HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ղարաբաղում հատում են ընկուզենիները

«Ղարաբաղում հատվել է 10 հազար ընկուզենի»,- ասում է ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հանձնաժողովի փոխնախագահ Արարատ Պետրոսյանը:

ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի 2000 թ. սեպտեմբերի 2-ի թիվ 274 որոշմամբ, «Արգելվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Կարմիր գրքի մեջ մտցված հազվագյուտ, թանկարժեք եւ արժեքավոր արդյունաբերական նշանակություն ունեցող առանձին ծառատեսակների հատումը»: Այդ ծառատեսակների մեջ առաջինը նշված է ընկուզենին:

Չնայած նման որոշման առկայությանը, «Մաքս-Վուդ» ընկերությունը 2001 թ. ԼՂՀ տարածքում ընկուզենիներ է հատում եւ արտահանում Իտալիա ու Իսպանիա: Ավելին, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Բ.Բախշիյանը պայմանագիր է կնքել «Մաքս-Վուդ» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Հարությունյանի հետ: Ահա պայմանագրի 1-ին կետը. «ԼՂՀ-ն վաճառում է, իսկ «Մաքս-Վուդ» ՍՊԸ-ն գնում է հանրապետության անտառամերձ շրջանների եւ համայնքների տարածքներում գտնվող վնասված, չորացած, հիվանդ, ոչ բերքատու կամ սանիտարական հատումների ենթակա ընկուզենու ծառեր՝ իրենց կոճղարմատներով»: Զարմանալի է, իհարկե, որ այդ ընկերությունը փչացած, վնասված ծառեր է արտահանում Ղարաբաղից: Մասնագետներն ասում են, որ Իսպանիա եւ Իտալիա առաքվող փայտանյութը ամենաբարձր որակի է: Այն օգտագործվում է հրազենի խզակոթերի պատրաստման եւ մեքենաների ներքին հարդարման մեջ: Ա.Պետրոսյանը մեր հանդիպման ժամանակ նշեց նաեւ, որ կան բնակավայրեր, որտեղ հատել եւ արմատախիլ են արել գերեզմանոցների ընկուզենիները: Արդյունքում վնասվել են նաեւ գերեզմանաքարերը:

Ղարաբաղում «Մաքս-Վուդի» ներկայացուցիչներն են Մհեր Բագրատյանն ու իսպանացի Էնրիկե Վիվեր Կամինը: Նշենք նաեւ, որ երեք տարի առաջ «Մաքս-Վուդի» իսպանացի ներկայացուցիչը Տավուշի մարզի Կողբ գյուղում հիմնել էր փայտի չորանոց: Ընկերության գործունեությունը մեծ վնաս պատճառեց հատկապես Զիկատար հանդամասին: Նա ընտրում եւ հատում էր տարածքի լավագույն ծառերը: Անտառտնտեսությանը եւ տեղացիներին, որոշ պարտքեր թողնելով՝ իսպանացին փայտի բիզնեսն այսօր շարունակում է Արցախում: Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հանձնաժողովի փոխնախագահ Արարատ Պետրոսյանի բազում բողոքներից հետո ԼՂՀ Ազգային ժողովում ստեղծվել է հանձնաժողով ընկուզենիների հատման օրինականությունը ուսումնասիրելու համար: Սակայն դժվար թե հանձնաժողովի ուսումնասիրությունից որեւէ բան փոխվի: Այնպես որ, Ղարաբաղում շարունակվելու է ընկուզենիների հատումը մինչեւ վերջին ծառը, վերջին ընկուզենին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter