HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրիի թիվ 38/1 ընտրատեղամասում չգրանցված մարդիկ են գտնվում

Մեղրի համայնքի ղեկավարի թեկնածուի վստահված անձ Միշա Հովհաննիսյանի ասելով՝ ինքն առավոտից գտնվում է թիվ 38/1 ընտրատեղամասում, եւ որեւէ միջադեպ չի նկատել:

Նրա ասածը հաստատում է նաեւ ընտրական հանձնաժողովի քարտուղար Անահիտ Հայրապետյանը: Վերջինիս խոսքով՝ տեղամասում թեկնածուների 18 վստահված անձ է գրանցվել, ովքեր փոխարինում են միմյանց: Նշված տեղամասում ոչ մի դիտորդ չի գրանցվել:

Միշա Հովհաննիսյանը երկար տարիներ Մեղրիի քաղաքապետն է եղել:  

Նախկին քաղաքապետի խոսքով՝ Մեղրիում ընտրությունները գրեթե միշտ խաղաղ են անցնում եւ ակտիվ. ընտրողների 70%-ից ավելին մասնակցում է քվեարկությանը: Այս տեղամասում ժամը 14:30-ի դրությամբ 1907 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էին 678-ը:

Տեղամասում մեր ներկա լինելու պահին, թե՛վստահված աձինք, թե՛ այլ երիտասարդներ ազատ ելումուտ էին անում: «Վստահված անձինք են»,- բացատրում է հանձնաժողովի նախագահ Սոնա Միրզոյանը: Տեսնելով նրանցից Ստյոպա Գրիգորյանին, ասաց, թե «էստեղի տնօրենն է», ինքն է կանչել, հոսանքի խնդիր ունեն, մինչդեռ Ստյոպա անունով ներկայացածը նշեց, թե ինքը վստահված անձ է, հեռացավ եւ մի քանի րոպե հետո վերադարձավ վստահված անձի վկայականով, նրա կրկին հեռանալուց հետո, սակայն, որեւէ նշում չկատարվեց գրանցամատյանում:

Ինձ հետաքրքրեց նաեւ, թե ով է հանձնաժողովի քարտուղարի հարեւանությամբ երկար ժամանակ նստած կնոջ ինքնությունը, քանի որ նա առանց տարբերանշանի էր: «Հե՜չ, կոֆե-չայ ա դնում, ստեղեր մաքրում ա»,- պատասխանեց հանձնաժողովի քարտուղարը:

Տեղամասում գտնվելու պահին հանձնաժողովի նախագահին դիմեց ընտրողներից մեկը, ասելով, որ եղբայրը հաշմանդամություն ունի եւ խնդրեց թույլատրել քվեարկել նրա փոխարեն: Մերժում ստանալով վրդովվեց. «Բա ես էլ ինչո՞ւ եմ եղբորս խնամակալ նշանակվել, եթե նրա անձի անունից լիազորված ոչինչ չեմ կարող կատարել»:

Մեր այն հարցին, թե իրենց տեղամասում տեղաշարժման սահմանափակ հնարավորություն ունեցող մարդիկ ինչպես են քվեարկում, եթե թեքահարթակ չկա, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Մեր տեղամասի 1907 ընտրողների թվում այդպիսի մարդ չկա»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter