HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայեր, որոնք հավակնում են դառնալ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին 14 քաղաքական ուժ է պայքարելու: Մեծամասնական ցուցակում 830 թեկնածու կա, որոնք առաջադրվել են 73 ընտրատեղամասերում: Երեք մեծ կուսակցական միավորումները՝ Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան»-ը, Միխեիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում»-ը և ընդդիմադիր քառյակը՝ «Պաատա Բուրճուլաձե-Պետություն ժողովրդի համար»-ը թեկնածուներ ունեն 72 տեղամասերում, որոնց հաջորդում է «Հայրենասերների ալյանս»-ը՝ ներկայացված 71 ընտրատեղամասում և «Իրակլի Ալասանիա-Ազատ դեմոկրատներ»-ը՝ 64-ում:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 8-ին ավարտել է թեկնածուների գրանցումը, բոլոր ուժերը ներկայացրել են նաև ցուցակները: Այժմ տեսնենք, թե հայազգի ներկայացուցիչները որտեղ են առաջադրվել և որ կուսակցություններից:

Ախալքալաք և Նինոծմինդա

Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Ջավախքից հայազգի 10 պատգամավորի թեկնածություն է առաջադրվել:

Գործող իշխանությունների` «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան»  միավորման մեծամասնական թեկնածուն Նինոծմինդայից ընտրված ներկայիս պատգամավորն է` Հենզել Մկոյանը: 2012- ին Հենզել Մկոյանն ընտրվել էր Սահակաշվիլու «Միացյալ ազգային արժում» կուսակցությունից:  

«Թրասնփարենսի ինթերնեյշնլ-Վրաստան» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել էր Վրաստանի խորհրդարանի պատգամավորների «կեցվածքը» խորհրդարանում և պարզել, որ պատգամավորներից 27-ն իրենց գործունեության չորս տարիների ընթացքում որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: Հենզել Մկոյանը նրանցից մեկն էր: Վերջինս, սակայն, ակտիվություն է դրսևորում բիզնեսում, և Ջավախքում հայտնի է իր տարաբնույթ բիզնեսներով:

«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան»-ը համամասնական ցուցակի 23-րդ հորիզոնականում ընդգրկել է գործարար Սամվել Մանուկյանին: Համամասնական ցուցակում ընդգրկվելու համար պայքարում էր Ախալքալաքի գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Չնայած ոչ թե իրեն, այլ որդուն՝ Անդրանիկ Պետրոսյանին այդ ցուցակում ներառելու համար:

Երբ Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին Ջավախք էր այցելել և ներկայացրել իրենց մեծամասնական թեկնածուին՝ Հենզել Մկոյանին, Պետրոսյանների թիմը պահանջել էր ներկայացնել նաև համամասնական թեկնածուին: Կվիրիկաշվիլին այդպես էլ համամասնական թեկնածուի անունը չէր նշել: Առաջացած միջադեպի հետևանքով վարչապետը հեռացել էր Ախալքալաքում ընթացող հանդիպումից:

Հիշեցնենք՝ 2015թ. դեկտեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Դրանցով Ջավախքի երկու հայաբնակ շրջանները՝ Ախալքալաքն ու Նինոծմինդան միավորվեցին մեկ ընտրատարածքում, այսինքն՝ այսուհետ ունենալու են մեկ մեծամասնական պատգամավոր՝ նախկին երկուսի փոխարեն: Խորհրդարանն առաջնորդվել է Վենեցիայի հանձնաժողովի առաջարկությամբ և ընտրատարածքները բաժանել ըստ ընտրողների թվի՝ 47 000 ընտրող մեկ ընտրատարածքում մեծամասնական պատգամավորի համար: Այդպիսով, Ջավախքի 17 գյուղ ընտրությունների ժամանակ միանալու է Բորժոմի շրջանին և ընտրելու է իր պատգամավորին Բորժոմի շրջանից առաջադրված թեկնածուներից: Բորժոմում, սակայն, առաջադրված հայազգի թեկնածուներ չկան:

«Միացյալ ազգային շարժման» մեծամասնական թեկնածուն Ջավախքում Արսեն Կարապետյանն է: Նա զբաղեցնում էր Նինոծմինդայի ոստիկանապետի պաշտոնը, Ախալքալաքի կրթության ռեսուրս-կենտրոնի նախկին ղեկավար Նարցիս Կարապետյանի որդին է:

«Պաատա ԲուրՃուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկից մեծամասնական թեկնածու առաջադրվել է նինոծմինդացի գործարար Շաքրո Այվազյանը: Իսկ բլոկի համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականում ընդգրկվել է Ախալքալաքի շրջանային ժղովի պատգամավոր Մելքոն Մարգարյանը:

Հանրապետական կուսակցության մեծամասնական թեկնածուն Ախալքալաքի շրջանային ժողովի (սակրեբուլոյի) մեկ այլ պատգամավոր է՝ Աշոտ Սահարյանը:

«Դավիդ Թարխան Մոուրավի, Իռմա Ինախվիլի, Վրաստանի հայրենասերների ալյանսը, միասնական ընդդիմություն» բլոկն առաջադրել է Մերուժան Կարախանյանի թեկնածությունը:

«Ազգային ֆորում»-ի մեծամասնական թեկնածուն Արմենակ Փոլորչյանն է, ով Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի վրացերենի ուսուցիչ է: Նա նաև ներկայացված է համամասնական ցուցակում՝ 17-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Եվս երկու անկուսակցական թեկնածուներ են ինքնառաջադրվել. Ախալքալաքի սոցիալական ծառայության նախկին պետ Արտաշես Փալանջյանը և Նինոծմինդայի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Ջաղացպանյանը կպայքարեն պատգամավորի մանդատի համար:

Ախալցխա և Ադիգեն

Սամցխե Ջավախքի վարչական կենտրոն համարվող Ախալցխայի շրջանում և Ադիգենում հայազգի մեծամասնական թեկնածուներ չկան, թեկուզ Ախալցախայում հայերը 40% են կազմել՝ համաձայն 2002թ. մարդահամարի տվյալների:

Իվանիշվիլու ղեկավարած կուսակցությունն այստեղ առաջադրել է 2014 թվականից Ախալցխայի քաղաքապետի պաշտոնն ստանձնած Գիորգի Կոպաձեին: Սահակաշվիլու ղեկավարած «Միասնական ազգային շարժում»-ն առաջադրել է գործող պատգամավորի՝ Վաժա Չիթաշվիլու թեկնածությունը:

Ծալկա և Դմանիսի

Ծալկայ և Դմանիսի ընտրատարածքում առաջադրված 8 թեկնածուներից մեկն է հայ՝ Արմենակ Սարգսյանը, ով առաջադրվել է «Առաջադիմական դեմոկրատական շարժում» կուսակցությունից:

Մառնեուլ

Վրաստանի ազգային փոքրամասնություններով, առավելապես ադրբեջանցիներով ու հայերով բնակեցված Մառնելուլի շրջանի երկու ընտրատեղամասերում հայազգի թեկնածու չկա: Փոխարենը կան ադրբեջանցիներ:

Թբիլիսի

Մայրաքաղաք Թբիլիսիում առաջադրված հայազգի մի քանի ներկայացուցիչներ կան: Խորհրդարանում իր գործունեությունը շարունակելու հավակնություն ունի գործող պատգամավոր Ռուսլան Պողոսյանը: Նա «Վրացական երազանք-ժողովրդավարակն Վրաստան» կուսակցության համամասնական ցուցակի 19-րդ հորիզոնականում է: Նա նախորդ ընտրություններին ևս ընտրվել էր համամասնական ցուցակով: Ռուսլան Պողոսյանը Վրաստանի խորհրդարանում Մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահն է: Հաշվի առնելով նրա զբաղեցրած հորիզոնականը՝ կարելի է կանխատեսել, որ նա ևս մեկ անգամ կվերընտրվի:

Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու փորձ է անում Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Բարսեղյանը: Նա առաջադրվել է Հավլաբարի (Իսանի) ընտրատարածքից, ներկայացնելու է  «Պաատա Բուրճուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկը:

Նույն բլոկից ներկայացրել են իրենց թեկնածությունները Արթուր Սարգսյանը` Իսանի 8-րդ ընտրատեղամաս և Սերգո Խաչատրյանը` Գլդանիի 22-րդ ընտրատեղամաս:

«Իրակլի Ալասանիա-Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 21-րդ հորիզոնականում քաղաքացիական ակտիվիստ, թիֆլիսահայ Միխեիլ Ավագյանն է: Նա Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից գործող Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ է, ղեկավարում է «Շեն» ՀԿ-ն:

Հայաշատ է, ընդ որում՝ կանանցով առատ, «Մեր Վրաստան-Բադրի Պատարկացիշվիլի նախընտրական շտաբ»-ի համամասնական ցուցակը: 12-րդ հորիզոնականում է Մարինե Ավդալյանը, 24-րդում՝ Կարինե Առուշանյանը, 25-ում՝ Նաիռա Բոզոյանը:  Նրաց մասին, սակայն, որևէ տեղեկություն գտնել չհաջողվեց:

Վրաստանում 2014թ. մարդահամարի տվյալների ամփոփումը հայերի թվաքանակի կտրուկ նվազմամբ էր աչքի ընկել: Այդպիսով, Վրաստանի բնակչության 87 տոկոսը վրացիներ են, ավելի քան 6 տոկոսը՝ ադրբեջանցիներ, իսկ 4,5 տոկոսը (168,1 հազար) հայեր: Մինչ այս, Վրաստանում հայերի թվաքանակ շրջանառվում էր ավելի քան 300 հազարը:

Ուսումնասիրելով կուսակցությունների և քաղաքական միավորումների համամասնական ցուցակների առաջին 3 տասնյակը, որոնք հավանական է, որ հայտնվեն խորհրդարանում և հաշվի առնելով մեծամասնական թեկնածուների հնարավորությունները, կարելի է արձանագրել, որ Վրաստանի խորհրդարանում հայազգի ներկայացուցիչների թիվը լավագույն տարբերակում չի գերազանցի 5-ը: Առավել հավանական է նրանցից 3-ի ներկայությունը: Հիշեցնենք՝ դեռևս գործող խորհրդարանում հայազգի 3 պատգամավոր  կա՝ Հենզել Մկոյանը Նինոծմինդայից և Սամվել Պետրոսյանը՝ Ախալքալաքից, Ռուսլան Պողոսյանը՝ Թբիլիսիից: Եթե իշխանությունների «քաղաքական խաղը»՝ նվազեցնել հայերի ներկայացվածությունը խորհրդարանում, ստացվի, ապա հայաբնակ Ջավախքից կընտրվի մեկ պատգամավոր, ինչից որ դժգոհում և խուսափում էին ջավախքցիները: 

Լուսանկարում՝ աջից՝ Հենզել Մկոյանը, Ռուսլան Պողոսյանը, Արտաշես Փալանջյանը, Էդգար Բարսեղյանը, Աշոտ Սահարյանը և Միխեիլ Ավագյանը: Լուսանկարները՝ թեկնածուների ֆեյսբուքյան էջերից և jnews.ge կայքից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter