HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միավորվող յոթ համայնքի բյուջեի 55 տոկոսը մինչ այժմ ուղղվում էր աշխատավարձի վճարմանը

Այս կիրակի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կկայանան նաև Սյունիքի խոշորացված Տեղ համայնքում, որի կազմում միավորվել են Խնածախի, Խոզնավարիի, Վաղատուրի, Արավուսի, Քարաշենի, Տեղի,Կորնիձորի նախկին համայնքները: 

Տեղի համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Ներսես Շադունցը և Խոզնավարի նախկին գյուղապետ Վարո Գրիգորյանը: Վերջինս, սակայն, ինքնաբացարկ է հայտնել, և սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններում Արթուր Շադունցն, ում թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունն,այլևս մրցակից չունի:

Խոզնավարի նախկին համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը չի թաքցնում, որ ի սկզբանե գիտեր, որ մրցապայքարը չի շարունակելու, որովհետև համոզված է, որ մյուս «թեկնածուի շանսերն ավելի մեծ են»:

Ներսես Շադունցի խոսքով, ինքը խոշորացվող նախկին համայնքների գրեթե բոլոր խնդիրներին ծանոթ է, որովհետև, աշխատելով մարզպետարանի աշխատակազմում, մշտապես շփվել է գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող համայնքների հետ, ինչպես նաև տեղյակ է առանձին բնակավայրերի հիմնախնդիրներին: Բացի այդ, թեկնածուն 1998թ. մեկ ընտրաշրջան եղել է նախկին Տեղի համայնքի ղեկավար: 

Արդյոք դա է պատճառը, որ թեկնածուն գրեթե քարոզչություն չի իրականացնում, «Հետքի» հարցին Ներսեսը պատասխանում է, որ որպես մարզպետարանի աշխատակից, ինքն աշխատանքային արձակուրդ չի վերցրել ուստի իրավունք չունի քարոզչություն իրականացնելու: Նրա կարծիքով, միավորված յոթ համայնքների առաջնային խնդիրը աղբահանության կազմակերպումն է, ինչը, ըստ նրա, տեղական բյուջեով հնարավոր չէ իրականացնել և բացի այն, որ միջազգային ներդրումներ է ակնկալում, նաև հնարավոր տարբերակ է համարում Գորիսի համայնքի հետ պայմանագրային հիմունքներով կատարել Տեղի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի աղբահանությունը:

 

Ներսես Շադունցի կարծիքով խոշորացումը շրջադարձային փոփոխություններ կմտցնի մարդկանց կյանքում, սակայն` «Մինչև մի բանը չշոշափես, չես կարող կարծիք կազմել»,-ասում է նա: 

Թե ինչ կփոխվի միավորված բնակավայրերում խոշորացման արդյունքում, դժվար է գնահատել, բայց մյուս կողմից, եթե 6086 բնակիչ ունեցող 7 համայնքների մոտ 140 միլիոն բյուջեի  55 տոկոսը մինչև այժմ ուղղվում էր համայնքային իշխանությունների աշխատակազմերի աշխատավարձի վճարմանը, ընդ որում՝ որոշ համայնքներում, օրինակ, Արավուս, այն հասնում է մոտ 90 տոկոսի, ապա համայնքային խնդիրների լուծման մասին անգամ երազելն անմտություն կլիներ:

Լուսանկարում` խոշորացվող նախկին համայնքների ղեկավարները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter