HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանապետը ուղղորդել է ընտրողներին. հաղորդում է Այրումի քաղաքապետի թեկնածուն (լրացված)

Բագրատաշենի նախկին գյուղապետ, Այրում խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արկադի Մակյանը Բագրատաշենում մեզ հայտնեց, որ այսօր հայտնաբերել է ընտրությունների ամենամեծ խախտումը:

Նրա խոսքով`այսօր առավոտյան` ժամը 8-ից մինչև ժամը 11-ը, Բագրատաշենի ոստկիականպետ Կարեն Անտոնյանը իր ավտոմեքենայով կանգնել է Բագրատաշենի թիվ 40/7 ընտրատեղամասի առաջ, ընտրության գնացող մարդկանց կանչել և ուղղորդել` Արայիկ Պարանյանին ընտրելու համար: Վերջինս Այրումի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն է:

Թեկնածու Արկադի Մակյանը այդ մասին զգուշացրել է թիվ 40/7 ընտրատեղամասի նախագահ Ռազմիկ Եսայանին, որից հետո ոստիկանապետ Կարեն Անտոնյանը հեռացել է ընտրատեղամասի տարածքից: Բագրատաշենը խոշորացված համայնքներից ամենամեծն է: Այստեղ բնակչության թիվը կազմում է 3085 մարդ: Ընտրողների թիվը 2250 է: Բագրատաշենցի Ռաֆիկ Շաքարյանը կարծում է, որ համայնքների խոշորացումը ոչինչ չի տալու Բագրատաշենին: «Մենք ամենամեծ համայնքն ենք, և խոշորացված համայնքների ցենտրը պետք է լինի Բագրատաշենը»,- ասում է Ռաֆիկ Շաքարյանը:

Ժամը 12-ից մինչև ժամը 14-ը Բագրատաշենի թիվ 40/7 և 40/8  ընտրատեղամասերի բակերում  ավտոմեքենաների և մարդկանց մեծ կուտակումներ կային: Բագրատաշենցիներից մեկը մեզ բացատրեց, որ թիվ 40/7 ընտրատեղմասի մոտ հավաքվածները քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Արայիկ Պարանյանի, իսկ 40/8  ընտրատեղամասի մոտ կանգնածները` թեկնածու Դավիթ Փարսադանյանի մարդիկ են, նրանք ամեն ինչ անում են` բագրատաշենցիներից ձայներ կորզելու համար:

Հիշեցնենք, որ Այրում խոշորացված համայնքի թիվ 40 ընտրատարածքում այսօր ընթանում են ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ: Բագրատաշենը խոշորացված Այրում համայնքի կազմում ընդգրկված համայնքներից մեկն է: Այրումի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ` Բագրատաշենի նախկին գյուղապետ Արկադի Մակյանը(ՀՀԿ), Պտղավանի նախկին գյուղապետ Արայիկ Պարանյանը(ՀՀԿ), անկուսակցականներ Արարատ Պետրոսյանը և Դավիթ Փարսադանյանը:

լրացում (17:55)

Մեզ հաջողվեց հանդիպել ոստիկանապետ Կարեն Անտոնյանին և ստանալ պարզաբանում` միջադեպի հետ կապված: Անդրադառնալով Արկադի Մակյանի` ժամը 8-ից մինչև ժամը 11-ը ընտրողներին ուղղորդելու մասին հաղորդմանը, փոխգնդապետ Անտոնյանն ասաց.«Եթե հաղրոդում է էդպես, թող պատասխան տա: Ուրեմն ես էստեղ կանգնել եմ ոչ թե երեք ժամ, այլ էստեղ կանգնած եմ երեք ընտրատեղամասային հանձնաժողի փաստաթղթերը ընդունելուց հետո: Ես իմ ծառայությունն եմ իրականացնում ու հսկում եմ բոլոր ընտրատեղամասերի ոստիկանների ծառայությունը»: Այրումի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Արայիկ Պարանյանը, ինչպես պարզվեց փոխգնդապետի հետ զրույցում, երեք տարի աշխատել է քրեական ոստիկանության օպերլիազոր Կ. Անտոնյանի հետ: Վերջինիս ասելով` Արկադի Մակյանը իր դեմ չարացել է, որովհետև Արայիկ Պարանյանը ընտվում է Հանրապետական կուսակցության կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter