի խոսքով, նիստին մասնակցելն անիմաստ էր, քանի որ նախկինում բազմաթիվ հարցերի շուրջ ինքը պարբերաբար ելույթ է ունեցել, շեշտել, որ պետք է առաջնորդվեն համայնքի շահով, սակայն, ըստ նրա, «շարունակվում է նույն  գործելաոճը, հանրության շահը հաշվի չի առնվում»:

Օրակարգի մեկ այլ հարցով նախատեսվում էր առանց մրցույթի կառուցապատման իրավունքով ավտոտնակ կառուցելու նպատակով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող Գայի փողոցի 3 հասցեում գտնվող 180 քմ հողամասն` առանձին կտորներով: Համլետի խոսքով արդեն ութերորդ տարին է, ինչ Գայի փողոցի բնակիչներն այս հարցով դիմել են համայնքային իշխանությանը, բայց նրանց դիմումներին չեն արձագանքել: «Եթե այս հարցը քննարկման դրվեր ամիսներ առաջ, ես միանշանակ կողմ կքվեարկեի, սակայն իմ կարծիքով սա հոկտեմբերի 2-ին Սիսիանում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում գործող համայնքի ղեկավարի կողմից արված միտումնավոր քայլ է, նպատակ ունի ազդել ընտրողների կամքի արտահայտմանը»,- ասում է Համլետ Բաբայանը:

Նրա կարծիքը կիսում է նաև ավագանու մեկ այլ անդամ Սրբուհի Գրիգորյանը, ով «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու: «Այո, ես նիստը բոյկոտել եմ, որովհետև կարծում եմ, որ դա ընտրակաշառք է»- «Հետքի»-ի հետ զրույցում ասաց Սրբուհին: Նրա խոսքով  ընտրություններից առաջ, թեկնածուների քարոզարշավի մեկնարկի նախօրյակին անընդունելի է այդ չափով օտարման նախագծեր ներկայացնել ավագանու քննարկմանը` նկատի ունենալով այն փաստը, որ տարածքների օտարման, բնակարանի նվիրաբերման ևս երկու հարց մոտ քսան առանձին նախագծերով ներկայացվել են գործող քաղաքապետի կողմից այս ընտրաշրջանին հրավիրված ավագանու վերջին նիստին:

Համայնքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը Վաչագան Միրաբյանը նշում է, որ ավագանու բոլոր անդամներին տեղեկացվել է նիստի օրակարգի մասին և չէր կարծում, որ բավարար քվորում չէր ապահովվի: Նրա համար զարմանալի է, որ ավագանու անդամների մեծ մասը, ովքեր այդ օրվա նիստին բացակայում էին, ավելի վաղ կողմ էին քվեարկել 2015թ.նոյեմբերի 30-ին կայացած ավագանու նիստում ընդունված «Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող գույքի օտարման ցուցակի հաստատմանը», ապա նաև  որոշման մեջ 2016թ.հունիսի 9-ին ընդունված որոշմամբ համալրված  ցանկին:

Խոսելով նշված ցանկի հաստատման մասին` Արման Գրիգորյանը նշում է, որ խոսքը ոչ թե օտարմանը, այլ դրա նշանակության փոփոխությաննն է վերաբերում: Նրա կարծիքով ակնկալվում էր, որ շենքն ամբողջությամբ կօտարվեր այնպես, որ համայնքային կարևորության խնդիր լուծվի, ոչ թե մասնավոր մարդիկ տարածքներ սեփականաշնորհեն, բայց չգտնեն բավարար ռեսուրսներ բարեկարգելու, գործարկելու համար:

Օտարման ցանկի համալրմանը հունիսի 9-ին կայացած ավագանու նիստին Սրբուհի Գրիգորյանը ձեռնպահ է քվեարկել: Անդրադառնալով Սիսիական 41 հասցեում (նախկին գործկոմի շենք) գտնվող տարածքների օտարմանը, ավագանու անդամը նշում է, որ համայնքապետարանն այժմ տեղակայված է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գտնվող տարածքում, և սեփականատերը կարող է մի օր որոշում կայացնել շենքը հետ վերցնելու մասին: Իսկ վերոնշյալ օտարվող տարածքը համայնքային իշխանության սեփականությունն է և նախկին նստավայրը:

Սրբուհին նշում է, որ նախկինում նույն սկզբունքով «սեփականաշնորվել է նաև կոմունալի շենքը» և գործընթացից հետո սեփականատիրոջ հարկադրանքով կոմունալ տնտեսությունն այլ տարածք է տեղափոխվել:

Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու, գործող համայնքապետ Աղասի Հակոբջանյանը նշում է, որ ավագանու նիստի բոյկոտումն իր համար անակնկալ էր, քանի որ միշտ էլ դժվարությամբ, բայց ավագանու նվազագույնը ութ անդամ մասնակցում էր նիստերին: Նա նաև նշում է, որ ընտրված ավագանու 15 անդամներից երկուսն ինքնակամ ժամկետից շուտ վայր են դրել իրենց լիազորությունները, մեկը մեկնել է Հայաստանից: Կան ավագանու անդամներ, որոնք պարբերաբար բացակայում էին նիստերից, ուստի ինքը օրենքով նախատեսված կարգով նախկինում երկու անգամ առաջարկություն է ներկայացրել ավագանու հաստատմանը` դադարեցնել երեք անդամների լիազորությունները, սակայն գործընկերները մի դեպքում դեմ են քվեարկել, մեկ այլ դեպքում` հարցը չի ընդգրկվել օրակարգում:

Համայնքի ղեկավարը ևս  նշում է, որ ավագանու նիստի բոյկոտը կապված է նախընտրական տրամադրությունների հետ, քանի որ  ըստ նրա,  ավագանիները բաժանվել են տարբեր ճամբարների և,  հնարավոր է,  նրանցից ոմանք ընդգրկվել են այլ թեկնածուների թիմերում և որոշ առումով կաշկանդված են:  «Ես նախատեսում էի, որ շնորհակալություն  կհայտնեմ գործընկերներիս` համատեղ աշխատանքի համար, կքննարկեինք հետագա մեր քայլերը, բայց  նիստը չկայացավ»,- ասում է Աղասի Հակոբջանյանը` հավելելով, որ ավագանիներից երեքը նիստին չներկայանալու մասին նախապես տեղյակ էին պահել:

Ալեքսեյ Սարգսյան

Սիսական 41 հասցեում գտնվող շենքի օտարման հարցի մասին տարբեր դիրքորոշում ունեն Սիսիանում: Համայնքի բնակիչ Ալեքսեյ Սարգսյանի կարծիքով մինչև այժմ քաղաքում սեփականաշնորհված, բայց չգործարկվող շատ տարածքներ կան, որոնք ոչ մի դեր չեն խաղում քաղաքի տնտեսության զարգացման, զբաղվածության կրճատման վրա: Եվ ևս մեկ տարածքի օտարումը որևէ ազդեցություն չի ունենալու իրենց կյանքի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter