HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Ես որդուցս չեմ հրաժարվել»,- ասում է Ջոն Հարությունյանի մայրը

«Որ եկավ, շատ վատ էր, պրիստուպներ էր տալիս, ասում էր` վայ մամ, մեռնում եմ: Մարմնի տարբեր մասերն էր ցավում, երեք անգամ հիվանդանոց ենք տարել: Մի անգամ էլ ասաց` մամ, ավելի լավ է մեռնեմ, քան ապրեմ: Ասացի` Ջոնիկ, գուցե մի վատ բա՞ն ես արել, ասա, ասաց. «Չէ, ոչ մի բան չեմ արել»: Երեսը դուրս էր տվել, շուրթերը ճաքճքել, սառը քրտինք էր գալիս աընդնհատ: Բժիշկներից մեկն էլ նույնիսկ ասաց, որ նա հիվանդ չի, ինչ-որ բան է կատարվում հետը»,- որդու մասին խոսելիս Անիկ Հարությունյանը` Տիգրան Նաղդալյանի սպանությունն իրականացրած Ջոն Հարությունյանի մայրը, արտասվում էր: 53 տարեկան Ա. Հարությունյանը խոհարար է աշխատում Մարտունու հիվանդանոցում: Երեք տղա ուներ: Նրանցից մեկը` Ռաջը, զոհվել է պատերազմում: «Գիտես, որ իմ տղան այդպես է արել, ես ամաչում եմ գլուխս բարձրացնեմ, մարդկանց հետ զրուցեմ: Հիմա մարդկանց հետ չեմ կարողանում խոսել: Մեկը` զոհված , մեկը` բանտում, էս մեկն էլ չգիտի ինչ անի, մենակ է մնացել: Ջոնը չորս երեխա ունի, մեծը տասը տարեկան, փոքրը` երկու»:

Մարտունին, որտեղ հանդիպեցի Անիկ Հարությունյանին, փոքրիկ քաղաք է Լեռնային Ղարաբաղի հանրապետության հարավում: Գրեթե բոլորն այստեղ իրար ճանաչում են, իրար մասին գիտեն ամեն ինչ: Քաղաք է, որտեղ գաղտնիք չկա: Եթե մեկը մի բան է անում, հաջորդ օրն ամբողջ քաղաքը խոսում է այդ մասին: Ամբողջ քաղաքը հունվարին գիտեր, որ Ջոնի մոտ փող կա ու նա ընկերների հետ քեֆեր է անում, մեքենա է գնել, փողեր է բաժանում: Տղամարդիկ փողոցներում տեղ-տեղ խմբված զրուցում են, ինչպես ցանկացած հայկական բնակավայրում: Օրվա վերջում այդ խմբերն արդեն գինովցած են լինում, խոսակցությունները դառնում են ավելի բարձրաձայն: Ու ահա, այդ խմբվածների մեջ էլ երբեմն կարելի էր տեսնել Ջոնին իր ընկերներով: Սակայն, նա շատախոս չէր, ավելի շատ լուռ, լսում էր զրույցները: Նա լիդեր չէր իր շրջապատում: Նա միշտ էլ կատարող է եղել, երբեք ոչինչ չէր նախաձեռնում:

Թե ինչպես են Ջոնը եւ նրա ընկերները հայտնվել հայաստանյան լաբիրինթոսում, կպարզվի ընթացող դատավարության ընթացքում: Ջոնը ծառայել է Խորհրդային բանակում, ծնողներին զորամասից շնորհակալական նամակ են ուղարկել որդու լավ ծառայության համար: «Չգիտեմ` մեր աղքատությունն է ստիպել, որ դա անի, թե ընկերությունը, չեմ հասկանում: Մեզ մի քիչ պարտք է եղել, գուցե դրա համար է արել,- շարունակում է Ջոնի մայրը:

- Նա էնտեղ ի՞նչ գործ ուներ, ոչ մեկն իրեն վատություն չէր արել, իր երեխեքին, կնոջը վատ բան չէր ասել, ինչի՞ պիտի սպաներ: Էդ փողով ոչ մի բան չի առել: Էն մեքենան է: («Ժիգուլի» մակնիշի մեքենան ամբաստանյալ «Ցավ» մալանունով Սամվելի անունով է): Բայց դրանից առաջ կովը տարել էր, ծախել, եկավ ասաց` մեքենայի փողի կեսը տվել եմ, կեսն ել պիտի տամ: Բանկում 2000 դոլար պարտք է եղել, էդ պարտքն էլ չի փակել»: Քննիչի հարցին` թե ինչու բանկի պարտքը չի մարել, Ջոնը պատասխանել է, որ դրանք արյունոտ փողեր են եղել: «Տան համար, երեխեքի համար ոչ մի բան չի առել, փողը միայն բաժանել է ընկերներին»,- ասում է մայրը: Քեֆեր է արել ընկերների, նույնիսկ ոստիկանների հետ: Ոստիկանները նրա հետ կերել-խմել են, իսկ բաժանվելուց հետո Ջոնի մեքենան կանգնեցրել են ու 20 հազար դրամ տուգանել:

Գեղամ Շահբազյանը երկու անգամ է եղել Ջոնենց տանը: Մի անգամ եկել էր մինչեւ սպանությունը, երկրորդ անգամ` սպանությունից հետո: Գեղամին ասի. «Նայի հա, տղաս այնտեղ խուլիգանություն չանի»: Ասաց. «Չէ, Անիկ տոտա, ոչ մի վատ բան չկա»: «Էդ երկրորդ անգամ երկար ժամանակ դեմ-դիմաց կանգնած` բերան- բերանի խոսում էին` փսփսալով: Հետո, որ Գեղամը գնաց, ասացի` Ջոնիկ, աչքիս էդ տղան լավ մարդ չի երեւում, ասաց` չէ մամ, ուրիշ բան էինք խոսում, չէինք ուզում կողքի մարդիկ լսեն, անասունները տանելու մասին էինք խոսում: Որ փողը բերեմ, էդ մեքենայի փողի մի մասն էլ տամ»:

«Գեղամը, որ երկրորդ անգամ եկել էր, Ջոնի երեխեքից մեկի ծննդյան օրն էր, խաղալիքներ էր բերել` մի մեծ մեքենա ու ատրճանակ: Ես կատակով ասացի, որ էս մեքենան բերել ես երեխեն վրան նստի, ատրճանակով էլ մարդ սպանի՞: Ես հետո եմ հիշել, որ իմ խոսքերից Գեղամն ու Ջոնն իրար նայեցին: Հիմա մտածում եմ, որ Գեղամին թվացել է, թե Ջոնն ինձ պատմել է: Գեղամի հայացքի մեջ կարծես թե հարց կար.«Ջոն, պատմե՞լ ես մամայիդ»:

Ում ծնողը կուզեր, որ իր որդին մարդասպան լինի: Գլխումս չի տեղավորվում, որ Ջոնը կարող է այդպիսի բան անել: Էլի չեմ հավատում, չեմ պատկերացնում: Ասում էի` Ջոն, հավը մորթի, ասում էր` մամ, չեմ կարողանում, որ արյուն էր տեսնում, խելագարվում էր: Էդ կռվի տարիներին էլ օրեր կային, որ գժված էր գալիս, երբ արյուն էր տեսնում: Արյունից վատ է զգում ֆիզիկապես»:

«Ընկերներին է զոհ գնացել, մտածեցի, երբ առաջին անգամ լսեցի, որ Ջոնը մարդ է սպանել»,- ասաց 39 տարվա մանկավարժ Էլմիրա Ալեքսանյանը: է. Ալեքսանյանը` հայոց լեզվի եւ գրականության ուսուչուհին, տարիներ առաջ Ջոնենց դասարանի դասղեկն էր: Այսօր էլ նա հաճախ է այցելում Ջոնի ծնողներին: «Նստում է ու ինձ հետ արտասվում, նրա հետ խոսեք, նա կպատմի որդուս մասին»,- ասում է Անիկը: «Անշառ է, լավ չէր սովորում, այցելում էի նրանց տուն, մայրը լավ ծնող է: Ինձ թվում է` Ջոնիկը մտածում է, թե ես ինչպես կտանեմ էս հարվածը: Երբ առաջին անգամ լսեցի, մտածեցի, որ երեւի էլի հանուն ընկերների է արել, դյուրահավատ է, ընկերներին է զոհ գնացել: Այնպիսի մի վիճակ է եղել, որ ընկերների փոխարեն ինքն է արել: Ընկերների համար է արել, ես վստահ եմ, ինքը միշտ այդպիսին էր: Ջոնը ընկած մարդ չէր»:

«Իսկ դատավարությանը, որ գնում եք, մարդիկ գիտե՞ն, որ դուք Ջոնի մայրն եք»,- հարցնում եմ: «Ինձ թվում է` ոչ, որ իմանան, կգան, կջղայնանան, վիրավորական բաներ կասեն: Վախենում եմ իմանան, սուս ու փուս նստում եմ ու հայացքով խոսում Ջոնի հետ: Մեղավոր է` պիտի պատժվի, բայց տղուս տարել են գցել մեղքի մեջ, չորս երեխան թողել են որբ, հորը տարել գցել մեղքի մեջ:

Երեւի տղուս խմեցրել են, ինչ որ բան են արել, ինքն այդպիսի բան չէր անի: 4 անգամ գնացել էր, չէր արել, ետ էր եկել: Վերջում էլ կես լիտր օղի են խմեցրել, ինքն այդպիսի բան չէր անի: Նոյեմբերին մի քանի անգամ զանգել են մեր տուն Երեւանից: Ջոնը ջղայնացած ասում էր` չեմ գալիս, հերիք է զանգեք: Ես էլ միամիտ ասում էի` Ջոնիկ, ինչի՞ չես գնում, էդ մարդը քանի անգամ է քեզ օգնել անասունները վաճառել: Փող ես աշխատել: Ասում էր` մամ, դու սուս մնա, չեմ ուզում, չեմ գնում: Ես դրանցից ոչ մեկին չեմ մեղադրում, տղայիս եմ մեղադրում, որ վիզ է վերցրել ու գնացել էդ գործն արել: Ինչու՞ ես գնում էդ ջահել տղուն սպանես, քո նման տղա է: Խաբել են տղուս, խաբել են ու տարել գցել էդ գործի մեջ:

Էլ հեռուստացույց էլ չեմ կարողանում նայել, էդ մարդկանց դեմքերը, թվում է` Ջոնի դեմքն է: Ես տղա եմ կորցրել, հիմա մեկն էլ պիտի կորցնեմ: Ուղեղիս մեջ չի մտնում, որ երեխես կարող էր էդ բանը անել: Մեկ-մեկ էլ մտածում եմ երեւի Ջոնիս շատ են տանջել ու ինքն իր վրա է վերցրել: Ես եթե իմանայի, էդ Գեղամին պատառ-պատառ կանեի: Նրա երեխեն Մարտունու զորամասում էր ծառայում, գալիս էր մեր տուն, հաց էր ուտում, նստում զրուցում էինք, ով կհավատար, որ նրա հայրը տղուս գլխին էս փորձանքը պիտի բերի:

Էդ զալում այնպես են իրենց պահում, որ սկսում եմ մտածել` էդ դրանց մեջ մեկը չի՞ եղել, որ եկել են Ղարաբաղից իմ տղուն են տարել: Ու մեկ էլ չեմ հասկանում, թե դատարանում ինչու՞ են ծափահարում, հո թատրոն չեն եկել, բա Տիգրանի մայրն էլ ծնող է, ի՞նչ է` ուզում են, որ չխոսի՞: Կյանքում ես Ջոնին չեմ ների, բայց որդիս է, ինչ արած: Գնում եմ, որ տեսնի մենակ չէ, որ ես իրենից չեմ հրաժարվել: Ես ավելի բարձր էի ինձ պահում, որ Ռաջս զոհվել էր պատերազմում, իսկ հիմա գլուխս ներքեւ պահած եմ քայլում: Ոստիկաններից մեկն ասել է ինձ` Անիկ տոտա, մի' մոռացիր, որ հերոս տղա էլ ունես»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter