HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ ազատ չես՝ ի՞նչ միտք ունի աշխարհ գալը

Ազատությունը բացարձակ արժեհամակարգ  է։ Մարդն այն կրում է իր մեջ, կամ չի կրում։ Պատմական իրավիճակը, ժամանակաշրջանը, հասարակարգը, վարչակարգը չեն կարող խեղդել ազատ և անկախ մարդու դրսևորումները։

Ասվածի վկայությունն է Լեռ Կամսարն իր ապրած կյանքով և ստեղծած անկաշկանդ գրականությամբ։ Նա ազատ և անկախ էր թե՛ թուրքական, և թե՛ բոլշևիկյան բռնատիրություններում։ Ազատ և անկաշառ էր և՛ բանտում, և՛ աքսորում։ Նրա մարդ տեսակով և ազատատենչ գրականությամբ կարելի է կրթել և դաստիարակել անվախ, ազատ ապրող և մտածող սերունդ՝ եթե միայն ներառվի դպրոցական և բուհական ծրագրերում։

Իրավամբ միայն պետք է հպարտանալ, որ հայ ժողովուրդը ծնեց նաև ժամանակի պարտադրանքը շրջանցած, երբեք կեղծիքին տուրք չտված, վախի ազդեցության տակ գրիչը չպղծած, նորաստեղծ կուռքերի` Լենինի և Ստալինի, դեմ ընդվզած իր հանդուգն ու անվախ, անկաշառ խոսքի արժանավոր զավակին։ Լեռ Կամսարը կարողացավ  անբասիր և անխարան անցնել թուրքական, բոլշևիկյան բռնաճնշումների, անհատի պաշտամունքի ապականությանների միջով և չարատավորել իր բեղուն գրիչը նույնիսկ մահվան սպառնալիքի տակ։ Բռնապետների դահիճներն էլ վարանեցին կտրել նրա սուր լեզուն և ազատ մտածող գլուխը, քանզի Ազատամտությունը միայն հարգանք է վայելում այս ծուռ աշխարհում ․․․

Վանուհի Թովմասյան

         

Լեռ Կամսար

Երբ ազատ չես՝  ի՞նչ միտք ունի աշխարհ գալը

Մի երկրում ապրելիս է լինում մի հարուստ մարդ: Նրա պալատը լիքն էր աշխարհի բոլոր բարիքներով: Ապրում էր այդ հարուստն այնտեղ և իր ողջ կյանքում ոտքը տնից դուր չէր դրել ու չէր էլ ուզում դնել: Այս տարօրինակ մարդու վրա զարմացել էր երկրի թագավորը և մի օր վեզիրների հետ ժողովի նստած ժամանակ ասաց.

 - Ո՞վ կարող է այնպես անել, որ այդ մարդը գոնե մեկ անգամ դուրս գա իր պալատից։

- Ե՛ս, - պատասխանեց վեզիրներից մեկը:

- Բայց պայմանով, որ բռնի ուժ չգործադրես:

- Բոլորովին: Իր հոժար կամքով:

- Հապա՛, տեսնենք:

Եվ իրոք, թագավորը տեսավ: Վեզիրը վերցրեց երկու սվինավոր ոստիկան ու կանգնեցրեց հարուստի դռան աջ ու ձախ կողմերը և մարդ ուղարկեց ներս ասելու հարուստին, որ նա ցմահ բանտարկված է:

Լսելով այդ դատավճիռը՝ ցնցվեց հարուստը, և իր շեն պալատը բանտի վերածվեց նրա աչքում: Նայեց պալատավորներին, նայեց պատերին ու առաստաղին՝ տեսնելու, թե չի՞ կարող արդյոք մի տեղից ծակել ու փախչել: Խելքը չհասավ: Ուստի մոտեցավ պալատի դռանը և աչքը դռան պահակներին՝ սպասեց, որ քնեն, դուրս գա փախչի: Պահակներն էլ հենց դրան էին սպասում: Դիտմամբ սուտ քուն մտան թույլ տալու համար, որ հարուստն իրագործի իր մտադրությունը: Հարուստն էլ շունչը բռնած՝ դուրս եկավ իր պալատից և փախավ ինչքան ուժ ուներ իր ոտքերում:

Տեսա՞ք, ինչ է նշանակում ազատություն: Ես իմ հայրենիքը սիրում եմ ավելի, քան աշխարհում այլ երկիր, բայց եթե հայրենիքիս դռանը երկու ոստիկան տեսնեմ կանգնած՝ հայրենիքիս առաստաղը կծակեմ ու այնտեղից վայր ցատկելով՝ կփախչեմ ավելի սարսափահար, քան հարուստը իր պալատից:

Աշակերտ ժամանակս անվերջ փախել եմ դպրոցից, որովհետև այնտեղ բռնությամբ էին սովորեցնում: Ամբողջ կյանքումս փախա կնոջիցս, որովհետև եկեղեցին արգելում էր բաժանվել: Ինչքա՜ն պիտի սիրեի նույն կնոջս, եթե ասեր.

- Մա՛րդ, ապրի՛ր հետս այնքան ժամանակ, ինչքան սիրում ես ինձ, կշտացար՝ բաժանվիր:

Չեմ երաշխավորի, բայց ո՜վ գիտի, եթե կոմունիզմն էլ կամավոր կերպով մտցվեր Ռուսաստան՝ գուցե ես էլ կոմունիստ գրվեի, բայց երբ սրով ու հրով է մտնում, այստեղ արդեն հիմար մարդն էլ կկասկածի, որ սրա տակ մի վատ բան կա թաքնված:

Արդեն մեր կամքից անկախ՝ ծնվում ենք բռնի, մեռնում ենք բռնի: Եթե բռնի էլ ապրենք՝ էլ ի՞նչ միտք ունի աշխարհ գալը:

1961թ․

Ազատություն

Ազատությունը լավ բան է։

Հայ ազգը, մանավանդ, որ դարեր շարունակ ապրել է օտարի բռնակալ լծի տակ, շատ լավ հասկանում է այդ բառի իմաստը։

Բայց ազատությունը մի զենք է, որ ամեն մարդու ձեռք չպիտի տալ։ Տալ պետք է նրան, ով գիտի գործածել։ Չգիտցողի ձեռքը տաս՝ կտա իրեն կսպանի։

Ոչ մի մայր անչափահաս երեխային չի դնի գետնին և ասի՝ «քայլիր»։ Գետնին դրեց՝ շուռ կգա բերանքսիվայր ու քիթը կարյունի։ Մայրը նախ կսովորեցնի երեխային քայլել եռանիվ ճռիկի վրա, ապա նոր՝ քիչ-քիչ ճռիկը տակից քաշելով, կսովորեցնի ինքնուրույն քայլել։

Իսկ ՄԱԿ-ն առանց հասակների միջև խտրություն դնելու, բռնեց բոլոր գաղութներն ազատեց, ինքնավարություն տվեց, որ ինքզինքնին կառավարեն։

Եգիպտոսին տալ անկախություն՝ այդ ես հասկանում եմ։ Մարդն Անգլիայի գրկից իջնելուն պես սկսեց վազել։ Խփեց Անգլիայի ու Ֆրանսիայի մռթին, դեռ Սուեզն էլ ձեռքներից խլեց, նոր ճամփու դրեց։

Երիտասարդ այս պետությունը ներաճեց, մեջն առնելով նաև Սիրիան։ Երեկվա գաղութը այսօր արդեն գաղութի տեր է։ (Բայց հետո Սիրիան ծլկեց, իհարկե)։

Ասում եմ, էլի, Եգիպտոսն արժեր։ Որ տեսնես նրա վարչապետ գեներալ Նասերը ինչպես է ոտները գետին տալով անցնում Նեղոսի մի ծայրից մյուսը, կասես՝ ահա չորս հազար տարվա Փարավոնն է հարություն առել։

Բայց անկախություն տալ խեղճ ու կրակ Իրաքին՝ դա ուղղակի անխղճություն է։

Ա՜յ ՄԱԿ, դու տեսնում ես, որ խեղճը նստած տեղից կանգնելու համար բռնում է իր հարևան Եգիպտոսի ու Սիրիայի փեշից՝ նրան ո՞ւր ես անկախություն տալիս։ Դեռ մի որոշ ժամանակ թող ճռիկ քշի, ոտը պնդանա՝ նոր տուր։

Թե ոչ, սա ինչ խայտառակություն է։ Պետություն է կազմում, մի երկու քայլ գցում, մեկ էլ տեսար՝ փըրը՛մփ, ընկավ։ Տնքալով վեր է կենում, նորից պետություն կազմում, նորից ընկնում է, և այսպես անվերջ։

Նրա հարևանները, Սիրիան ու Եգիպտոսը խղճալով Իրաքին մտնում են թևը, մի փոքր տեղ քայլեցնում են, բայց թե նրանք էլ տան-տեղաց տեր են, չեն կարող անվերջ իրենց հիվանդ հարևանով զբաղվել։

Իրաքն անկախ հռչակվելուն պես, քրդերն ապստամբեցին։ Ուժ չունի հնազանդեցնելու, քայլելիս երերում է։ Էլի շնորհակալ ենք Սիրիայից, նա իր զորքով եկավ հնազանդեցրեց, Իրաքին նստեցրեց վրան ու գնաց։

Բայց ի՞նչ օգուտ՝  Սիրիայի հեռանալուն պես, քրդերը էլի Իրաքին կդնեն տակը, կնստեն վրան։

Իսկ գիտե՞ք այս բոլորը Իրաքի վրա որքան թանկ է նստում։ Ինքն անարյուն՝ շարունակ արյուն է կորցնում։

Չգիտեմ ինչու՝ Եգիպտոսին դուր է գալիս այս խառնակ վիճակը։ Ամեն անգամ, երբ մի մեծ պետություն է գալիս Իրաքի դրությունը կայունացնելու՝ Եգիպտոսը մեջ է ընկնում, թե՝ «ոչ մի արտաքին միջամտությո՛ւն, թող ընկնի կանգնի, մարդ դառնա»։

Բայց, ա՜խր, ա՜յ Եգիպտոս, մի օր էլ կարող է ընկնել ու այլևս չկանգնել։

Ավելի շուտ դու մի փորացավ ունես։

Ասա՛, այդ ի՞նչ փորացավ է։

1963թ․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter