HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը զիջում է բոլոր մրցակիցներին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման նոր աղյուսակում, որը հրապարակվել է այսօր, նահանջել է 10 տեղ եւ հայտնվել 112-րդ հորիզոնականում: Հայաստանի հավաքականն ունի 317 վարկանիշային միավոր: Այս ցուցակից դուրս են մնացել 2012-ի օգոստոս-սեպտեմբերին կայացած հանդիպումները. Հայաստան-Բելառուս՝ 1-2, Մալթա-Հայաստան՝ 0-1, Բուլղարիա-Հայաստան՝ 1-0: Հիշեցնենք, որ հաշվետու հատվածում մեր թիմը 0-3 հաշվով զիջել է Չեխիային եւ 0-1 հաշվով՝ Դանիային:

Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան, որին շարունակում է հետապնդել Բելգիան: Աշխարհի գործող չեմպիոններ գերմանացիները երրորդն են: Լավագույն տասնյակում են նաեւ Կոլումբիայի, Բրազիլիայի, Չիլիի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Ուրուգվայի, Ուելսի ընտրանիները:

ԱԱ-2018-ում Հայաստանի մրցակիցներից լավագույն ցուցանիշն ունի Լեհաստանը (17), որը նահանջել է 1 տեղով, Ռումինիան 7 տեղով նահանջել է 32-րդ հորիզոնական, Դանիան դիրքերը զիջել է 2 տեղով եւ հիմա 46-րդ տեղում է, Ղազախստանը 13 տեղով առաջադիմել է մինչեւ 83-րդ հորիզոնական, իսկ Մոնտենոգրոն 10 տեղով հետ է գնացել մինչեւ 105-րդ տեղը: Այսինքն՝ Հայաստանը վարկանիշով շարունակում է մնալ ԱԱ-2018-ի E խմբի հետնապահը:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնն Ուկրաինան է (27), հաջորդում են Ռուսաստանը (38), Ուզբեկստանը (49), Բելառուսը (57), Ղազախստանը (83), Լատվիան (95), Ղրղըզստանը (108): Մյուսները զիջում են Հայաստանին:

Մեր հարեւաններից ամենաբարձր ցուցանիշը Թուրքիայինն է (21), հաջորդում է Իրանը (37), Ադրբեջանը 133-րդն է, իսկ Վրաստանը՝ 137-րդը:

Հաջորդ ցուցակը կհրապարակվի հոկտեմբերի 20-ին: Մինչ այդ՝ հոկտեմբերի 8-ին, ԱԱ-2018-ի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ռումինիային, իսկ ամսի 11-ին կխաղա դրսում Լեհաստանի հետ:      

Լուսանկարը՝ uefa.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter