HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացի Գորայքից, Սյունիքում խոշորացվող 3 համայնքների ղեկավարների թեկնածուները մրցակիցներ չունեն

2016թ. սեպտեմբերի 18-ին Սյունիքի մարզի  չորս համայնքում` Գորիս, Տեղ, Մեղրի, Գորայք, տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 34 բնակավայրեր միավորված համայնքների ղեկավարների թեկնածուները, բացի Գորայքից, մրցակից չունեն: 

Սիսիանի տարածաշրջանի Գորայք Ծղուկ, Սպանդարյան, Սառնակունք, նախկին համայնքներից ձևավորված Գորայք համայնքի ղեկավարի համար պայքարում են Գորայքի և Սառնակունքի նախկին գյուղապետերը` Առուստամ Առուստամյանը և Մանուչար Մկրտչյանը: Վերջինս Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, Առուստամ Առուստամյանը` անկուսակցական: Երկուսն էլ ինքնաառաջադրվել են: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, իշխանությունները նախընտրում են Առուստամ Առուստամյանին:

Պատասխանելով «Հետքի» այն հարցին, թե արդյոք առաջարկ չի ստացել թեկնածությունը հանելու համար, Մանուչար Մկրտչյանը գերադասում է լռել, նշելով միայն, որ իր ընտրողները չորս գյուղերի բնակիչներն են և միայն նրանք կարող են որոշում կայացնել. «Իմ թեկնածությունն առաջադրել եմ ոչ միայն այն պատճառով, որ համայնքի ղեկավարի աշխատանքի փորձ ունեմ, ինձ վստահում են, այլև, որ մարդիկ չզրկվեն ընտրելու իրենց իրավունքից. եթե մեկ թեկնածու է առաջադրված, այդ դեպքում ընտրել բառը ծիծաղելի է է», -ասում է Մանուչար Մկրտչյանը:

Նա անընդունելի է համարում այն խոսակցությունները, որ  պիտի իր թեկնածությունը հաներ հանուն համայնքի կենտրոն դարձած և Սառնակունքից մոտ 10 անգամ ավելի մեծ բյուջե ունեցող Գորայք համայնքի ղեկավարի:

«Անհասկանալի է, երբ դրա համար որպես փաստարկ վկայակոչում են Ամուլսարի հանքի հետ կապված ներդրումները: Եթե համայնքը միավորվել է, էլ ինչ նշանակություն, թե որ գյուղի շրջակայքում է», -նշում է Մանուչարը:   Ասում է, որ չորս համայնքներն էլ գրեթե հավասար  թվով ընտրողներ ունեն,  և, իր կարծիքով   ընտրողների  60 տոկոսն իր օգտին է քվեարկելու, չնայած մրցակցի գյուղում չի հանդիպել ընտրողներին:

Մյուս թեկնածուն` Գորայքի գործող գյուղապետ  Առուստամ Առուստամյանը, չի պնդում, թե թերագնահատում է մրցակցի հնարավորությունները, բայց համոզված է, որ պաշտոնավարման ընթացքում իրեն հաջողվել է համայնքային բազմաթիվ խնդիրներ լուծել, ճանաչում ունենալ ոչ միայն Գորայքում և վստահ է, որ իր կողմնակիցներն ավելի շատ են: Նա նաև դրական է համարում այն փաստը, որ միավորված Գորայք համայնքի ավագանիների թեկնածուներ առաջադրվել են բոլոր բնակավայրերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter